Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչու՞ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր»
14.01.2020 | 00:13
Ավետարանում բազմաթիվ են այն դեպքերը, երբ շատերը մոտենում էին և փորձում Հիսուսին, որպեսզի մի հակասություն գտնեն և դատապարտեն Նրան:
Ոչինչ չի փոխվել այն օրերից. հիմա էլ նույնն է կատարվում: Մարդը կատարյալ չէ, և դա լավ գիտեն սատանան ու նրան ունկնդիր մերօրյա փարիսեցիները, որոնք, ականջալուր լինելով կորստյան որդու ձայնին, դառնում են նրա կամակատարը և գործակիցը: Անօրեն բանսարկուն ի սկզբանե չարախոս է, և ով չարախոսում է իր բարեկամին, ընկերոջը, ծառայակցին իր բերանը բանսարկուի բերան է դարձնում, իսկ ով բարեխոսում է, նմանվում է Քրիստոսին, որը բարեխոսն է Հոր մոտ մեզ համար (Ա Հովհ. 2;1), և սուրբերին, քանզի բարեխոսությունը հատուկ է նրանց: Քրիստոս անապատում փորձությունից հետո էլ Իր երկրային կյանքի ողջ առաքելության մեջ բազմիցս ենթարկվեց փորձության, և սա օրինակ է բոլոր քրիստոնյաներին:
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա անհնար է, որ փորձության չենթարկվի: Մեր կյանքը կարծես Սավուղի և Դավթի հակամարտությունը լինի, որտեղ հաղթողը եղավ Աստծո ընտրյալ Դավիթ մարգարեն, իսկ Սավուղը անարգ կորստյան պսակը կրեց: Աստծո ընտրյալները միշտ են հաղթում:
Երբ սատանային ականջալուր ամբոխը խաչեց Քրիստոսին, նրանք և իրենց այդ քայլին դրդողները մտածեցին` վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց, բայց եղավ Հարության լուսաբացը, և կարկամեցին նրանց բերանները: «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կլինի մեզ դեմ», - ասում է Դավիթ մարգարեն:
Քրիստոս յուրաքանչյուր ճշմարիտ հավատավոր զավակի հետ է Իր անսուտ Խոսքով. «Ես ձեզ որբ չեմ թողնի», «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»,- և այս խոսքերին ապավինողը մշտապես կհաղթանակի Քրիստոսով: Մենք պետք չէ, որ նրանցից վրեժխնդիր լինենք, քանզի աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ, - ասում է Տերը»:
Կարկուտի ամպեր կկուտակվեն, բայց կարկուտ չի տեղա, որովհետև Աստված, որ երևելիների և աներևույթների ստեղծողն է, կխնայի իր զավակին նման անօրենների ձեռքից: Տիրոջ առաքյալը մեր ժամանակների մասին հստակ ասել է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3; 1-5):
Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը մատնիչ և բանսարկուի կամակատարը եղավ: Հուդան առաքյալ էր` կոչված Քրիստոսի ճշմարիտ Խոսքի լուսակիրը լինելու, բայց խավարեց ընչաքաղցության պատճառով: Այս վերջին ժամանակներում հուդաները ավելի շատ են, քան առաքյալները, և ձվի մեջ մազ որոնելն ու այն իբրև չարագործություն ներկայացնելը վերադասներին կամ հանրությանը այլևս անխուսափելի է, ուստի մեզ մնում է ապավինել Աստծո ողորմությանը և արդար դատաստանին, տքնել, չարչարվել, երբեմն էլ մատնվել բանսարկուակիր «քրիստոնյա» ստրկամիտ երեսպաշտներից, բայց և հաղթել Աստծով, գործել ի փառս Աստծո, ի զորացումն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փրկություն մեր հոգիների Երկնքի Արքայության մեջ. ամեն:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ