«Սթափության բոլոր կանոնները փլուզվում են»
07.02.2020 | 01:29
Խորհրդարանում երեկ քննարկված հարցի առնչությամբ տեսակետ խնդրեցինք քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ։
-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների այս տարբերակը և հարցը հանրաքվեի դնելու առաջարկը։
-Լինում են դեպքեր, երբ որևէ իրադարձություն գնահատելը դժվար գործ է դառնում։ Սա այդ դեպքերից է, երբ բոլոր իրավական նորմերը տապալվում են, սթափության բոլոր կանոնները փլուզվում են։ Այս օրինագիծը չի դիմանում որևէ իրավական կամ քաղաքական քննադատության ու նմանվում է աբսուրդային ներկայացման։ Իսպանացի հայտնի ռեժիսոր կար՝ Լուիս Բունյուել, ով աբսուրդի ժանրում էր ստեղծագործում, եթե կենդանի լիներ, ապա ԱԺ մեծամասնության այս նախաձեռնությունը նրա հաջորդ ֆիլմի համար լավ նյութ կծառայեր։ Ակնհայտորեն հակասահմանադրական նախագիծ է, որտեղ կան չափազանց լուրջ թերություններ և, ըստ էության, սահմանադրական կարգի տապալման փորձ է հիշեցնում։
-Ինչու՞ է այդքան պետք իշխանություններին «գրպանում» ունենալ ՍԴ-ն՝ անգամ հակասահմանադրական քայլեր անելու գնով։
-Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետև որևէ իրավական կամ քաղաքական լուրջ հիմնավորում այս ամենի հեղինակ Նիկոլ Փաշինյանը չի հնչեցրել։ Իր և իր թիմակիցների այն պնդումները, թե ՍԴ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը, դեմագոգիկ բնույթ ունեն։ Նույն ժողովուրդը ոչ միայն չի վստահում, այլև անգամ չի էլ ճանաչում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների մեծամասնությանը։ Ինչ վերաբերում է իրական պատճառներին, ապա դրանք ընդամենը ենթադրություններ են՝ ունենալ ամբողջական ու բացառիկ իշխանություն, որևէ հարցում պարտություն չկրել ու գնալ մինչև վերջ՝ դեմքը պահելու համար, մտահոգություններ Ռոբերտ Քոչարյանի դատավորության հարցում ՍԴ-ի հնարավոր որոշումից և այլն։ Բայց այդ բոլոր ենթադրությունները որևէ աղերս չունեն ժողովրդի ու պետության շահերի հետ, դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի անձի ցանկություններն ու նպատակներն են։
-ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը վաղուց արդեն մեր երկրի սահմաններից դուրս է եկել։ Միջազգային կառույցները կոշտ գնահատականներ են հնչեցրել, սակայն իշխանությանը դա կարծես չի անհանգստացնում։ Դրսի կառույցներն ի՞նչ խնդիրներ կարող են մեզ համար ստեղծել, այս առումով անհանգստություններն անտեղի՞ են։
-Նախ փորձենք հասկանալ միջազգային կառույցների, առաջին հերթին Եվրախորհրդի քաղաքականությունը։ Մի կողմից նրանք հասկանում են, որ Հայաստանը, լինելով այդ կառույցի անդամ, մի քանի տասնյակ երկրների համար նախադեպ է ստեղծում։ Դա արդեն իսկ միջազգային խնդիր է ու վնասում է այդ կառույցների վարկին։ Մյուս կողմից կա քաղաքական խնդիր. Հայաստանի «հեղափոխությունը» ներկայացվում էր որպես ժողովրդավարության մեծ ձեռքբերում և օրինակելի դեպք հիմնականում հետխորհրդային երկրների համար։ Քաղաքական առումով նրանք չեն ցանկանում, որ այդ օրինակելի դեպքը վարկաբեկվի։ Բարդ խնդրի առջև են հայտնվել, բայց կարծում են, որ դեպքերի զարգացումը գնում է այն ուղղությամբ, որ այնուամենայնիվ, իրենց ինստիտուցիոնալ շահը կդառնա գերակա, և ստիպված են լինելու ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել։ Դրա համար կան մի շարք գործիքներ՝ Հայաստանի մասին ավելի կոշտ զեկույցներ պատրաստել, ԵԽԽՎ որոշումներ ընդունել, նաև ձայնից զրկել և այլն։ Դրանք մեծ իմիջային հարվածներ են, որոնք կարող են ունենալ նաև այլ հետևանքներ։
-Ինչի՞ են հանգեցնելու այս գործընթացները, իշխանությունն այս տեմպերով ինչի՞ է ձգտում։ Մի կողմից ներքին այսպիսի խնդիրների առկայությունը, մյուս կողմից՝ արցախյան հիմնախնդրի շուրջ ակտիվ գործընթացները հնարավո՞ր է նոր քաղաքական իրավիճակ, վերադասավորումներ ստեղծեն երկրում։
-Արցախյան խնդիրը պայմանավորված է միջազգային զարգացումներով։ Մեր մեծ տարածաշրջանը նախապատերազմական վիճակում է, և այս պահին չեմ կարծում, թե կտրուկ զարգացումներ կլինեն։ Խնդիրները բավականին բարդ են ու վերաբերում են միջազգային հարաբերություններում ընթացող խորքային տրանսֆորմացիաներին։ Արցախում լուրջ սրացումը չի կարող անտարբեր թողնել Իրանին, Թուրքիային, Ռուսաստանին և ոչ միայն։ Դա կարող է մեծ ապակայունացման կատալիզատոր լինել։ Այս առումով կարծես թե կտրուկ զարգացումներ չեն սպասվում։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, թե ինչի է ձգտում իշխանությունը, ապա առաջին հերթին ես չէի օգտագործի «իշխանություն» բառը։ Այսօր իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքում, ով միանձնյա որոշումներ է կայացնում։ Չեմ կարծում, թե այդ անձը որևէ հստակ, թեկուզ իր համար հասկանալի քաղաքականություն է իրականացնում ու կայուն պատկերացումներ ունի, թե իրեն ինչ է պետք և ինչ է անում։ Տպավորությունն այն է, որ որոշումները տարերային են ու պահի տակ են կայացվում։ Դրա վառ օրինակը ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներն են՝ չմտածված, իրարամերժ քայլեր ու նախաձեռնություններ։ Կարծում եմ` մյուս խնդիրներում նույնպես նման իրավիճակ է տիրում։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ