Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խոսքը, որին պիտի ծառայեր այդ գիրը, երկնառաք էր

Խոսքը, որին պիտի ծառայեր  այդ գիրը, երկնառաք էր
26.06.2012 | 00:52

Քրիստոնեության եկեղեցական պատմության մեջ թարգմանիչների սրբադասման հայոց օրինակը եզակի է։ Սովորաբար սրբադասվում են հոգևոր ակնառու սխրանքների արժանացած քրիստոնյաները, իսկ որ պարզապես թարգմանչական հմտության համար սրբադասվեն, դա չլսված նախադեպ է, բայց փաստ, որի կողքով պետք չէ անցնել, այլ քննել դրա պատճառն ու նպատակը։
Սկսենք պատճառից։ Հայտնի է, որ մինչև հինգերորդ դարի առաջին կեսը հայոց ազգը չուներ իր սեփական գիրը, ու դա զարմանալի էր, քանի որ մեր ազգը մերձակա ժողովուրդների հետ սերտ հարաբերություններ ունենալով, աշխատել է ամեն լավն ու օգտակարը ընդօրինակել, մինչև իսկ նրանց չաստվածներին։ Օրինակ, Անահիտ չաստվածուհին, որին երկրպագել ու ընծաներ են մատուցել, ընդամենը պարսկական երկրի չաստվածներից էր։ Հիմա պետք չէ ծանրանալ, թե որ ազգից ինչ չաստծու ենք նախընտրել ու ներմուծել Հայաստան. դա ուրիշ ժամանակվա խնդիր է։ Բայց այժմ պետք է փորձենք հասկանալ, թե այդ ինչպես է, որ մեր մերձակա ազգերը, ինչպիսիք են հույները, ասորիները, պարսիկները, դարերով օգտվում էին իրենց սեփական գրերից, բայց նրանց հարևան Հայաստանը զուրկ էր այդ կարևորագույն հանգամանքից։ Չնայած կան կարծիքներ, որ մենք հեթանոսական ժամանակների գրեր ենք ունեցել ու գրառված մատյաններ, բայց դա անիրականը շատ ցանկանալու և իրական համարելու հոգեբանական ոլորտից է։ Լուրջ լեզվաբանները հիմնովին հերքում են հայոց հեթանոսական գրերի մասին այդ անհիմն առասպելները։ Նրանք առավել սթափ են ու ոչ պակաս հայրենասերներ, քան ծայրահեղ ազգապաշտները։ Հայրենիքն ու ազգը պետք է սիրել ու պահպանել ամեն գնով, բայց ոչ կռապաշտության։
Ինչևէ, մեր մատենագիր իմաստունները, որոնք առավել սուր են զգացել սեփական գիր ունենալու անհրաժեշտությունը, երբևիցե չեն մտածել, որ բավարար է օգտվել մերձակա ազգերի խոսքից ու գրից, այլ ձգտել ու սպասել են, մինչև որ իրենց ժամանակն էլ կգա։ Այո՛, հենց ժամանակը, որովհետև նրանք հավատում էին Աստծո նախախնամությանը. թեկուզ և դեռ աղոտ, բայց հաստատուն հավատով։ ՈՒ նրանք չսխալվեցին, որովհետև Հայոց աշխարհի աստեղային ժամն էլ եկավ. Հայաստան աշխարհի վրա ծագեց ճշմարտության արեգակի լույսը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն ու հավատարմությունը։ Այս երկու բառերը՝ հավատն ու հավատարմությունը, միևնույն արմատն ունեն, քանի որ մեկի հանդեպ հավատարմությունը հիմնվում է նրա հանդեպ ունեցած ճշմարիտ հավատի վրա։ Այդպես էլ Արարիչ Աստված ավետարանի փրկության լուրը Իր առաքյալների ու աշակերտների միջոցով սերմանեց ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում և` Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայաստանում, ու որպես հմուտ Այգեպան սպասում էր, թե որ ազգն առավել կպտղաբերի և, ամենակարևորը, հավատարմորեն կկրի այդ թանկագին պտուղը։ Եվ ավետարանական անդաստանում Տերն ընտրեց մեր ազգը որպես ամենահավատարիմը, որպեսզի արժանանա ազգովին առաջինն Իր Որդու՝ Քրիստոսի մեծ ու սքանչելի Անունը կրելուն։ Մի՛ զարմացեք, քանի որ մինչ հայերը, մեզնից առաջ Աստծո խոսքը լսել են հռոմեացիները, հույները, ասորիները, պարսիկները, հնդիկները և այլք, բայց այդ խոսքին հավատարիմ գտնվեցին հայորդիները` Քրիստոսի անվան համար բազմաթիվ նահատակներ տալով, մինչև իսկ արքայադուստր Սանդուխտը, ով առաջին կույս նահատակն է համարվում, իսկ արդեն 451¬ին՝ Ավարայրում, պատրաստ էինք ազգովին նահատակվելու Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը փաստելու համար։
ՈՒ այն փրկարար Ավետարանը, որի համար պատրաստ էինք կյանք դնելու, ժամանակը հասունացավ, որ այդ խոսքի հայագիրն ունենայինք։ Իսկ մշակներ Տերն Ինքն էր պատրաստել արդեն, սկսած Վռամշապուհ բարեպաշտ Արշակունի թագավորից (ի միջի այլոց ասեմ, որ հայոց գրերի գյուտի մեծարման ժամանակ, Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի հետ հարկ է, որ այդ թագավորի անունն էլ հիշատակվի, քանզի հոգին առանց մարմնավորի անզոր է Աստծո ծրագրերը կատարելու)։
Եվ ունեցանք հայագիրը, այդ ազգընտիր այրերի ջանքերով ու աղոթքներով, այն էլ` երկնատուր առաքմամբ, քանզի խոսքը, որին պիտի ծառայեր այդ գիրը, երկնառաք էր՝ Աստծո Բանի՝ Խոսքի, Լոգոսի կամքը նախ Հայաստանում, ապա մերձակա ազգերին հասցնելու համար։
Մատենագիտական տեղեկությունները փաստում են, որ թարգմանչական մի հսկա բանակ էր ստեղծվել։ ՈՒ մի՛ կարծեք, թե խոսքի ու թվաքանակի չափազանցություն եմ անում, այլ իսկապես այդպես էր, քանի որ Եղիշե վարդապետն ասում է, որ Սահակ Պարթևի աշակերտ¬թարգմանիչների թիվը վաթսունի էր հասնում, իսկ Մեսրոպ Մաշտոցինը՝ քառասունի, չհաշված կրտսեր թարգմանիչների ստվար խումբը։ Սակայն այդ բազմաթիվ մշակներից պատմությանը հայտնի է միայն երեսունի անունը. Եղիշե վարդապետը, ենթադրաբար` Վարդան Մամիկոնյանի հետ Ավարայրի ճակատամարտի մասնակիցը, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ կոչվող փիլիսոփան՝ Մովսեսի քրոջ որդին, Եզնիկ Կողբացին, Դավիթ Հարքացին և այլք։ Բայց սուրբ թարգմանիչների շարքում են դասվում նաև Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցի Շնորհալին, որոնք չնայած նրանցից մի քանի դար հետո են աշխարհ եկել, բայց նույն նպատակին են ծառայել` Աստծո խոսքը հնարավորինս անաղարտ մարդկանց փոխանցելուն։ Մեր թարգմանիչներն իրենց առաքելությունն այնքան անթերի կատարեցին, որ դարեր անց օտարազգի լեզվաբանները մեր Աստվածաշունչը (ասենք, որ Սուրբ գիրքը միայն հայերենով է թարգմանվել «Աստվածաշունչ» բառով, ասել կուզի Աստծո կենարար շնչով գրված) անվանել են՝ «Թագուհի թարգմանության»։
Հարյուր ու ավելի մտավորական ընտրյալներ, լծված միևնույն գործին, պետք է աստվածային կամքը Սուրբ Հոգով թարգմանված ժողովրդին հասցնեին, այլապես անճշտությունները կա՛մ հերետիկոսներ կծնեին, կա՛մ էլ սատանայի դեմ պատերազմելիս՝ բազում պարտվողներ։ Մի՛ զարմացեք այս վերջին խոսքերի վրա, քանի որ Հիսուսն Ինքն անձամբ, քառասնօրյա ծոմապահությունից հետո, երբ սատանան անապատում փորձում էր Նրան, այն էլ երեք անգամ, բոլոր փորձությունների ժամանակ սատանայի դեմ կանգնեց` նախ ասելով. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Երկրորդ անգամ. «Գրված է՝ քո Տեր Աստծուն մի փորձիր», և երրորդ անգամ. «Գրված է, պիտի միայն քո Տեր Աստծուն երկրպագես ու Նրան պաշտես» (Մատթ. 4.4-10)։ Տեսա՞ք Աստծո խոսքի ու գրվածքի կարևորությունն ու ուժը. այն մինչև իսկ սատանային է հաղթում, միայն թե այդ խոսքի անաղարտն ունենալ էր պետք, որ թարգմանիչների քրտնակնդրուկ (Նարեկացու խոսքերի գանձարանից է) ջանքերի միջոցով ունեցանք։ Իսկ մեր ունեցածն էլ այնքան առատ էր ու երկնատուր, որ նաև մեր մերձակա ազգերին հերիքեց, ու Մեսրոպ Մաշտոցը նախ վրացիներին բաժին հանեց դրանից, ապա` աղվաններին։ Հետագայում աղվանները վերացան պատմության ասպարեզից, իսկ վրացիները դարեր անց ոչ միայն այդ մատենագրական իրողությունը հերքեցին, այլև իրենց հոգևոր արմատները ուրիշի հողի մեջ (իմա` բյուզանդական՝ ուղղափառների) տարածեցին։ Բյուզանդացիները դուրս մնացին պատմական իրադարձությունների մրցասպարեզից և մնացին որպես քարտեզագրական իրականություն։ Հետո վրացիները ստիպված առավել բերրի հող փնտրեցին ու գտան՝ Ռուսաստանը, բայց դարեր անց հետ քաշեցին իրենց արմատները` վախենալով հզորի հետ տարրալուծվելուց։ Թե հիմա ուր են տարածելու այդ արմատները, չգիտեմ, բայց ժամանակակից Ամերիկան, ում հետ սիլի¬բիլի են անում վրացիները, հաստատ հոգևոր բերրիություն չունի, այլ հակառակը՝ արվամոլական, միասեռական նպատակաուղղվածություն։
Սկսեցինք թարգմանիչներից, ընդմիջվեցինք քաղաքական այլասերվածություններով, ու դա բնական է, քանի որ կան թարգմանիչներ, որոնք երկնքի Աստծուն «թարգմանում» են երկրայիններիս հասանելի լինելու համար, և կոչվում են սրբեր, բայց կան նաև թարգմանիչներ, որոնք սատանային են «թարգմանում», որ նրա պղծություններին հաղորդ անեն երկրայինն ու ժամանակավորը աստվածացնող մարդկանց։ ՈՒ շատ շուտով համաշխարհային մասշտաբով Սոդոմ¬Գոմորի վերածված այս երկրագունդը կդառնա այլասերվածների, սոդոմականների ու սատանայապաշտների երազած դրախտը, որտեղ ինչ սրտները ուզենան` կստանան, ու դեռ իրենց թիկունքում էլ պետությունների ու կառավարությունների պաշտպանությունը կվայելեն։ Իսկ քիչ թե շատ արդարության ու մաքրության ձգտողները կծաղրվեն ու կհալածվեն, մինչև իսկ նահատակության կարժանանան, քանի որ խավարի ժամը՝ իրենց ժամն է գալիս։ Չկասկածե՛ք այս վերջին խոսքերի վրա, քանի որ հենց իրենք՝ թարգմանիչները, նույնպես հալածվեցին. Եղիշեն, Մոկաց լեռները քաշվելով, մեռավ գրեթե մոռացված ու լքված, Մովսես Խորենացին տարիներով տառապեց մեր իսկ ազգի պարսկամոլների ձեռքին ու մինչև հիմա էլ հալածվում է, համարվելով կեղծ Խորենացի, Դավիթ Անհաղթը, որ, հունական փիլիսոփաների հետ մրցասպարեզ դուրս գալով, Անհաղթ անունը վաստակեց, նույնպես հալածվեց հետամնացների կողմից, ու ստիպված Վրաստան երկիրը գնաց ու այնտեղ վախճանվեց։
«Բա մենք ի՞նչ անենք» հարցի պատասխանը դարձյալ սուրբ թարգմանիչների մեզ հասցրած Ավետարանի մեջ փնտրենք։ Եթե այս մեր սուրբ նախնիների սկսած բարի պատերազմի զինվոր ենք մեզ համարում, ապա պատերազմական զենքերը նույնպես տրված են Աստծո կողմից։ Պողոս առաքյալը, հավատքի ընտիր զինվորը, հորդորում է. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծո սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին… ՈՒստի առե՛ք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով. և այդ բանի մեջ հսկեցե՛ք անխոնջ հարատևությամբ» (Եփես. 6.10-8)։
Տերը թող սուրբ թարգմանիչների (որոնց հիշատակը տոնվելու է հունիսի 28-ին) բարեխոսությամբ մեզ էլ այս բարի պատերազմում հաղթող զավակներ դարձնի, ի փառս Հիսուս Քրիստոսի, ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ