Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ

ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ
28.06.2011 | 00:00

Փորձագետների մեծ մասի կարծիքով` Թուրքիան վերջին տարիներին առանձնակի դրական դեր է խաղում Մերձավոր Արևելքում, ձգտելով նպաստել իսրայելա-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։ ԱՄՆ-ը չէր կարող որևէ առարկություն ունենալ այդ հարցում Թուրքիայի մասնակցության առնչությամբ, եթե չլինեին որոշ հանգամանքներ, որոնք փոքր-ինչ զգուշավորություն առաջ բերեցին Վաշինգտոնում։ Հարկ է, նախ, նշել, որ զուգահեռաբար տեղի են ունենում թուրք-սիրիական հարաբերությունների բարելավում և թուրք-իսրայելական հարաբերությունների վատացում։ Ընդ որում, թուրք-սիրիական հարաբերությունների բարելավմանը զուգընթաց, կարգավորման հեռանկարն ավելի ու ավելի կասկածելի է դառնում, քանի որ Սիրիան զգում է սպառնալիքի վերացումը հյուսիսից և բնավ էլ հակված չէ զիջումների կամ փոխհամաձայնության գնալու Իսրայելի հետ հարաբերություններում։ Միաժամանակ, Թուրքիան սկսում է ուժեղացնել իր ներկայությունն արաբական երկրներում և պաղեստինյան տարածքներում` աջակցելով արաբական և իսլամական արմատական կազմակերպություններին։ Արաբական շրջանակները, զգուշավորություն պահպանելով տարածաշրջանում Թուրքիայի զավթողամտության առնչությամբ, այդուամենայնիվ, խոստովանում են, որ Թուրքիան նպաստել է, ընդ որում, ավելի շատ, քան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, Իրաքի ամբողջականության պահպանմանը` դառնալով գլխավոր արտաքին ներդրողն ու ապահովելով իրաքյան նավթի արտահանումն արտաքին շուկաներ։ Թուրքիան աննախադեպ քայլեր է անում Սուդանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որը բոլորի կողմից մերժվածի համբավ ունի։ Այսպիսով, իսրայելա-սիրիական հարաբերությունների կարգավորմանը և իրաքյան խնդրին ակտիվ մասնակցության միջոցով Թուրքիան ավելի խորացրեց Իսրայելի մեկուսացումը, նրա և իր միջև լուրջ անջրպետ ստեղծելով մի ամբողջ շարք հարցերում։ Թուրքիան մեկ տասնամյակի ընթացքում Իսրայելի տարածաշրջանային գլխավոր գործընկերոջից վերածվեց հակառակորդի։ Արաբական աշխարհում ազդեցության համար Իրանի և Թուրքիայի հակամարտության հանդեպ Իսրայելի հույսերը, ինչի մասին դեռ 20 տարի առաջ կանխագուշակում էին իսրայելացի քաղգործիչներն ու վերլուծաբանները, չարդարացան։ Համենայն դեպս, առայժմ չկան ակնհայտ փաստեր ու նշաններ, որ արաբական աշխարհում գոյություն ունի թուրք-իրանական հակամարտություն, թեև Թուրքիան և Իրանը, վաղ թե ուշ, կհանգեն այն սահմանին, որից այն կողմ ստիպված կլինեն տարածաշրջանային կռիվ տալ ամբողջ «ճակատով» մեկ։ Կկարողանա՞ն, արդյոք, Թուրքիան և Իրանը տարածաշրջանը բաժանել ազդեցության գոտիների, թե՞ կնախընտրեն հարաբերությունները պարզել քաղաքական և այլ եղանակներով, կախված է բազմաթիվ հանգամանքներից, նախ և առաջ` արաբական պետությունների նկրտումներից ու շահերից։ Համենայն դեպս, արդեն այսօր Վաշինգտոնում լավատեսական տրամադրությունները` կապված տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման հույսերի հետ, որպես ԱՄՆ-ի ու Իսրայելի գործընկերոջ, ի դերև են ելել։ Ամերիկացիներն սկսել են միանգամայն այլ կերպ վերաբերվել Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությանը և փորձում են պարզել, թե որքանով արաբական պետությունները Թուրքիային կընկալեն որպես կարևոր, անգամ գլխադաս գործընկերոջ։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտություններից կարելի է հետևություն անել, որ Անկարան ակտիվորեն հովանավորում է Բրիտանիայի փորձագետներին` նպատակ ունենալով Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունը ներկայացնել բացառապես դրական լույսի ներքո։ Նույն բանը կարելի է նկատել Վաշինգտոնի որոշ փորձագետների մոտ, բայց, ի տարբերություն Լոնդոնի, ամերիկացի փորձագետները, բավականաչափ կապված լինելով հրեական շրջանակների հետ, շահագրգռված չեն Թուրքիայի քաղաքականության արդարացմամբ ցանկացած պարագայում, եթե անգամ դա տեղի է ունենում ի վնաս Իսրայելի և, ի վերջո` ԱՄՆ-ի շահերի։ Պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականության ծավալումը մի ուղղությամբ, որն ամենևին չի համապատասխանում Վաշինգտոնի շահերին, բնավ չի կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին, բայց ամերիկացի փորձագետները շարունակում են հուսալ, որ Թուրքիայի տարբեր, չափազանց հավակնոտ ծրագրերում կարող են դրական փոփոխություններ լինել։ Բայց դա տեղի չի ունենում, ընդհակառակը, Թուրքիան ձգտում է ստեղծել նոր բացասական (ԱՄՆ-ի տեսակետից) հանգամանքներ` հաշվի չնստելով ամերիկյան շահերի հետ։ Եթե այլ տարածաշրջանների առնչությամբ ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ սպասողական դիրք բռնել և վճռական քայլեր չանել Թուրքիայի կամ որևէ այլ երկրի զավթողամտությունը զսպելու ուղղությամբ, ապա Մերձավոր Արևելքի առնչությամբ ամերիկացիները չեն կարող թույլ տալ անվերահսկելի գործընթացի ծավալում, հատկապես, եթե այն կապված է մի այնպիսի խոշոր և գործուն պետության հետ, ինչպիսին Թուրքիան է։ Մեր հիշատակած ամերիկացի փորձագետների գնահատականները թույլ չեն տալիս միարժեք հետևություններ անել, առավել ևս, որ վերջիններս տարբեր ինստիտուտների կամ քաղաքական տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ են։ Բայց Մերձավոր Արևելքի առնչությամբ փորձագետների մեծ մասը դատում է հենց այդ ուղղությամբ և չի պնդում, թե Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է դարձել ԱՄՆ-ի շահերի համար։ Այսպիսով, հնարավոր է համարվում, որ ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել տարածաշրջանային այդ ուղղությամբ Թուրքիային զսպելու քաղաքականության վարմանը։ Այս հարցում, սակայն, ամերիկացի փորձագետների կարծիքներն ու գնահատականները խիստ տարբերվում են, և անհրաժեշտ է իմաստավորել այդ տարբերությունները։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տիրույթում առավելապես իրաքյան թեման ներկայացնող փորձագետները հնարավոր են համարում, որ, չնայած Իրաքում քաղաքական և տնտեսական նպատակների հետապնդման գործում Թուրքիայի ունեցած հաջողություններին, իրադրությունն այդ երկրում կարող է շատ արագ փոխվել, ինչը կապված է Իրաքի ապագայի շուրջ շարունակվող բանավեճի հետ։ Քրդական թեման այնքան շատ խնդիրներ է պարունակում` կապված նավթահանքերի վերահսկողության, Քրդստանի տարածքի, Իրաքի պետության ձևի հետ, որ հեշտորեն կարող է օգտագործվել թուրքական նվաճողամտության զսպման համար։ Հաշվի առնելով այն, որ Քրդստանի ճակատագիրը մեծապես պայմանավորված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի քաղաքականությամբ, Քրդստանը կարող է դեպի հարավ-արևելք Թուրքիայի ճանապարհը փակող «կողպեք» դառնալ։ Անշուշտ, ԱՄՆ-ը ենթադրում է, որ Քրդստանի դիրքորոշումը պետք է Թուրքիայի հավակնությունների զսպման լծակ լինի։ Քրդական գործոնից զատ, Իրաքում կան նաև Թուրքիայի ճնշումը զսպելու ուրիշ հնարավորություններ։ Դա սուննիների և շիաների հակամարտությունն է, և միանգամայն հնարավոր է, որ թույլ տրվի Իրաքի տարածք մտնելու իրանական այլընտրանքային ուժերին, որոնք կարող են վերահսկողություն սահմանել Իրաքի զգալի մասի նկատմամբ` դրանով իսկ բացառելով թուրքական ազդեցության մեծացումը։
Ջեյմս Ֆիլիպսը, որը քաջատեղյակ է Մերձավոր Արևելքի խնդիրներին, Մերձավոր Արևելքում Թուրքիային զսպելու ԱՄՆ-ի քաղաքականությունը գնահատում է միանգամայն օրախնդիր, բայց միայն քաղտեխնոլոգիայի մշակման ձևաչափով։ Վարչակազմի համար աշխատող վերլուծաբանների խումբը հեռու չէ Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականության քննարկման վերաբերյալ առաջարկությունների մշակումից։ Դենիս Ռոսին պետդեպարտամենտի Իրանի գծով պատասխանատու նշանակելը վկայում է այն մասին, որ տարածաշրջանային այլ խնդիրների առնչությամբ սկսել են ներգրավել փորձառու վերլուծաբանների։ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ուժեղացման գլխավոր հակառակորդները Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան են։ Իհարկե, Իրաքն այնքան խոցելի վիճակում է, որ ընդունում է Թուրքիայի ցանկացած առաջարկություն, ինչը կարող է նպաստել իր քաղաքական և տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև քրդական հարցում տանելի վիճակի ստեղծմանը։ Սիրիան ևս խոցելի վիճակում է և ստիպված է ընդունել Թուրքիայի նախաձեռնությունները, այդ թվում` անվտանգության և պաշտպանության ոլոտում։ Հորդանանն ավանդաբար աշխատում է խաղալ «Շվեյցարիայի» դեր և հարաբերություններ է կարգավորում տարբեր պետությունների միջև։ Մյուս արաբական պետություններն արմատական շահագրգռություններ չունեն տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի առնչությամբ։ Փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ը, քննության առնելով մի շարք ուղղություններով Թուրքիայի «ճնշման» խնդիրը, չի կարող չհասկանալ, որ, այնուամենայնիվ, «թուրքական նոր կայսրության» ստեղծման ճակատագիրը վճռվում է Մերձավոր Արևելքում, և ԱՄՆ-ը նախընտրում է հետևել, թե Թուրքիայի նկրտումները ինչ հակասությունների մեջ են մտնելու տարածաշրջանի այլ պետությունների շահերի հետ, այդ թվում` Իրանի։ Ամերիկացիները կարծում են, որ տարածաշրջանը բավականաչափ պատվախնդրություն և Թուրքիայի նվաճողամտությանը հակազդելու վճռականություն ունի, բացի այդ, ԱՄՆ-ը ևս ազդեցություն ունի տարածաշրջանի պետությունների մեծ մասի վրա և կարող է զսպել Թուրքիային։ ԱՄՆ-ը կնախընտրեր, որ Թուրքիան ավելի լրջորեն բախվեր այլ խաղացողների շահերին, և մտադիր չէ ո՛չ խրախուսելու, ո՛չ զսպելու այդ դիմակայությունը։ ԱՄՆ-ը լիովին կարող է իրավարարի դեր ստանձնել տարածաշրջանային խաղացողների վեճում և հեգեմոնի դերում չհայտնվել։ Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում և Լիբանանում արաբ քաղգործիչները ամերիկացի դիվանագետների հետ շփումների ժամանակ ձգտում են պարզել, թե որքանո՞վ է Թուրքիայի քաղաքականությունը համաձայնեցված ԱՄՆ-ի հետ, ինչպե՞ս են Վաշինգտոնում գնահատում Թուրքիայի մերձավորարևելյան ծրագրերը, այդ թվում` թուրքական իշխանությունների և կառավարող կուսակցության ղեկավարների կապերը արաբական աշխարհի տարբեր իսլամական կազմակերպությունների հետ։ Նշվում է, որ Թուրքիան փորձում է ձգողականության կենտրոն դառնալ իսլամական կազմակերպությունների համար` նոր դիրքեր ձեռք բերելով Մերձավոր Արևելքում։ Դա չի կարող չանհանգստացնել արաբ քաղգործիչներին, քանի որ Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը կարող է հանգեցնել մի շարք արաբական երկրներում իսլամական խմբերի ուժեղացմանը և սպառնալիք դառնալ ներկա քաղաքական վարչակարգի համար։
Իրենց հրապարակումներում Դևիդ Մակովսկին, Դևիդ Շենկերը և Ռոբերտ Սալտոֆը համակարծիք են, որ ԱՄՆ-ը հեռու է Թուրքիային զսպելու քաղաքականություն մշակելուց, քանզի Վաշինգտոնը շարունակում է հուսալ, որ Թուրքիայի քաղաքականությունը դեռ շրջադարձ կունենա ԱՄՆ-ին անհրաժեշտ ուղղությամբ։ ԱՄՆ-ը դեռևս չունի որևէ ապացույց, որ Թուրքիան մտադիր է տարածաշրջանում վարելու իր շահերի դեմ ուղղված քաղաքականություն։ Դեռևս հույսեր կան, որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը կփոխվի, և իշխանության կգան առավել նախընտրելի քաղաքական ուժեր։ ԱՄՆ-ի պասիվ հայեցողության մյուս պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում տեսնել Թուրքիայի տնտեսական ու քաղաքական կարողությունները, որոնք անհրաժեշտ են ազդեցության զգալի մեծացման համար։ Ներկայումս ԱՄՆ-ի համար գլխավորը հակաամերիկյան բացահայտ գործունեության բացակայությունն է, լոյալությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ, մասնակցությունն աֆղանական ծրագրերին, ներքին քաղաքական և հասարակական կյանքում Արևմուտքում ընդունված կանոնների պահպանումը։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ն արմատական միջոցներ կձեռնարկի Թուրքիայի և այլ պետությունների զսպման համար, եթե նրանք բացահայտ ագրեսիվություն դրսևորեն և անտեսեն անվտանգության և կայունության պայմանները։ Այնպես որ, ԱՄՆ-ը բավականին ուշադիր է հետևում տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին։
Թուրքիան և Իսրայելը սերտ կապեր են ունեցել տասնամյակներ ի վեր, երկուսն էլ միմյանց կարիքն զգացել են, առաջին հերթին, ռազմատեխնիկական ու ռազմավարական ուղղություններով։ Կասկած չկա, որ Թուրքիայի ռազմաքաղաքական շրջանակներում հասկանում են Իսրայելի հետ նախկին հարաբերությունների կորստյան անիմաստությունը։ Շատ նշաններ կան հասկանալու, որ և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան մտադիր չեն «այրել կամուրջները» և գիտեն, որ ոչ ոք չի կարող խանգարել իրենց ժամանակի ընթացքում վերականգնելու նախկին հարաբերությունների ձևաչափն ու տրամաբանությունը։ Թուրքիան, անտարակույս, երկդիմի քաղաքականություն է վարում իսրայելա-արաբական հարաբերությունների հարցում և, «զոհաբերելով» Իսրայելին, ձգտում է նոր դիրքեր ստանալ արաբական աշխարհում, բայց այդ փորձերից շատ չանցած պարզվեց, որ տարածաշրջանում ավելի նախընտրելի դիրքեր ունենալու Թուրքիայի հնարավորությունները մեծ չեն։ Առայժմ Թուրքիան, որը տարբեր փորձեր է անում ձևավորելու Մերձավոր Արևելքի ընդարձակ գոտի, ուր ինքը կկարողանար իրականացնել տնտեսական ու քաղաքական նվաճողականություն, դեռևս հույսեր ունի և շարունակում է քամահրանքով վերաբերվել Իսրայելին։ Սակայն արաբական վերնախավերն ամենևին միտք չունեն Թուրքիային թույլ տալ մտնելու «իրենց տուն»` որպես տարածաշրջանի առաջատար։ Թուրքիան բախվում է ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև Արևմուտքի պետությունների (ներառյալ ԱՄՆ-ն ու Եվրոպայի առաջատար պետությունները) դեռևս ոչ այնքան լուրջ հակազդեցությանը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և նույնիսկ Գերմանիան ձգտում են «վերակառուցել» իրենց հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների հետ, նրանց առաջարկել նոր հեռանկարներ տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը և Լիբանանը, չեն շտապում Թուրքիայի նվաճողական նկրտումներին հակընդդեմ գործողություններով պատասխանել և ջանում են «թուրքական գործոնն» օգտագործել հավասարակշռության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև տնտեսական շահ ստանալու համար։ Բացի այդ, «շիական գոտին» վաղուց ի վեր Իրանի լուրջ ազդեցության գոտի է, և նա մտադիր չէ զիջումներ անել իր համար հույժ կարևոր այդ տարածաշրջանում, առավել ևս` Թուրքիային։ Այսպես թե այնպես, Թուրքիայի շրջափակման և մեկուսացման ամերիկյան հայեցակարգն աստիճանաբար ընդունվում է այն երկրների կողմից, որոնք ամենևին մտադիր չեն հետևելու ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Թուրքիայի շրջափակումն ու մեկուսացումը տարածաշրջանային և ավելի լայն առումով օբյեկտիվ խնդիր և կենսական անհրաժեշտություն է դարձել Մերձավոր Արևելքի երկրների անվտանգության ապահովման համար։
Պետք է փաստել, որ Իսրայելն արդեն համոզվել է, որ համաշխարհային ասպարեզում իր քաղաքական հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Վերջին երկու տասնամյակում Իսրայելը Եվրոպայի հետզհետե ուժգնացող շրջափակման մեջ է հայտնվել, ինչը նրան հասկանալ է տվել, որ ԱՄՆ-ը չի կարող ամբողջովին անտեսել եվրոպական առաջնայնությունները, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ում բացահայտորեն վերանայվում են Իսրայելի պատմական և աշխարհառազմավարական խնդիրներն ու նրա տեղը հենց ԱՄՆ-ի ռազմավարության մեջ։ ԱՄՆ-ի ազդեցիկ հրեական շրջանակներն սկսել են վերաիմաստավորել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության հեռանկարներն ու Իսրայելի տեղն ամերիկյան քաղաքականության մեջ։ Արաբական երկրներում տեղի ունեցող ներկա հեղափոխական իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսրայելն ընդունակ չէ համարժեք ընկալելու դրանք, և իսրայելական քաղգործիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում Իսրայելի բարեկամները շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ը առաջվա նման աջակցի արաբական պետությունների ամերիկամետ կառավարող վարչակազմերին։ Ավելի խելամիտ բան Իսրայելը և նրա բարեկամները չեն կարողացել մտածել։ Հետևաբար, Իսրայելը, ինչպես նաև Թուրքիան, կշարունակեն մնալ ավելի ու ավելի խորացող միջազգային մեկուսացման մեջ։ Դա, անկասկած, կհանգեցնի Թուրքիայի ու Իսրայելի մերձեցմանը, ինչը կարևոր գործոն կդառնա Մերձավոր Արևելքում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ