Բոլորն արհամարհում են կորոնավիրուսը և պատրաստվում... պատերազմի՞
17.04.2020 | 00:44
Ի՞նչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջը հիմա, երբ աշխարհում «մոլեգնում է կորոնավիրուսը»։ Իսկույն ասենք, որ ոչ միարժեք բաներ, ի վերջո այնտեղ, որտեղ պատերազմ էր ընթանում, այժմ էլ շարունակվում է այդ պատերազմը։ Անսպասելիորեն «քրդական գործոնը», և հենց կորոնավիրուսի մասին խոսակցությունների տագնապալի օրերին (և Իրանում, և Թուրքիայում), իրանա-թուրքական սահմանին լարվածության ուժեղացման պատճառ դարձավ։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի իշխանություններն օգտագործեցին «կորոնավիրուսի թեման» հավանաբար լուծելու նաև մարդատյաց բնույթի այլ «խնդիրներ»։ Կփորձենք հերթով ստեղծել այդ ամենի քաղաքական խճանկարը։
Մինչ Թուրքիայում ծավալվում է իրարանցման նոր ալիք, ի դեպ` հենց կորոնավիրուսի պատճառով, Թուրքիայի ընդդիմադիրները պատրաստվում են համընդհանուր խուճապի մեղմանալուց հետո ստեղծվելիք իրավիճակին։ Մասնավորապես, մարտի 25-ին Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոլյուն հայտարարեց, որ անվտանգության ծառայությունները երկրում ձերբակալել են 410 մարդու` նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) բռնկման մասին սոցցանցերում «սադրիչ» հրապարակումների համար։ Պարզ է, որ թուրքերը թուրք չէին լինի, եթե այս կամ այն խնդրին չկապեին քրդերին։ Ինչպես նշել է Սոյլուն, «սադրիչ» գրառումների մեծ մասը կապված է եղել «քուրդ զինյալների խմբերի» հետ։ Թուրքիան բավական փակ երկիր է. օրինակ, ոչ ոք ստույգ չգիտե, թե որքան քրդեր են զոհվել 2013-18 թթ. Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և քրդերի հոծ բնակության այլ վայրերում, որտեղ կանոնավոր կերպով գործում են քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ջոկատները։ ՈՒստի մեզ համար դժվար է դատել, թե իրականում Թուրքիայում վարակի տարածման վիճակն ինչպիսին է։ Համենայն դեպս, պաշտոնական տվյալներով, Թուրքիան փակել է դպրոցները, սրճարանները, արգելել է զանգվածային աղոթքները, հետաձգել է մարզական հանդիպումները, դադարեցրել է թռիչքները դեպի տասնյակ երկրներ։ Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի քանակն աճում է օրեցօր, մահացել է հազարից ավելի մարդ։ Համընդհանուր կարանտին չկա, և իշխանություններն առայժմ կարծես թե չեն ցանկանում կոշտ միջոցների դիմել։ Հիվանդացության և մահացության ցուցանիշով Թուրքիան աշխարհում արդեն 4-րդ տեղում է, և դա մտորելու տեղիք է տալիս, թե հիմա Անկարան «կորոնավիրուսի օգնությամբ» արդյո՞ք որևէ ազգային փոքրամասնության դեմ չի կռվում։ Չէ՞ որ նախարար Սոյլուն ակնարկել է, որ համացանցի «սադրիչ» գրառումների հետևում իբր քրդերն են...
Միևնույն ժամանակ Ռուսաստանից և Իրանից սիրիական բանակին օգնության բեռներ են գալիս։ Մասնավորապես, Տարտուս նավահանգիստ են գալիս ռուսական բեռնանավեր, և ոչ միայն բժշկական բեռներով։ Օրինակ` հեռահար հրետանային համակարգերով, որոնք, ենթադրաբար, տեղակայվելու են Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Վերջին օրերին սոցցանցերում առավել հաճախ հիշատակվող ցամաքային հարվածային համակարգերից է 152-միլիմետրանոց, բուքսիրով քաշվող 2A65 «Мста-Б» հաուբիցը։ Ենթադրություններ են հայտնվել, որ այդ հրանոթները կարող էր գնել սիրիական բանակն այն դեպքերի համար, եթե նոր սրացումներ լինեն Իդլիբի ճակատում, որտեղ մարտի 6-ի դրությամբ պահպանվում է հրադադարը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Թուրքիան Իդլիբ նահանգում ավելացրել էր «T-155 Firtina» ինքնագնաց հրետանային կայանքների քանակը։ Այդ հաուբիցներն օրերս երևացել են Իդլիբի արևելքի Սարմին քաղաքի շրջանում։ «Мста-Б» հրանոթը խոցում է 30 կմ-ի վրա, իսկ ակտիվ-ռեակտիվ արկերով` 40 կմ-ի։ Եթե Դամասկոսի կողմից ռուսական հեռահար համալիրների զգալի քանակի գնման վարկածը հաստատվի, ապա Սիրիայի կառավարական զորքերը հնարավորություն կստանան նշանառու կրակ վարելու իսլամական զինյալների վրա Իդլիբի ճակատի իրենց ներկայիս դիրքերից ընդհուպ մինչև թուրքական սահմանը։ Առայժմ չենք կարող ասել, թե Սիրիային ինչ զենքեր է մատակարարում Իրանը։ Բայց նույնիսկ եղած տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Սիրիան, ՌԴ-ն և Իրանը պատրաստվում են Իդլիբի իրադրության նոր սրման։ Այսպես թե այնպես, բայց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դաշնակիցների հետ, պատասխան է պատրաստում Թուրքիային ու թրքամետ ահաբեկիչներին։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Սիրիայում միայն մարտի 23-ին է հայտնաբերվել մարդու վարակման առաջին դեպքը։ Բայց հիմա վիճակը վատացել է. և վարակվածների քանակն է ավելացել, և մահացածներ կան։
Ապրիլին Սիրիայի հետ կապված շատ բան հայտնի դարձավ։ Օրեցօր ուժեղանում է այն տպավորությունը, որ Սիրիայում շատ մոտ ապագայում դաշնակիցները (Սիրիան ինքը, ՌԴ-ն, Իրանը և շիա աշխարհազորերը) միջոցներ կձեռնարկեն թուրքական զորքերը Սիրիայի Իդլիբ նահանգից ու, հավանաբար մյուս տարածքներից էլ վտարելու համար։ Թող դատեն մեր ընթերցողները։ Ապրիլի 11-ին Իսրայելի գլխավոր շտաբը տագնապով հայտնել է, որ իրենց ռազմական հետախուզությունը սիրիացի գեներալների է նկատել Լիբանանի «Հզբոլահ» կուսակցության աշխարհազորայինների դիրքերում։
Եթե իսրայելցիների տվյալներն ընդունենք որպես հավաստի, ապա հասկանալի է, որ Սիրիայի բանակի ավագ սպաները փորձում են մարտի դաշտում բարելավել համագործակցությունը լիբանանյան «Հզբոլահի» մարտիկների հետ, շիաների հետ համաձայնեցնում են հետագա քայլերը։ Չնայած Սիրիայում առկա փխրուն զինադադարին, Ռուսաստանն ակտիվացնում է զրահատեխնիկայի և սպառազինության մատակարարումն այդ երկրին։ Այսպես, ըստ սիրիական ու թուրքական աղբյուրների տվյալների, Բոսֆորի նեղուցով անցած ռուսական «Սարատով» դեսանտային մեծ նավը 15 տանկ ու զրահամեքենա, հավանաբար նաև այլ զենքեր ու զինամթերք էր տանում։
Մասնագետները նշում են, որ ռուսական դեսանտանավի վրա այդքան մեծ քանակով զրահատեխնիկան կարող է վկայել միայն լայնածավալ ռազմական գործողության մասին, հատկապես թուրքերի և ահաբեկիչների կողմից պայմանավորվածությունների լուրջ խախտումների ֆոնին։ Թուրք դիտորդ Յորուկ Իշիկը տեսել և լուսանկարել է Սիրիա գնացող ու տանկերով բեռնավորված «Սարատով» նավը, հետո հրապարակել այդ լուսանկարները։ Այս տարվա մարտին Սիրիայում անհաջողություններից ու տասնյակ թուրք զինծառայողների զոհվելուց հետո ինչպես բոլոր թուրքերի, այնպես էլ Յորուկ Իշիկի մտքում հավանաբար միայն սարսափն է ռուսաստանցի զինվորականներից։ Իրականում, ինչպես կարծում են ռուս մասնագետները, Տարտուս «Սարատով» նավի գալով, Ռուսաստանը Հյուսիսային Սիրիա է տեղափոխել ընդհանուր թվով 150 տանկ, զրահամեքենա և այլ զրահատեխնիկա։ Փորձագետները պնդում են, որ տարվա սկզբից երրորդ ամիսն է, որ նման տեխնիկա է տեղափոխվում, ուստի տրամաբանական է ենթադրել, որ Տարտուսում «Սարատովի» բեռնաթափվելուց հետո ռուսական զրահատեխնիկայի միավորների ընդհանուր քանակը կդառնա 150։ Բայց ինչպես «Հզբոլահի» դիրքերում սիրիացի գեներալները, այնպես էլ ռուսական զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը վկայում են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի նախապատրաստությունը Թուրքիայի հետ ռազմական գործողությունների բռնկմանը։ Այս տարի մենք արդեն հաղորդել ենք, որ փետրվարին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում էր «Ռուսաստանը թուրքական բանակին կստիպի նահանջել Սիրիայից» կարգախոսը։ Դատելով ամեն ինչից, հեռու չէ այն օրը, երբ այդ կարգախոսն իրականություն կդառնա։
Հիմա էլ ահ ներշնչեց (թուրքերին) Ռուսաստանի քաղաքացիներին նախագահ Պուտինի հերթական դիմումը, այս անգամ` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ։ Բանն այն է, որ Պուտինը կորոնավիրուսը համեմատել է միջին դարերում թուրքական ցեղերի ներխուժումների հետ, թե` «մենք ոչնչացրել ենք պեչենեգներին և պոլովցիներին, կոչնչացնենք նաև կորոնավիրուսը»։ Այդպիսին է պատմությունը. փոխել չես կարող։ Բայց թե ինչու է համայնաճարակը թուրքերի հետ համեմատվում, դժվար է ասել։ Տարօրինակ է, բայց 2020 թ. ապրիլին ռուսական մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում հոդվածներ երևացին, որոնցում հեղինակները տարբեր վարկածներ էին շարադրում, թե ինչ է լինելու Թուրքիայի հետ, քանի մասի է տրոհվելու այն և այլն։ Հեղինակները մի շատ կարևոր գործոն են ընդգծում` եթե Թուրքիան «հանկարծ» լրջորեն ընդհարտվի Ռուսաստանի հետ։ Մեզ համար դժվար է հասկանալ, թե ինչու հենց այժմ որոշ հեղինակներ ռուսական հասարակությանը (նաև մնացյալ աշխարհին) հրամցնում են այն միտքը, թե հնարավոր է ռուս-թուրքական լուրջ ընդհարում։
Վարկածներից մեկը շարադրվել է ապրիլի 10-ին։ Իսկապես, եթե նայենք այսօրվա քարտեզին, ապա կզգացվի, որ ժամանակակից Թուրքիայի տարածքը կարծես թե բաժանվում է մի քանի մասի։ Բավական մեծ մասն այն տարածքներն են, որոնք մի ժամանակ ընկալվում էին որպես Հայաստան (Մեծ Հայք), Քրդստան, Հունաստանի փոքրասիական մաս։ Նույնիսկ տարածք կա, որը կարճ ժամանակով եղել է անկախ Վրաստանի կազմում։ Հենց այդպես էր ենթադրվում բաժանել Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Հաջորդ տողերի հեղինակի ազգանունը ոչինչ չի ասի Հայաստանի քաղաքացիներին, բայց ակնհայտ է, որ գրողը ցինիկ ու սառնարյուն իրապաշտ է. «Հայ ու հույն բնակչության խնդիրները մեծ մասամբ լուծվել են տեղահանություններով։ Սակայն քրդական խնդիրն այն ժամանակից վատացել է։ Քրդերը թուրքերից միջին հաշվով աղքատ են ապրում, համապատասխանաբար նրանց շրջանում ծնելությունը բարձր է։ Այդ պատճառով բնակչության մեջ նրանց տոկոսը մշտապես ավելանում է։ Այժմ նրանք բնակչության 18-30 %-ն են։ Ռուսաստանի հետ պատերազմական բախման դեպքում նրանք առաջինը կլինեն, որոնց Մոսկվան կպաշտպանի»։
Տարօրինակ է, որ հեղինակը Թուրքիայում հայերի և հույների եղեռնը բացահայտ անվանում է «տեղահանություն»։ Այնուամենայնիվ, նրա հետագա դատողությունները կրկնում են արդեն ուրիշ շատ ռուս հեղինակներ։ Մենք այն կարծիքին ենք, որ մեր երկրում շատերն են հետաքրքրվում, թե ժամանակակից ռուս հեղինակներն ինչպես են պատկերացնում Հայաստանի և Միջագետքի հնարավոր ապագան, եթե Թուրքիան համարձակվի լուրջ բախման մեջ մտնելու Ռուսաստանի հետ, ասենք, Հյուսիսային Սիրիայում։ Մեջբերում անենք, և թող Հայաստանի քաղաքացիներն իրենք դատեն, թե 2020 թ. ապրիլին Մոսկվայում ինչու են սկսել խոսել Թուրքիայի տրոհման վարկածների մասին. «Բացի դրանից, ժամանակակից Թուրքիայի տարածքում կան վաղնջական հայկական հողեր։ Մեծ բախման դեպքում Հայաստանը կարող է փորձել վերադարձնել դրանք, ինչպես դա եղել է Ղարաբաղի դեպքում։ Հիշեցնեմ, որ հայերն ամբողջ աշխարհում ունեն բավական ունևոր սփյուռք, հետևաբար` իրավիճակի վրա ազդելու ֆինանսական հնարավորություններ։ Թուրքիան բարդ հարաբերություններ ունի նաև Հունաստանի հետ, որոնց թվում է Կիպրոսի չլուծված ռազմական հակամարտությունը»։
Այսպիսով, Մոսկվայում գիտեն այն ամենը, ինչը գիտի հայրենասեր ու պատմական հիշողություն ունեցող յուրաքանչյուր հայ։ Հիշյալ հրապարակման հեղինակները հիանալի գիտեն նաև հունա-թուրքական թշնամության նրբությունները։ Բայց նրանց դատողություններում նկատելի է նաև հիմնական գաղափարը. ժամանակակից Թուրքիան հակել Ռուսաստանի օգտին ինչ-որ լուրջ զիջումների և ոչ թե պարզապես վերցնել ու կործանել Թուրքիան։ Որպեսզի մենք դա հասկանանք, ևս մեկ մեջբերում անենք. «Ռուսաստանի հետ անմիջական բախման դեպքում Թուրքիան կարող է պատերազմ ստանալ մի քանի ճակատով։ Այդ ճակատներից յուրաքանչյուրին կարող է հետևել տարածքների կորուստ, ինչի համար կան պատմական հիմնավորումներ։ Բնական է, որ թվարկված բոլոր ժողովուրդների համար հիմնական խնդիրը պետք է լինի խաղաղության պահպանումը։ Խաղաղության առավելություններն են զարգացումը և բարգավաճումը։ Եվ դա հենց այն է, ինչը Թուրքիային կարող է տալ Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Առճակատումը կհանգեցնի ողբերգական հետևանքների և պետությունը կորցնելու սպառնալիքի, ինչը բազմիցս է եղել անցյալում»։
Եզրակացությունը պարզ է. դա Թուրքիայի և թուրքերի քողարկված շանտաժ է, Անկարային ուղղված նախազգուշացում` ելնելով ինչ-որ զուտ ռուսական շահերից։ Վարկածներն ու ենթադրությունները շատ են, առաջարկենք մեկը. Մոսկվայում իմացել են, որ թուրքերն ուզում են «հիմարացնել» Ռուսաստանին, Իրանին և Սիրիային, ընդ որում, թուրքերն անգամ պատրաստ են Սիրիայում ռուսների և իրանցիների դեմ բացահայտ հարձակումների կամ սադրանքների։ Այդ դեպքում հայտնվում են մի շարք հոդվածներ (որոնք ուշադրությամբ ուսումնասիրում են թուրք վերլուծաբանները), որոնցում Թուրքիայի բացահայտ շանտաժը թուլացված է հայերին, հույներին, քրդերին ուղղված ազդանշաններով... Եվ մենք կարծես թե սկսում ենք կռահել, թե որտեղից են «պեչենեգներն ու պոլովցիները», ինչի համար է ռուսական սպառազինության այդպիսի զանգվածային տեղափոխումը Հյուսիսային Սիրիա։ Կրկնենք ևս մեկ անգամ. մեզ հայտնի չէ, թե Իրանն ինչ և երբ է տեղափոխում Սիրիա, բայց գիտենք, որ Իրանն ինչ-որ բան է ձեռնարկում։ Եվ հիանալի հիշում ենք, որ մարտի կեսից մինչև մեր օրերը Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի հետ իր կապերը «պատմական, ռազմավարական» են, իսկ «Սիրիայի իշխանությունը գերակա է Իրանի և Ռուսաստանի համար», ինչպես նաև այն, որ Իրանն առաջվա պես ԱՄՆ-ից պահանջում է հեռանալ Իրաքից և Սիրիայից, օրինակ` Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սեֆևիի ապրիլի 3-ի հայտարարություններում։ Իսկ նա ոչ միայն լավատեղյակ մարդ է, այլև Իրանի ԻՀՊԿ-ի նախկին հրամանատարը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ