Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կորոնավիրուսն ընդդեմ Լա Սկալայի, Վենետիկի կառնավալի ու Ջորջիո Արմանիի

Կորոնավիրուսն ընդդեմ Լա Սկալայի, Վենետիկի կառնավալի ու Ջորջիո Արմանիի
25.02.2020 | 13:12

Իտալիան արտակարգ միջոցների է դիմում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ վարակվածների թիվը հասել է 150-ի, 110-ը Լոմբարդիայում են, 21-ը՝ Վենետոյում: Տասնյակ քաղաքներ կարանտինի մեջ են, Վենետիկի կառնավալը բեկանվել է, մոդելիեր Ջորջիո Արմանին ցուցադրությունը վճռել է կազմակերպել դատարկ սրահում: Վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է նոր միջոցառումների մասին, երբ հայտնի է դարձել երկու մահացածի մասին: 78-ամյա տղամարդը կորոնավիրուս ախտորոշումով մահացել է Վենետոյում, 77-ամյա կինը՝ Լոմբարդիայում (կորոնավիրոսի մասին իմացել են միայն դիահերձումից հետո):

Փետրվարի 23-ին Իտալիայի իշխանությունները հաստատել են երրորդ դեպքը՝ կորոնավիրուսից մահացել է ծեր կինը, որ բուժվում էր քաղցկեղից Կրեմում՝ Միլանից 45 կմ արևելք: Հյուսիսային երկու նահանգներում 11 քաղաք կարանտինի մեջ է: 50000 բնակիչներին իշխանությունները հորդորել են տնից դուրս չգալ: Վարչապետը բացատրել է, որ առանց հատուկ թույլտվության արգելված է դուրս գալ այն տարածքներից, որտեղ նոր վարակն արձանագրվել է: Այդ շրջաններում դադարեցվել են դասերը դպրոցներում ու համալսարաններում, պատարագները, փակ են թանգարանները, հետաձգվել են մարզական միջոցառումները, այդ թվում՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը (А սերիա), որի խաղերը պիտի անցկացվեին կիրակի: Կարանտինի կատարմանը հետևում է ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում՝ բանակը: Իտալիայի իշխանությունները զգուշանում են, որ վարակն արդեն դուրս է եկել Լոմբարդիայի ու Վենետոյի մեկուսացված շրջաններից, դա դժվարացնում է տարածման դեմ պայքարը: «Այս վարակի տարածման աստիճանը շատ բարձր է, վարակը շատ հզոր է»՝ նշել է Լոմբարդիայի առողջապահության բաժնի վարիչ Ջուլիո Գալերան: Առայժմ պարզ չէ՝ ինչպես է վարակը հայտնվել Իտալիայում՝ առանց անմիջական կապի մարդկանց հետ, որ շփվել են ասիական երկրներից եկածների հետ, որտեղ հիվանդության մեծ օջախներ կան: Կորոնավիրուսի բռնկումն անդրադարձել է Միլանի մոդայի շաբաթվա վրա՝ Ջորջիո Արմանիի հավաքածուն ցուցադրվեց դատարկ դահլիճում՝ հյուրերին խնդրել էին չգալ: Մոդելները պոդիումում կցուցադրեն հագուստները, իսկ ցուցադություններ կդրվեն Armani բրենդի ֆեյսբուքի ու ինստագրամի էջերում: «Որոշումն ընդունվել է հյուրերի անվտանգության նկատառումներով, որ նրանք չլինեն չափազանց մարդաշատ վայրերում»՝ բացատրել են մամլո հաղորդագրությունով: Կիրակի օրը իշխանությունները դադարեցրին Վենետիկի փառատոնը, որ պիտի շարունակվեր երկուշաբթի ու երեքշաբթի: Միլանի Լա Սկալան կիրակի օրը հայտարարեց, որ իբրև կանխարգելիչ քայլ՝ դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման պատճառով: Տեղեկությունը տարածվել է ֆեյսբուքի պաշտոնական էջով:


Եվրոպայի իշխանությունները կոչ են անում խուճապի չենթարկվել: ԵՄ էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին, Սաուդյան Արաբիայում Մեծ քսանյակի ֆինանսական ղեկավարների հանդիպմանը լինելով՝ լրագրողներին տեղեկացրել է. «ԵՄ-ն լիովին վստահում է Իտալիայի իշխանություններին և նրանց ընդունած որոշումներին: Մենք ևս անհանգստացած ենք վարակի հնարավոր տարածումով, բայց խուճապի կարիք չկա»: Ջենտիլիոնեի հայտարարությունից մի քանի ժամ անց Ավստրիայի իշխանությունները Իտալիայի սահմանին կանգնեցրել են Վենետիկ-Մյունխեն ուղևորատար գնացքը: Իտալիայի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ պատճառը գնացքի երկու ուղևորներն են, որ հիվանդության նշաններ ունեն: Նրանց մասին հաղորդել է իտալացի ուղեկցորդը, և նրանք ուղարկվել են Վերոնա՝ ստուգման: Österreichische Bundesbahnen երկաթուղային ընկերությունը իր թվիթերում հաղորդել է, որ դադարեցրել է Ավստրիայի ու Իտալիայի միջև բոլոր գնացքների շարժը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքօ պատճառով: «Բրեներով գնացքների երթևեկությունը անհնար է: Պատճառը պաշտոնական արգելքն է»՝ հաղորդել է ընկերությունը:
BBC


Հ․Գ․ Հարավային Կորեայում վարակվածների թիվը մեկ օրում 500-ից հասել է 600-ի, 6-ը մահացել են: Նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկիրը հասել է կրիտիկական կարևոր կետին և առաջիկա օրերը վճռորոշ են լինելու վարակի դեմ պայքարում: Հարավային Կորեան Չինաստանից հետո նոր վարակի տարածման ամենամեծ օջախն է: Կորոնավիրուսը տարածվել է 26 երկրներում, Չինաստանից դուրս հիվանդության 1400 դեպք կա՝ 11-ը մահվան ելքով: Չինաստանում գրանցվել է 76 936 դեպք՝ 2 442-ը՝ մահվան ելքով: Այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդության դեպքերը շատանում են՝ առանց չինացի հիվանդների հետ տեսանելի կապերի, որ հարուցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տագնապը: ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ասել է, որ հիմա ամենամեծ տագնապը թույլ զարգացած առողջապահական համակարգով երկրներն են հարուցում, հատկապես Աֆրիկայում:
Իրանը կիրակի օրը փակել է դպրոցները, համալսարաններն ու մշակութային կենտրոնները 14 նահանգներում, երբ գրանցվել է կորոնավիրուսից 8-րդ մահվան դեպքը, հիվանդացածները 43-ն են: Իրաքը, Պակիստանը, Թուրքիան, Աֆղանստանը, Հայաստանը փակել են Իրանի հետ սահմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 24779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ