Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջինը հայ թատրոնի պատմության մեջ

Առաջինը հայ թատրոնի պատմության մեջ
05.04.2019 | 04:18

Թատրոնի միջազգային օրը քաղաքամայր Երևանում նշվեց «շքեղ բոցերով», ինչպես միշտ, ավանդույթին հավատարիմ՝ մեդալներ, պատվոգրեր ու մրցանակներ հանձնելով, իսկ նեղ «կրուգներում»՝ խաշ-խորովածի կամ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ։ Հայաստանի անկախ, ազատ քաղաքացու համար հավուր պատշաճի տոն նշելն այլևս կապ չունի գումարի մեծության հետ։ Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն վարկով հեռուստացույց, բազմոց, սառնարան կամ լվացքի մեքենա գնիր։ Բայց ոմանք կարող են թատրոններից մեկում կանխիկով ոսկե մեդալներ ու պատվոգրեր ստանալ փոխնախարարի տեսքով, իսկ ստացողները ոգևորված կանկեղծանան. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Եվ ճիշտ է։ ՈՒ որպեսզի դրանք մասնակի բնույթ չկրեն և չլինեն տարին մեկ, հայ ժողովրդին հարկավոր է միասնական հպարտություն։ Վերջին հաշվով, եթե լինելու է քաղաքացու տոն, ուրեմն չպետք է ամրագրվի օրենքով, մի կոնկրետ օրվա համար, այլ ամբողջ տարվա։ Հայ մարդը, այո, իրավունք ունի 365 օր լավ ապրելու՝ աշխատող գլխի հաշվին։

Փոքր-ինչ շեղվեցինք։ Վերադառնանք թատրոնի միջազգային օրվա երևանյան միջոցառումների 2-րդ արարին, որ տեղի ունեցավ նույն ժամին, նույն վայրում՝ Պարոնյանում. «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը հնացած նոմինացիաներով ու արարողակարգով, այնուամենայնիվ, համեստ էր, նկատելիորեն ջահելացած։ Տոնի առիթով ընդունված չէ թթու խոսք ասել։ Ինձ համար՝ առավելապես։ Որպես ոչ միայն 15 տարվա սունդուկյանցի, այլև մշակութասեր անձնավորություն, շրջապատի նկատմամբ մի քիչ ուշադիր ու մտահոգ լինելով, նաև արդարամիտ եմ։ Լրագրողի սթափությունը թույլ չի տալիս հպանցիկ և առանց հարցադրումների անցնել այդ տոնական օրվա բոցին՝ Հայաստանի թատերական գործիչների միության հատուկ մրցանակը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 17 ամսվա տնօրենին հանձնելը։ Ո՞րն է Վարդան Մկրտչյանի ֆենոմենը, ավանդը։ Ինչու՞ հենց նա։ Նման ուշադրության արժանացնելու համար հանձնաժողովը, ինչպես ասում են, պարտավոր էր նայել մեդալի 2-րդ կողմը ևս։ Այս առումով, նրա դեպքում խիստ վիճահարույց է։ Նախ, հավանաբար, գնահատվել է, որ թատրոնի ծառայողական մուտքում տեղադրվել է տուռնիկետ, հրշեջ-պահակները փոխարինվել են անվտանգության ծառայակիցներով, ավելացվել են տեսախցիկներ, բարվոք վիճակում գտնվող 3 աշխատասենյակներ վերանորոգվել են, ստեղծվել է կենտրոնացված տոմսային տնտեսություն, նոր բեմահարթակ, ճեմասրահի գունավոր 60 լուսանկարները նորից վերադարձվել են սև-սպիտակի, մայր թատրոնը Հայաստանի թատերական աշխարհի(ասես մե՜ծ աշխարհի մասին է) կամերտոն և մրցակցային դարձնելու ցանկությունը(իսկ այդպիսին չի՞ եղել մինչև իր հայտնվելը), որոնք միանշանակ չեն ընդունվում։ Այս ամենին զուգահեռ, քիչ չեն ծանրակշիռ և դառը իրողությունները։ Դրանք դժվար թե անհասանելի են եղել ինչպես թատերական գործիչների միությանը, այնպես էլ մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Գուցե մրցանակը տրվել է ախպերության կամ վարչապետի նկատած ախպերների ախպերության շնորհիվ։


1. Հայ թատրոնի պատմության մեջ չկա մի տնօրեն, որ 1,5 տարվա ընթացքում Վարդան Մկրտչյանի նման կոլեկտիվը բևեռների բաժանած լինի, կադրային հարցում դրսևորի քիմքային քաղաքականություն, թիկունքն ապահովելու նպատակով իր կողքին տաքացնի տնօրենի 3-ական տեղակալների, խորհրդականների, 1 օգնականի, 4 նորեկները՝ աննախադեպ բարձր աշխատավարձերով։


2. Անհասանելի ձևակերպմամբ դեսանտ բերած աուդիտը 6 ամիս քննախուզություն իրականացնելուց հետո, ավելի քան մեկ տարի Կարեն Զադոյանին սունդուկյանցիներին ներկայացնում է իրավաբանական բաժնի վարիչ, նրա սրտակից Մարիամ Զադոյանին և Սյուզի Սիմոնյանին՝ իրավաբաններ։


3. Համակարգում լավագույններից համարվող 5-հոգանոց հաշվապահությունը ուռճացնում է անձնական նկրտումներով։ Տնօրենի մերձավոր-բարեկամ բուժքույրը առանց մասնագիտական կրթության և ստաժի, կարգվում է աշխատավարձի գծով հաշվապահ և ընդունման պահից շուրջ 2 ամիս չի ներկայանում։ Իսկ օնլայնով աշխատող գլխավոր հաշվապահի համար թատրոնը գրանցվում է որպես 3-րդ աշխատատեղ։


4. Հայ թատրոնի պատմության մեջ Վարդան Մկրտչյանն առաջինն է ապացուցել, որ էֆեկտիվ և օնլայն է աշխատել ավտոմեքենա դզող-փչող, չարենցավանցի իր անձնական վարորդը։


5. Որպես հավասարը չունեցող եսակենտրոն տնօրեն, նա ոչինչ չի խնայել թատրոնի ֆոնին հրաշալիորեն կազմակերպելու համար իր անձնական PR-ը։ Մեկ տարվա ընթացքում հանրապետության թատրոնների ղեկավարները միասին վերցրած չեն գովազդվել այնքան, որքան Վ. Մկրտչյանը։


6. Ոչ համարժեք գործողություններով օժտվածը սիրահար է ստախոսությունների։ Հեռուստատեսությամբ է պարծեցել և իրեն վերագրել հաշվապահության թվայնացումը, մինչդեռ հաշվապահական ծրագրի(ՀԾ) սկիզբը դրվել է նախորդ տնօրենի օրոք, նախորդ գլխավոր հաշվապահի աշխատասիրությամբ՝ մինչ կառավարության պարտադիր պահանջը։ Մեկ այլ դեպքում շռայլելով «մենք մի թիմից ենք և միասին երկար են աշխատելու» շաբլոնը, տեղափոխվել է նաև ստեղծագործական ոլորտ ու... մեկ տարի խնդրել-հորդորել Նիկոլայ Ծատուրյանին, որ մայր թատրոնում բեմադրի Շանթի «Կայսրը», ու երբ վերջինս համաձայնելուց հետո խոհեմաբար ընդունելով տնօրինության առաջարկած դերասանախումբը, անցնում է փորձերի, հանկարծ... վիժեցվում է ներկայացման կայացումը նախապատրաստված սցենարով։


7. Վարդան Մկրտչյանը հայ թատրոնի պատմության մեջ առաջնեկն է, որ ձևավորելով թելադրվող զեկուցագրերի հիմնազուրկ հրամանների մշակույթ, քանիցս սթրեսի է ենթարկել առանձին աշխատակիցների։ Մի դեպքում՝ առաջինը ուշաթափվել, տապալվել է գետնին, երկրորդը՝ տևական բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում հայտնվել է հիվանդանոցում, երրորդին «ռազբիրատի» կանչել թատրոնից դուրս, երեկոյան ներկայացումից հետո... Իսկ հաջորդ առավոտյան կտտանքները շարունակել իր կաբինետում... ու տուժողը արդեն իր տանը դիմել է շտապօգնությանը։ Եվ ամենացավալին։ Ֆինանսական ծանր վիճակում հայտնված թատրոնի ավագ էլեկտրագետին զրկելով արենդաների ժամանակ մանր-մունր առևտրից երկու կոպեկ աշխատելու հնարավորությունից, ջրի բիզնեսը վերցնում, փոխանցում է քավոր-սանիկ յուրայիններին։ Իսկ որոշ ժամանակ անց էլեկտրագետը կնքում է իր մահկանացուն աշխատավայրում։


8. Տնօրենի ոչ համարժեք գործողությունները, անընդունելի մեթոդներն ու ամիսների ընթացքում մոտ 30 աշխատակիցների ազատման փաստը ստեղծել են վախի մթնոլորտ, հարաբերությունները դարձել անհաղորդ, սառը։ Ինքը կտրված կոլեկտիվից, երբեք պարզ ու թափանցիկ երկխոսություն չի ունեցել, ոչ էլ հանդես է եկել հաշվետվությամբ։ Իսկ որ կոլեկտիվն է պահանջատերը, նրա համար խորթ է։


9. Հայ թատրոնի պատմության էջերում չկա մի դեպք, որ գործատու-աշխատող հարաբերությունները կայծակնորեն տեղափոխվեն իրավական դաշտ։ Վարդան Մկրտչյանը անդրանիկն է ու միակը, որին մեկ տարվա ընթացքում դատի են տվել մի քանի սունդուկյանցիներ՝ նախկին գլխավոր ռեժիսորը, երիտասարդ դերասանուհիներից երկուսը, անձնակազմի կառավարման բաժնի պետը։ Ի դեպ, ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները վերջինիս օգտին վճիռ են կայացրել, մյուսներն ընթացքում են։
Օրերս պարզ դարձավ, որ նախկին մեկ այլ աշխատակից` թատրոնի գլխավոր ադմինիստրատորը, ձեռքի տակ ունենալով փաստեր, փորձում է նպաստել քրեական գործ հարուցելուն այն մասով, որ իր վաճառած 1729 տոմսերից գոյացած 2 մլն 623500 դրամը օրենքով սահմանված կարգով չի մուտքագրվել դրամարկղ, հաշվապահական ձևակերպում չի ստացել։ Տարբեր ներկայացումների ժամանակ շրջանառության մեջ են մտել չկնքված տարբեր ձևի և գույնի տոմսեր, և ավելի քան մեկ տարի ներկայացումների ու վարձակալությունների ժամանակ անօրինակ, առանց ՀԴՄ-ի կիրառման 200 դրամով վաճառվել է մեծ քանակությամբ շշալցված «Բյուրեղ» տեսակի ջուր։
Մտահոգության տեղիք տվող շարքը կարելի է շարունակել, կարելի է և ընդունել և չընդունել կամ՝ վերապահումով։ Բայց որ Վարդան Մկրտչյանի 17-ամսյա գործունեությունը արժանի է ուսումնասիրման, ասում են՝ այլևս կայացած է։
Անկախ արդյունքից, ՀԹԳՄ-ի հատուկ մրցանակի արժանանալը բնական հարց է առաջացնում. ինչու՞ հենց նա ու հենց հիմա։ Ինչու՞ հենց նա ու մի երկուսը ինչու են սկսել երևալ այնտեղ, որտեղ ոչ սպասող կա, ոչ էլ հրավիրող։ Նրանց «հարեհասությունը» անպտղություն է և նպատակ ունի թեժացող օջախներում ներմուծվելով տնտղել իրենց վաղվա կարգավիճակը։ ՈՒ՞մ համար պարզ չէ, որ Օրբելյան մեծ արվեստագետը նմանների աջակցության կարիք չունի և նրա հարցը երեկ չի առաջացել։ Եվ վիճահարույց հարցը բացարձակ կապ չունի մաեստրոյի աշխատանքի գնահատման հետ, այն զուտ իրավական է։ Վարչարարությու՞նն է թատրոնի համար շահեկանը, թե՞ ստեղծագործականը։ Որոշվեց՝ կլուծվի թնջուկը։ Օրբելյանի հեռացումը թատրոնից կամ հանրապետությունից ավելի քան ցավոտ կլինի։ Ոչ պակաս հետք է թողնում կրակի վրա յուղ լցնելը նրանց կողմից, ովքեր կարգվել են այս կամ այն թատրոնում, երբ նախապես ընտրվածի հետ «քննություն» է բռնել վերջինիս ծանոթ ընկերներից մեկը, համակուրսեցին... երբեմն սկանդալային պատմություններով ու մատնոցաչափ կենսագրությունով, Վոլոդյա Աբաջյան հատուկ անվան մեջ 3 տառասխալ թույլ տալով։
Ինչու՞ է հենց նա՝ գծագրված ճանապարհ անցած Վարդան Մկրտչյանը, ու մի երկուսը նույնպե՞ս դեմ են նախարարի հրամանին։ Արդարամիտ այս մարդկանցից մեկը ինչու՞ մի անգամ չընդվզեց, դեմարշ չսարքեց, երբ իրենց սիրելի տնօրենը հիմնազուրկ հրամաններով աջ ու ձախ փողոց նետեց 10-ից ավելի սունդուկյանցիների։ Ստացվում է՝ պաշտոնյայի կողքին կանգնելը պարտադիր է, շարքայինին՝ պարտադիր անտեսելը, օրինականության դեմ անօրինականություններով պատնեշապատելը հարկի է, ժողովրդավարությունը խառնաշփոթով խարխլելը նույնպես։
Էյֆորիայի դրսևորումներից մեկը՝ ճանապարհներ, դռներ փակելն ու գործադուլներով վախեցնելը անհրաժեշտ է թողնել անցած էտապում, որպեսզի անհող ցանկությունների շղթայում ճնշումներով չպահանջենք բացառություն։ Բացառության շարունակության դեպքում ամեն քայլափոխի ունենալու ենք անհեթեթ հրաժարականների մարմաջ, իսկ վերջում ավելորդ ենք համարելու օրենսդիր և գործադիր մարմինները, քանի որ մենք ինքնիշխան ենք ու ամենքս ենք մեր տան գլուխը, Երևանը հայտարարելու ենք քաղաք-պետություն, իսկ մնացածը... մնացածներին։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ