«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Սա ձեր Մեսիայի Արյո՛ւնն է...»

«Սա ձեր Մեսիայի Արյո՛ւնն է...»
10.07.2012 | 11:47

Թերևս մեր տեսած ու լսած կամ իմացած ամենախորհրդավոր նյութն է կենդանի արյունը, որի առատ տեսքից շատերը նույնիսկ ուշաթափվում են կամ հոգու մեծ անհանգստություն և անբացատրելի խռովք են ապրում, մանավանդ մարդկային արյան տեսքից։ Նյութական տարրերից ամենախորախորհուրդի՝ արյան մասին դեռ շատ քիչ բան գիտենք, բայց արդեն իմացածի համար մեծ զարմանք ենք ապրում։

Ըստ գիտնականների, արյունն ընդամենը մի քանի քիմիական տարրերի միացություն է, որով հագեցած է կենդանիների սրտանոթային համակարգը։ Այն բաղկացած է հեղուկ պլազմայից (90 տոկոս ջրի, սպիտակուցների, գլյուկոզայի, խոլեստերինի և այլ անհրաժեշտ հանքային նյութերի բաղադրությամբ), որի մեջ կան լեյկոցիտներ (իմունային համակարգի պահպանողները), էրիտրոցիտներ (կարմիր գույնն ապահովող ու թոքերում թթվածինը օքսիհեմոգլոբինի վերածողը և այլ կենսական ֆունկցիաներ ապահովողը) ու տրոմբոցիտներ (արյան մակարդելիությունն ապահովողը, որի շնորհիվ մարմնի կտրվածքը իսկույն փակվում¬խցանվում է)։ Այն մեծ մասամբ ունի կարմիր գույն (բացից մինչև մուգ երանգավորումներով), շնորհիվ հեմոգլոբինների, որոնք գտնվում են էրիտրոցիտների բաղադրության մեջ։
Սովորաբար մարդու մարմնում արյան քանակը նրա կշռի 6-8 տոկոսն է (5000-6000 միլիլիտր)։ Արյունն ունի նաև իր կարգերը, բացասական կամ դրական ռեզուսներով, որը չափազանց կարևոր գործոն է արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում։ Արյան կարգը երեխան ժառանգում է ծնողներից ու ամբողջ կյանքում մնում է անփոփոխ։ Եվ վերջապես արյան ԴՆԹ-ի միջոցով մենք բոլորս ժառանգում ենք այն, ինչ ունեն մեր ծնողները, իսկ համայն մարդկությունը՝ Ադամից։ Իսկ Ադամից մենք բոլորս նաև մեղքն ու դրա հետևանքը՝ մահը ժառանգեցինք։ Այս համառոտ ծանոթությունը վերաբերում էր արյան նյութա¬քիմիական ոլորտին, որի իմացությունը կօգնի հասկանալու այս հոդվածի չափազանց կարևոր մի խորհուրդ։
Այսքանով չի ավարտվում արյան նշանակությունը մարդկության համար, քանզի արյունը երկրային ծագում ունեցող միակ նյութեղեն տարրն է, որ մեղքերի թողություն է տալիս հոգեղենին՝ մեր երկնածագում ունեցող հոգուն. հիրավի զարմանահրաշ է այս խորհուրդը, որի մասին անհրաժեշտ է խոսել, քանզի մարդկության մեղքերի խորհուրդը կատարվեց Անգին Արյան՝ Աստծո Գառան Արյան միջոցով։ Բայց որտեղի՞ց Աստված կարող է նյութական արյուն ունենալ, քանի որ Ինքը Հոգի է։
Ավետարանի խոսքից գիտենք, որ Հիսուս Քրիստոսը Մարմին ու Արյուն առավ Գաբրիել հրեշտակի ավետումով, Մարիամ Կույսի վրա Սուրբ Հոգու հովանի լինելուց հետո. «Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի Որդի ու Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի»։
Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծո Որդի կկոչվի» (Ղուկաս 2.31-35):
Ասել կուզի` Հիսուսի Արյունը կուսական է ու անապական, սրբասուրբ ու աստվածային։
Բայց ահա եկել են վերջին օրերը, երբ մարդիկ հավատից սառել ու հեռացել են, ու Աստված ամեն բան անում է, որ այդ մարդկության մարմրող հավատի կայծերն իսպառ չմարեն, այլ իր կենդանությունը պահի, մինչև մաքրագործող Հրեղեղը կգա նորոգելու այս մեղքով ապականված աշխարհը։ Նույնիսկ մոլորյալ աղանդավորներ կան, որոնք Մարիամ Աստվածածնի հետագա կուսությունը կասկածի տակ են դնում, ու նրան էլի մարդկային զավակների մայր են դարձնում Հովսեփի միջոցով։
Առաքելահիմն եկեղեցիների ավանդություններում ընդունված է համարել, որ իբր սուրբ Հովսեփն ամուսնացել է կույս Մարիամի հետ, երբ արդեն մեծահասակ տարիքում էր, և մինչ այդ ամուսնացած է եղել և ունեցել է չորս տղա և երկու աղջիկ։ Բայց կինը շուտ է մահացել, և նա վաթսունն անց ամուրի է եղել, այդ պատճառով սրբապատկերներում սուրբ Հովսեփին նույնիսկ զառամյալ տեսքով են նկարել։ Նախկինում այս մասին կարդալիս, չգիտես ինչու, հոգիս ներքնապես ընդվզում էր նման ավանդության ճշմարտացիության դեմ, մինչև որ կարդացի երանելի Մարիա Վալտորտայի տեսիլային գիրքը, ու ամեն ինչ տեղն ընկավ։ Այնտեղ արդար Հովսեփը ներկայացված էր որպես երեսնամյա նազովրեցի տղամարդ։ Իսկ նազովրեցի են անվանել այն «կույս ու անարատ» տղամարդկանց, որոնք երբևէ կանանց հետ չեն խառնակվել ու աշխատել են ծառայել միայն Աստծուն ի բարօրություն մարդկանց։
Դե, իսկ մեր եղբայր բողոքականները միանգամայն այլ կերպ ընկալեցին սուրբ ընտանիքի իրողությունը, և այնքան տրվեցին իրենց բանական (ռացիոնալիստական) մտածելակերպին, որ Տիրամորն էլի երեխաներ ծնած մայր համարեցին։ Այս առիթով ասենք, որ Հայոց եկեղեցին թվարկում է յոթ մահացու մեղքեր, որոնցից վերջինն անվանում են բղջախոհություն, որը բացատրվում է որպես պղծախոհություն, երբ մարդը մտքով պիղծ բաներ է խորհում և չի ապաշխարում դրանց համար, այլ հակառակը, ընդունելի ու հարազատ բան է համարում։ Ըստ իս, բողոքականությունը Տիրամոր հարցում ճիշտ այդ մահացու մեղքի մեջ է գտնվում, որովհետև Ամենասրբին ու Կատարյալին իրենց նանիր մտքերով նսեմացրել են մինչև հասարակ կնոջ՝ ադամական մեղավոր սերմից էլի երեխաներ ծնելու ցածրակարգ աստիճանի։
Եթե իսկապես Տիրամորը, ըստ Ավետարանի, համարում ենք Երկնային Ամուսնուց՝ Սուրբ Հոգուց հղացված Մայր Հիսուսի, ապա ստացվում է, ըստ բողոքական մտածելակերպի, Մարիամը երկու ամուսին է ունեցել, եթե Հովսեփից նույնպես երեխաներ է ունեցել. այսինքն` բողոքական մոլորյալ քրիստոնյաների կողմից «սուրբ» բազմակնություն է քարոզվում։ Բայց չէ՞ որ հրեշտակը Մարիամին ասաց. «Որդի կծնես…», այլ ոչ թե որդիներ ու դուստրեր։
Իսկ ավետարանական խոսքի բառացի հասկացությունից մոլորված Հիսուսի եղբայր բողոքականներին հիշեցնենք, որ մեր հարազատ եղբոր կամ քրոջ զավակներին մենք հաճախ ուրիշներին որպես մեր եղբայր ու քույր ենք ներկայացնում, այդպես չէ՞, քանզի մեր ամենամոտ հարազատներն են նրանք։
Կարծում եմ, որ Մարիամի հավետ կուսության չափազանց կարևոր հարցում բողոքականներն ապաշխարության մեծ կարիք ունեն, որպեսզի իրենց ապականված խոհերը մինչև իսկ Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի չտանեն։ Քանզի Հայրը և Որդին սիրում են Սուրբ Հոգու Հարսին և չեն հանդուրժի նրանց ներկայությունը Երկնքում, ովքեր չեն կիսում Նրանց Սերը Կույս Մարիամի հանդեպ: Եվ այդ է պատճառը, որ առաքելահիմն եկեղեցին Մարիամ Կույսին անվանել է. «Սուրբ Հոգու անհարսնացյալ հարս», իսկ Հիսուսին՝ «Անհայր երկրի վրա և անմայր երկնքում»։
Ասվածը լրացնելու և հաստատելու համար տեղեկանանք, որ Տեր Հիսուս Քրիստոսը 1930 թվականի հունիսի 12-ին հայտնեց քույր Լուչիային` Պորտուգալիայի Ֆաթիմա գյուղում, 1917 թվականի Աստվածամոր երևման վերջին տեսանողուհուն, որ Մարիամ Աստվածածնի Անապական Սրտի դեմ մարդկությունը գործում է հետևյալ մեղքերը.
1. անարգանք Նրա Անապական հղացման դեմ,
2. անարգանք Նրա Կուսության դեմ,
3. Իր Աստվածային Մայրության անարգելը և մերժելը, որ Ամենասուրբ Կույսը համայն մարդկության Մայրն է հանդիսանում,
4. Անապական Մոր հանդեպ մանկական սրտերում անտարբերություն, անհարգալից վերաբերմունք և նույնիսկ ատելություն սերմանելու ձգտում,
5. Նրա սրբազան պատկերները վատաբանելն ու անարգելը:
Այդ պատճառով Աստծուց հետո ամենաշատը Կույս Մարիամին մեծարող ու պատվող սուրբ Հովսեփին կաթոլիկ եկեղեցում համարում են մահվան ժամանակ ամենաապահով բարեխոսը, ինչպես և ընտանիքների պահապան սուրբ։
Այս ընդարձակ առաջաբանը գրեցինք, որ նախ իմանանք, ապա համոզվենք, որ Հիսուսի Արյունը կուսական ու անապական է, Կույս Մարիամից ժառանգած։
Իսկ հիմա ծանոթանանք Աստծո մեծախորհուրդ հրաշագործությանը, որն առնչվում է Հիսուսի Արյանը, որ տկարացածները հավատան Հիսուսի քավչարար Արյանն ու արարչական գաղտնիքներից ամենախորախորհրդավորին, որ վերահաստատվեն կենարար հավատի վրա։
Բոլոր արարվածներից առաջին անգամ կենդանու արյուն թափվեց Ադամի երկրորդ որդու՝ Աբելի կատարած գառան զոհաբերությամբ, ինչն ընդունելի եղավ Աստծուն, որովհետև մեղավոր մարդու և արդար Աստծո միջև պետք է քավչարար արյուն լիներ։ Իսկ մարդկային արյուն առաջին անգամ թափվեց հենց այդ զոհաբերողի՝ արդար Աբելի արյունը, որին սպանեց իր եղբայրը` Կայենը։
Իսկ արյան կարևորությունը շեշտելու համար Տերն ասել է. «Կենսատու արյուն պարունակող միս չուտեք, քանզի Ես էլ ձեր կենսատու արյունը կպահանջեմ: Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը, որովհետև Աստծո պատկերով եմ ստեղծել Ես մարդուն» (Ծննդոց 9.4-6):
Հնում հրեաները, ըստ Մովսիսական օրենքի, իրենց կատարած մեղքերի համար քավության նոխազ էին մորթում, որի արյունով մաքրվում էին իրենց մեղքերից։ Ինչպես Պողոս առաքյալն է շեշտել. «Գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում ըստ օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում: Եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել Արյունը Քրիստոսի, - որ հավիտենական Հոգու միջոցով Ինքն Իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9. 14-22)։
Իսկ մենք՝ քրիստոնյաներս, ինչպե՞ս կարող ենք այժմ հաղորդակցվել Քրիստոսի այդ քավչարար Արյան հետ։ Մարդկության համար այդ ամենակենսական ու կարևորագույն հարցը լուծվում է սուրբ Պատարագով, որը հաստատվել է ավետարանական հետևյալ խոսքի վրա. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26. 26-28)։
Իսկ մեկ այլ տեղում Տերն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ» (Հովհ. 6. 55)։
Բայց, դժբախտաբար, այժմ քրիստոնյաների մեծ մասն իր անհավատության կամ էլ տգիտության պատճառով զանց է առել այս ամենակարևոր խորհուրդը և սուրբ Հաղորդությամբ չի ճաշակում իր մեղքերի համար պատարագված Քրիստոսի Մարմինն ու Արյունը, և մնում է սեփական մեղքերի դատապարտության տակ։
Իսկ հիմա կարդանք մեր ժամանակների քրիստոնյա գիտնական Ռոն ՈՒայթի մի հայտնագործության վկայությունը` կապված Հիսուս Քրիստոսի Արյան առեղծվածի հետ։
«Չորացած արյունը մեռած արյուն է. այդ մասին բոլորը գիտեն, այդպես չէ՞։ Կարելի է փարավոնի մումիայի արյան անալիզ անել, դրա հետ կապել որոշակի բաներ, բայց անհնար է անալիզի ենթարկել քրոմոսոմների համար։ Համենայն դեպս, այն մեթոդներին, որ ես ծանոթ եմ, գիտեմ, որ քրոմոսոսային անալիզ անհնար է կատարել մեռած արյան հետ։ Օրինակ, կարելի է հայտնաբերել ԴՆԹ-ն (ժառանգականության հիմնական նյութն է), բայց ոչ քրոմոսոմային դասակարգումը կամ բաղադրությունը։ Դա կատարվում է միայն կենդանի արյան սպիտակ գնդիկների հիման վրա. այս մասին բոլոր գիտնականները գիտեն։ Եվ այսպես, որպեսզի այդ անալիզը կատարեն, ես Հիսուս Քրիստոսի վարշամակի վրայից վերցրել էի Տիրոջ չորացած Արյան մի փոքրիկ նմուշ (իսկ թե ինչո՞ւ եմ հեղինակս այդ հոդվածի Արյուն բառը այստեղ մեծատառով գրում, հիմա ինքներդ կիմանաք), որը հետս տարա Իսրայել ու հարցրի Երուսաղեմի հնագիտական դեպարտամենտի մարդկանցից, թե որտեղ է իրենց մոտ ամենալավ լաբորատորիան, որին կարելի է վստահել։ Նրանք ասացին գերժամանակակից սարքավորումներ ունեցող մի լաբորատորիայի տեղը։ Տարա Արյունն այնտեղ ու ասացի. «Խնդրում եմ, հետազոտեք այս Արյունը և ասեք ինձ ամեն բան, ինչ հնարավոր է իմանալ ձեր սարքավորումների միջոցով»։
Նրանք ասացին. «Լա՛վ, մենք ամեն հնարավոր տվյալ կհետազոտենք այս Արյան նմուշի մասին։ Նախ` կթողնենք այն 72 ժամ աղային լուծույթի մեջ, մարդու մարմնի ջերմության աստիճանում պահելով»։ Դա սովորական նորմալ գործողություն է։ Ես խնդրեցի, որ երբ 72 ժամ հետո սկսեն Արյան հետազոտությունները, ինձ թույլ տան, որ ես էլ ներկա լինեմ։ ՈՒ երեք օր հետո, այսինքն` 72 ժամ անց, ես վերադարձա, երբ նրանք արդեն սկսել էին Արյան անալիզ կատարել։
Հետազոտությունից հետո ինձ ասացին. «Սա մարդու Արյուն է. դա հաստատ է։ Ամեն հնարավոր տվյալներ վերականգնեցինք այդ Արյան մասին»։ Հետո ես ասացի նրանց. «Վերցրեք սպիտակ արյան գնդիկներն ու պահեք 48 ժամ մարդու ջերմաստիճանի սահմանում»։
Նրանք ասացին. «Միտք չունի այդ, որովհետև Արյունը մեռած է»։ Ես պնդեցի, որ նրանք այդ անեն ինձ համար։ Նրանք ասացին. «Լա՛վ, այդ էլ կանենք»։ Ես դարձյալ խնդրեցի, որ իմ ներկայությամբ սկսեն հետազոտությունը։
Երբ երկու օր հետո եկա լաբորատորիա, տեսա, թե ինչպես են մանրադիտակի տակ հետաքրքրությամբ նայում տվածս Արյան նմուշը։ Հանկարծ գիտաշխատողը զարմացած գլուխը բարձրացնելով կանչեց մեկ ուրիշին։ Նա էլ մանրադիտակով սկսեց ուշադիր նայել, ու շտապ կանչեցին լաբորատորիայի վարիչին, և մի քանի րոպե իրար հետ եբրայերենով ինչ¬որ բան էին խոսում։ Հետո դառնալով ինձ` ասացին. «Միստր ՈՒայթ, այս Արյան մեջ միայն 24 քրոմոսոմ կա։ Բայց մենք գիտենք, որ մեզնից յուրաքանչյուրը 46 քրոմոսոմ ունի՝ 23-ը` մորից, 23-ը` հորից։ Դրանցից 22 աուտոսոմները մորից են, 22 աուտոսոմները՝ հորից, գումարած X (իքս) քրոմոսոմ մորից և X (իքս) կամ Y (իգրեկ) քրոմոսոմ հորից։ Բայց այս Արյան մեջ 23 քրոմոսոմ կա մորից, և ընդամենը մեկ Y (իգրեկ) քրոմոսոմ»։ Երեխան չէր կարող զարգանալ, եթե մայրական աուտոսոմ չունենար։ Այս Արյան Տիրոջ բոլոր ֆիզիկական բնութագրումները կազմավորվել են մայրական կողմից` մայրական աուտոսոմներով։ Իսկ տղամարդկանց սեռը որոշվում է մեկ Y քրոմոսոմով, որը ստացել է ոչ մարդուց»։ Հետո նրանք ավելացրին. «Այս Արյունը կենդանի՛ է»։ Ապա դրանից հետո հարցրին. «Ո՞Ւմ Արյունն է սա»։ Արցունքներս հազիվ զսպելով` ասացի. «Սա ձեր Մեսիայի Արյո՛ւնն է…»։
Այս ամենից հետո անհրաժեշտ է նաև համառոտ տալ Մեսիա անվան բացատրությունը։ «Մեսիան» եբրայերեն բառ է, որը թարգմանվում է «Օծյալ», իսկ հունարեն` Քրիստոս։ Հրեաները, ըստ հինկտակարանային մարգարեական խոստման, որ Նրան Կո՛ւյսը պետք է ծնի, սպասում էին Օծյալ-Մեսիայի գալստյանը, Ով պետք է ազատագրեր Իսրայելն ու հավիտյան թագավորեր նրա վրա։ Մարիամ կույսը հղիացավ Սուրբ Հոգով, Տերը ծնվեց, բայց հրեաներն այդպես էլ չհավատալով, որ Նա սպասված Մեսիան է, խաչեցին։ Իսկ ահա հայերս առաջինը բոլոր ազգերից հավատացինք, որ Նա Աստծո Որդին է, Նրան որպես Թագավոր ու Տեր ընդունեցինք։
Մնում է Տիրոջ Սուրբ Արյան պահպանության տակ մտած մերօրյա հայորդիներս մեր ունեցած հավատով ու դրա պտուղներով ապացուցենք, որ մեր սուրբ նախնիների արժանի հետնորդներն ենք, հավատարիմ Հիսուս Քրիստոսին. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ