Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵԼ ԲԱՐՈՒ, ԳԵՂԵՑԻԿԻ ԵՎ ԱՐԴԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»

«ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵԼ ԲԱՐՈՒ, ԳԵՂԵՑԻԿԻ ԵՎ ԱՐԴԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»
01.07.2011 | 00:00

Հոբելյաններն իր մասին հանրության հիշողությունը թարմացնելու ամենահարմար առիթն են, և այն էլ` գունագեղ ու վսեմ շեշտադրումներով։ Այս առումով, իհարկե, բացառություն չէր նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Աստանայում կայացած գագաթնաժողովը, որտեղ նշվեց այդ կազմակերպության 10-ամյակը, առավել ևս, որ ՇՀԿ-ն, որի անդամ երկրների զբաղեցրած տարածքը կազմում է Եվրասիայի տարածքի երեք հինգերորդ մասը, ակներևաբար, դրա իրավունքն ունի։ ՈՒ բնական է, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցներն ամեն կերպ ձգտում էին ցույց տալ, որ կազմակերպությունը հենց այնպես չի գլորել այդ տասը տարին, ունի ապագայի մեծ ծրագրեր և արդեն սկսել է նշանակալի դեր խաղալ աշխարհաքաղաքական հարթությունում։ Հանդիպման տանտիրոջ իրավունքով Նուրսուլթան Նազարբաևը, որը, ինչպես հավատացնում են դիտորդները, ԵԱՀԿ գագաթնաժողովն անցկացնելուց հետո «հավեսի է ընկել» և մեկը մյուսի հետևից բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում, հայտարարեց, որ «ՇՀԿ կայացման մեկ փուլ հաջողությամբ հաղթահարվել է, հիմա արդեն պահանջվում է նոր խնդիրների առաջադրում և արդիական մարտահրավերների կանխում»։ Եվ տեղնուտեղը արեց մի շարք «ճակատագրական առաջարկություններ», սկսած Կենտրոնական Ասիայում «լայնատարած թմրասինդիկատի» դեմ անհրաժեշտ հաղթանակից և նրա ղեկավարներին Հաագայի դատարան տալուց (ճիշտ է, թե որտեղ է գտնվում այդ սինդիկատի կենտրոնը, պարոն Նազարբաևը մոռացավ նշել, սոսկ ակնարկեց, որ այն գտնվում է Աֆղանստանի սահմաններից դուրս) և վերջացրած նրանով, որ ՇՀԿ-ին պետք է մի հատուկ մարմին, որը կկատարի «կիբերոստիկանության» դեր։ Քանի որ, նրա կարծիքով, ժամանակն է միջազգային իրավունքի մեջ ներմուծելու «էլեկտրոնային սահմաններ», «էլեկտրոնային ինքնիշխանություն» նոր հասկացությունները։ Հատկանշական է, որ այդ առաջարկն արժանացավ գործընկերների ջերմ պաշտպանությանը, որոնք, հավանորեն, հաշվի են առնում համացանցի ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայի հեղինակավոր առաջնորդների տապալման վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, որոշվեց քննության առնել համաշխարհային նոր արժույթի ստեղծման, այլախոհության դեմ պայքարի, Ասիայում տարածքային հակամարտությունների լուծման և թմրամիջոցների վերացման հարցերը։ Իհարկե, ինչպես համոզվեցին բոլոր նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում էին գագաթնաժողովի ընթացքին, ՇՀԿ անդամներն առայժմ չկարողացան պայմանավորվածություններ ձեռք բերել շատ ավելի նշանակալի, նախ և առաջ` համատեղ բանկի ստեղծման հարցերի շուրջ։ Ասում են` պատճառը Մոսկվայի ու Պեկինի միջև սկսվող պայքարն է նախկին խորհրդային տարածքների համար։ Ի դեպ, թեև Չինաստանի ղեկավար Հու Ցզինտաոն Ղազախստանից հետո մեկնեց Մոսկվա, ուր ծրագրվում էր ստորագրել գալիք 30 տարում Չինաստանին տարեկան 68 մլրդ խմ գազ վաճառելու գործարքի փաստաթղթերը, նրա բանակցությունները Պուտինի հետ հաջողությամբ չպսակվեցին։ Ընդ որում, նկատենք, որ դեպի Վլադիվոստոկ և չինական սահման ձգվող թանկարժեք գազամուղի շինարարությունն արդեն սկսվել է, սակայն խնդիրն անսպասելիորեն բախվեց գնի հարցին. «Գազպրոմն» ուզում է գազը Չինաստանին վաճառել եվրոպական բարձր գնով, բայց պարզվում է, որ մինչև առնվազն 2020 թ. Չինաստանն առհասարակ ռուսական գազի կարիքը չունի, քանի որ այն ստանում է Կենտրոնական Ասիայից ու Բիրմայից, և, բնականաբար, մտադիր չէ ավելին վճարելու։
Ինչ վերաբերում է Պեկինի ազդեցությանը, թեև մոտ ժամանակներս անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչպես է Պեկինը «նվաճում» Կենտրոնական Ասիան, այդուամենայնիվ, այսօր, մանրամասների մեջ չմտնելով, նշենք, որ գագաթնաժողովում նախագահ Հու Ցզինտաոն հիշեցրեց, որ ՉԺՀ-ն գործընկերներին 10 մլրդ դոլար է խոստացել որպես արտոնյալ վարկ, սակայն ՇՀԿ-ի անդամները շատ ավելին են ստանում նրանից։ Միայն Ղազախստանը անցած երկու տարում ստացել է 15 մլրդ դոլարի վարկ, իսկ ռուսական «Ռոսնեֆտը» և «Տրանսնեֆտը» ճգնաժամից կարողացան դուրս գալ միայն Չինաստանի զարգացման բանկից ստացած 25 մլրդ դոլար վարկի շնորհիվ։ Այնպես որ, առայժմ «ազդեցության մրցավազքը» շահում է Չինաստանը, և ուժերի հավասարակշռությունը կազմակերպությունում խախտված է հօգուտ Պեկինի։ Ընդ որում, եթե ոչ անդառնալիորեն, ապա շատ երկար ժամանակով։ Դրա հետևանքով Ռուսաստանն այսօր, փաստորեն, հայտնվել է չինական ռազմավարության հունում և կարող է սոսկ հետևել գործընթացին` չունենալով դրա վրա էականորեն ազդելու հնարավորություն։ Եվ Կրեմլում, երևի, գիտակցում են, որ այլ ընտրություն չունեն։ Համենայն դեպս, գագաթնաժողովում ռուսները շտապեցին հայտարարել, որ Չինաստանը համարում են «ոչ թե մրցակից, այլ օգտակար և կարևոր մի գործընթացի նախաձեռնող»։
Առայժմ Մոսկվան ստիպված է հաշտվել այն բանի հետ, որ չինացիներն իրենց հսկողության տակ են առել ՇՀԿ-ի ներքին ինտեգրման գործընթացները։ Բայց չէ՞ որ Աստանայի հանդիպման նախօրեին ռուս առաջատար փորձագետները գրում էին, թե Մոսկվայի համար առավել արժեքավոր աշխարհաքաղաքական նվաճումը կլինի Հնդկաստանի մուտքը ՇՀԿ (վերջինս հայտ է ներկայացրել)։ Նրանք ակնկալում էին, թե Դելին կարող է փրկել դրությունը և կատարել Պեկինին հակակշռողի դեր։ Սակայն, ինչպես դժվար չէ գուշակել, հաշվի առնելով լուրջ մրցակցությունն այդ երկու խոշորագույն տերությունների` Հնդկաստանի ու Չինաստանի միջև, այդ բանը չհաջողվեց անել։ Ավելին, ամենայն հավանականությամբ, Պեկինն այսուհետ ևս մտադիր է խոչընդոտել Հնդկաստանի մուտքը ՇՀԿ։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ նա մտադիր է ՇՀԿ-ին միացնել Մոնղոլիան և Թուրքմենստանը, որտեղ, այսօրվա դրությամբ, նրա ազդեցությունը գերիշխում է։ Իսկ ռուսները չեն կարողացել առարկել դրան և միայն ընդգծել են, որ «Թուրքմենստանը, ինչպես և Մոնղոլիան, իրենց ունեցած նշանակալի բնական պաշարներով, կարող էին կարևոր դեր խաղալ էներգետիկ համագործակցության մեջ»։
Բայց ամենագլխավորն այն է, որ Ռուսաստանին առայժմ չի հաջողվում կազմակերպությունը վերածել «Արևելյան ՆԱՏՕ-ի»` մայրցամաքային ռազմաքաղաքական դաշինքի, որը կարող էր դիմակայել Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի ազդեցությանը։ Հիշեցնենք, երբ 2001-ին պաշտոնապես ստեղծվեց ՇՀԿ-ն, շատերն էին ոգևորվել ու շտապեցին այն կնքել «ՀակաՆԱՏՕ» անունով։ Ընդ որում, պակաս կարևոր չէ այն, որ, ըստ էության, կազմակերպությունը ստեղծվել է, առաջին հերթին, որպես իսլամիստական արմատական խռովություններից ու հոսանքներից պաշտպանվելու գործիք, որոնք վայելում էին այդ ժամանակ Աֆղանստանում իշխանության ղեկի մոտ գտնվող թալիբների աջակցությունը և կարող էին ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։ Եվ համապատասխանաբար, ՇՀԿ-ն ստեղծվել էր Կենտրոնական Ասիայի երկրներում անվտանգության ամրապնդման և տնտեսական համագործակցության, ահաբեկչական սպառնալիքի և աղքատության դեմ պայքարի համար, որպեսզի նրանք ավելի մեծ դիմադրողականություն ունենան արմատական իսլամականների քարոզչության հարձակման դեմ հանդիման։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ռուսական, չինական և կենտրոնասիական զինված ուժերի կանոնավոր հակաահաբեկչական զորավարժությունները։ Սակայն մինչ օրս որևէ երաշխիք չկա, որ ՇՀԿ-ն պատրաստ է վճռականորեն արձագանքելու լարված իրավիճակներին։
Այսպես, Ղրղզստանում 2010-ի արյունալի ազգամիջյան բախման ժամանակ կազմակերպությունն այդպես էլ չմիջամտեց։ Ճիշտ է, Ռոզա Օթունբաևան, հանդես գալով Աստանայի գագաթնաժողովում, ՇՀԿ-ին շնորհակալություն հայտնեց օգնության համար, որը «կանխեց հասարակական աղետը Ղրղզստանում», սակայն նախագահ Նազարբաևն արդարացիորեն նկատեց, որ թեև «մենք տեսնում էինք բախումներն ու պետական հեղաշրջումը հարևան Ղրղզստանում, սակայն կազմակերպությունը ոչինչ չկարողացավ անել»։ Այնուհետև նա առաջարկեց ստեղծել ՇՀԿ-ի խորհրդակցական մարմին կամ խորհրդաժողով, որը կմեծացնի տարածաշրջանային անվտանգությունն ու «հնարավորություն կտա կանխիչ միջոցներ ձեռնարկելու թեժ կետերում»։
Իհարկե, գագաթնաժողովը ոչ մի հատուկ խորհրդակցական մարմին էլ չստեղծեց։ Միաժամանակ, ամենևին էլ հասկանալի չէ, թե ի՞նչ պետք է անի կազմակերպությունը, երբ Աֆղանստանից ամերիկացիների հեռանալն անխուսափելի է դառնում։ Վերջապես, առհասարակ ընդունա՞կ է, արդյոք, ՇՀԿ-ն դառնալու մի կառույց, որն իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը տարածաշրջանում։ Երևի թե` ոչ։ Համենայն դեպս, առայժմ կազմակերպության երկու խոշորագույն երկրների միջև չկա ընդհանուր ըմբռնում, թե որոնք պետք է լինեն նրա առաջնային խնդիրները։ Մոսկվան շեշտը դնում է անվտանգության և իր ռազմավարական ներկայության հարցերի վրա, իսկ Պեկինը, որը հանդես է գալիս միայն տնտեսական համագործակցության օգտին, ՇՀԿ-ն համարում է սոսկ իր տնտեսական նվաճողականության ընդլայնման միջոց։ Ի դեպ, բավականաչափ հիմքեր կան կարծելու, որ այդ կազմակերպության որոշ մասնակիցներ դեռևս շարունակում են ծանրութեթև անել` արդյոք ավելի հեշտ չէ՞ իրենց անվտանգության խնդիրներն առանձին-առանձին լուծել Ամերիկայի հետ։ Առհասարակ, պետք է նկատել, որ այսօրվա դրությամբ ՇՀԿ-ն ո՛չ հակաամերիկյան է, ո՛չ հակաարևմտյան։ Ավելին, նա իր առջև նման խնդիր չի էլ դնում, չէ՞ որ անդամ երկրներից յուրաքանչյուրը լայն հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և ամենևին էլ չի ուզում դրանք զոհաբերել։ Ընդհակառակը, նրանք ՇՀԿ-ին իրենց անդամակցությունը հաճույքով օգտագործում են որպես գործիք` իրենց անձնական դիրքերն ու կշիռը Վաշինգտոնի հետ ամրապնդելու նպատակով։ Դրա ակնբախ ապացույցն է այն, որ անդամակցության մասին Իրանի հայտի քննարկումը Աստանայում «բարեկիրթ ձևով հետաձգվեց»։ Իրանի նախագահը, ինչպես միշտ, ինքնատիպ էր և, պատկերացրեք, 27 հարց տվեց։ Օրինակ` «Որտեղի՞ց գտնել բարու, գեղեցիկի և արդարի համաշխարհային կառավարումը, որը երջանկություն ու անդորր ըմբոշխնելու և փրկության միակ ուղին է»։ Բայց ՇՀԿ անդամներին Ահմադինեժադի խայտաբղետ կոչերը` ակտիվորեն մասնակցելու ԱՄՆ-ի գլխավորած «ստրկատերերի ու գաղութատերերի» համակարգին դիմակայելուն, որին, նրա ասելով, «աշխարհի բոլոր մարդիկ վերաբերվում են որպես անձնական թշնամու», բախվեցին չինական իրատեսությանը. նախագահ Հուն Իրանին խորհուրդ տվեց «լուրջ միջոցներ ձեռնարկել վստահություն սերմանելու համար» և «արագացնել երկխոսություն սկսելու գործընթացը»։
Ինչ վերաբերում է ընդունված բանաձևին, որի համաձայն «մեկ երկրի կամ մի խումբ պետությունների կողմից ՀՀՊ համակարգի միակողմանի կառուցումը կարող է խանգարել ռազմավարական կայունությանն ու միջազգային անվտանգությանը», որը ոմանք Մոսկվայում գնահատեցին իբրև հաջողություն, ապա դրա մեղմ ու սահուն ձևակերպումները հազիվ թե որևէ մեկին վախեցնեն և ԱՄՆ-ի դեմն առնեն։ Բայց դե, հոբելյանը, այնուամենայնիվ, տոն է, և որևէ մեկին չէր կարելի նեղացնել։
Իսկ, ընդհանուր առմամբ, ավարտված գագաթնաժողովը մեկ անգամ ևս հաստատեց այդ կազմակերպության խորքային հավակնությունները, կազմակերպություն, որը, ակներևաբար, համառորեն ձգտում է ներկայանալ որպես 21-րդ դարի առավել ազդեցիկ միջազգային կառույցներից մեկը։ Սակայն ժամանակը կազմակերպության առջև նոր խնդիրներ ու մարտահրավերներ է դնում, իսկ միշտ չէ, որ դրանք լուծելը հեշտ է ու ձեռնտու։ Ըստ էության, այսօր մեկ գլխավոր հարց է լուծվում` ՇՀԿ-ն կզարգանա որպես պետությունների ակո՞ւմբ, որի գործունեությունը սահմանափակվելու է հիմնականում ժողովներով ու բարձրագոչ հայտարարություններով, թե՞ կդառնա միջազգային լուրջ կառույց, որն իր ազդեցությամբ համեմատելի կլինի Ասիայի գոնե մյուս միջպետական համակարգերի հետ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ