Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եզները եղջյուրներից են բռնում, մարդկանց՝ խոսքերից»

«Եզները եղջյուրներից են բռնում, մարդկանց՝ խոսքերից»
26.06.2018 | 09:35

(Նախորդ մասը)

ԱՇԽԱՐՀԸ, ԱՅՈ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ


Թե ինչ է արվել ընդամենը 1-1,5 տարվա ընթացքում և «ու՞ր են գնում» ինքնահարցին Էլբակյանը պատասխանում է. «Արդեն ինչ-որ բաներ երևում են, և եթե կան մարդիկ, որոնք դրա հետ համաձայն չեն, ինձ դա ուրախացնում է»: Կարծում եմ՝ շատերս ուրախ կլինենք, եթե գեղղեկն իրեն բաժին հասած ուրախությունից դասեր քաղի և հանդիսատեսին մատուցի երկարահուշ գործեր, արվեստի նմուշներ: Ի դեպ, արվեստի, գեղագիտական մոտեցումների ու գեղարվեստական մտածողության մասին էլբակյանական փիլիսոփայությունը սկսվում է այսպես. «Այնպես, ինչպես աշխարհը տեսնում է Մոդիլիանի, չի տեսնում Պիկասո» և ավարտվում է տխուր տպավորությամբ. «Գուցե մենք ո՛չ Մոդիլիանի ենք, ո՛չ Պիկասո (պատկերացնու՞մ եք մտքի համեմատության թռիչքը: «Մենք»-ի մեջ տեղավորելով իրեն, լավ է, որ խելագարությունից փրկվելու նոտա է հնչեցնում՝ գուցե), բայց միևնույն է, կոչված ենք այս գործին և աշխարհի մեր պատկերացումներն ունենք»: Սա այն դեպքն է, երբ շեշտադրվում է՝ աշխարհը, այո, շուռ է եկել, որի մասին խոսելն արծաթ է, լռելը՝ ոսկի:

ՄԵՂՐԸ


Եթե ինչ-որ մեկն ասել է, որ թատրոնը մեղրի կարաս է, անկախ ճիշտ ու սխալից, հարկավոր է շարժվել բնության օրենքներով և չփորձել քչփորել մեղվի նույնիսկ հանգած փեթակը: Բզբզելու դեպքում խիարը հաստատ թարս է աճելու:
Մենք, հասակակիցներ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ուզենք, թե չուզենք, տարիների ընթացքում եկել ենք եզրակացության, որ թատրոնի նկատմամբ պետական հոգածությունն անժխտելի է, որքան էլ ֆինանսական ձևարարություններ տեղի ունենան: Պետք չէ տրտնջալ, պետությունն ուղղակի խելքի է եկել և ուզում է լավ հաշվել իր գրպանի լոբին, հետո էլ՝ ռեալ ծախսերը: Թատրոնը, իրոք, նստած է փողերի վրա, և կա օրակարգային հարց՝ ինչպե՞ս օգտագործել: Եթե անհաշվենկատ ես և ունես ախորժակ, երբեք այն չի հերիքելու, իսկ կողքից մատնացույց անողներին գցելու են սև ցուցակ ու...


Ֆինանսներից քաջատեղյակ Էլբակյանն այս առիթով նշել է. «Եվ նույնիսկ մենք կարողացանք մոտ 10-12 հոգու դերասանական կատեգորիաները բարձրացնել, ինչը նշանակում է, որ աշխատավարձերը ևս բարձրացան՝ թատրոնի հնարավորությունների սահմանում»: Սրանից ամոթալի փաստարկ անհնար է պատկերացնել: Մակերեսային մի դիտարկումը, համոզված եմ, կբավարարի, որպեսզի մակերեսորեն գծագրվի ֆինանսական հնարավորությունների սահմանը: Կատեգորիաների բարձրացման գործընթացի օրինականությանը և շոշափվող թիվը թողնենք մի կողմ, որովհետև «գիշերային խրախճանքն» այլ տեղ է: Թատրոնը շարունակաբար ունեցել է աշխատավարձի ֆոնդի տնտեսում՝ ամսական 1,5 միլիոն դրամից ոչ պակաս, 2017-2018 թթ. միջանկյալ հատվածում ևս, որտեղ որոշ դերասանների ֆինանսական տեղաշարժը ամսական կազմել է... ընդունենք առավելագույնը՝ 300 հազար դրամ: Մայիսին խաղացվել է 11 ներկայացում, տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ, պրեմիերաների ժամանակ՝ 2000-5000: Ըստ տնօրենության բարձրաձայնումների, 800-տեղանոց դահլիճը մշտապես եղել է լեփ-լեցուն, չհաշված հունիսի 14-ի խայտառակությունը: Ավելացնենք, որ դահլիճը 9 անգամ էլ տրվել է վարձակալության, վերին շեմը, եթե չեմ սխալվում, հաշվարկված է 800 հազար դրամ:

Դրսևորենք բարի կամք. 50-50 %-ով հաշվելու դեպքում միայն նշածս ուղղություններով գիտե՞ք քանի միլիոնների են հասնում դրամական մուտքերը: Կհարցնեք՝ իսկ ելքե՞րը: Էլի մեկ օրինակ: Յուրաքանչյուր արենդայից 16 հսկիչներից ամեն մեկը ստանում է 1000-ական դրամ:
Նախորդ տարիների համեմատ, առհասարակ, սպասարկող մյուս ծառայությունների աշխատանքը նույնպես ցածր է գնահատվում: Բարձր է գնահատվում միայն ներկայացումների հաշվարկը. «Մեղրը» բեմադրությունը 10 տարի առաջ կայացվել է 6 միլիոնի շրջանակներում, խաղացվել 4-5 անգամ և հանվել խաղացանկից:

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ


Փորձեցի մի ձեռքիս մատների վրա հաշվել, թե 2004-2017-ի օգոստոսը քանի՞ սունդուկյանցի է աշխատանքից ազատվել զեկուցագրի հիման վրա: Չորս կամ հինգ: Իսկ անցած տարվա 8-րդ ամսից մինչ օրս... հիմնազուրկ հրամանների, պատվիրված և թելադրված զեկուցագրերի հաշիվը կորցրել եմ: Փոխվել է կոլեկտիվի դիմագիծը, բաժանվել սև ու սպիտակի, միջանցքներում ամայություն է անգամ ընդմիջման ժամերին, աշխատասենյակներում շփվում են շշուկով, քանի որ զրոյացել է վստահությունը և աճել հուդայական ժպիտը: Մթնոլորտը գաղջ է, վախածին: Մի խոսքով՝ վերադարձ 37 թիվ: «Ինձնից հեռու թեկուզ ջրհեղեղ» մտայնությունը ոչ միայն չարորակ ուռուցքի պես մտել է շատերի մեջ, այլև համատարած անտարբերություն է առաջացրել: Որդեգրած աշխատաոճը, որին կնախանձեր խորհրդային տարիների Խթը-ն, այլ կերպ է ընկալում գեղղեկավարը. «37 թիվը չէ, որովհետև իր գրածը (նկատի ունի ինձ) կարդալիս հասկացա, որ այդ թվից որդեգրած բաներ կան, բայց, բարեբախտաբար, հիմա այդ մեթոդներով հարցեր չեն լուծվում»: Բա ո՞ր թվին բնորոշող մեթոդներով են ազատվել հրշեջ-պահակային ծառայության պետը, շուրջօրյա պահակը, դերձակը, կոշկակարը և ուրիշներ: Էն ո՞վ էր, որ արթնանալով ձախ ոտքի վրա, գլխավոր ճարտարագետի ունեցած-չունեցածը վռնդեց ու մի ամբողջ շաբաթ մնաց միջանցքում, ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում ուշաթափության հասցրեց իր գործի գիտակներից մեկին, էն ու՞մ հրամանով նազիր-վեզիրները գիշերով, թաքուն, պատից պոկեցին «ընդհանուր բաժնի պետ» ցուցանակը ու մինչ օրս, ավելի քան 6 ամիս չեն կարողանում փորձառու աշխատողին ապահովել գործառույթներով: Կան բանիմաց և երիտասարդ մասնագետներ, որոնք գործատուի քիմքային դրսևորումների պատճառով մատնվել են անգործության, և միակ մխիթարությունն այն է, որ շարունակում են մնալ սունդուկյանցի:
Խտրականությունը փչվել, փքվել, հասել է նաև ներկայացումների և հանդիսատեսի մասնակցության դաշտ: Եթե Արմեն Էլբակյանի բեմադրությունն է, ամեն ինչ արվում է դահլիճի լեցունության համար, եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Վերջին ներկայացումը մեզ օրինակ: «Որբերի ընտանիքը» ներկայացման ժամանակ 40-50 թատերասերի ներկայությունը դժգոհության տեղիք է տվել, քանի որ համեմատության ֆոնին ի ցույց է դրվելու թե ով է լավ և ով վատ բեմադրիչը: Իրականության հետ կապ չունեցող այս քայլը պատվի խնդիր է առաջացնում: Կգտնվե՞ն մարդիկ, ովքեր ոչ թե բուֆետում, այլ անհրաժեշտ տեղում և ժամին կբացեն խաղաքարտերը, թե՞ կգնան «փաս»: Պատվի համարը տեր կունենա՞, թե՞ կմնա անտեր «բա որ ինձ էլ կպնեն» ենթատեքստում:


Ինչ վերաբերում է իմ և նրա փոխհարաբերություններին, բացատրությունը դարձյալ գեղղեկն է տալիս. «Այստեղ չկա անձնական խնդիր, աշխատանքային հարցեր են, որոնք թատրոնի տնօրենը նպատակահարմար է գտել լուծել իր պատկերացրած ձևով»: Մինչև հիմա այն կարծիքին էի, որ մեր միջև գոյություն ունեցող սև կատվի գործոնն ավելի ցցուն դարձավ, երբ թատրոնի 3 հրացանակիրները որոշեցին ինձ անարգանքի սյունին գամել զուտ նրա համար, որ ֆորսմաժորային իրավիճակում հայտնված 2 գործընկերներիս օգնելու նպատակով ընկերական շրջապատում դրամահավաք կազմակերպեցի. իբր թե տնօրենի արգելանքից հետո: Վերջինս հիվանդագին տարավ հաջորդ օրվա տեղեկատվությունս այն մասին, որ հաջողել եմ «N» բանկի տնօրենությունից ստանալ մայր գումարի պարտքը նվազեցնելու մտահոգություն:


Այլաբնույթ և ավելի էական տարաձայնություններս հասնում են երկնիշ թվերի, որոնց հիմքում... Չեմ կարող պարոն Էլբակյանին շնորհակալություն չհայտնել, որովհետև այս հարցում ինքը, իրոք, իրատես դուրս եկավ. անձնական թվացող հարցերը բովանդակում էին աշխատանքային տարաբևեռություն և ավարտվում կասկածամիտ տնօրենի պատկերացումով, ինչը, իմ համոզմամբ, աղերսներ ունի օրենքի և իրականության հետ: Իսկ այն, որ մեր «կռիվը» քննարկվել է արհկոմի նիստում, և հաշտարարի դեր ստանձնած Արմեն Էդգարիին չի հաջողվել մի թավայից ձվածեղ ուտեցնել երկուսիս, դա երևակայության ժանրից է: Նման բան չէր կարող լինել, որովհետև ինքը թատրոնի ասողն է, տնօրենը՝ կատարողը: Դա ճշմարտություն է, անվիճելի, տեսանելի բոլոր սունդուկյանցիներին: Դա ընդգծվեց նաև արհկոմի տնավարի «բալամուտին», որտեղ Էլբակյանի ախպերական մասնակցության և դիրիժորության հարցը առանձին հարց է, այնպես, ինչպես գործատուի փախչելը արհկոմի նախագահի հարցից. «Վարդան ջան, սաղ թատրոնը խոսում էր Ձեզնից, նախանձում, թե ոնց եք իրար հասկացած աշխատում: Կասե՞ս ինչ էղավ, ախպեր»:


Մի օրինակ ևս և պատվի համար հարցը չհամարենք ավարտված: Չհիմնավորված հիմքերով, իրենցն ասելով ու դիմացինի կարծիքը, բացատրագիրն անտեսելով երիտասարդ 3 դերասանուհիների նկատողություն տվեցին, 4-րդը, որն Էլբակյանի հրավիրած կադրն էր, որպես խստագույն պատիժ և ի ցույց բոլորի, հեռացվեց աշխատանքից: Սկզբունքայնություն խաղացող գեղղեկը օրեր անց, մի հեռախոսազանգի արդյունքում հրավիրեց «կարգազանց» աղջնակին և ընդգրկեց «Պեպո» ներկայացման մեջ:

ՈՒՐԻՇԻՆ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԱՏԴ ԼՎԱ


Իմ հասցեին հնչեցրած էլբակյանական մի արտահայտություն, այնուամենայնիվ, արժանի է մեջբերման. «Զարմանում եմ, բայց և չեմ զարմանում, որ մարդը փորձում է ստեղծագործական հարցերում ինչ-որ շեշտադրումներ անել՝ բացարձակ տեղյակ չլինելով, թե ինչ բան է թատրոնը, և մտնել իրեն չվերաբերող ստեղծագործական հարցերի մեջ այնպիսի ինքնավստահությամբ, կարծես ինքը ոլորտի ամենաիրազեկված մասնագետն է»: Առանց բառախաղի կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, վստահ եմ, որ մի քանի հիշեցումներս կսթափեցնեն նրան և... ամեն ինչ իր տեղը կընկնի:
1. Նա, ով կոչված էր գրելու գեղարվեստական խորհրդի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, չգրեց, թե չկարողացավ, նույն բանն է: Տնօրենի խնդրանքով ո՞վ կատարեց նախարարության պահանջը: Թատրոնից «չհասկացողիս» ներկայացրածն ընդունվեց առանց ստորակետի փոփոխության, ու եթե փնտրես, ոսկե ձկնիկի նման ընդառաջ կգա:
2. Թատրոնի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակներում նախարարը շրջաբերական էր իջեցրել՝ սահմանված ժամկետում ներկայացնել առաջարկություններ: Անքուն գիշեր կորցնելուց և ռուսական աղբյուրներից արած ծաղկաքաղդ երբ ընթերցեցիր, ներկաներս ապշահար իրար նայեցինք, ասես չհավատալով շարադրանքիդ ծագումնաբանությանը: Ինքդ էլ ինչ-որ բան զգացիր ու, ձեռագիրդ փոխանցելով փոխտնօրենին, կիսախնդրանքով դիմեցիր. «Հոգնած և արագ-արագ եմ գրել, առ, մի հատ էլ դու աչքի անցկացրու»: Երկու օր անց խմբագրված տարբերակը դրվեց գրասեղանիս՝ վերջնական տեսքի բերելու ակնկալությամբ: Անհնարինը հնարավորի չվերածվեց: Վերջնական գնահատականը հրապարակայնորեն տվեց պարոն Ամիրյանը. «Ցավում եմ, որ ոչ մի թատրոն այդպես էլ չներկայացրեց ոչ մի կոնկրետ առաջարկություն»:
3. ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ շաբաթներ տևած քննարկումներից հետո նպատակային էր համարվել միասնական պաշտոնների անձնագրի ստեղծումը: Համակարգում լավագույնը ճանաչված ծավալուն գործը, որ ավարտեցի 2 ամսվա ընթացքում, նշանավորվեց նաև դրամական խրախուսանքով: Ի դեպ, 5-րդ ամիսն է, ինչի հետ ծանոթանում է Ձեզ մոտ տնօրեն աշխատող ընկեր Վարդանը:
4. Ի վերջո, պարոն Էլբակյան, ուզում եմ Ձեզ նման զարմանալ ու նաև չզարմանալ, թե ինչու՞ մի երկու ամիս առաջ տնօրենը միայն ինձ հանձնարարեց գրել թատրոնի ներքին կանոնակարգ, էթիկայի և վարվեցողության կանոններ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա, երբ դա իմ գործը չէ, երբ աշխարհում առաջին անգամ այն հեղինակել են թատրոնը լավ իմացող մի խումբ դերասաններ, բեմադրիչներ և իրավաբաններ, 1946 թ. ԱՄՆ-ում:
Չգիտեմ, կդժվարանամ ասել, թե ով է մշակույթի ոլորտի ամենաիրազեկված մասնագետը, քանի որ նրանք շատ են, բայց որ թատրոնում ծնված ոմանք իրենք իրենց դուրս են դրել թատրոնից, սակավաթիվ են և հայտնի: Եվ մի՞թե իմ գրիչը Ձեր հանճարին վնաս է: Վշտացած եմ, անչափելի հիասթափված Ձեր մտքի հերթական գոհարից. «Թատրոնում մոտ 60 դերասան կա, միանգամից բոլորին դերերով բավարարելը շատ դժվար է, համարյա՝ անհնար»:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ


Թեև մենք հասակակիցներ ենք և ապրում ենք տարբեր ժամանակներում, բայց և այնպես, դա չի խանգարում, որ մտերմիկ հարաբերությունները պահպանելու համար միմյանց դիմենք «դու»-ով, «Դուք»-ով և շարունակենք «քլնգոցին», որն այս պահի դրությամբ չի անցնում եղած-կատարվածի 35-40 %-ը: Հենց որ փոխվեցիք, որդեգրեցիք բաց և թափանցիկ աշխատաձևը, ինչի մասին ամեն օր «դալբիտ» է անում հանրապետության վարչապետը (հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ), կանցնենք սիրո և հանդուրժողականության թեմային: Բայց քանի որ այն Ձեր հագով չէ, փորձեք պատասխանել 25 հարցերից 6-ին.
1. Աշխատանքի չներկայացող և կոլեկտիվի համար անճանաչելի հսկիչը, փականագործը, տնօրենի իրավական հարցերի գծով խորհրդականը մինչև ե՞րբ են պետության հաշվին աշխատավարձ ստանալու:
2. Իմ անհամաձայնությունը արդյո՞ք արդյունք է տվել. տնօրենը շարունակու՞մ է աշխատել 3 տեղակալների, 3 խորհրդականների և 1 օգնականի աջակցությամբ, թե՞ ազատումներ են եղել: Եթե այո, ապա ինչու՞: Եթե ոչ՝ դարձյալ ինչու:
3. Կադրային քաղաքականության, գնումների գործընթացի և ֆինանսատնտեսական հարցերով տնօրենի խորհրդական Սոնա Մարկոսյանը, որի համար մայր թատրոնը եղել է 3-րդ աշխատավայրը՝ և միայն առաջին 2 ամսում է երևացել 6-7 անգամ, ի՞նչ ծավալի և բնույթի գործունեության համար է 8-9 ամիս շարունակ ամսական ստացել մոտ 270 հազար դրամ:
4. Պնդու՞մ եք, որ վարորդ Հայկազ Նալթակյանը (ոչ միայն նա) աշխատել է օնլայն տարբերակով: Կբացատրե՞ք ինչպես:
5. Երկու-երեք աշխատակիցներից բացի, ոչ ոք չգիտի, թե ով է թատրոնի գլխավոր հաշվապահը. հրամանագրված և հեղինակավոր 2 կառույցներում աշխատող Վլադիմիր Շատվերո՞վը, թե՞ ոմն մեկը՝ Վրեժ անունով մի երիտասարդ, որը, ի տարբերություն ոմանց, շաբաթական գալիս-գնում է՝ խառնվելով թվաբանական գործողությունների մեջ:
6. Այդ ինչպե՞ս, ո՞ր մի արդյունավետ ծառայության համար է Մուտիտյան Մուտիտ մականունով դերասան Ալեքսանդրը, ընդգրկված չլինելով «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ, 150, թե 160-հազարանոց դրամական խրախուսանք վաստակել, ավելի շատ, քան գլխավոր դերակատարներ Աննա Էլբակյանը, Հարություն Մովսիսյանը և Ալբերտ Սաֆարյանը:

ՍԱ ՎԵՐՋՆ Է ԵՎ ՎԵ՛ՐՋ


Մայր թատրոնի հարգելի նույնականացված դեմքեր, եթե ամիսներ առաջ Ձեր դիտարկմամբ տողերիս հեղինակը արդարամիտ, սկզբունքային և օրինակելի աշխատող էր, բայց լսելի չէր, և անընդունելի էիք համարում կադրային քաղաքականության հարցում (և ոչ միայն) նրա նկատառումները, ինչու՞ որոշեցիք հրապարակային ելույթներից հետո կատարել սխալների ուղղում:

Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ