Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն չհամաձայնեց բրեկզիտի Մեյի ծրագրին

ԵՄ-ն չհամաձայնեց բրեկզիտի Մեյի ծրագրին
22.09.2018 | 14:04

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու Թերեզա Մեյի ծրագիրը չեն կարող ընդունել ԵՄ երկրները` խարխլում է եվրոպական շուկայի միասնությունը` հայտարարեց Եվրախորհդի նախագահ Դոնալդ Տուսկը: Սեպտեմբերի 20-ին ԵՄ 27 երկրներ Զալցբուրգում հանդիպեցին` քննարկելու ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի ծրագիրը: Հանդիպումից հետո Դոնալդ Տուսկը ամփոփեց հանդիպման արդյունքները: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկները, որ ձևավորվել են Չեկերսի նստավայրում կայացած կառավարության նիստում, 2018-ի հուլիսին, կատարման ենթակա չեն: Թերեզա Մեյի ծրագրի հիմնական դրույթը բրեկզիտից հետո ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև ընդհանուր առևտրային կանոնների մշակումն է: Տուսկի խոսքով` Մեյի առաջարկները ձեռնտու չեն ԵՄ մյուս անդամներին առաջին հերթին տնտեսական պատճառներով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ քննադատեց բրեկզիտի կողմնակիցներին, նրա խոսքով, բրեկզիտին աջակցում են «հեշտ լուծումներ սպասող մարդիկ»: «Ես լիովին ու ամբողջությամբ հարգում եմ բրիտանական ինքնիշխանությունը: Բրեկզիտը ցույց տվեց, որ նրանք, ովքեր ասում են` հանգիստ կարող են ապրել առանց Եվրոպայի, ամեն ինչ լավ կլինի, շատ փող կլինի, ստախոս են: Նրանք բոլորը հանրաքվեից հետո հեռացան ու ստիպված չէին զբաղվել այդ գործով»` ասել է Էմանուել Մակրոնը` հավանաբար նկատի ունենալով այն քաղաքական գործիչներին, որ աջակցում էին բրեկզիտին, բայց երբ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին, ակտիվ քաղաքականությունից հեռացան: Առաջին հերթին` UKIP-ի նախկին նախագահ Նայջել Ֆարաջին, որ ԵՄ-ից դուրս գալու համար պայքարող կուսակցության նախագահությունը թողեց հանրաքվեից հետո:


Զալցբուրգի հանդիպումից հետո Դոնալդ Տուսկը բարձրացրեց Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցը` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Հիմա այդ երկրների միջև չկա սահմանային վերահսկողություն, որովհետև Իռլանդիան ԵՄ անդամ է: ԵՄ-ն առաջարկում է Մեծ Բրիտանիային Հյուսիսային Իռլանդիան թողնել Իռլանդիայի հետ միասնական տնտեսական տարածքում և այդ կերպ խուսափել լիարժեք սահմանային վերահսկողության հաստատումից: Միացյալ Թագավորության կազմի մյուս երկրների համար այդ արտոնությունը չի գործի: Բրիտանիան համաձայն չէ և գտնում է, որ իր առաջարկած տարբերակը` ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի համար միասնական առևտրային պայմանների ստեղծումը, միակ ընդունելին է իռլանդական հարցի լուծման համար: Եվ Բրիտանիան, և ԵՄ-ն գտնում են, որ Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջև չպետք է լիարժեք սահման լինի` ստուգումներով ու անձնագրային վերահսկողությամբ: Եթե կողմերը համաձայնության չգան բրեկզիտի պայմանների վերաբերյալ, այդ սահմանը փաստացի կդառնա ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի սահման` անձնագրերի, ապրանքների ստուգումով և այլ արգելքներով:
ВВС


Հ.Գ. Թերեզա Մեյը գտնում է, որ ԵՄ-ի առաջարկը ընդունելով հարվածի տակ է դնում Միացյալ Թագավորության ամբողջականությունը և դա կարող է խթան դառնալ մյուս հատվածների կենտրոնախույս շարժման: Մեյը դարձյալ հայտարարել է, որ երկրորդ հանրաքվե չի լինելու և բրեկզիտը քննարկման ենթակա չէ: Բանակցությունների նոր փուլի մասին դեռ պայմանավորվածություն չկա: Լրատվամիջոցները գրել էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ հրաժարվել է Թերեզա Մեյի ձեռքը սեղմել` արտահայտելով իր բացասական դիրքորոշումը նրա առաջարկներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ