Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես մեղադրում եմ

Ես մեղադրում եմ
30.04.2019 | 02:40

-ՈՒ՞մ,- անշուշտ կհարցնի ընթերցողը։ Իմ պարտքն է կատարել տրամաբանական վերլուծություն՝ մտահանգումը թողնելով ընթերցողին։
Քոչարյանը կատարել է ծանրագույն «հանցագործություն»՝ տապալել է սահմանադրական կարգը։ Թող օրենքի առաջ նա կանգնի և պատասխան տա, բայց միայն նա՞։ Մինչ նրա պատասխան տալը, այսինքն՝ մինչև 2008 թվականի մարտիմեկյան ողբերգության օրը, փորձեմ գտնել կծիկի այն ծայրը, որը սկիզբ առավ այն պահից, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարեց 2008 թվականի փետրվարի 19-ին, որ Հայաստանի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Նա հռչակվեց Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ։ Պարտված կողմը` հանրապետության առաջին նախագահը և նրա թիմը, կասկածանքի տակ առավ ընտրությունների արդյունքները և հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, և Ազատության հրապարակը լցրեց իր մարդկանցով։ ՈՒ՞մ պարզ չէ, որ 1996-ից սկսած մեր երկրում բոլոր ընտրությունները կեղծվել են:


Պարտվող կողմը ընտրությունների արդյունքները վիճարկեց Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը 2008 թվականի մարտի 8-ին մերժեց ընդդիմության բողոքը։ Գուցե Սահմանադրական դատարանի որոշումն այնքան էլ էական չէր արդեն, որովհետև բանը բանից անցել էր (այսինքն՝ արդեն արյուն էր թափվել)։ Այսօր Սահմանադրական դատարանի որոշումը այն հաղթաթուղթն է, որը գործում է հօգուտ ՀՀ երկրորդ նախագահի։ Բայց կա ևս մեկ կարևոր փաստարկ. ԱԺ-ն, եթե չեմ սխալվում, ութսուն կողմով «այո» է ասել նախագահի որոշմանը, այսինքն՝ տվել է իր համաձայնությունը: Ասելիքս այն է, որ նախագահի հետ մեղադրյալի աթոռին պիտի նստեն նաև ԿԸՀ-ն, Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները, և ԱԺ այն բոլոր պատգամավորները, ովքեր օժանդակել են նախագահին:
Որո՞նք են Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու հիմքերը։ Այդպիսիք չկան։ Հաստատ չկան։ Մինչև նոր ընտրված նախագահի երդմնակալությունը Քոչարյանը նախագահ էր, որի լիազորությունների ժամկետը դեռ չէր լրացել։ Միևնույն է, Քոչարյանը գնացող նախագահ էր, և նրա կառավարման օրերը հաշվված էին։ Ի՞նչն էր նա տապալում։ Նրան ներկայացված մեղադրանքն այսօր օրինական կլիներ, եթե Սահմանադրական դատարանը հօգուտ ընդդիմության հաղթանակի վճիռ կայացրած լիներ։


ԵԶՐԱԿԱՑՈԹՅՈՒՆ։ Ընդդիմությունը չի հաղթել, բայց իրեն հաղթանակ է վերագրել և շարունակել է հանրահավաքները։ Քոչարյանն էլ դեռ ընտրված նախագահ էր, որն իրականացնում էր նախագահի` օրենքով սահմանված լիազորությունները։ Հետևաբար, ո՞րն է այստեղ սահմանադրական կարգի տապալումը։ Չկա։ Մինչդեռ իշխանության գալու առաջին իսկ օրվանից վարչապետը հայտարարեց՝ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, և այդ հանցագործությունը բացահայտված է։ Ասել է` Նիկոլը մեղավոր չէ, որովհետև օր առաջ նա Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կայանալիք վճռով ձգտում էր իր արդարացմանը: Մեղավոր են նրան շրջապատող իրավաբանները, որոնցից և ո՛չ մեկը համարձակություն չունեցավ ասելու (իսկ դա առաջին հերթին պիտի ասեր ՀՔԾ-ի պետը)` Նիկո՛լ, դու սխալ ես։ Բայց ինչպե՞ս նա կարող էր հանդգնել... Իր բախտից ապշած էն գեշ անեկդոտի հերոսի պես, հարսանիքի առաջին գիշերը սավանը քաշում է մերկ կնոջ վրայից և հոնգուր-հոնգուր լացելով մորն ասում է.
-Նընը՛, էդ սաղ իմն է՞։


Իսկ այժմ հետ դառնամ, բայց չհարցնեմ` այդ ցույցերը, որ կազմակերպվում էին, օրինակա՞ն էին, թե՞ ոչ, որովհետև դա ինձ չի վերաբերում։ Բայց ես կարող եմ հարցնել՝ այդ ցույցերը ցրելու համար պետության կողմից կազմակերպված հարկադրանքի միջոցները չափավո՞ր էին, թե՞ անհամաչափ։ Հարցի պատասխանը պիտի տա ՀՔԾ-ի քննչական խումբը։
Որպես ՀՀ քաղաքացի ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու՝ ընդդիմության պարագլուխ Լևոն Տեր-Պետրոսյան, ինչո՞ւ չսպասեցիք մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Հավանաբար կասկածում էիք Սահմանադրական դատարանի վճռի օրինականությանը։ Իրավունք ունեիք կասկածելու, որովհետև մեկ անգամ կնոջը անհավատարմության մեջ բռնած տղամարդը միշտ պիտի կասկածի կնոջը։ 1996 թվականի օրինակը Ձեր առջևում էր։ Քանի որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ուժ չէ (որքան էլ տակից գործի, միևնույն է, նրան ամենաշատը կասեն տակնահան, այդ մասին մանրամասն մեկ ուրիշ անգամ) ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու գործող վարչապետին. Դուք հավատու՞մ եք Սահմանադրական դատարանի 2008-ի մարտի 8-ի կայացրած որոշմանը, թե՞ ոչ։ Եթե այո, ուրեմն հանձնարարեք Քոչարյանին մեղսագրել այլ արարքներ, որ քիչ չեն, իսկ եթե ոչ, այդ դեպքում պետք է քրեական գործ հարուցվի որոշման կայացմանը մասնակցած և այդ որոշումը ստորագրած բոլոր դատավորների և անշուշտ, ՍԴ նախագահի նկատմամբ, ինչպես նաև ԿԸՀ-ի անդամ նկարիչների նկատմամբ, որոնք նկարել են քվեարկության արդյունքները, ինչպես նաև ԱԺ-ի այն բոլոր պատգամավորների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել ՀՀ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ.1. Ես ընդամենը տրամաբանության ուժով վերլուծեցի դեպքերը։ Ես չեմ ասում ով է մեղավոր, կամ անմեղ, թող ընթերցողն ինքը տա այդ հարցի պատասխանը և այդ մասին գրի ուր որ հարկն է, այսինքն՝ կատարի իր քայլը և կանխի երկրի օր օրի խորացող պառակտումը։
Հ.Գ.2. ՍԴ-ն ապրիլի 22-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի առաջարկած ու ընդունած «ԱԺ-ի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը: Թե ինչպես է ընդունվել օրենքը, գիտեն բոլորը: Նիկոլականները պաշարել էին ԱԺ շենքը և փորձում էին կանխել օրինագծի ընդունումը՝ ընդհուպ խոչնդոտելով պատգամավորների ելումուտին: ԱԺ-ի «Ելք» խմբակցությունն օրենքի փոփոխությունը համարում էր հակասահմանադրական, բայց այն ընդունվեց: Այսօր Նիկոլը իշխանություն է, և կարծեք թե ոչ մեկ համար փոփոխությունների սահմանադրական լինել-չլինելը էական չէ: Բայց վաղը, եթե Նիկոլը չլինի ղեկին, հավատացած եմ՝ կգտնվի մեկը (իհարկե, եթե այն առաջին դեմքը լինի և Նիկոլից վառված) որ կասի` Նիկոլը բռնի ուժով տապալել է օրենքի ընդունումը, այսինքն՝ տապալել է սահմանադրական կարգը և ուժով տիրացել է իշխանությանը և այնուհետև դարձյալ կամայականությամբ երկրում անց է կացրել ԱԺ վաղաժամկետ ընտրություններ: Չէ, մեր երկրում միշտ իշխել է ոչ թե օրենքը, այլ բռնի կամքը: Դե եկ ու մտածիր, որ ամեն ինչ լավ է լինելու:

Դիտվել է՝ 13831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ