Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԶՍՊԻՉ ՈՒԺԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ Է

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԶՍՊԻՉ ՈՒԺԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ Է
01.07.2011 | 00:00

Ամերիկյան քաղաքական գրականությունը ներկայումս, իրավամբ, ԱՄՆ-ի ազգային հարստությունն է և պարունակում է մտքի ամենաանակնկալ շրջադարձերը, որոնց հանդիպելիս հաճախ սայթաքում են Եվրոպայի քաղաքագիտության կորիֆեյները։ Հաճախ Եվրոպայի քաղաքական հեղինակներն ամերիկյան հեղինակներին գնահատում են որպես լուսանցքային, որոնք շարադրում են ընդարձակ փաստական, հետախուզական նյութ, բայց իրականում նպատակը սենսացիան է, ամբոխահաճությունը։ Նման գրականությունն ԱՄՆ-ում, իրոք, քիչ չէ, բայց ամերիկյան քաղաքականության այդ շեղջակույտը նաև որոշակի նպատակ է հետապնդում և նախատեսված է ոչ այնքան ամերիկացիների, որքան աշխարհում արտաքին սպառման «անկողնային ընթերցանության» համար։ Ամերիկյան վերլուծական ընկերակցությունը ժամանակ առ ժամանակ շփոթմունքի, ժամանակին տրված «պատվերի» բացակայության և հարցադրման ու խնդրի ձևակերպման շրջաններ է ապրում։
Կովկասը կամ, գուցե, Սև ծով-Կովկաս-կասպյան տարածաշրջանը որոշ ժամանակ հետաքրքրություն էր ներկայացնում որպես մի ասպարեզ, ուր ԱՄՆ-ի քաղաքականությունը խիստ «մանրակրկիտ» էր, և կարելի էր նկատել ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության բազմաթիվ զուգահեռ խնդիրներ։ Ներկայումս այդ տարածաշրջանն արդեն առաջվա տեղը չի զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, ինչը, նախ և առաջ, արտահայտվել է տարածաշրջանային «երրորդ ուժ» դառնալու նրա ակնկալիքների բացակայությամբ։ Դրան զուգընթաց, իրադարձությունների հենց նման զարգացումն է թույլ տալիս պարզել Սև ծով-Կովկաս-կասպյան տարածաշրջանում և փոխկապակցված ու ավելի հեռավոր շրջաններում ամերիկյան քաղաքականության նոր առաջնայնություններն ու նոր ոճը։ Համաշխարհային վերլուծաբանության մեջ և քաղաքական մեկնաբանություններում տարածված է մի ինչ-որ կարծրատիպ այն մասին, թե ԱՄՆ-ը հոգնել է լայնապարփակ խնդիրներից, մեսիական գաղափարներից և պատրաստ է կա՛մ դադար առնելու, կա՛մ սկզբունքորեն հետ կանգնելու իր դիրքերից, ուժի այլ կենտրոնների առաջարկելով զբաղեցնել ավելի նախընտրելի դիրքեր, առաջին հերթին տարածաշրջաններում և ավելի լայն ոլորտում, այսինքն` տնտեսության մեջ ու ֆինանսներում, շուկաների յուրացման էներգետիկ և ունիվերսալ պաշարների սպառման ասպարեզում։ Իրողության հենց նման դիտարկման և գնահատման համարժեքության գլխավոր փաստարկն այն է, որ, գտնվելով «կայսրապետական վարքագծի» նախկին դիրքերում, ունենալով չափազանց մեծ հավակնություններ, ԱՄՆ-ը չի կարող լուծել իր տնտեսական ու սոցիալական խնդիրները, ինչը հանգեցրել է հանրային նոր խավերի առաջացման, որոնք ավելի ու ավելի են կարիքավորների թվին դասվում։ Բժշկական ապահովագրության ծրագրերի արմատավորումը, ինչպես նաև առկա սոցիալական ծրագրերն ամերիկյան տնտեսության ուժից վեր են։ Միաժամանակ հասկանալի է, որ այսուհետ նաև անվտանգության լայնապարփակ համակարգի պահպանումն է ԱՄՆ-ի ուժերից վեր դառնում։ Այդ բանը հասկանում են ԱՄՆ-ի տարբեր, իրենց նպատակներով ու մտադրություններով հակադիր քաղաքական և տնտեսական վերնախավերի ներկայացուցիչները։ Սակայն խնդրի միայն այդպիսի շարադրանքը պարզունակ ու չափազանց հասարակ կլիներ, և, իհարկե, չէր համապատասխանի իրական վիճակին։ Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ը ներկայումս աշխարհի առաջին և առավել առաջադեմ տնտեսությունն ունի և դեռ երկար կպահպանի այդ դիրքերը, ամերիկացիներն աշխարհում ունեն ռազմատեխնիկական և գիտատեխնիկական անուրանալի գերակայություն, նրանք ստեղծել են այնքան լայն պաշտպանական ենթակառուցվածք, որն անգամ առանց զգալի ընդլայնման ի վիճակի է շարունակելու համաշխարհային առաջատարի դերակատարումը անվտանգության համակարգում։ ՆԱՏՕ-ի խոր ճգնաժամից հետո, որն ընդհանուր առմամբ ավարտվել է, ԱՄՆ-ին դարձյալ հաջողվում է տարբեր պետությունների համոզել և ներգրավել անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում իրականացվող ռազմական գործողությունների մեջ։ ԱՄՆ-ի արտքաղաքական դոկտրինում առաջնահերթը Չինաստանին զսպելու խնդիրն է, որին միացել են Հարավարևելյան Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրները, Հնդկաստանը և, հավանաբար, այդ խնդրին ըմբռնումով է մոտենում նաև ՆԱՏՕ-ն` լիակատար ձևաչափով։ ԱՄՆ-ը նրբորեն առաջարկում է Ռուսաստանին, հնարավոր է, ապագայում նաև առաջատար իսլամական պետություններին, հակաչինական վեկտորին միանալու։ Հնարավո՞ր է, արդյոք, նման հակասական իրավիճակում ձևավորել արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի նոր մոտեցումների և հնարքների էությունը։
ԱՄՆ-ը, իրոք, հոգնել է և խիստ նեղացած է համաշխարհային ընկերություններից, քանի որ այդքան ուժ ներդնելով և այդքան հսկայական նյութական և քաղաքական ռեսուրսներ ծախսելով, հակաամերիկության նոր ալիք ստացավ, որը հանգեցրեց նրան, որ եվրոպական, լատինաամերիկյան և ասիական մտավորականների ու քաղգործիչների լայն խավերը, փաստորեն, պաշտպանեցին կամ, համենայն դեպս, չդատապարտեցին ԱՄՆ-ի վրա իսլամական ծայրահեղականների գրոհները։ Սրան դժվար է հավատալ, և երկու-երեք տասնամյակ առաջ նման բան դժվար կլիներ պատկերացնել, բայց սա փաստ է։ Հակաամերիկությունը դարձել է «պարկեշտության», «լավ տոնի» նշան, իսկ ԱՄՆ-ի քաղաքականության որևէ հիմնավորում դրա հեղինակներին դատապարտում է ստանալու «իմպերիալիստի» կամ «իմպերիալիստների գործակալների» պիտակ։ Նման բան կարելի էր երկար հանդուրժել, բայց ոչ անվերջ։ ԱՄՆ-ը համաշխարհային ընկերակցությանը հնարավորություն է ընձեռել ինքնուրույն, առանց իրեն լուծելու իր խնդիրները, այդ թվում` նաև անվտանգության։ Դա տեղի է ունենում ոչ թե ամերիկացիների ինչ-որ հուզական տրամադրության, նեղացածության դրդմամբ, այլ ճշգրիտ հաշվարկով։ Չկարողանալով մի շարք խնդիրների լուծման նպատակով իր հետևից տանել տարբեր պետությունների, ԱՄՆ-ը հույս ունի, որ, ամերիկյան ներկայության նկատելի պակասի պայմաններում, մի շարք պետություններ կամ պետությունների խմբեր կկատարեն կամ կփորձեն կատարել անվտանգության և որոշակի արժեքների ներդրման մի շարք հրատապ խնդիրներ։
Եվրոպայում ձևավորվել է Ֆրանսիային, որպես Եվրոպայի առաջնորդի, միջազգային քաղաքականության առաջնային դերեր վստահելու մի երևույթ, բայց արդեն որոշակիորեն սահմանանշված շրջանակներում։ Ֆրանս-բրիտանական ռազմական դաշինքի ստեղծումը, ՆԱՏՕ-ի և Եվրոպական զինված ուժերի առկայությամբ, երկու նախկին գաղութատիրական տերությունների որոշակի հավակնությունների արտահայտություն է և նրանց ցանկությունը` ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Գերմանիային ցույց տալու անկախ արտաքին և, առաջին հերթին, տարածաշրջանային քաղաքականություն վարելու ընդունակությունը` Միջերկրական ծովում և այլ տարածաշրջաններում ծառացած խնդիրների պայմաններում։ Հեռավոր Արևելքում Ճապոնիան ավելի ու ավելի է ցուցադրում իր նոր պաշտպանական հնարավորությունները, իսկ Հարավարևելյան Ասիայի երկրները ձգտում են ամրապնդել իրենց դաշինքն ԱՄՆ-ի հետ. այդ դաշինքին միացել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Հնդկաստանը նույնպես, ԱՄՆ-ի օգնությամբ, դառնում է ինքնաբավ ռազմական տերություն։ Արաբական աշխարհի պառակտվածության պայմաններում Սաուդյան Արաբիան ջանում է ուժեղ ռազմական դաշինք ստեղծել Պարսից ծոցի գոտում։ Բրազիլիան և Լատինական Ամերիկայի մյուս պետությունները, չնայած աշխարհաքաղաքական մեկուսությանը, նույնպես աշխատում են հայտարարել իրենց ռազմական հավակնությունների մասին։ Լեհաստանը հետաքրքրություն է հանդես բերում Կենտրոնաարևելյան Եվրոպայում Գերմանիայից ու Ռուսաստանից անկախ պետությունների դաշինք կազմավորելու նկատմամբ։ Ռուսաստանն ստեղծել է ՀԱՊԿ ռազմական դաշինք և մտադիր է զարգացնել այն, չնայած առկա շատ խնդիրներին ու անհաջողություններին։ Այս բոլորը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ ավելի կարևոր դեր խաղալու փորձերի առանձին օրինակներ են միայն։ ԱՄՆ-ի քաղաքական նախագծման ընդերքում, անշուշտ, նախատեսվում է հեռանկարում ավելի կանխատեսելի և կարգավորված հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Ընդ որում, ոչ մի կասկած չկա, որ այդ փորձերի ու նախագծերի մեծ մասը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին և անվտանգության լայնապարփակ ու տարածաշրջանային համակարգի ապահովման խնդիրներին։ Ներկայումս, հնարավոր է, աշխարհում նոր հարաբերություններ են ձևավորվում անվտանգության համակարգի զարգացման խնդիրների ասպարեզում, ինչը չի կարող սահմանափակվել միայն ՆԱՏՕ-ով։ Չի բացառվում, որ Չինաստանի քաղաքական ու տնտեսական հավակնություններից բխող սպառնալիքների առնչությամբ ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության երկյուղները հիմքեր չունեն, և շատ շուտով պարզվի, որ Չինաստանը չունի աշխարհում այն դիրքերը ձեռք բերելու հնարավորություններն ու ռեսուրսները, որ ենթադրում են ամերիկացիները։ Բայց, այսպես թե այնպես, չինական գործոնը շարժիչ ուժ է ԱՄՆ-ի կողմից կառուցվող անվտանգության լայնապարփակ համակարգի նոր ձևաչափի ստեղծման ասպարեզում։ Այդ հեռանկարում ԱՄՆ-ը նախընտրել է որոշ «պատասխանատվություններ» դնել իր գործընկերների կամ այն պետությունների ուսերին, որոնք, առանց ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության, պատրաստ լինեն լուծելու անվտանգության ապահովման որոշակի և բավական դժվարին խնդիրներ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն խոշոր պետությունների մասին է, այլև համեմատաբար ոչ մեծ և փոքր երկրների, որոնք առանձին դեպքերում պետք է կատարեն սեփական և հավաքական անվտանգության ապահովման բարդ առաջադրանքներ։ Այս կապակցությամբ Վաշինգտոնում վերանայվում են հարաբերությունները շատ պետությունների հետ, նոր գնահատականներ են տրվում նրանց քաղաքականությանը, և բնութագրվում են կառավարող վարչախմբերը, առանձին քաղաքական առաջնորդներ, վերանայվում են նաև քաղաքականությունն ու հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքում։ Միաժամանակ, մինչ օրս ԱՄՆ-ը հրապարակայնորեն չի արտահայտել իր արտաքին քաղաքականության էությունը և շարունակում է մտորումների մեջ թողնել քաղաքագետներին ու քաղգործիչներին։ Ամերիկացիներն այս անգամ չեն շտապում հայտարարել իրենց առաջնայնությունները, իրենց կոնկրետ մտադրությունները լայնապարփակ և հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ։
Այս հանգամանքի կապակցությամբ տեղին կլիներ մեջբերել ԱՄՆ-ի քաղգործիչների, վերլուծաբանների և քաղաքագետների մի համահավաք և խիստ կարևոր միտք, ահա. «ԱՄՆ-ը, իրոք, այժմ նախընտրում է թուլացնել քաղաքական ակտիվությունը որոշ ուղղություններում և տարածաշրջաններում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը թուլացել է երկրների ու տարածաշրջանների նկատմամբ։ Եթե իրական սպառնալիքներ առաջանան, ԱՄՆ-ը պատրաստ կլինի գործելու արագ ու արդյունավետորեն, գործադրելով նաև ռազմական ուժ»։ Մենք այս միտքը մեջբերեցինք ոչ միայն այն պատճառով, որ շատ սկզբունքային է, այլև որ այն ամերիկյան քաղաքագետներն ու փորձագետները կրկնում են ամենուրեք, կրկնում են գրեթե ինքնաբերաբար։ Այս մտքի տարածվածությունը վկայում է, որ գաղափարն ընկած է ԱՄՆ-ի ռազմավարական պլանավորման սխեմայի հիմքում։ Մինչդեռ մինչև հիմա ամերիկյան փորձագետները կիրառում են միայն այդ ընդհանուր ձևակերպումը, և ավելի առարկայական ենթադրություն չեն անում։ Դա, երևի, վկայում է, որ ԱՄՆ-ը, իրոք, դեռևս ապագայի քաղաքականություն չի մշակել, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականություն, և ընդամենն իմաստավորում է ստեղծված իրավիճակը, մշակում նպատակները, խնդիրներն ու առաջնայնությունները։
Ծագում է գլխավոր հարցը. ընդունա՞կ է, արդյոք, ԱՄՆ-ը գործելու «արագ ու արդյունավետորեն», եթե սպառնալիքներ առաջանան տարածաշրջանում և հատկապես Եվրասիայի խորքային շրջաններում, երբ այդտեղ չկան ո՛չ անհրաժեշտ բազաներ, ո՛չ զորախմբեր։ ԱՄՆ-ը քիչ քաղաքական ջանքեր չի գործադրել 2008 թ. օգոստոսին Վրաստանում Ռուսաստանի պատերազմական գործողությունները սահմանափակելու համար, բայց այդպես էլ չկարողացավ կանխել հայտնի իրադարձություններն ու հետագա դեպքերը և այդ պատերազմի հետևանքները։ Քննության առնելով արաբական երկրների իրադարձությունները, կարելի է նկատել, որ ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ դրանց անմիջականորեն միջամտելով, նախ և առաջ ռազմական միջամտության առումով, թեև առանձին դեպքերում ուղղակի շահեր կան։ Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ը նման է նաև նահանջողի, որը մտադիր չէ մեծացնելու իր ռազմական ներկայությունը և ընդլայնելու այդ գործողությունների ձևաչափը։ ԱՄՆ-ն ընթանում է իր վաղեմի դաշնակից Իսրայելը «հանձնելու» ուղիով, այսինքն, այն պետությունը, որը, ըստ էության, ինտեգրված է ամերիկյան քաղաքական և սոցիալական համակարգին։ Կենտրոնաարևելյան Եվրոպան կանգնած է Բալթիկ և Սև ծովերի միջև ընկած այդ ընդարձակ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի սահմանափակման դեմ հանդիման։ Կարելի է ենթադրել միայն, թե ինչպես կշարունակվի ԱՄՆ-ի ներկա արտքաղաքական մոտեցումների իրացումը, բայց առայժմ ամերիկացիների կողմից ռազմաքաղաքական միջամտության պատրաստակամություն չի նկատվում։
Այդուամենայնիվ, ամերիկացիները բավականին որոշակիորեն են տեսնում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից տարբեր երկրներին սպառնացող վտանգները։ Առաջին հերթին պետք է ասել, որ ԱՄՆ-ը հնարավոր չի համարում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական քայլը, օրինակ, Հարավային Կովկասի գոտում։ Այսինքն, ամերիկացիները չեն կանխատեսում Ռուսաստանի ռազմական միջամտությունը Վրաստանի գործերին, և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի նկատմամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում, կամ որևէ այլ հանգամանքի պարագայում։ Ընդ որում, ռիսկերը գնահատելիս ամերիկյան փորձագետները գրեթե տարբերություն չեն դնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, որը, փաստորեն, դիմակայում է ԱՄՆ-ին հրթիռամիջուկային ոլորտում։ Եթե Թուրքիան ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ, ապա ամերիկացիները մտադիր են նախ օգտագործել ՆԱՏՕ-ի ներքին հարաբերությունները Թուրքիայի վրա ներգործելու համար, այնուհետև ռազմական ուժ գործադրել նրա նկատմամբ։ Սակայն Հարավային Կովկասում Թուրքիայի միջամտության զսպիչ ուժը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցությունն է և պարտավորությունները դաշինքի նկատմամբ, այլ, ինչպես բացահայտորեն հայտարարում են ամերիկյան փորձագետները, Ռուսաստանի դիրքորոշումը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի առաջատարը, այսինքն` ԱՄՆ-ը, իր հակառակորդ Ռուսաստանին համարում է իր ավանդական դաշնակից Թուրքիայի հակակշիռ։ Իհարկե, կասկած չկա, որ Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր դաշինքը խիստ վտանգավոր գործոն կարող է լինել ԱՄՆ-ի շահերի համար, և ամերիկացիներն այդ հեռանկարը համարում են, երևի, գլխավոր սպառնալիքն այդ տարածքում, այսինքն, առհասարակ Եվրասիայում։ Սակայն Եվրասիայում ուժերի բաշխման տեսակետից Ռուսաստանն աստիճանաբար գրավում է Թուրքիայի տեղը, քանի որ հենց Թուրքիան է գտնվում արտաքին նվաճողական շարժման մեջ, իսկ Ռուսաստանը հայտնվել է (ընդ որում երկար ժամանակով) «նստակյաց» պետության դերում, այսինքն, պաշտպանական դիրքում է, ինչպես Իրանը։
Հիմա ԱՄՆ-ը սպասողական դիրք է գրավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հարցում, և կշարունակի սպասել, մինչև այդ երկու պետություններն իրենց հակասություններով բախվեն, իսկ հակասությունները նրանց միջև քիչ չեն։ Ինչի՞ կհանգեցնի Ամերիկայի այդ սպասողականությունը` ուժերի նոր հաշվեկշռի՞, որի դեպքում տարածաշրջանի փոքր երկրները տեղ չեն ունենա միջազգային քաղաքականության մեջ, թե՞ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի, երբ տեղի կունենա ԱՄՆ-ի շահերի համար ավելի նպաստավոր կամ թշնամական աշխարհաքաղաքական ձևաչափի փոփոխություն, դժվար է ասել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ