Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երվանդ Զախարյանը քաղաքապետի համար պարբերաբար ընթացող սուր ներիշխանական պայքարում անսասան է մնում որպես կոմպրոմիսային ֆիգուր

Երվանդ Զախարյանը քաղաքապետի համար պարբերաբար ընթացող սուր ներիշխանական պայքարում անսասան է մնում որպես կոմպրոմիսային ֆիգուր
01.07.2008 | 00:00

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Lragir.am-ն օրերս անդրադարձել էր Երևանի քաղաքապետի ընտրության առնչությամբ ծավալված գործընթացներին և փաստել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո յուրաքանչյուր ընտրություն գործող իշխանությունների համար դառնում է իսկական գլխացավանք: Վերջերս Երևանի 4 համայնքներում կայացած ընտրությունները ևս ցույց տվեցին, թե ինչ անհանգստություն և նույնիսկ վախ կար իշխանությունների մոտ` վերոնշյալ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր գործիչների հնարավոր մասնակցության հետ կապված: Կարելի է ասել, որ այս դեպքում իշխանության ներկայացուցիչների բախտը բերեց, քանզի ընդդիմությունը դեռ ուշքի չէր եկել մարտի 1-ի դեպքերից հետո, քանի որ նրա տեղական համայնքների գրեթե բոլոր ղեկավարները կամ բանտում էին, կամ փախուստի մեջ: Բայց արդեն սկսած Արտաշատի 17-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորի ընտրությունների շուրջ ծավալված իրարանցումից, կարելի է ենթադրել, որ համապետական և տեղական ընտրություններում իշխանությունն այլևս հույս չի կարող դնել ընտրությունների հանդեպ ընդդիմության որոշակի անտարբերության, ինչպես նաև իրենց վաղուց փորձված «կացնային ընտրական տեխնոլոգիաների վրա: Թե չէ Եվրոպան ի՞նչ կասի: Սակայն եթե մեկ-երկու մեծամասնական ընտրատեղամասերում կամ մի քանի համայնքներում ընդդիմության ներկայացուցիչներին պարտվելու պարագայում իշխանությունն իր համար վատագույն դեպքում կունենա ընդամենը մարտավարական լոկալ կորուստներ, ապա Երևանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաջողությունը լուրջ, ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ: Եվ պատահական չէ, որ հետընտրական այս լարված շրջանում իշխանություններն ամեն կերպ փորձում են հետաձգել այդ ընտրությունների անցկացումը, որոնք վերջին սահմանադրական փոփոխություններից հետո ենթադրվում էր, որ պետք է տեղի ունենային դեռ 2008-ի գարնանը: Խնդիրն իրոք շատ լուրջ է, որովհետև նախ վերջին նախագահական ընտրություններում իշխանությունը շոշափելի պարտություն է կրել հենց Երևանում, իսկ երկրորդը` հենց մայրաքաղաքում է կենտրոնացած հանրապետության բնակչության գրեթե կեսը: Եվ իշխանությունները հասկանում են, որ հանձնել Երևանը, նշանակում է հանձնել իշխանության առնվազն կեսը, ինչը և իշխանափոխության սկիզբ կհանդիսանա` հաշվի առնելով, որ սովորաբար Երևանում տիրող մթնոլորտն է որոշիչ ազդեցություն ունենում երկրում ընթացող քաղաքական զարգացումների վրա:
Հիմա, իհարկե, իշխանությունները զղջում են, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձրել են ընտրովի: Բայց արդեն ուշ է: Այսօր պետք է գտնել իշխանության այն ներկայացուցչին, ով կարող է թեկուզ անուղղակի ընտրություններում, բայց և հաջողության հասնել քաղաքապետի պաշտոնի համար ընդդիմության հետ սպասվող սուր պայքարում:
Առաջին հայացքից թվում է, թե իշխանության կողմից թեկնածուների պակաս առանձնապես չի զգացվում: Ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս նոր թեկնածուներ գործող թաղապետերի շարքից: Շրջանառության մեջ էր դրվել նաև գործող փոխվարչապետ, Ռոբերտ Քոչարյանի «պրոտեժե» Արմեն Գևորգյանի անունը: Իսկ բոլորովին վերջերս իր քաղաքապետական հնարավոր հավակնությունների մասին ակնարկեց Դավիթ Հարությունյանը: Չի բացառվում, որ պարբերաբար այս կամ այն թեկնածուի մասին լուրեր տարածելով, իշխանական վերնախավը յուրատեսակ մոնիտորինգ է իրականացնում հասարակության շրջանում` փորձելով պարզել վերոնշյալ թեկնածուների ընկալվածության աստիճանը: Մյուս կողմից, կարծում ենք, որ հետզհետե ուշադրության կենտրոնում հայտնվող թեկնածուների անունները նաև որոշ ներիշխանական և ներխմբային սուր պայքարի հետևանք են: Վերջին հանգամանքը, ի դեպ, հնարավորություն չի տալիս իշխանություններին` ռիսկի դիմել և նախապատվությունը տալ վերոնշյալ խմբավորումների ներկայացուցիչներից որևէ մեկին, քանի որ չկան երաշխիքներ, որ խաղից դուրս մնացած «խաղացողները» ոչ միայն անվերապահորեն կպաշտպանեն իշխանության կողմից ընտրված թեկնածուին, այլև նեղացած կեցվածքով առհասարակ չեն լքի իշխանական ճամբարը:
Այս առումով հետաքրքրական վիճակում է հայտնվել գործող քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որն անկախության շրջանի ամենաերկարակյաց քաղաքապետն է` 2003 թվականից արդեն 5 տարի: Նրա հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում չի խոսել թերևս ամենաալարկոտը: Սակայն խոսակցություններն ինչպես ծնունդ էին առնում, այնպես էլ մի քանի օրվա ընթացքում, իրականություն չդառնալով, մարում էին: Կարծում ենք գործող քաղաքապետի երկարակեցության ֆենոմենը նրանում է, որ նա երկար տարիներ լինելով իշխանական վերնախավում, այդպես էլ չընկալվեց որպես որևէ տնտեսաքաղաքական խմբավորման կարկառուն ներկայացուցիչ: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ Երվանդ Զախարյանը քաղաքապետի համար պարբերաբար ընթացող սուր ներիշխանական պայքարում անսասան է մնում որպես կոմպրոմիսային ֆիգուր: Բացի այդ, տարիների ընթացքում նա կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել որոշակի վարչական ռեսուրսներ, օգտակար գործնական և անձնական կապեր հաստատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, այդ թվում Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլն:
Այս առումով կարելի է կանխատեսել, որ մինչ առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրությունները, առանց այդ էլ չափազանց շատ խնդիրների առաջ կանգնած իշխանական վերնախավը չի դիմի կտրուկ միջոցների` կադրային որոշումները ձգձգելով մինչև քաղաքապետի բուն ընտրությունների ժամանակաշրջանը:

Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4546

Մեկնաբանություններ