«Արցախի սուբյեկտայնության բարձրացման աշխատանքներ բացարձակապես չեն տարվում»
17.12.2019 | 01:24
Հայտնի խոսք կա. «Փեսու տանը տեղյակ չեն, հարսի տանը հարսանիք է»։ Սա հայաստանյան քաղաքական իրավիճակին շատ բնորոշ է, երբ խոսքը արցախյան հակամարտության մասին է։ Արտախորհրդարանական ընդդիմությունը հիմնախնդրի շուրջ զարգացումները խիստ վտանգավոր է համարում, կարծում է, որ արդեն կարմիր գծեր են խախտվել, բանակցություններն ամբողջովին տապալվել են, իսկ իշխանությունը դավին անտեղյակ, ցավին անտարբեր, հանգիստ նայում է, թե ինչ են ուզում անել աշխարհի մեծերը մեր տարածաշրջանում։ Այս հանգստությունը, բնականաբար, մտահոգիչ է։ Առավել ևս, որ երբեմն այնպիսի հայտարարություններ են հնչում իշխանության ներկայացուցիչների կողմից, որ ավելի լավ է ոչինչ չասեն։ Ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ զրուցել ենք վերոհիշյալ հարցերի շուրջ։
-Արցախյան հիմնախնդրի առնչությամբ զարգացումներն ակտիվ փուլ են թևակոխել։ Հնչում են հայտարարություններ (հիշենք Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը), որոնք պատկան մարմինները, մասնավորապես վարչապետն ու արտգործնախախարը, անպատասխան են թողնում։ Ինչու՞ հանրությունից «ոչ մի գաղտնիք չունեցող» Փաշինյանը հիմա լռում է։
-Վերջերս արտգործնախարարության մամլո խոսնակն անդրադարձավ Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը՝ նշելով, որ համայնքային ձևաչափ գոյություն չունի, բայց Ալիևն իրավունք ունի իր պատվիրակության կազմում այդ մարդկանց ընդգրկելու։
-Արտգործնախարարների բրատիսլավյան 3-ժամանոց հանդիպումից հետո այդպես էլ չիմացանք, թե ինչ էին խոսել այդ պաշտոնյաները։ Մի տեսակ գաղտնիության քողի տակ չե՞ն ընթանում զարգացումները։
-Բանակցություններում տեղեկատվության փակ լինելու հանգամանքը միշտ եղել է, այստեղ այլ հարց կա. ադրբեջանական կողմը լռություն պահպանելու պայմանավորվածությունը խախտում է, Մամեդյարովը մանրամասներ է բացում, հարցազրույց տալիս, ադրբեջանական դիրքորոշումներին համահունչ մանիպուլյացիաներ անում, իսկ հայկական կողմը որոշում է մնալ պայմանավորվածությունների սահմաններում։ Սա ինձ համար հասկանալի չէ, ինչու ենք մենք շարունակում լռել, եթե ադրբեջանական կողմը հակառակն է անում, հրապարակում է այն, ինչ իրեն է հարմար, հոգեբանական մանիպուլյացիայի ենթարկելով նաև մեր հանրությանը։ Տեղեկույթը մենք փաստացի առաջինը ստանում ենք նրանցից` խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող։ Այս պարագայում մեր լռությունը դառնում է արդեն վտանգավոր, մենք սկսում ենք արձագանքել այն տեղեկությանը, որը հրապարակել է Ադրբեջանը։ Այնինչ կգերադասեի, որ առաջինը մեր արտգործնախարարը տեղեկություն հայտներ բանակցություններից, ոչ թե ստիպված լինեինք պաշտպանվելու ադրբեջանական քարոզչությունից։
-Հայաստանում հակամարտության շուրջ զարգացումներից խոսում է միայն արտախորհրդարանական ընդդիմությունը, իշխանությունը կամ լռում է, կամ իգիթյանատիպ հայտարարություններ անում։ Սա ինչի՞ հետևանք է, իշխանությունում չկա՞ն հակամարտությունից հասկացող անձինք, թե՞ գերադասում են չանդրադառնալ խնդրին՝ դա թողնելով միայն Փաշինյանին։
-Ենթադրում եմ, որ խնդրի վերաբերյալ իրազեկության պակաս կա։ Երբեմն արվում են հայտարարություններ, հետո բոլորս միասին ստիպված ենք դրանց տակից դուրս գալու, որովհետև լինում են իրարամերժ, մեր շահերից չբխող հայտարարություններ։ Դրա համար գերադասելի է, որ այն մարդիկ, որոնք խնդրին իրազեկ չեն, ընդհանրապես չխոսեն։ Սրան զուգահեռ ադրբեջանական քարոզչական գրոհը բոլոր պետական կառույցների մակարդակով է իրականացվում, իսկ մեզ մոտ ընդամենն ԱԳՆ-ն է պատասխանում։
-Այն էլ՝ հիմնականում խոսնակի մակարդակով։
-Այո, խոսնակի, երբեմն էլ` արտգործնախարարի։ Այնուամենայնիվ, հիմնական գործառույթը արտգործնախարարությանն է, ինչը ճիշտ չէ։ ԱԳՆ-ն դիվանագիտական կառույց է, ԱԺ-ն իր մասով պիտի աշխատի՝ հակազդելով ադրբեջանական քարոզչությանը, վարչապետի աշխատակազմը, բոլոր կառույցներն էլ իրենց մասով քաղաքական ու քարոզչական աշխատանքներ պիտի տանեն։ Այսօրվա վիճակը խնդրի գիտակցման պակասի հետևանք է, բոլորը պիտի ունենային այս հարցով զբաղվող իրազեկ խոսնակներ։
-Իսկ խորհրդարանական դիվանագիտության, հատկապես արտաքին հարցերի հանձնաժողովի աշխատանքն այս ուղղությամբ նկատու՞մ եք։
-Արցախյան հիմնախնդրի ուղղությամբ ակտիվություն չեմ տեսել, մասնավորապես Ադրբեջանի դեմ քարոզչական, դիվանագիտական պայքարում։ Գուցե ինչ-որ բան փակ դռների հետևում փորձում են անել՝ այդ մասին հանրությանը չտեղեկացնելով։ Ամեն դեպքում հրապարակային դաշտում կդժվարանամ հիշել նրանց աշխատանքի մի օրինակ։
-Վերջին շրջանում շատ խոսվեց «Արցախի ադրբեջանական համայնքի» մասին, ինչու՞ նորից օրակարգ եկավ այդ հարցը, և ի՞նչ վտանգավոր միտում կա դրանում։
-Այս գաղափարն ասպարեզ նետվեց այն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց, որ ինքը լիազորված չէ բանակցություններում Արցախը ներկայացնելու, և Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Իսկ ադրբեջանական կողմը որոշեց գնալ 2+2 ձևաչափով՝ Հայաստան-Ադրբեջան և Արցախ-«Արցախի ադրբեջանական համայնք»։ Իհարկե, սա Ադրբեջանի ցանկությունն է, իղձը, որը մեզ համար ընդունելի չէ։ Դրա համար բոլոր ջանքերը պիտի գործադրել, որ այս ամենն իրականություն չդառնա։ Նրանք բավական լուրջ աշխատանքներ են տանում այդ կառույցի սուբյեկտայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ցավոք, մեզ մոտ էլ հակառակն է՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման աշխատանքներ բացարձակապես չեն իրականացվում։ Ավելին, հաճախ հնչում են այդ սուբյեկտայնությանը վնասող թեզեր, ադրբեջանական կողմը դա տեսնում է, արձանագրում է, շատ ուշադիր հետևում դրանց։
-Բանակցային գործընթացի այս փուլն ինչպե՞ս եք գնահատում։
-Որքան հասկանում եմ` բուն բանակցային գործընթաց չկա, կողմերը կենտրոնացել են մարդասիրական նախագծերի վրա։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ժամանակն է անցնելու բուն բանակցություններին, արդեն նյարդային արձագանքներ են հնչում, բայց հայկական կողմն ասում է, որ փաստաթղթի շուրջ քննարկումներ չկան։ Այս փուլում նաև հարց է առաջանում, թե բանակցություններին ինչպես է մասնակցելու Արցախը, եթե որոշել ենք, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի չենք բանակցելու ոչ մի փաստաթղթի շուրջ։ Պարզ է նաև, որ Ադրբեջանը միակողմանի թույլ չի տալու, որ Արցախը վերադառնա բանակցություններին։
-Քաղաքական որոշ շրջանակներ վրդովմունքով ընդունեցին այն փաստը, որ օրերս արտգործնախարարը հանդիպել է դրսից ֆինանսավորվող գրասենյակների ներկայացուցիչների հետ և բանակցային ինչ-որ նրբությունների մասին խոսել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանդիպմանը։
-Եթե այդ հանդիպման ժամանակ փակ տեղեկություն է տրվել, նորմալ չէ, բայց դեռ պետք է հասկանալ` նման տեղեկություն տրվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ներկայացվել են բանակցային այն գործընթացները, որոնք հրապարակային են, և փորձագետները, հանրությունը դրանց տեղյակ են, ոչ մի խնդիր չեմ տեսնում, թե արտգործնախարարն ում հետ է հանդիպում։ Եթե որոշ փակագծեր են բացվել մարդկանց ներկայությամբ, որոնք ունեն արտաքին գործատու, Հայաստանում արտաքին ուժերի շահերն են սպասարկում, այստեղ, բնականաբար, լուրջ խնդիրներ, հարցեր են առաջանում՝ կապված Հայաստանի անվտանգության հետ։ Ինչու՞, որպես քաղաքացի, ես պիտի վստահեմ այլ քաղաքացիական անձի, որը չունի պետական պաշտոն և փակ տեղեկությունը պահպանելու պարտավորություն։
-Արցախում նախընտրական շրջան է, հնարավո՞ր է այս առումով բանակցություններում նոր բեկում լինի կամ սահմանային լարվածություն։
-Ադրբեջանում էլ են ընտրություններ, Արցախում էլ, նրանք հիմա ավելի շատ կենտրոնացած են խորհրդարանական ընտրությունների վրա, բայց դրանից հետո` փետրվարին, կլինեն և՛ դիվանագիտական, և՛ սահմանային սադրանքներ՝ Արցախում ապրիլին կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Դա նրանց ձեռագիրն է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ