Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»

«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»
19.06.2012 | 00:27

Աստված իմանալի ու բանական լույս է, և մեր միտքն էլ` որպես իմանալի ու բանական լույս, իր պատկերով ստեղծեց։ Եվ ինչպես աչքի լույսն առանց արեգակի լույսին խառնվելու չի կարող տեսնել իրեն շրջապատող աշխարհը, այնպես էլ մեր մտքի բանական լույսն առանց Աստծո իմացական լույսի չի կարող տեսնել երկնային աշխարհը։ Աստծո իմացական լույսի շնորհը հավատն է, և եկեղեցու հայրերը հետևյալ կերպ են սահմանում այն. հավատն Առաջին լույսից, այսինքն` Աստծուց, մեր հոգում հեղված ունակություն է` հոգևոր բարիքները ճանաչելու համար։ Հավատի լույսը մեր մեջ դրվում է մկրտության խորհրդի միջոցով, իսկ դրոշմի խորհրդով կնքվում ու պահվում է մեր հոգում` իբրև անկորնչելի գանձ։ Մկրտության ավազանի ջուրը նախ մաքրում է մեր հոգու անոթն ամեն աղտեղությունից, այնուհետև սրբալույս մյուռոնը մեր մեջ իջեցնում ու բնակեցնում է Աստծո հավատի և շնորհի լույսը։
Հետագա ամբողջ կյանքում այդ լույսը բնակվում էր մեր մեջ, և եթե մեղքերով նրա դեմ արգելքներ չեն հարուցում, լուսավորվում են մեր միտքն ու հոգին, ճանաչել տալիս Աստծուն, սովորեցնում նրա պատվիրանները։ Սրբերի մեջ հավատն արտահայտվում էր մեծ ուժգնությամբ ու հզոր զորությամբ։ Բերենք Աստծո հանդեպ անխախտ հավատի մի օրինակ։ Ալեքսանդր եպիսկոպոսի գահակալության օրոք հեթանոս փիլիսոփաները բողոքում են կայսրին, որ Ալեքսանդրն ուրացել է իրենց հեթանոս հայրերի հավատը և ընդունել նոր, անհայտ հավատ։ Եվ պահանջում են կայսրից, որ արտոնի Ալեքսանդր եպիսկոպոսի հետ հեթանոսական և քրիստոնեական հավատների շուրջ փիլիսոփայական բանավեճ ունենալ. ով բանավեճում հաղթեր, նրա հավատն էլ ճշմարիտ կհամարվեր։
Թեև Ալեքսանդր եպիսկոպոսը հմուտ չէր հունական փիլիսոփայության մեջ, սակայն, ապավինելով Աստծուն և հավատալով Քրիստոսի անհաղթ գոյությանը, առաջարկն ընդունում է։ Ժողովը գումարվում է, հավաքվում են անթիվ քանակով փիլիսոփաներ։ Ալեքսանդր եպիսկոպոսն առաջարկում է նրանց միջից ընտրել լավագույնին, որպեսզի բանավեճը տեղի ունենա արդար հիմունքների վրա, այսինքն` երկու հոգու միջև, քանզի անհնար է, որ մեկը հազար հոգու պատասխանի։
Ատյան է ներկայանում ամբողջ Հունաստանում մեծ հռչակ վայելող մի իմաստուն։ Սրբազան պատրիարքը բանավեճն սկսում է հետևյալ բառերով. «Իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի անունով քեզ հրահանգում եմ լռել»։ Նույն պահին փիլիսոփան պապանձվում է ու չի կարողանում որևէ խոսք արտասանել։ Իմաստասերներին մեծ սարսափ ու ամոթ է պատում։ Նրանց մի մասը փախչում է, իսկ մյուս մասը` խոստովանում Քրիստոսին։ Պապանձված իմաստունն ընկնում է Ալեքսանդր եպիսկոպոսի ոտքերը և նշաններով ցույց տալիս, որ ընդունում է Ավետարանի ճշմարտությունը։ Այնուհետև սրբի աղոթքներով բժշկվում է և մյուս փիլիսոփաների հետ մկրտվելով` դառնում քրիստոնյա։
Ահա ինչպիսի զորությամբ է օժտված մեր մեջ բնակվող հավատի լույսը։ Այն կարող է սարեր տեղափոխել, ծառեր արմատախիլ անել։ Սակայն մեծամեծ հրաշքները չեն նրա արժեքն ու նշանակությունը, այլ մարդու կյանքը վերափոխելը, մեղքերի ծառայությունից ազատելը, Աստծո որդեգիր և երկնային արքայության ժառանգորդ դարձնելը։ Սբ. Գրիգոր Նարեկացին ասում է, որ ավելի մեծ հրաշք չկա, քան մեղքերի կապանքներից ու չարի ծառայությունից ազատված հոգու երանությունը։ Հավատի լույսը մեզ թույլ է տալիս տեսնել ու ճանաչել Աստծո անչափ բարությունը մարդկության հանդեպ. իր պատկերով ստեղծելը, ողջ արարչագործությունը մարդու ոտքերի տակ դնելը, մեղանչելուց հետո ներում շնորհելը, Իր Միածին Որդուն մարդկանց փրկության համար զոհաբերելը, սրբերին ու հրեշտակներին մեզ պահապան և օգնական կարգելը։ Այս բոլորի համար քրիստոնյան իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն ու փորձում փոխհատուցել սրտի, բերանի և ձեռքի բարիքներով։
Նոր մարդ դառնալով և միշտ բարիք գործելով` նա Աստծո հավատի երկրորդ պարգևն է ստանում` հավիտենական կյանքի հույսը և երկնային երանություններին արժանանալու ակնկալությունը։ Քրիստոնյան, ապավինելով ոչ թե իր բարի գործերին, այլ Աստծո անսուտ խոստումներին և անսահման ողորմությանը, ճաշակում է հավատի երկրորդ պտուղը` հույսը։ Քրիստոսի խոսքի համաձայն` նա աղոթքների միջոցով արդեն ճաշակել է երկնային արքայության քաղցրությունը, էլ ինչպես կարող է չհուսալ, որ ողորմած Տերը հանդերձյալ կյանքում ևս նույն երանությանը չի արժանացնի։ Բացի այդ, Աստծուն հուսացող և սրբերի բարեխոսությանն ապավինող բազում արդարների օրինակներ ունի իր առջև։ Մեջբերենք անսասան հույսի մի օրինակ։
Մի բարեպաշտ և հյուրասեր մարդ ուներ աստվածավախ կին և վեցամյա դուստր։ Մի անգամ առևտրական գործերով նա պետք է մեկներ տնից, և կինը, նրան ճանապարհ դնելու ժամանակ, հարցնում է. «Մեզ ո՞ւմ հույսին ես թողնում»։ Ամուսինը պատասխանում է. «Սո՜ւրբ Աստվածածնի»։
Ամուսնու մեկնումից հետո նրանց ծառան, չարից դրդված, որոշում է սպանել տան տիրուհուն, հափշտակել թանկարժեք իրերը և փախչել։ Բարեպաշտ կինը դստեր հետ հյուրասենյակում նստած ձեռագործով էր զբաղված, երբ չար ծառան, խոհանոցից դանակը վերցնելով, մոտենում է հյուրասրահին։ Սակայն, սենյակի սեմին չհասած, հանկարծակի կուրություն է գալիս վրան, և խելացնորված չի կարողանում ո՛չ առաջ շարժվել, ո՛չ հետ։ Երկար ժամանակ ինքն իր հետ պայքարելուց հետո կանչում է տիրուհուն, որ իր մոտ գա։ Տանտիկինը, որևէ չար բան չկասկածելով, պատվիրում է, որ նա անձամբ գա։ Այնուհետև ծառան խնդրում է, որ գոնե դստերն իր մոտ ուղարկի, սակայն տիկինը, նրան անմիտ անվանելով, այլևս չի խոսում հետը։ Եվ չարագործը, չդիմանալով սաստիկ խելացնորությանը, հուսահատության մեջ խոցում է ինքն իրեն։
Տանտիրուհին բարձր ճիչ է արձակում, վրա են հասնում հարևաններն ու տան պահապանները։ Չարագործը դեռ ողջ էր և ներկաներին պատմում է կատարվածի մասին։ Բոլորը փառավորում են Աստծուն և օրհնաբանում սուրբ Կույս Աստվածածին Մարիամին, որ իրեն հուսացողներին փրկում է չարից ու մեծամեծ հրաշքներ գործում։
Եթե հավատը լուսավորում է քրիստոնյայի միտքը` ճանաչելու անցած կյանքում կատարած հանցանքներն ու մեղքերը, ապա հույսը բացում է լուսավոր ճանապարհ դեպի հանդերձյալ բարիքները։ Բազմիցս ընդունելով Աստծո ողորմության ու գթության պարգևները` ուզում է ավելիով իր հոգում պայծառացնել հավատի և հույսի լույսը։ Նա այլևս չի բավարարվում հանդերձյալ բարիքների խոստումներով, այլ փափագում է Աստծո հետ միավորության առհավատչյան հենց այս երկրավոր կյանքում ստանալ։ Անդադար աղոթքներով, ինքնազոհողություններով, արյուն թափելու աստիճանի մեղքի դեմ պայքարելով, սրտի հառաչանքներով ու ջերմ արտասուքներով իր հոգում խիստ բորբոքում է հավատի լույսը և վերածում սիրո կրակի։ Հավատի երրորդ պարգևը սերն է, որը լուսավորում է քրիստոնյայի միտքը, հոգին, զգայարանները, վեր հանում երկինք և միավորում իր Նախատիպի հետ։ Եվ ոչինչ այլևս չի կարող բաժանել նրան Քրիստոսի սիրուց. ո՛չ հուրը, քանի որ իր միջի հուրը կարող է հանգցնել ամեն տեսակի կրակ, ո՛չ սուրը, քանի որ հոգու զենքը զորեղ է բոլոր սրերից, և ո՛չ մի ուրիշ արարած, քանի որ բոլոր արարածների Արարիչն իր մեջ է կրում։
Բերենք Քրիստոսի հանդեպ անվերապահ սիրո մի օրինակ։ Մի վանքում կար հնագույն ձեռագիր Ավետարան։ Վանահայրն ամեն անգամ այն ընթերցելիս թրջում էր հորդ արտասուքներով։ Մի օր վանականները դիմում են վանահորը և ասում. «Հա՛յր սուրբ, դուք լավ գիտեք, որ Ավետարանը խիստ հնագույն ու արժեքավոր է, իսկ դուք ձեր արտասուքներով փչացնում եք նրա մագաղաթյա էջերը»։ Վանահայրը պատասխանում է. «Որդյակնե՛ր, ներեք ինձ այդ հանցանքը, քանի որ երբ կարդում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունը, չեմ կարողանում զսպել արցունքներս»։
Ինչպիսի՜ մեծ սեր Քրիստոսի հանդեպ. միայն Սիրելիի անվան հիշատակումը նրա մեջ բորբոքում է սիրո հուրը և աչքերից, որպես երկնքից, իջնում անշեջ սիրո անձրև։ Այստեղ կատարվում է Պողոս առաքյալի խոսքը. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»։

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 10942

Մեկնաբանություններ