Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ
21.11.2018 | 14:49

Երեկ «Մենք» դաշինքի դրամահավաք-երեկոն թր: Tert.am-ի հետ զրույցում դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ նախընտրական կարգախոսը դեռ չեն հրապարակում, պահում են քաղաքացիներին անակնկալ մատուցելու համար: Անդրադառնալով ցուցակի հետ կապված քննադատություններին, թե այնտեղ տեղ են գտել նաև հանրապետականների հետ ճանապարհ անցածները, ինչպես օրինակ «Վեդի Ալկո» ընկերության նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Ղազարյանը և մի շարք ԵԿՄ-ականներ, Արամ Սարգսյանն ասաց. «Նախ ասեմ՝ բոլոր քննադատություններին շատ հարգանքով եմ վերաբերվում, բայց ունեմ նաև պատասխաններ. Մանվել Ղազարյանը, ում անունը հնչեցվեց, շատ արժանի հայ է, որովհետև նախ այն առաջին ազատամարտիկներից է, երկրապահ կամավորներից, ով մտել է Շուշի, շատ լուրջ ներդրում ունի Արցախյան ազատամարտում: Մանվել Ղազարյանը երբեք ճամբարափոխ չի եղել, ընդհակառակը, եղբորս հորդորով ես մտել եմ ՀՀԿ, Մանվել Ղազարյանը չի մտել: Մանվել Ղազարյանը ՀՀԿ ցուցակով որպես ԵԿՄ-ական դարձել է պատգամավոր: Նա հիմա էլ կուսակցական է: Նույն կերպ կարող եք ինձ մեղադրել, ասել՝ ՀՀԿ-ի վարչապետն ես եղել, էսօր ճամբարափոխ ես: Շատ -շատ մարդիկ եղբորս հորդորով ՀՀԿ-ականներ դարձան, բայց ժամանակի մեջ հոկտեմբերի 27–ից հետո եղած իրավիճակների դրդմամբ դուրս եկան ՀՀԿ-ից, ինչի արդյունքում ստեղծվեց «Հանրապետություն» կուսակցությունը»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ականների ներգրավմանը, «Մենք» դաշինքի առաջնորդը նշեց, որ երկրապահներ բոլորի ցուցակներում էլ կան, ԵԿՄ-ականները կյանքով ապացուցել են, որ արժանի մարդիկ են:
Անդրադառնալով հարցին՝ քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ապահովվելու հետ կապված խնդիրներ չի՞ տեսնում՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար այցելել էր Գեղարքունիք, խոսել էր նաև ընտրական գործընթացներից՝ ըստ էության մեկնարկ տալով քարոզչությանը, Արամ Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը առանձնապես քարոզչության կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու կարիք էլ չունեն: Գտնում եմ՝ պետք չէր այդ բաներն անել, չեմ ողջունում երեկ այդ մարզ այցելելը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գնում է որևէ մարզ, ու էդ մարզում պիտի ներկա լինի նաև մարզպետը, կգան նաև այդ մարզում հարգված մարդիկ, որովհետև երկրի վարչապետն է եկել, պարտավոր են այնտեղ լինել, որովհետև վարչապետը նաև պետականության սիմվոլ է, գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է: Այդ առումով, անկախ նրանից՝ ուզում է Նիկոլ Փաշինյանը, թե չէ, ստեղծվում են անհավասար պայմաններ, ինչի կարիքն իրենք բացարձակապես չունեն, ես կարծում եմ՝ մեծ վնաս կլինի «Իմ քայլը» դաշինքին, եթե 80-90 տոկոս քվե հավաքեն, էդ 80-90 տոկոս քվեն հետո հակառակ ազդեցությունն է ունենալու հենց իրենց համար»,- ասաց նա: Արամ Սարգսյանն ասաց, որ նկատի ունի նաև այն, որ ՀՀՇ-ի պատմությունը կարող է կրկնվել:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ