Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեփական կամքի կաշկանդումներում

Սեփական կամքի կաշկանդումներում
27.04.2022 | 07:32

Առ Աստված տանող եւ Աստծուց հեռացնող ճանապարհը մեկն է: Պարզապես մոտենալիս դեմքով ենք դեպի Աստված, հեռանալիս մեջքով:

Շատ մարդիկ, շտապելով, հրմշտելով, «դանդաղողներին» դատելով եւ նախատելով, առաջ են վազում, եւ շուտով անհետանում տեսադաշտից:


Քիչ անց նրանք, նույնքան մեծ էնտուզիազմով, նորից երեւում են հորիզոնում` նախկին նպատակին դիմադարձ, ինչ-որ խոչուխութից խրտնած, իրականության հետ բախված երեւակայությամբ ծանրաբեռնված ու ահաբեկված: Այս անգամ էլ ուղղությունը չփոխածներին նախատում են համառության համար եւ անցնում - գնում:
Երկու դեպքում էլ` ոգեւորության, թե շփոթմունքի անվի տակ ընկնելու եւ տրորվելու վտանգն առկա է: Մարդիկ գլորում են ու տրորում: Միայն Աստված է բարձրացնում եւ հաստատում Իր սիրով: Մարդիկ մոլորեցնում են: Միայն Աստված է փնտրում, գտնում եւ վերադարձնում:
Մարդիկ մեջքով են շրջվում դեպի Աստված` կարծելով, թե շարունակում են առաջ քայլել, այն դեպքում, երբ իրականում հետ են քայլում: Իսկ շրջվում են, որովհետեւ մինչ այդ դեպի Նա դեմքով շրջվել էին սեփական նախապայմաններով: Եւ երբ բախվում են հիասթափեցնող իրականությանը, շփոթված ու փոշմանած իրենց նախաձեռնությունից` գնում են իրենց գործերով: Նրանք չէին նախաձեռնել փոխել իրենց կյանքը, պարզապես մտածում էին բարեհաջողություն ապահովել իրենց ձեռնարկումների ու ծրագրերի համար:

Նրանց համար Խաչը լոկ թալիսման է: Ենթագիտակցության մեջ Խաչը ինքն է դիմագրավում չարին այնպես, որ այն տիրոջը չի էլ մոտենում: Իրականում Խաչը զենք է, որով պետք է զինվել նախ եւ առաջ մեր ներքին հեշտամոլի եւ պորտաբույծի դեմ: Իսկ դա կլինի այն բանից հետո, երբ մենք հասկանանք, թե ինչ է արել մեզ համար Աստված, ինչ է ժառանգել մեզ, եւ մեզնից պահանջվում է շուտափույթ ազատվել այդ ձրիակերից` այդ ժառանգությունը ստանալու համար:


Երբ Աստծո հայտնությանն ու կանչին ի պատասխան Աստված եւ մարդ դառնում են մտերիմներ, այդ մտերմությանը կարող են միջամտել` միայն ավելի ազնիվ ու անխզելի դարձնելու եւ ոչ երբեք քակտելու, գժտեցնելու եւ օտարացնելու համար: Աստծուն եւ մարդուն օտարացնում է փարիսեցիական թթխմորը, որ թարախապալարի նման ապականում է մաքուր ու միամիտ հոգիներին:
Փարիսեցիություն է, երբ տեսնում ենք մարդկանց գործողությունները, բայց չենք նկատում Աստծո գործերը, երբ տեսնում ենք կյանքի հանգամանքները, բայց չենք նկատում Աստծո հոգածությունը, երբ չենք նկատում, որ մեր ձեռնարկումների հաջողության պսակը Աստծո ձեռքով է հյուսվում, եւ մեր խոցելի գարշապարները շատ դեպքերում չեն դիպչում փշաբեր երկրին, որովհետեւ Աստված Ինքն է մեզ գըրկած տանում: Ինքնամեծարանքի ու ինքնաբավության փտախտը կանխելով` մենք կրկին մանկան պես կփարվենք մեր Տիրոջը եւ կզգանք ապահովության մեջ: Մեր կամակոր ու քմահաճ կամքի երասանակը հանձնենք Աստծո կամքի կառավարմանը, ինչպես աղոթում ենք ամեն օր` Թող Քո կամքը լինի երկրի վրա` ինչպես որ Երկնքում է` շարունակելով, սակայն, համառել սեփական կամքի կաշկանդումներում: Երբ սկսենք իրապես փնտրել Աստծո կամքը, մենք դիմադարձ չենք կանգնի, այլ դեմքով կդառնանք դեպ մեր Տեր Աստվածը եւ շիտակ կքայլենք Կյանքի ու փըրկութան ճանապարհով:

Երեցկին` Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7060

Մեկնաբանություններ