«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԻՐՈՔ, ՍԱՊԱՏԱՎՈՐԻՆ ՄԻԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿՈՒՂՂԻ

ԻՐՈՔ, ՍԱՊԱՏԱՎՈՐԻՆ ՄԻԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿՈՒՂՂԻ
01.07.2011 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ


Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Երբ կարդացի «Московские новости» թերթում լրագրող Իվան Սուխովի հարցազրույցը ՀՀ էքսնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ակամայից հիշեցի հայտնի ասացվածքը: Գուցե ճիշտ է, որ քաղաքական գործիչը երբեք անկեղծանալու իրավունք չունի, բայց ճիշտ է նաև ընդունված ավանդույթը, ուրեմն ավելի լավ է լռել: Բայց քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից փորձում է հիմնովին վերադառնալ քաղաքական դաշտ և, մտահոգված ազգի ճակատագրով, ստիպված բանակցություններ է վարում «թաթար-մոնղոլների» հետ, օտարալեզու թերթի միջոցով ցանկանում ներկայանալ յուրովի, պատմական երևույթներին գնահատական տալու «մեծ գիտակի» կարողությամբ փորձում է մեր օրերի աչքով վերագնահատել ոչ միայն խորհրդային յոթանասուն տարիների պատմությունը (փա՜ռք Աստծո, Լևոնի համար պարզվել է, որ այդ 70 տարիներին էլ ինչ-որ լավ բան եղել է), այլև, հավանաբար, հիասթափված Արևմուտքի տերերից, այսօրվա աշխարհում տարվող նրանց բիրտ ուժի քաղաքականությունից, էլ ձեռքը չի խփում բարձր ամբիոնին, թե. «Ես ձեզ ասում եմ, որ վաղ թե ուշ ռուսները պիտի հեռանան Անդրկովկասից»: Փա՜ռքդ շատ, Աստված, որ այսօր Անդրկովկասում հիմարի այդ տեղը հարևան ազգից մեկն է գրավել:
Չեմ պատրաստվում վերլուծել մեծ գիտակի մտքերը, քանզի դրանք, ճիշտ թե սխալ, նրա մտքերն են: Բայց երբ քաղաքական գործիչը ոչ միայն չի անկեղծանում, այլև շարունակում է խաբել իրեն հավատացող լսարանին, իրական դեպքերն ու փաստերը շուռ տալիս գլխիվայր, երիտասարդական պաթոսով չքմեղանալ և բղավել` գողին բռնեք, փախավ, այ այդ դեպքում ազնիվ մարդը չպիտի լռի, որքան էլ ինքը կամ նրա հարազատները տուժեն նման կարգի անհատներից: Դժվար է միանշանակ ասել` ինչն է ստիպել Լևոն Տեր-Պետրոսյանին հիշել այդ հարցազրույցում 1990 թվականի մայիսի 27-ի դեպքերը։ Տեղին է նշել, որ այդ մասին անցած քսան տարիներին նա երբեք չի բարձրաձայնել, տեղական որևէ թերթում այդ մասին որևէ տող չի գրել: Գուցե խիղճը տանջում է: Այդ կատեգորիան նրանից հեռու է, որովհետև նա քաղաքական գործիչ է: Հավանաբար, այդ մասին գրել է, որպեսզի արդարանա, թե 2008 թվականի ընտրություններում իզուր էին իրեն վերագրում կայարանամերձ դեպքերի ողջ պատասխանատվությունը: Նա լավ գիտե, որ ցանկացած ոճրագործություն սառույցով չես կարող ծածկել, որ, միևնույն է, պատմությունն իր գնահատականը, թեկուզ ուշացած, տալու է: Այ, հանուն այդ պատմության նա ստում է մոսկովյան թերթին:
Որպեսզի հիմնովին և միանշանակ ճիշտ գնահատական տրվի այդ օրերի դեպքերին, մեջբերենք էքսնախագահի հարցազրույցի հետևյալ տողերը. «Դա աշխատանք էր, դա, եթե կուզեք այդպես անվանել, պայքար էր: Կոշտ պայքար էր կենտրոնի հետ: Եղել են նույնիսկ արյունալի իրադարձություններ: Հայաստանում էլ են եղել 1990-ի մայիսին` առաջին և երկրորդ ընտրությունների միջակայքում, երբ այստեղ սադրանք կազմակերպեցին, և 27 մարդ սպանվեց, որ թույլ չտան մեր իշխանության գալը խորհրդարանական մեծամասնության միջոցով: Ընտրությունների առաջին փուլը մայիսի 20-ին էր: Երկրորդը պետք է տեղի ունենար հունիսի 5-ին: Առաջին փուլում մենք դեռ մեծամասնություն չէինք ստացել, սակայն դեռ շատ տեղեր կային, որտեղ պետք է տեղի ունենար երկրորդ փուլը: Մեզ համար շանս էր ստեղծվել: Դա կանգնեցնելու համար սադրանք կազմակերպեցին կայարանում: Ինչ-որ երիտասարդներ մոտեցել էին սահմանապահներին, իբր նրանցից զենք գնելու համար: Այն ժամանակ սահմանապահները մշտապես ուղեկցում էին մեր գնացքները մինչև Ադրբեջանի հետ սահման: Հենց այստեղ էլ նրանց միջև իբր թե վեճ է ծագել: Սահմանապահները գնդակահարեցին այդ երիտասարդներին: Այնուհետև հայտնվեցին այլ մարդիկ` երիտասարդներին պաշտպանելու, բանակը միջամտեց: Նման հզոր խառնաշփոթը տևեց մի ամբողջ օր: Մեզ հազիվ հաջողվեց դա հանդարտեցնել: 27 մարդ էր սպանվել: Բայց դա չօգնեց: Մենք այն ժամանակ, միևնույն է, ստացանք մեծամասնություն, չնայած ոչ ոքի մտքով չէր անցնում գալ իշխանության»:
Որն է սուտը և այդ օրվա ողջ ճշմարտությունը: 1990 թվականի մայիսի 20-ի` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն շռնդալից հաղթանակ չտարավ: Որքան էլ ազգը ատելությամբ էր լցված Մոսկվայի հանդեպ նրա հակահայ քաղաքականության պատճառով, հավաքական հայը զգայական ճանաչողությամբ այնքան էլ չէր վստահում ՀՀՇ-ին, նրա քաղաքական գործիչներին, այդ անփորձ տղաներին: Կյանքը բազմիցս ապացուցեց այդ զգայական ճանաչողության ճշմարտացիությունը: ՀՀՇ-ն չուներ անհրաժեշտ 50+1 տոկոսը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում իր մարդուն տեսնելու համար: Նույն թվականի հունիսի 5-ին նախատեսված էր երկրորդ փուլը: ՀՀՇ-ին դիվիդենդներ էին պետք, ժողովրդին պիտի ներշնչեր, ժողովուրդը պիտի հավատար, որ իր միակ պաշտպանը ինքն է, միայն ինքը: Դրա համար անհրաժեշտ էր վարկաբեկել կոմկուսին, ռուս մարդուն` խորհրդային բանակի զինվորի տեսքով: Եվ ՀՀՇ-ի վերնախավը գնաց դրան: Մայիսի 27-ի առավոտյան Լենինյան շրջանի ՀՀՇ-ի միակ զինված ջոկատի տղաները, զինված վեց ատրճանակով և մեկ AKM տեսակի ավտոմատով, գնացին, «պայմանավորվածության» համաձայն, խորհրդային զինվորների մոտից, որոնք ուղեկցում էին Կապան-Երևան գնացքը, զենքերը վերցնելու: Մինչդեռ իրականում որևէ պայմանավորվածություն չի եղել, այլապես չես ասի` ,ՏՐցՋՌպ», և ատրճանակներից նախազգուշական կրակոցներ օդ չես արձակի, ատրճանակներով չես գնա պրոֆեսիոնալ, ավտոմատներով զինված զինվորների դեմ (Լենինյան շրջանի զինված ջոկատի հրամանատարն էր Ֆյոդոր Հայկի Աբաջևը, որի նկատմամբ հետագայում հարուցված քրեական գործով հետախուզում հայտարարվեց, և տարիներ անց միայն, երբ ՀՀՇ-ն արդեն իշխանության էր, մի բարձրաստիճան պաշտոնյայի (այժմ` հանգուցյալի) ցուցումով քրեական գործը կարճվեց, և հետախուզումը նրա նկատմամբ դադարեցվեց): Այստեղ փոքր-ինչ առաջ անցնենք և նշենք, որ երբ գործը կարճած ՀԿԳ քննիչը Աբաջևին խնդրել է գոնե իր համար պատմել ողջ ճշմարտությունը, վերջինս տեղի է տվել և պատմել է։ Քննիչն անձամբ ասաց ինձ, թե` հաստատեց այն, ինչը դու բազմիցս գրել ես թերթերում, որ դա ՀՀՇ-ի կազմակերպած պրովոկացիան էր: Նորից առաջ անցնենք, և ևս մեկ փաստով հաստատեմ ասածս։ Երբ 2008 թվականին պատահաբար ծանոթացա դեպքերի ակտիվ մասնակից, ավտոմատով զինված այդ նույն ջոկատի անդամ, կայարան գնացած Սաշիկ Նազարեթյանի հետ և հարցրի, թե ինչպես է եղել, նրա պատասխանը նույնն էր, թե ես կարդացել եմ քո բոլոր հոդվածները թերթերում, դու այնպես ես գրել, կարծես դեպքերի մասնակից ես եղել:
Ի՞նչ վեճի մասին է խոսքը, պարոն էքսնախագահ, ինչ պատահական տղաների եք ակնարկում: Լենինյան շրջանի զինված ՀՀՇ-ի ջոկատում պատահակա՞ն տղաներ էին: Եթե Սաշիկ Նազարեթյանը պատահական տղա էր, ապա ո՞վ նրան հանեց կալանքի տակից, ո՞վ նրան թոշակ նշանակեց: Երբ նա տեսավ սովետական բանակի զինվորների կրակոցից գետնին փռված իր վեց ընկերներին, սկսեց կրակել ավտոմատից և ծանր վիրավորեց ջոկի հրամանատար լեյտենանտին (որը հետագայում մահացավ Բուրդենկոյի անվան ինստիտուտում ծանր վիրահատությունից) և ղազախ Տոխտենբաևին, իսկ զինվորների ավտոմատից արձակված պտտվող գնդակը մտավ Նազարեթյանի ձախ քթածակից և դուրս եկավ աջ ակնախորշից: Այդ օրը ես անձամբ եմ տեսել տանկերով կայարանամերձ հրապարակից հեռացող սովետական զինվորներին և հավատացնում եմ, թե ինչպիսի ատելություն կար դատախազ մարդուս մեջ դեպի սովետական զինվորը: Ոչ ոք դեռ չգիտեր ճշմարտությունը: Ամբողջ քաղաքն ատելությամբ էր լցված դեպի կոմկուսը, ռուս մարդը, սովետական զինվորը: ՀՀՇ-ի պրովոկացիան ծառայեց նպատակին: Ասենք հանուն ճշմարտության, որ հունիսի 5-ից հետո էլ ՀՀՇ-ն չունեցավ այն բացարձակ թիվը, որ ընտրեր յուրայինին: Յուրայինին օգնեց Ալբերտ Բաղդասարյանի բացահայտ շանտաժը Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ: Այդ օրվա պրովոկացիան երեկոյան շարունակվեց Էրեբունի-Սովետաշեն ճանապարհին: Այդ Դուք չէի՞ք, պարոն էքսնախագահ, որ հաջողեցրիք կանխել մեծ արյունահեղությունը: Ամբողջ քսանամյա պատմությունը, 2008-ի արյունոտ դեպքերը ինձ հուշում են, որ Ձեզ համար մարդկային արյունը ջուր է, Դուք իսկ և իսկ բացասական լիցքով քաղաքական գործիչ եք` որքան արյուն, այնքան լավ: Այդ օրվա դեպքերի հետագա կանխման մեջ իր լուման ունի այն ժամանակ Երևանի քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանը:
Վերջում կուզեի հարցնել` չգիտե՞ք, պարոն էքսնախագահ, թե կայարանամերձ հրապարակում Ֆյոդոր Աբաջևի հետ ով էր կանգնած հետևում դեպքերի զարգացմանը այն ակնկալիքով, որ բոլորը պիտի մեռնեն և ձեր սարքած պրովոկացիան 100-տոկոսանոց արդյունք կունենա: Բայց, ինչպես ասում են, սատանան կատարյալ չէ, միշտ մի բաց թողնում է, և դա այն է, որ դեմքն արյունոտ, աջ աչքը կորցրած, ավտոմատը ձեռքին դեպի հրապարակ էր առաջանում պատահաբար ողջ մնացած Սաշիկ Նազարեթյանը, որն էլ հետագայում լույս կսփռեր հարուցված քրեական գործի վրա: Այդ սադրանքում ո՛չ կոմկուսն էր մեղավոր, ո՛չ սովետական բանակի զինվորը, ո՛չ էլ ռուս մարդը: Այդ սադրանքը մեկ անուն ուներ` ՀՀՇ:
1999 թ. հոկտեմբերի 27, 2008 թ. մարտի մեկ: Եթե մեղադրյալի աթոռին նստեր 1990 թվականի մայիսի 27-ի սադրողը, ապա, հավատացեք, չէին լինի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը: Դուք արյունով եկաք իշխանության և հիմքը դրեցիք այս երկրում հետագա բոլոր արյունոտ դեպքերի: Դուք լենինյան դասը, թե չարաչար սխալվում են նրանք, ովքեր մտածում են, որ իշխանության կարող են գալ մաքուր խղճով և մաքուր ձեռքերով, լավ եք սերտել: Որքան էլ ջանաք սրբագրել ձեզ, միևնույն է, պատմությունը ձեզ չի ներելու, որովհետև հանուն որևէ նպատակի, անգամ վեհ նպատակի, չի ներվում անմեղ թափված արյունը, չի ներվելու նաև ձեզնից հետո և ոչ մեկի թափված անմեղ արյան համար: Մարդկային արյունը ջուր չէ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Երբ կարդացի «Московские новости» թերթում տպագրված հարցազրույցը, փորձեցի կապվել լրագրողի հետ և ասել իմ նկատառումները: Ասացին, թե լրագրող Սուխովը երկու շաբաթ բացակայելու է քաղաքից և առաջարկեցին թողնել հեռախոսահամարս, ինչը ես արեցի։ Բայց լրագրողն այդպես էլ չզանգեց: Չէր էլ զանգելու, որովհետև հրեաների ձեռքում գտնվող ռուսական մամուլը երբեք չի բացահայտի, չի մերկացնի։ Ո՞Ւմ, պարոն էքսնախագահ, ինձնից լավ գիտեք։

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ