Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՐՏԱՀԵՐԹՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ, ԱՐՏԱՀԵՐԹՎԵ՛Ք

ԱՐՏԱՀԵՐԹՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ, ԱՐՏԱՀԵՐԹՎԵ՛Ք
24.06.2011 | 00:00

Կառավարության պահանջով ԱԺ արտահերթ էր: Դրանք, որպես օրինաչափություն, անչափ հետաքրքիր են անցնում: Երևակում են իշխանությունում տեղի ունեցող երևույթները. նաև` ով ինչ է շնչում, ումով է շնչում, ինչու է շնչում:
Հիշենք` նախորդ արտահերթի ժամանակ հայրենի «դաշնակչութան», իմա` Վահան Հովհաննիսյանի, մի քիչ էլ «Ժառանգության» Ստյոպայի միջոցով ահագին սեպեր խրվեցին կառավարության թափանիվների մեջ (իրական պատվիրատուն «չգիտենք» ով է), փորձ արվեց ցույց տալ` «յախկ, էս ինչ վատ կառավարություն է, պետք է փոխել վարչապետին, մի լավ ճառ չասողի դնել էնտեղ»: Սակայն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղից եղավ միջամտություն և խորհրդարանական վաղաժամ հանկարծահասությանը վերջ տրվեց, կառավարության օրինագծերն ընդունվեցին, բացի աղբի մասին օրենքից, որն էլ դարձավ դամոկլյան սուր` նույն սցենարիստների գլխին:
Այս անգամ ոչ մի նման բան չէր սպասվում: Չէր նախատեսված: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սակիում էր: Դաշնակցականները ԳԺ-ի էին` Գերագույն ժողովի: Ժառանգականները` բոյկոտի: Օրինագծերն էլ իրենց հունով առաջ էին գնալու:
Բայց երբ մտանք լրագրողական ապակեպատ տարածք, վերևի հարկից նայեցինք ներքև, տեսանք հա՛մ Հովիկ Աբրահամյանն է Սակիից եկել, հա՛մ էլ լիքը օլիգարխներ` պառլամենտական դահլիճում, «կոստյում-շալվարով», խելո՜ք շարված են:
Ինչ-որ սիլուետ էր առկայծում առաջին շարքերում, լրագրողները համառորեն փորձում էին հասկանալ` «վսյո ժե, ո՞վ է էդ սիրուն տղեն». պարզեցին` «ալրաղացի Լյովն է»:
Երրորդ շարքում` «մի ձիգ պարան և երկնուղեշ փայտեր երկու»` շողարձակում էր վարդագույն, «սպորտիվնի» մի մայկա: Շա՜տ «ռոզովի»: Սեյրան Սարոյանն էր:
Դրանից առաջ էլ ցունամիի պես ՀՀԿ ֆրակցիա մտել ու այնտեղ լրագրողներ տեսնելով` քամու պես դուրս սուրացել-անհետացել էր «տուժած տղա», սեփական «Փարվանան» սեփական «շլանգով» հերոսաբար հանգցրած, լրագրողներից փիս նեղացած (որ հանգանակություն չհավաքեցին այդքան տուժած «տղու» համար), ՏՄՊՊՀ-ից տուգանված, Աղվանից քաշված, ապարանցի «լյավ տղա» Սամվել Ալեքսանյանը:
Իսկ որ ամենաէկզոտիկն էր. հայոց մայր խորհրդարանի միջանցքում օլիմպիական հանդարտությամբ կաքավում էր նույն ինքը` «նորին մեծություն» Արզաքանցյանը` կոստյումով, փողկապով և, նույնիսկ, ակնոցով: Նորին մեծությունը մեր հարցերին պատասխանում էր` փորձելով լինել առավելագույնս կոռեկտ, գրագետ, «պրոպուսկատներ» չտալով. հարցին` իմիջմեյքե՞ր եք վարձել, ակնո՞ց եք դրել. «Ակնոցներս դրեր եմ, որ լավ տեսնեմ»: Մինչև հիմա լավ չէի՞ք տեսնում: «Լավ էի՜ տեսնում»: Որ արդեն լավ եք տեսնում, կարո՞ղ է գտնեք, որ լրատվամիջոցները ճիշտ են գրում (Արզաքանցյանի «շարունակությունը»` առաջիկայում)։
Մի խոսքով, ոնց նայում էինք` էդ օրը պառլամենտում մի բան էն չէր. ինչո՞ւ էին բոլոր օլիգարխները եկել, ո՞վ էր նման բան հրահանգել:
Պարզվեց` «խնդրով» զբաղվել է նախագահի աշխատակազմի ղեկավարն անձամբ: Կարեն Կարապետյանը: Նախագահի հանձնարարությամբ (նախագահականում երևի շատ են հոգնել պառլամենտի խաղերից): Կ. Կ.-ն զանգահարել է խմբակցությունների ղեկավարներին, «ստրոգի» պահանջել` թիվ ներկայացնել ու ապահովել այդ թիվը: Հիշենք, որ ԱԺ նախագահը Սակի (դե, երևի «ցեխոտվելու») էր գնացել, և չպետք է մասնակցեր նիստին: Գնալուց առաջ շատ «ափսոսացել» էր, որ չի կարող մասնակցել արտահերթին:
Չէ, մենք չենք կարող մտնել մատի ու մատանու արանքը, այն է` մարդու անձնական կյանքի ոլորանները (Արզաքանցյանը թույլ չի տալիս) և հարցնել, եթե սպասվում էր արտահերթ, ինչու արձակուրդ վերցնել ու գնալ, երբ կարելի էր դա անել հետո:
Չէ, մենք ոչ մի ակնարկ չենք անում, որ մտածված ձևով կարող էր և փորձ էր արվել` տապալելու արտահերթը, ցույց տալու համար, որ առանց իրենց էս երկրում «դեպոն» կանգնում է, ցույց տալու, թե ով է երկրում «երրորդ մարդը», որ որոշումներ է կայացնում, և ընդհանրապես` «who is who»:
Ո՛չ, ևս մեկ անգամ հատուկ կրկնում ենք` մենք նման բան չենք ասում: Ընդամենը փաստերն ենք արձանագրում:
Այսպիսով. Կարեն Կարապետյանն անձամբ է զբաղվել պառլամենտի աշխատանքների բնականոն ընթացքով: Եվ այն աստիճանի, որ պառլամենտ էին եկել նույնիսկ այնտեղ երբեք ոտք չդրած պատգամավորները, որոնք այնքան պատրաստակամ էին սեղմում իրենց կոճակները, որ մի պահ պարզվեց` Լևոն Սարգսյանը հերթագրվել է ելույթի համար (կոճակ սեղմելու պատրաստակամության արդյունքում), իսկ օլիգարխներից մեկն էլ իր քվեարկության քարտը, որպես կենդանի հուշ, թողել էր գործընկերներից մեկի մոտ, երբ մի քանի րոպեով դուրս էր եկել պառլամենտից:
Ասել է` Կարեն Կարապետյանը մաստեր-կլաս էր ցույց տվել: Հասկացրել էր, որ կարելի է և պետք է բացառապես այսպե՛ս աշխատել պառլամենտում:
Շարունակում ենք շարադրել փաստերը: Արտահերթ նիստի նախօրյակին, երեկոյան Սակիից վերադարձել էր Հովիկ Աբրահամյանը (չգիտենք պլանավորվա՞ծ, թե՞ անպլան, մեզ չի էլ հետաքրքրում, մենք փաստն ենք արձանագրում):
Նույն արտահերթից ժամեր առաջ լրատվամիջոցներից մեկը, պատահաբար, թե «անպատեհ», գրել էր` ԱԺ արտահերթում քննարկվելու է կառավարության հրաժարականի հարցը: Վարչապետ է դառնալու Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է նրա տեղակալներից մեկը (հասկանալի է` Սամվել Բալասանյանը. բա հո Նիկոյանը չէ՞ր լինելու. ԲՀԿ-ն սրտամոտ կուսակցություն է):
Որտեղի՞ց էր վերցվել «արտահոսքը», ում «գզրոցից», անհայտ է կամ` հայտնի, պարզապես օդի այդ տատանումն ինքնին շա՜տ հետաքրքիր էր և շատ բան է ասում խաղի մասին: Բայց մենք եզրահանգումներ չենք անում սուբլիմացիայի մասին, այլ շարադրում ենք փաստերը:
ՈՒ սա դեռ վերջը չէ: ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այդ նույն օրը ասուլիս տալու բուռն ցանկություն է ունեցել, չի զսպել իր ցանկությունն ու տվել է: Աս ու լիս: Ասելով և լսեցնելով, որ` «նախագահը պատրաստ է լուծարելու պառլամենտը սահմանված կարգով» (Հակոբ Հակոբյանը համարվում է աշխատակազմի Կարենի յուրայիններից):
Բացատրե՞նք, թե՞ ինքնին հասկանալի է այս «պոնտը» ևս: Ի դեպ, այն երկակի օգտագործման էր.
ա) խորհրդարանի «աշխատակիցներին» բացատրվում է, որ խորհրդարանը սեփական տնից չեն բերել, այն թիմի, երկրի օրենսդիր, բարձրագույն մարմինն է, որի երաշխավորը նույնպես նախագահն է, և պետք է ճշգրիտ լինել աշխատանքում, հարաբերություններում: Այլապես Սահմանադրության որոշ կետեր կան, որոնք «աղբի» մասին օրինագծի մասով կարող են նախագահին հնարավորություն տալ` լուծարելու խորհրդարանը և նոր պառլամենտ ունենալ: Նոր «աշխատակիցներով»:
Հակոբ Հակոբյանի հայտարարության հաջորդ շերտն էլ ղարաբաղյան զարգացումների ենթատեքստում էր. Կազանի հանդիպումից առաջ պառլամենտն ու սահմանադրությունը ելակետային վիճակի էին բերվում: Որպեսզի ի անհրաժեշտություն (եթե այնպես լինի, որ ղարաբաղյան զարգացումներում ֆորս մաժոր գրանցվի) և եթե հայ հասարակությունը ոտքի կանգնի, որպես ժամանակ շահելու, սեպը սեպով հանելու տարբերակ, նախընտրվի պառլամենտի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս վերջին տարբերակը, ասել ենք, գրեթե անհնար է, սակայն երբեք չպետք ասել` երբեք:
Դառնալով կառավարության հրավիրած արտահերթին, ասենք, որ կարծես թե հոգացվել էր նույնիսկ այնպիսի նուրբ «մանրուք», ինչպիսին Վահան Հովհաննիսյանի բացակայությունն էր ԱԺ նիստից:
Արդյունքում պառլամենտն աշխատեց բնականոն հունով, առանց ինտրիգների ու կազուսների:
Չնայած իր խոր «սիմվոլիկությանը», ընդունվեց նույնիսկ աղբահանության մասին օրենքը: Իսկ այդ ողջ ընթացքում «բոլշևիկ տատիկի սենյակում» վարչապետը ռադիոյով օնլայն հետևում էր ԱԺ քննարկումներին:
ՈՒ համառորեն հրաժարական չէր տալիս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ