Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նույնիսկ Վարդան Մամիկոնյանն այսօր դեմ կլիներ հայ-իրանական սահմանի փակմանը

Նույնիսկ Վարդան Մամիկոնյանն այսօր դեմ կլիներ հայ-իրանական սահմանի փակմանը
09.11.2018 | 02:01

Մոտ երկու ամիս առաջ իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ զրուցում էի Իրան-Հայաստան հարաբերությունների մասին: Ի թիվս այլ կարևոր կետերի, քաղաքագետը հատուկ ընդգծեց, որ «արցախյան ազատամարտի տարիներին, երբ Հայաստանը շրջափակված էր, Իրանը մեզ համար համարվում էր կյանքի ուղի, և հետագայում, երբ Իրանն էր ծանր վիճակում, պատժամիջոցների ճնշման տակ, Հայաստանը երբեք չմիջամտեց դրան, և այդ ժամանակ էլ մենք էինք Իրանի համար կյանքի ուղի, այսինքն կարելի է ասել, որ մեր հարաբերությունները հավատարմությամբ թրծված են»:


Ինչու՞ հիշեցի այս ամենը: Վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցից հետո, որոշ առումներով, մի տեսակ, կասկածի տակ դրվեցին հայ-իրանական հարաբերություներն էլ, միմյանց համար կյանքի ուղի լինել-չլինելն էլ: Բոլթոնի այցից բավականին ժամանակ է անցել, բայց նրա ցանածն արդեն սկսել է ծիլեր արձակել ու սև ամպեր կուտակել հայ-իրանական սահմանին: Դեռ սկզբից պարզ էր, որ խոսելով հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների մասին, Բոլթոնն ի նկատի ուներ փակվող հայ-իրանական սահմանը: Նրա խոսքը պարզ է՝ եթե Հայաստանն Իրանի հետ է, իրենց հետ չի կարող լինել:


Ինչ խոսք, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելը դիվանագիտական կլոր սեղան է պահանջում, բայց այսօր խոսել հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին, ինչն արեց Բոլթոնը, մեղմ ասած, մտավոր հարթաթաթություն է: Ի՞նչ սահմանի բացման մասին է խոսքը, երբ, մինչ բանակցային սեղանի շուրջ խոսում են խնդրի խաղաղ կարգավորման մասին, ադրբեջանցի դիպուկահարները թիրախավորում են սահմանապահ գյուղացուն: Ինչևէ, սա երկար ու ծեծված հարց է, որի մասին ցավով շատ ենք խոսել, ցավից տնքալով էլ դեռ շատ կխոսենք:


Չի կարելի այսօր, երբ մեր հարևանները Թուրքիան ու Ադրբեջանն են, Իրանի նման հարևան կորցնել, դա ևս մի ելքի կորուստ է, որը շատ թանկ կարժենա: Առաջին հերթին` տնտեսական առումով, երկրորդ հերթին, մեր միակ ելքը կլինի Վրաստանի սահմանով, իսկ Վրաստանը, գաղտնիք չէ, քմահաճ պետություն է, նա կարող է իր պայմանները թելադրել, որը ձեռնտու չէ մեզ համար: Սա անպայման պետք է հաշվի առնի Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք սրտի, ոչ թե հաշվի է առնում, այլ ժպիտով ողջունում Բոլթոնի կործանարար առաջարկն ու Իրանի քթի տակ հայտարարում, որ ամեն րոպե կարող է փակվել սահմանը: Ինչի՞ համար, հանուն ինչի՞, Իրանի հետ այսօրվա եղածը, ճիշտ է, դանդաղ, բայց օր օրի զարգանում է, ի՞նչ գիտենք, թե ինչպիսին կլինի բոլթոնյան զարգացման ճանապարհը: Կորցնել Իրանի նման հարևանին նշանակում է ընկնել թակարդի մեջ ու Վրաստանի ցանկացած «փռշտոցի» ժամանակ թաշկինակով վազել Թբիլիսի, ու, որպես «սրբություն սրբոց», ընդունել եվրոպացիների ցանկացած առաջարկ՝ դուրս տանող միակ դուռը չկորցնելու համար:


Հիմա իրավիճակն ավելի լուրջ է, քան երբևէ: Եվրոպան ամեն կերպ փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից: Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները հարց չե՞ն տալիս իրենք իրենց` ինչու՞ են հեռվում այդքան հետաքրքրված Հայաստանով, կամ արդյո՞ք հետաքրքրված են: Հնարավոր չէ՞, որ նրանց գերնպատակը ոչ թե Հայաստանը «փրկելն» է, այլ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելն ու հարմարավետ տարածքը, ինչպիսին Հայաստանն է, օգտագործելը որպես ՆԱՏՕ-ի հերթական բազային տարածք, որն իր հերթին պատրաստ կլինի ճնշելու անհնազանդ Իրանին: Բաղրամյան 26-ում չե՞ն հասկանում, թե՞ չեն ուզում հասկանալ, որ հեռվից եկել են մեր ձեռքով կրակի միջից շագանակներ հանելու: Թե ինչ արհեստածին արժեքներով ու գաղափարներով է հղի բոլթոնազգիների նստակյացությունը մեր երկրում, դեռ մշուշի մեջ է երևում, բայց, ա՛յ, Իրանի «ոտքը» Հայաստանից կտրելը խիստ անհեռատես ու ինքնակործան քայլ է: Հանուն ինչի՞ է դրա մասին ակնարկում Փաշինյանը, ինչի՞ դրսևորում է դա, քաղաքական անհեռատեսությա՞ն, թե՞ «տղերքին» խոստացածն է կատարում: Քարտեզ չունի՞, չի՞ նայում քարտեզին: ՈՒկրաինայի մասին հաստատ լսած կլինի, դաս չէ՞:
Մի բան հստակ է՝ նույնիսկ Վարդան Մամիկոնյանը, տեսնելով օրվա Հայաստանի քարտեզը, դեմ կլիներ հայ իրանական սահմանի փակմանը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ