Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արևմուտքն ունի ընտրություն՝ աջակցել Ուկրաինայի՞ն, թե՞ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Արևմուտքն ունի ընտրություն՝ աջակցել Ուկրաինայի՞ն, թե՞ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ
07.12.2019 | 11:42

Երբ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարները դեկտեմբերի 9-ին հանդիպեն Փարիզում՝ վերջին 3 տարում առաջին ուղիղ բանակցությունների համար՝ Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորման նպատակով, խնդիրը մեկն է՝ արևմտյան կառավարություններն ու Ռուսաստանը մտադի՞ր են երկարաժամկետ կարգավորման, որ չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը չի մասնակցում Փարիզի քննարկումներին, Վաշինգտոնն իր դաշնակիցներից վատ չգիտի, որ եվրոպական մայրցամաքում երբեք չի լինի կայունություն, քանի դեռ Ուկրաինայում անորոշ վիճակ է՝ գրում է Թոնի Բարբերը Financial Times-ում: Նայած պայմաններից՝ ցանկացած պայմանավորվածություն Ուկրաինայի հարցում կարող է արևմտյան կառավարությունների համար անհարմար հարցեր հարուցել Արևելյան Եվրոպայում ազդեցության ոլորտների մասին՝ հայեցակարգ, որ Արևմուտքը պաշտոնապես համարում է հնացած սառը պատերազմի ավարտից հետո:

Ցանկացած փոխզիջում Ուկրաինայի հարցում չափազանց հակասական է լինելու, եթե անտեսվի հայրենասիրական հպարտությունն անկախության համար, որ ծագել է Ռուսաստանի՝ 2014-ին Ղրիմի գրավումից ու Դոնբաս ներխուժումից հետո: Ուկրաինայի պետականության համախմբումը ազգային ու լեզվական տարաձայնությունների տարբեր կողմերում, ցույց է տալիս՝ ինչպես անջատողական ապստամբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունն իր դեմ ուղղվեց: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուզում է վերբեռնել Արևմուտքի հարաբերությունները Ռուսաստանի հետ, չնայած Բեռլինի, Վարշավայի և ԵՄ այլ մայրաքաղաքների տագնապին: Լարվածության նվազումը պահանջում է կարգավորում Ուկրաինայում, դա բարդ հարց է՝ հաշտեցնել ռուսական շահերի հարգանքը ուկրաինական ազատության, տարածքային ամբողջականության և եվրաատլանտյան աշխարհին ինտեգրվելու աջակցության հետ: Գործնականում արևմտյան որոշ մայրաքաղաքներ լռելյայն հաշվից դուրս են գրել Ղրիմը և չեն ցանկանում խրախուսել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հույսերը: Նրանք ավելի շուտ մտածում են, որ Ուկրաինան պետք է բավարարվի կարգավիճակով, որ նման է սառը պատերազմի տարիներին Ֆինլանդիայի կարգավիճակին: Ժողովրդավարություն, բայց չեզոք, ոչ արևմտյան ճամբարում, զգույշ, որ Մոսկվայի ոտքը չտրորի: Խայծը կուլ կտա՞ Ռուսաստանը Պուտինի կամ նրա իրավահաջորդի օրոք: Ուկրաինան, Ռուսաստանի կարծիքով, սկզբունքորեն տարբերվում է Ֆինլանդիայից, որովհետև սլավոնական երկու պետությունների ժողովուրդների պատմությունը, մշակույթը սերտ միահյուսված են:

Բացի այդ՝ Ուկրաինայի ժողովրդավարության ծաղկումը քաղաքական իստեբլիշմենտի ու անվտանգության իստեբլիշմենտի սպառնալից հակադրություն է կառավարման առավել ռեպրեսիվ ռուսական մեթոդների: Պուտինի համար ավելի ու ավելի դժվար է արդարացնել ուկրաինական պատերազմի ծախսերը հիասթափված ռուսների համար: 2014-ից հետո առաջին անգամ Մոսկվան շահագրգռված է կոնֆլիկտի նվազմամբ, բայց ոչ ամեն գնով: Պուտինը լիովին ի վիճակի է պահպանել ռազմական ու քաղաքական ճնշումը Ուկրաինայի վրա, եթե չստանա արևմտյան զիջումներ: Ուկրաինայի հարցում ճեղքումը սակավ հավանական է, լավագույն դեպքում՝ ստիպված կլինենք սպասել, որ ավարտվի 2020-ի նախագահական ընտրարշավը ԱՄՆ-ում: Նույնիսկ այդ ժամանակ Ուկրաինան զոհաբերելու մեջ մեղադրվելու վախը արևմտյան մայրաքաղաքներում հավասարակշռվելու է Ռուսաստանի հետ առավել խոր առճակատման գնալու վախով:
Թոնի Բարբեր, Financial Times


Հ.Գ. Դեկտեմբերի 9-ին Փարիզում նորմանդական քառյակի հանդիպումը, իսկապես, հազիվ թե հարցի լուծում բերի: Բոլոր դեպքերում 2014-2019-ին՝ հինգ տարում այնքան թշնամանք է կուտակվել երկու կողմերում, որ ոչ մի կոմպրոմից միանգամից չի ընդունվի: Ներառյալ՝ Շտայնմայերի ծրագիրը: Բոլոր կոնֆլիկտների ուղեկիցն է թշնամանքը՝ պատճառը կամ հետևանքը: Մակրոնի նախաձեռնությունը պատմական շանս է՝ խաղաղության վերականգնման համար Եվրոպայում, շանս, որ ձեռնտու է բոլորին: Բացի թերևս Թրամփից: ԱՄՆ նախագահի իմպիչմենտի հարցը կարող է հասնել Սենատ, ու այնտեղ էլ կավարտվի: Հազիվ թե հանրապետականների մեծամասնություն ունեցող Սենատը կողմ քվեարկի հանրապետական նախագահի պաշտոնանկությանը: Պարզապես Թրամփի իմպիչմենտի ողջ պատմությունը դեմոկրատներն օգտագործում են իրենց քարոզարշավի համար՝ ներգրավելով Ուկրաինային: Ինչպես մինչ այդ՝ Ռուսաստանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ