Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել

Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել
26.11.2022 | 13:42

Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001թ. դեկտեմբերի 28-ի օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:


Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք տվեց, ինչը բնական էր, քանի որ հիմնավորումներ չէին ներկայացվում, թե ինչո՞ւ է հիմա այս փոփոխությունը նախաձեռնվում, դրա արդյունքում ի՞նչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում:
Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ:
Ընդդիմադիր պատգամավորների տագնապը, մտահոգությունն ըստ էության այն էր, որ իշխանություններն այս կերպ ձգտում են ոչնչացնել 44-օրյա պատերազմին, գործակալներին, գործակալական ցանցերին կամ կարևորվող այլ փաստերին վերաբերող, արխիվում պահվող նյութերը, ուստի նրանց կողմից առաջարկվեց նշված օրենսդրական փոփոխությունը վերաձևակերպել հետևյալ խմբագրմամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել»:


Ընդդիմության առաջարկի մեջ էականն այն է, որ ոչնչացման ենթակա փաստաթղթերը պետք է գաղտնազերծվեն, ապա նոր ոչնչացվեն, սակայն առաջարկությունը մերժվեց իշխանության ներկայացուցիչների կողմից և ընդունվեց իրենց ներկայացրած տարբերակը:
Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը, բուռն քննարկումները, ինչպես նաև լրատվականների կողմից մեզ ուղղված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում որոշակի պարզաբանում տալ:


Թյուր է այն կարծիքը, որ անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, անխտիր արխիվացվում և պահպանվում են բոլորը: Այս գործընթացը հստակ կանոնակարգված է ներքին հրամաններով: Կախված փաստաթղթի բովանդակությունից, գաղտնիության աստիճանից`հստակ սահմանված են դրանց հաշվառման, պահպանման ժամկետները, արխիվացման /թվայնացման/ կամ ոչնչացման ընթացակարգը, նույնիսկ արխիվացված նյութերից օգտվելու կարգը: Ընդ որում կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման: Եթե չի ոչնչացվում, արխիվացվում է փաստաթուղթը, ուրեմն կան դրա իրավական հիմքերն ու անհրաժեշտությունը:


Իսկապես անհասկանալի է, թե ինչո'ւ է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար: Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյո՞ք թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որո'նք են պահպանվելու և որո'նք են ոչնչացվելու:
Զուգահեռաբար հարկ ենք համարում նկատել, որ սխալ է ընդդիմության առաջարկությունը` ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծումը, քանի որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել:


Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ, ռեժիմ:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 13942

Մեկնաբանություններ