Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դժվար է փրկության ճանապարհը և արգելքներով պատած

Դժվար է փրկության  ճանապարհը և  արգելքներով պատած
22.06.2012 | 12:25

Ըստ Պողոս առաքյալի սահմանման` հավատքը չերևացող բաների ապացույցն է. այսինքն` այն, ինչ տեսնում ենք, այլևս կարիք չկա դրան հավատալու։ Մենք հավատում ենք, որ Աստված երբ ասաց. «Եղիցի լույս», ստեղծվեցին հրեղեն աներևույթ էակները` հրեշտակները։ Ըստ Վարդան Այգեկցու, հրեշտակներից մեկը` Արուսյակը, մեծամտացավ` ասելով. «Ինչպես ես եմ խոնարհվում Աստծուն, նույնպես էլ ինձնից ցած գտնվող դասերի հրեշտակները պետք է խոնարհվեն ինձ»։ Երբ այս միտքը հղանում էր նրա մեջ, մյուս հրեշտակները, տեսնելով ծնվող չարը, միմյանց ձայն տվեցին և հրեղեն մուրճերով Արուսյակին և նրա հետ ապստամբած հրեշտակներին վտարեցին երկնքից և գցեցին երկիր։ Ահա այսպես առաջ եկավ տիեզերքի առաջին մեղքը` հպարտությունը, որը ստուգաբանվում է որպես հրեշտակաց պարտություն։

Մենք հավատում ենք նաև, որ նույն չարը խաբեց մեր նախամայր Եվային, և երբ նա ճաշակեց բարու և չարի գիտության ծառի պտղից, մերկացավ լուսեղեն պատմուճանից և, ըստ Առաքել Սյունեցու, մի ակնթարթում հոգու աչքերով մարգարեաբար տեսավ դժոխքում տանջվող բոլոր հոգիներին, որոնց չարչարանքների նախապատճառն ինքը եղավ։
Երբ Ադամն ու Եվան վտարվեցին բերկրության դրախտից, բնակվեցին դրա դեմ հանդիման։ Ադամը հինգ օր ո՛չ կերավ, ո՛չ խմեց և դառնապես սգում ու ողբում էր իր թշվառ վիճակը։ Հինգ օրը լրանալուց հետո հրեշտակն այցելեց Ադամին և հաղորդեց բարի լուրը. «Երբ Անծինը ծնանի, և Անմեռը մեռանի, քեզ փրկություն կլինի»։ Այսինքն` Անծինն Աստված է` Հիսուս Քրիստոս, որ մարմնով ծնվեց, իսկ անմեռը կրկին Աստված է` Հիսուս Քրիստոս, որ անմահ է, բայց մարմնով մեռավ մեզ համար։
Դրախտում Ադամն ուներ Աստծո տեսությունը, զրուցակցությունը Նրա հետ և հոգու ուրախարար լիություն։ Սակայն մեղանչելով` զրկվեց այդ ամենից և ժառանգեց հոգու դատարկություն ու սով։ Ադամի բոլոր սերունդներն զգում են հոգու նույն դատարկությունն ու սովը և չգիտեն ինչ կերպ լցնեն ու հագեցնեն այդ ունայնությունը։ Քրիստոսն ասում է, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո խոսքով։ Այսինքն` Աստծո խոսքը և աղոթքը հոգու ճշմարիտ կերակուրն են։
Ըստ Գրիգոր Տաթևացու` մարդն ունի երեք կարգի տեսողություն. մարմնավոր, մտավոր և հոգևոր։ Մարմնավորը աչքի տեսողությունն է, որով օժտված են բոլոր մարդիկ։ Մտավոր տեսողությունը մարդու մտքում ծնվող երևակայական աշխարհի ընկալումն է մտքի աչքերով։ Օրինակ` մարդը մտքի աչքերով կարող է տեսնել հեռվում գտնվող իր հայրենի տունը, հարազատներին, երազներ և այլն։ Հոգևոր տեսողությամբ օժտված են միայն հավատքի աչքեր ունեցող անձինք, իսկ նախորդ երկուսով` բոլոր մարդիկ։ Հենց դրա համար էր Քրիստոս փարիսեցիներին ասում. «Աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում»։ Նաև իր բժշկումների ժամանակ հավատքի գրավական էր պահանջում։
Փրկիչն իր հրաշքներից մեկը կատարեց, երբ բժշկեց Բեթհեզդայի սրահում ընկած երեսունութ տարվա անդամալույծին։ Սակայն այդ մարդը երախտամոռ գտնվեց։ Բժշկվելուց հետո նա ծառայության է մտնում Կայիափա քահանայապետի մոտ և, ըստ Եփրեմ Ասորու, մատնության գիշերը Քրիստոսին առաջին ապտակողը նա է լինում։
Թերահավատ գտնվեցին անգամ առաքյալները։ Ըստ Գրիգոր Տաթևացու` առաքյալներից երեքն ուրացան Քրիստոսին. մեկը` գործով, մյուսը` խոսքով, երրորդը` մտքով։ Առաջինը Հուդա Իսկարիովտացի առաքյալն էր, ով երեսուն արծաթով վաճառեց Տիրոջը. նա գործով ուրացավ։ Երկրորդը Պետրոս առաքյալն էր, ով խոսքով երեք անգամ ուրացավ Քրիստոսին։ Նա անգամ երդվում էր, թե չի ճանաչում այդ մարդուն, սակայն աքաղաղը կանչեց, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, թե դեռ աքաղաղը չկանչած ինքը երեք անգամ ուրանալու է Քրիստոսին։ Այնուհետև դուրս եկավ ծովափ ու դառն արտասվեց։ Երրորդը Թովմաս առաքյալն էր, ով մտքով ուրացավ Տիրոջը։ Երբ Քրիստոսը մեռելներից հարություն առնելուց հետո այցելեց առաքյալներին, Թովմասը նրանց մեջ չէր։ Աշակերտներն ասացին, թե Տիրոջն են տեսել, սակայն նա պատասխանեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանները և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Երբ ութ օրից հետո Քրիստոսը նորից երևաց աշակերտներին, այնտեղ էր նաև Թովմասը։ Նա շոշափեց Տիրոջ մարմինը և հավատաց Նրա հարությանը։ Զղջաց իր անհավատության համար և Քրիստոսին խոստովանելով ասաց. «Տե՛ր իմ և Աստված իմ»։
ՈՒրացյալ երեք առաքյալներից երկուսը խոր զղջում ապրեցին և նորից հավատի շնորհիվ հաստատվեցին առաքելական կոչման մեջ։ Սակայն Հուդան ընկավ հուսահատության անդունդը և երեսուն դրամը նետելով տաճարի սրահի մեջ` գնաց ու ինքնասպանություն գործեց` կախվելով ծառից։
Հավատքի մաս է նաև մարդու մեղավոր բնության ճանաչումը։ Մարդը ծննդյան օրից կրում է սկզբնական կամ ադամական մեղքը։ Այդ մեղքը սերնդեսերունդ փոխանցվում է ամբողջ մարդկությանը։ Երբ մարդ չափահաս է դառնում, արդեն ընկնում է ներգործական մեղքերի մեջ։ Ներգործական մեղքերը երկու տեսակի են լինում` ներելի և մահացու։
Մարդու և Արարչի միջև պատնեշը մեղքն է, որ արգելում է նրանց հանդիպումն ու միավորումը։ Իսկ քրիստոնյան ինչպե՞ս պետք է ձերբազատվի սկզբնական, ներելի և մահացու մեղքերից։ Սկզբնական կամ ադամական մեղքը ջնջվում է մկրտությամբ, մյուս տեսակի մեղքերը մաքրվում են եկեղեցու խորհուրդներին կենդանի մասնակցություն ցուցաբերելով։ Երբ մարդը գիտակցում է իր մեղքերը և իրեն հանցավոր համարում, պետք է այցելի եկեղեցի, եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամեն կիրակի և մասնակցի մեղսաքավիչ պատարագին, իր սրտում զղջա գործած մեղքերի համար և խոստովանության միջոցով ձերբազատվի դրանից։ Եթե առկա են խոր զղջումը և մեծ երկյուղածությունը, քրիստոնյան կարող է արժանապես հաղորդվել Տիրոջ Մարմնին և Արյանը, որը հրի նման կայրի ու կանհետացնի հաղորդվողի հոգու բոլոր աղտերը։
Մեղքի գիտակցումը քրիստոնյայի կյանքում շրջադարձային նշանակություն ունի։ Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» մեջ Քրիստոսի խոսքը մեկնելով` գրում է, որ ինչքան խոր չափով ինքը չափի իր մեղքերը, այդ նույն չափով թողություն կստանա Տիրոջից։
Մեղքի գիտակցումն ու զղջումն առաջ են բերում նաև զղջման արտասուքներ։ Զղջման արտասուքը հոգու թույնն է. եթե այն պահում ենք մեր մեջ, մեռնում է հոգին, իսկ եթե դուրս ենք հանում, դրանով սպանում ենք մեր դեմ մարտնչող չարին։
Դժվար է փրկության ճանապարհը և արգելքներով պատած։ Հաճախ տարիներ են հարկավոր, որպեսզի մարդ մեծ աշխատասիրությամբ և անձնազոհությամբ կարողանա արմատախիլ անել մի մոլի սովորություն։ Քրիստոնյայի կյանքը բաղկացած է անձնազոհությամբ ապրած այդպիսի տարիներից, և նա պարտավոր է մինչև մահ պատերազմել իր մեղավոր բնության ընդվզումների դեմ։ Ըստ Գրիգոր Տաթևացու` այդ երկար, տանջալից ճանապարհը կարող է հաղթահարել աչքից կաթած զղջման արտասուքը, որն անցնում է փոքրիկ ճանապարհ` աչքից մինչև այտ։
Փորձենք ամբողջական կերպով ներկայացնել քրիստոնյայի անցնելիք ճանապարհը։ Այն հավատքի ուղի է` պատված բազմաթիվ արգելքներով ու դժվարություններով, սակայն լուսավորված Քրիստոսի մաքրակենցաղ կյանքի օրինակով և համեմված մեր սուրբ հայրերի անձնազոհ, ճգնակենցաղ փորձառությամբ։ Որպես փարոս ունենալով Քրիստոսին և ներշնչման աղբյուր` մեր սուրբ նախնիներին` քայլենք հավատքի ճանապարհով և մտնենք նեղ դռնով, որպեսզի արժանանանք երկնային արքայությանը` փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ