Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր բոլոր իշխանություններն աչքի են ընկել հարստանալու անհագ տենչով

Մեր բոլոր իշխանություններն աչքի են ընկել հարստանալու անհագ տենչով
04.06.2019 | 02:24

«Իրատեսի» էջերում կարդացի Մարտին Հուրիխանյանի մտքերը մեր այսօրվա վիճակի մասին: Այո, թեկուզ մտորումների շարժառիթը Բաքվում կայանալիք ՈԻԵՖԱ-ի գավաթի եզրափակիչն է և «Արսենալ»-«Չելսի» խաղին Հենրիկ Մխիթարյանի չմասնակցության փաստը, եզրահանգումները, որոնք հոդվածի հեղինակն արել էր, շատ ավելի տարողունակ էին և շատ ավելի կարևոր խնդիրներ էին շոշափում, քան բուն շարժառիթը:


Լիովին համաձայն լինելով պարոն Հուրիխանյանի կարծիքին, ես կուզենայի ավելացնել նաև իմ մտահոգությունները, որոնք, հուսամ, կլրացնեն ասելիքը և կամրագրեն դրա կարևորությունը:
«Իրատեսի» էջերում բազմաթիվ անգամ և բազմաթիվ հարցերի վերաբերյալ ես իմ տեսակետն եմ հայտնել և ներկայացրել այն հիմնախնդիրներն ու դրանց լուծման իմ տեսած ճանապարհները, որոնք, սկսած մեր անկախության առաջին տարիներից, մեր իշխանությունների կողմից ոչ թե լուծվել են, այլ անընդհատ խորացել և բազմապատկվել: Երկրի ու հասարակության կյանքի որևէ ոլորտ չկա, որտեղ մենք պետական մշակված քաղաքականություն ներկայացնենք և հաջողությունների հասնենք: Ընդհակառակը, մեր բոլոր իշխանություններն աչքի են ընկել ոչ միայն անհեռատեսությամբ և ապաշնորհությամբ, այլև պետական, հասարակական, ազգային միջոցները թալանելու, փոշիացնելու ճանապարհով հարստանալու անհագ տենչով: Մենք մինչ օրս չգիտենք, չենք ձևակերպել, թե որն է մեր երկրի շահը յուրաքանչյուր ոլորտում: Պետական, հասարակական կարևորագույն արժեքներ չունենք դասակարգած, գնահատած, դրանք պահպանելու, հզորացնելու, զարգացնելու ոչ մի հոդաբաշխ միտք չենք ձևակերպել: Ավելին, մենք հերթով կասկածի տակ ենք առնում դրանք, անգամ հազարամյակներով մեզ ուղեկցած, կարելի է ասել մեզ պահած արժեքները: Որքան կարելի է լինել անշրջահայաց, թույլ, նվնվան: Նախկինում էլ, չհաշված արցախյան գոյամարտը, բոլոր ճակատներում, բոլոր հարթակներում, բոլոր հիմնական խնդիրներում մենք տանուլ ենք տվել մեր հիմնական հակառակորդներին, մեր բարեկամներին ու դաշնակիցներին: Տանուլ ենք տվել, որովհետև երկրի շահերից չի բխել իշխանությունների դիրքորոշումը, որովհետև նախընտրել են լուծել անձնական խնդիրները պետականի հաշվին, ազգայինի հաշվին, հասարակականի հաշվին: Եվ դա շարունակվում է: Ավելին, այս ընթացքով, հատկապես նոր՝ «թավշյա» իշխանությունների ընտրած մարտավարությամբ ¥քանի որ ռազմավարության խելք չի երևում¤ մենք երկիրը տանում ենք խարխլման, հասարակությունը՝ բարոյազրկման ու ջլատման: Մեկ բառով՝ նպատակազրկման:
Իսկ ունե՞նք մենք հնարավորություն պետական կարևորագույն խնդիրները սահմանելու և լուծելու: Հոդվածի հեղինակը ճիշտ է, երբ այդ հնարավորությունները կապում է համախմբվելու մեր կարողության հետ: Այդ առնչությամբ ես նույնպես, եթե ընթերցողները կհիշեն, բազմիցս ներկայացրել եմ իմ կարծիքը:


Գլխավոր խնդիրն այն է, որ օրվա իշխանությունները կարողանան իրական գաղափարի կամ, ինչու ոչ, գաղափարների շուրջ համախմբել հասարակությանը:
Այդպիսի բազմաթիվ գաղափարներ կան, որոնք թույլ կտան ոչ միայն համախմբել հասարակությանը, այլև շատ նշանակալի արդյունքների հասնել:
Ընթերցողների, հանրության համար մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել ¥չնայած, «Իրատեսի» էջերում արդեն հնարավորություն եղել է ներկայանալու և այդ մասին խոսելու¤, որ ես ներկայացնում եմ նորաստեղծ և պետական գրանցման փուլն անցած «Գալիք» կուսակցությունը: Մենք մտադիր ենք մեր ծրագրային դրույթները շերտ-շերտ ներկայացնելու հանրությանը, որպեսզի հասկանալի լինի դրանց իրական բովանդակությունը, և հասարակությունն ինքն էլ տեսնի դրանց իրականացման հնարավոր սցենարներում իր դերակատարությունն ու նախապատրաստվի դրանց:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ