Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
31.05.2019 | 02:31

(Նախորդ մասը)

Գեներալի հրավերը ես ընդունեցի ու մի քանի անգամ մասնագիտական զեկույցներ կարդացի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի կուրսանտների համար: Այդտեղ էլ ծանոթացա իմ դիսերտացիայի ապագա ընդդիմախոս, ակադեմիայի ամբիոնի պետ, պրոֆեսոր, գնդապետ Պավել Դավիդովի հետ: Նրա առանձնասենյակում քննարկում ենք ռազմական էլեկտրոնիկային վերաբերող հարցեր, խոսում եմ ռուսերենով, մտածում եմ գաղտնի հաստատություն է, մեր խոսակցությունները կարող են գաղտնալսվել, հայերեն խոսելով կարող եմ զրուցակցիս անհարմար վիճակի մեջ գցել:
-Լավ էլի, ինչ կլինի, խնդրում եմ հայերեն խոսես, կինս ռուս է, երկու տղաներս էլ հայերեն չեն խոսում, միայն մայրիկիս հետ էի հայերեն խոսում, նա էլ մահացավ, հայերենին կարոտ եմ մնացել:
Պավել Դավիդովիչը ծնունդով Թբիլիսիից էր:
-Գնանք ճաշելու, արդեն ընդմիջում է:


Ակադեմիան մի քանի ճաշարան ուներ, մեր գնացածը նախատեսված էր բարձրաստիճան սպայակազմի համար, սպասարկումն էլ անսովոր էր: Մատուցողը, ինչպես ռեստորաններում է ընդունված, ընդունում է անհատական պատվերներն ու բերում պատվիրածը:
-Տես, հարևան սեղանին ամբիոնի պետ, պրոֆեսոր Անտոնյանն է նստած, ակադեմիայում ամբիոնների յոթ հայ պետեր ունենք: Անտոնյա՛ն,- սեղանից սեղան բղավեց Պավել Դավիդովիչը:
-Что случилось?
-Կողքիս տղան հայ է, հայ,- հետո տխուր շարունակեց,- երջանիկ մարդ է Անտոնյանը, կինը հայ է, Լենինականից է, երեք տղա ունի, բոլորն էլ հայերեն գիտեն:
Ճաշեցինք ու հետաքրքիր ձևով կատարեցինք մեր վճարումները: Մուտքի մոտ փողերով լի սկուտեղ կար դրված, հաշվում ես քո վճարելիքը, դնում թղթադրամն ու վերցնում մնացորդը, ոչ մի հսկողություն, ամեն ինչ սպայական պատվի ու բացահայտ վստահության վրա էր դրված:
2008 թվականին Երևանում փորձեցի ներդնել Մոսկվայում տեսածս ինքնասպասարկման ձևը՝ Նորայր Մուրադյանի գիտա-առողջարարական կենտրոնում: Թենիսի կորտերում փոքրիկ բուֆետ կար, հիմնականում ջուր էին վաճառում, առաջարկեցի այդտեղ ինքնասպասարկում մտցնել, որ հատուկ աշխատող չպահվեր, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն վերցնել իր ուզածն ու կատարել վճարումները: Չեղավ, չստացվեց, ընդհանուր գումարը չէր հավաքվում, ջուրը խմում էին, բայց գումարը չէին դնում: Հետաքրքիր է, թե ովքեր էին խախտում Երևանում ներդրված «խաղի» սպայական կանոնները, խուսափում վճարումներից: Դժվար է հավատալ, բայց մեր հիմնական «շուստրիների» մեջ առանձնանում էին կորտում պարապող մեծահարուստները:
-Ընկեր Համազասպյան,- անընդհատ բողոքում էր կորտերի մենեջեր Գայանեն,- սա Ձեր Մոսկվան չէ, սա Հայաստանն է։ Ձեր գաղափարներն այստեղ չեն անցնի։ Տեսեք Փամբուկյանի թիկնապահը ջուրը վերցրեց, գումարը չդրեց։ Կափարիչներն էլ այնպես է հարմարեցրել, որ շշերի դատարկությունը չերևա:


Խոսքը միլիոնատեր, թե միլիարդատեր Հարություն Փամբուկյանի թիկնապահի մասին էր, ում վրա էին դրված Փամբուկյանի պայուսակն ու շորերը տանելու, ջրով ապահովելու, կորտի համար վճարումներ կատարելու պարտականությունները (ժամանակին Փամբուկյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր, հայկական էլեկտրացանցերի սեփականատերը)։ Իհարկե, ափսոս է, որ Հայաստանում ազնվության պակաս կա, բայց դա հիմնականում մեծահարուստների մոտ եմ նկատել: Նույն կորտում մարզվող երեխաների ծնողները սրբորեն պահպանում էին ազնիվ ինքնասպասարկման կանոնները, նրանց դուր էր գալիս, որ իրենց վստահում են:


Վստահությունը լավ բան է, եթե այն հարգվում ու պաշտպանվում է։ Վստահության չարաշահումը կամ դավաճանությունը մշտապես համարվել է մարդկության ամենածանր հանցանքներից մեկը: Տեղին է հիշատակել Դանթե Ալիգիերիին, որը խիստ կարևորում էր մարդկային վստահությունը: Իր «Աստվածային կատակերգությունում» նա գողերից, մարդասպաններից, անբարոյականներից ու այլ հանցավորներից առանձնացնում ու դժոխքի ամենադաժան 9-րդ շրջանում տեղավորում էր դավաճաններին, որոնք չարաշահել էին իրենց նկատմամբ ցուցաբերած վստահությունը: Կարող ենք վստահ լինել, որ Դանթեն դժոխքի 9-րդ պարունակում բավարար տեղեր պահած կլինի նաև մեր ժողովրդի վստահությունը չարաշահած ու ծայրագույն թշվառության հասցրած տեղական իշխանավորների համար, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իրենց եսասիրության համար ու եսասիրական մղումներից դրդված այս մարդիկ չարաշահել են հայ ժողովրդի վստահությունը: Ինչպե՞ս կարելի է հազար ու մի սուտ խոստումներով իշխանության գալ ու թշնամուն նման նվերներ մատուցել՝ ավերելով մեր՝ պատերազմող երկրի արդյունաբերությունն ու տնտեսությունը, մարդկանց թողնելով առանց աշխատանքի ու ապրուստի միջոցների: Քանի՜-քանի պատանի զինվորներ չէին զոհվի առաջնագծում, եթե աշխատանքային վիճակում պահվեր Հայաստանի կայացած ռազմական արդյունաբերությունը, որ կարողանայինք ստեղծել ու սահմաններում տեղադրել հայկական արտադրության ռոբոտներն ու ինքնապաշտպանական այլ միջոցները: Դրանք մեր հնարավորության սահմաններում էին, մենք դա կարող էինք անել, եթե ազգի «փրկիչներն» իրենց սուտ խոստումներով մարդկանց չկերակրեին ու գաղտագողի չոչնչացնեին մեր արդյունաբերական պոտենցիալը, ամեն ինչ սկսվեց ԼՏՊ-ի օրոք ու դեռ շարունակվում է: Օրեր առաջ Երևանում մի տհաճ պատմության ականատեսը դարձա,- մեզ պատմեց Ն. Ս.-ն։- «Կասկադի» վերևի հարթակներից մեկում մի չինուհի հանգիստ նստել ու սմարթֆոնով Արարատն էր նկարում։ Հանկարծ, որտեղից որտեղ, հայտնվեց մի երիտասարդ, թռցրեց աղջկա սմարթֆոնն ու փախավ։ Փորձեցի բռնել, չկարողացա։ Ինձնից առաջ, գողի հետևից, չինուհին էր վազում։ Չիմացա, թե հետո ինչ եղավ, արագ էին վազում։ Հետո նկատեցի, որ չինուհին մոտեցել է ոստիկաններին:


Մենք էլ ընկերներով մոտեցանք։ Աղջիկը հուզված էր, փոքրիկ ձեռքերը դողում էին։ Ոստիկաններին պատմում էր գլխին եկածը։ Խոսում էր կոտրտված անգլերենով։ Սմարթֆոնը կարողացել էր հետ վերցրել, բայց ճանապարհին ձեռքի պարկն ու գլխարկն էր կորցրել: Մեծ բազմություն հավաքվեց, բոլորը զայրացած ու վիրավորված էին. ինչպե՞ս կարելի է, ինչպե՞ս է հնարավոր, որ նման բան կատարվի առաջին քրիստոնյա երկրի մայրաքաղաքում, այն էլ չինուհու նկատմամբ, երբ այդ երկրի առաջին դեմքին մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը սիրո ու հավատարմության երդումներ էր տալիս, և ի՜նչ պատասխան խոսքեր լսեցինք Սի Ցզինպինից. «Մենք թույլ չենք տա, որ կրկնվի 1915 թվականը»:


Նիկոլի ու նրա Աննայի առաջ կարմիր ուղեգորգ էին փռել։ Ո՞վ կսպասեր, ու՞մ մտքով կանցներ, որ Չինաստանը այդքան կարևորելու է Հայաստանի հետ ունեցած բարեկամությունը, որ այդ գերտերությունն է դառնալու բազմաչարչար հայ ժողովրդի բնական դաշնակիցը, նրա շահերի պաշտպանը, (նա էլ է մեզ նման թուրքի քաշվածը, թուրք-ույղուրների ձեռքից կրակն է ընկել): Իսկ Հայաստանում ինչպե՞ս վարվեցին կարևոր դաշնակից երկրի քաղաքացու հետ: Այս պատմության մեջ, սակայն, տհաճն այն էր, որ չինուհու հետ զրուցող ոստիկանները ծխում էին՝ առանց հասկանալու, որ հանդիսանում են երկրի պաշտոնական ներկայացուցիչները, առանց հաշիվ տալու, որ զրուցում են արտասահմանցի կնոջ հետ։ Ամոթ էր։ Ոչ մի երկրում նման բանի չես հանդիպի:


Իսկ հետո տեղի ունեցավ ամենաարտառոցը. հավաքվածներին մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Լսեց պատմությունն ու անվրդով հեռացավ, կարծես ՀՀ ԱԺ փոխնախագահը չէր։ Մինչդեռ պարտավոր էր ամաչել ու ներողություն խնդրել չինուհուց՝ մեր երկրին պատիվ չբերող դեպքի առիթով, փորձեր ինչ-որ կերպ շտկել դրությունը՝ ոստիկաններին համապատասխան հանձնարարություններ տալով, որ լրջորեն զբաղվեն չինուհու խնդիրներով: Մեր երկրում ավանդույթ է ձևավորվել, թե նման խնդիրները պատգամավորներին չեն վերաբերում, նրանց գործը միայն կոճակ սեղմելն ու ճառասանությունն է:


Ինչ ասեմ, ժողովրդի հարգելի ներկայացուցիչներ, սեղմեք ձեր պառլամենտական կոճակները... Տեսնենք՝ ու՞ր կհասցնեք մեր երկիրը կոճակ սեղմելով։ Ինչպե՞ս եք պատկերացնում զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, եթե մայրաքաղաքի կենտրոնում չինացու են կողոպտում, ու ոչ մեկի վեջը չէ:
Իմ այս պատմությունը թերի կմնա, եթե չպարզենք այն հայ մարդու, իսկական քաղաքացու ինքնությունը, որը սատար էր կանգնել չինուհուն՝ դրանով փորձելով փրկել Հայաստանի ու հայաստանցու պատիվն ու արժանապատվությունը: Չզարմանաք, բայց Ն. Ս. քաղաքացու ազնիվ արարքը խորքային է, գալիս է նրա գեներից, որովհետև նա Նելսոն Ստեփանյանն է՝ լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հարազատ եղբոր հարազատ որդին, իսկական հայ, հայրենասեր կամ ուղղակի մարդ, որի նմաններին չես հանդիպի մեր իշխող վերնախավում: Եկեք կրկին հիշենք մեր կրկնակի հերոսին, մեր Բազեին ու հավատանք, որ նրա նմանների սերունդները կան, ապրում են մեր կողքին ու նրանց հետ է պետք կապել երկրի ապագան:


Խորհրդային երկրում մի կարևոր բան կար. պատասխանատու աշխատանքի էին վերցնում միայն անբիծ կենսագրություն ունեցող մարդկանց, համապատասխան անկետաներ էին լրացվում, որտեղ նշվում էին անձի ազգուտակի վերաբերյալ եղած ինֆորմացիան, դատված բարեկամներ ունեցողներին գործի չէին ընդունում: Ճիշտ է, այստեղ դեմոկրատիայի պակաս կար, բայց, ամեն դեպքում, պատասխանատու գործերի համար պետք էր վստահելի մարդկանց վերցնել, որը նաև զսպող ազդեցություն էր թողնում քաղաքացիների վրա: Յուրաքանչյուր ոք, ով մտածում էր իր զավակների ապագայի մասին, պետք է զերծ մնար իրավախախտումներից ու հանցանքներ կատարելուց, դա մարդկանց ստիպում էր զգաստանալ ու միայն օգտակար գործերով զբաղվել: Ստալինն ու Հիտլերը մշտապես օգտվել են մարդկանց վրա ազդելու այդ ձևերից, որը օգտակար կլիներ կիրառել նաև մեր օրերում, որ նոր դավիթսանասարյաններ չառաջանան, որ կաշառակերների ու պորտաբույծների քոքը կտրվի:


Քանի որ առիթը ներկայացել է, մեջբերեմ զբոսաշրջության զարգացման հետ կապված Ռեջեփ Էրդողանի դրած պայմանը. «Լավ է երեք թուրքի գլուխ կտրվի, քան թե մեկ զբոսաշրջիկի ճկույթը քերծվի»: Այսպես են աշխատում աշխարհում, որ դրական արդյունքների են հասնում, երկրներ են շենացնում ու հզորացնում։ Թշնամուց էլ է պետք սովորել: Իսկ մե՞նք... Շարունակում ենք տառապել սպառողի հիվանդությամբ՝ միայն օգտվել, միայն օգուտներ քաղել, որովհետև կորցրել ենք քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության զգացումը, և այդ ամենը առաջացել է մեր իշխանավորների բորենիական վարքագծի ազդեցության տակ:


Ինչպե՞ս են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը կարողանում հանգիստ քնել կամ խորոված ուտել, երբ 13-ամյա Արթուրը, համայն աշխարհի աչքի առաջ, մահմեդականություն է ընդունում, որպեսզի այդպես կարողանա գոյատևել ու, ինչպես թուրք քարոզիչը հայտարարեց, մեղքերից ազատվել: Ի՞նչ մեղք պետք է գործած լիներ հայ պատանին։ Չգիտենք։ Գուցե մի սմարթֆոն էլ նա՞ է գողացել ու այդ ճանապարհով կոմպրոմիսի եկել, որ բանտ չտանեն... գուցե:
Դժվար է հասկանալ ու գնահատել մեր անհաջողությունների ու պատմական հաջողությունների պատճառները, ինչպես ենք մենք կարողացել պատմության մեջ հերոսական էջեր գրել ու, դրանցից հետո, կործանիչ հետնահանջներ ապրել: Հարցի պատասխանը թողնում եմ ընթերցողներին, թող զարգացնեն իրենց երևակայությանը, գտնեն, հուշեն կամ ցույց տան մեր փրկության բաղձալի ճանապարհը:


Ի՞նչն է խանգարում, որ մեր արդյունաբերությունն ու տնտեսությունն այնպես զարգացնենք, որ բոլորի համար կարողանանք աշխատատեղեր ստեղծել, որ հայ երիտասարդի մտքով անգամ չանցնի «Կասկադում» գողություն անել, որ 13-ամյա Արթուրի մայրը մնար իր հայրենիքում, իր օջախում, թուրքի ձեռքին չնայեր։ Հարցը, բնականաբար, ուղղում եմ ՀՀ նախագահին ու ՀՀ վարչապետին։ Պարոնայք, ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործ եք անում, երբ աշխարհով մեկ Արթուրի նման հայեր են օտարվում ու օտարների մեջ ուծացվում... Հետո գալու է հայոց պետականության լուծարման վտանգը, որը իրատեսական կլինի, եթե մեր երկրում էական փոփոխություններ չկատարվեն, եթե ամեն ինչ ընթանա նույն հունով ու նույն տեմպերով: Իհարկե, նման իրավիճակ ստեղծողները հայերս ենք, ավելի ստույգ, հայ ընտրողներն են, ովքեր հեռուն չեն նայում, չեն հասկանում, որ իրենց միջոցով են գահ բարձրանում, ու դեռ բարձրանալու են, ավանտյուրիստներն ու ազգի դավաճանները:
ՀՀ նախագահի պաշտոնում ֆիզիկոսի նշանակումն իմ մեջ մեծ հույսեր արթնացրեց, վերջապես ասպարեզ իջավ մի գրագետ անձնավորություն, որը կկարողանա գնահատել պահի լրջությունն ու ուշադրություն կդարձնի Հայաստանի տնտեսական խնդիրներին, միահամուռ ուժերով կսկսենք իրականացնել Հայաստանի նոր ինդուստրալիզացիայի գործընթացը, լուրջ հաջողությունների կհասնենք:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ