Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծերության փափուկ մագիլներն ու փաղաքուշ ճանկերը. Վարդան Խարազյան

Ծերության փափուկ մագիլներն ու փաղաքուշ ճանկերը. Վարդան Խարազյան
04.10.2022 | 07:23

Բոլորը մի օր ծերանում են, բացառությամբ նրանց, ովքեր վաղ են մեռնում, և ծերությունը չի հասցնում իր մագիլներով բռնազավթել նրանց: Բացառությամբ նաև նրանց, ովքեր դեռ չեն ծնվել, բայց կծնվեն հետո, երբ ծերությունը Աստծով վերացված կլինի:


Բոլորս մի օր ծերանում ենք: Մեր բջիջները կորցնում են իրենց զվարթությունը, և առվակի նրանց կայտառությունը խլանում է ծերության ձմռան սառույցի տակ: Մեր մարմինը, մեր դեմքն ու աչքերը դանդաղ, բայց, ներխուժող ձմռան համառությամբ, կնճիռներն են գրավում, ինչպես որ սառույցն է գնալով զորանում առվակի վրա, որ լիակատար կերպով խեղդի նրա ձայնը իր տակ: Մենք դեֆորմացվում ենք, և մեզնից՝ հայելու մեր գեղեղկադեմ վաղեմի սիրելիից, չնչին հիշողության մարմրող մի առկայծ պատրույգի կրակ է մնում մեր աչքի որբացող մի անկյունում, որն ուր-որ է կմխա ու կհանգչի՝ ցանկացած մոտեցող մի օր, ցանկացած մի առավոտ: Գուցե սա մեր կյանքի վերջին ամառն էր, որ անցավ ու գնաց, և որին այլևս երբեք չենք պատահելու, վերջին դեղին աշունը, սպիտակ ձմեռը կամ պայթող վարդերի վերջին գարունը, որից մեր սրտերը, հիվանդագին մեղուների պես ինքնամոռաց, բալասան ու նեկտար էին ներծծում: Գուցե սա մեր կյանքի վերջին ամիսն է կամ վերջին օրը, երբ մենք նայեցինք հայելու մեջ, սանրեցինք մեր մազերը և տանից դուրս եկանք՝ չիմանալով, որ վերջին անգամ ենք նայելու կապույտ երկնքում թևածող աղավնիներին և երազելու սպիտակ ամպերի մեջ՝ սպիտակ սփռոցներով սեղանների շուրջ սպիտակ գինի խմելով, սպիտակ առագաստե մակույկներով օվկիանոսի խորքերն ընթանալու՝ մեր ընկերների մեջ մեր սիրելիի ականջին ամենաքաղցր բառը շշնջալով: Ախ, եթե մենք դա իմանայինք, որքան երկար կմնայինք այդ օրը հայելու առաջ, որքան երկար կնայեինք մեզ, կկարոտեինք մեզ ու կլացեինք ինքներս մեր կորստի համար՝ ոչ մի կերպ չկտրվելով մեր աչքերից, ոչ մի կերպ չհամաձայնելով, որ մենք այլևս չենք տեսնելու մեզ և երբևէ այլևս ինքներս մեզ չենք հանդիպելու:


Երբ ես նայում եմ պատանեկության իմ նկարներին՝ մնում եմ ապշած. մի՞թե սա ես եմ՝ այն պայծառ տղան... Իմ աչքերից անարցունք արցունքներ են հոսում, ու այդ նկարների տղայի պատկերների գեղցկության առաջ պատռվում է սառույցի ծերության հաստ շերտը: Ոչ, ես չեմ ծերանում, իմ սիրտը պատանի ու պայծառ է մնում, չնայած իմ մաշվող ու արդեն լարից ընկած փոշոտ ջութակի հնչյուններ հիշեցնող ոսկորների ճռճռոցին ու տնքոցներին: Իմ սրտի խորխորատում Աստված սերմ է թաքցրել՝ դա Հավիտենական անծեր կյանքի ու արևի շողի պես անհոգ սլացքի խավարը քնքշորեն սպանող անգին և անպարտելի հույսն է, որը չի լքելու ինձ իմ ամենավերջին արտաշնչանքում, իմ ուղեղի ամենավերջին և ամենաթանկագին Մտքերի մտքում: Դա ծածուկ մտքերիս իմ այս ողջ կյանքի Գլուխգործոցն է՝ այս Աշխարհն ու Տիեզերքը Ստեղծող իմ Աստծու առաջ:


Բոլորը ծերանում են, բայց ես չեմ ծերանում: Ինձ նմանները երբեք չեն ծերանում, թեպետ նրանց բջիջները սկսում են դանդաղել կյանք տալ մարմնի մեջ և ժլատ են դառնում, քանզի քչանում է իրենց ունեցվածքը, սպառվում է ուժը: Բայց նրանք չեն ծերանում և գիշերագալի իրենց մենության մեջ՝ իրենց կամաց-կամաց փլուզվող մարմիններում, որ կիսառմբակոծված շենքեր են հիշեցնում, ձեեռնափայտով շրջում են իրենց տրտում սենյակի մեջ՝ հիշելով պատանի օրերի իրենց լուսավոր ընթացքը, ինչպես պառավ հովատակը կհիշեր իր վարգը, երբ իր սմբակներից գետինն էր դողում: Եվ իմ սրտի մեջ, և ինձ նմանների սրտի մեջ անարցունք արցունքներից ճայթում ու պատռվում է ծերության հաստաբեստ թագավորությունը: Նա խղճահարվում և փոշմանում է, որ իր ճիրանների մեջ է առել մեզ, ինչպես մայր հովազն է փոշմանում, երբ բռնում է վիթի ձագին... Եվ ծերությունը, մատակ հովազի պես, սկսում է մինչև մեռնելներս պաշտպանել և սնել մեզ որպես իրենի, քանզի ինքն էլ մի օր դաժան ու ծեր չի եղել, այլ եղել է մեզ նման պայծառ պարմանուհի ու պատանի:

Դիտվել է՝ 12202

Մեկնաբանություններ