«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աշխարհամատրան կամ Սուրբ տաճարը

Աշխարհամատրան կամ Սուրբ տաճարը
15.12.2012 | 19:27

(սկիզբը` այստեղ)

Տիրոջ սուրբ Գերեզմանի մուտքի ճիշտ դիմաց հույներին պատկանող գմբեթավոր բարձր սրահ կա, որը կոչվում է «Աշխարհամատուռն»: Այսպես է կոչվում, որովհետև այստեղ են գալիս համայն քրիստոնեական աշխարհից: Սա առաջին մատուռն է, որ հիմնեցին առաքյալները: Այն ամենամեծն է բոլորից ու շքեղությամբ չի զիջում լատինների սրահներին:
Մտնելուն պես առջևդ մոմ վառելու մի ցածրիկ տեղ կտեսնես, իսկ կողքին շրջանաձև, մոտ կես մետր բարձրությամբ մի քարե ծաղիկ. դա հույների պնդումով, այսպես ասած, աշխարհի «պորտն» է: Իսկ եթե գլուխդ վեր բարձրացնես, ապա կտեսնես հսկայական գմբեթով մի խճանկար, Տիրամոր, հրեշտակների, քերովբեների և սերովբեների պատկերներով, իսկ մեջտեղում Հիսուսին, Որն աջ ձեռքը բարձրացրած՝ ասես օրհնում է բոլոր այստեղ մտնողներին: Այդ մեծ խճանկարը, որ հունարեն կոչվում է պանտոկրատոր ու կարծեմ թարգմանվում է Ամենակալ, Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հոյակերտ Այա Սոֆիա տաճարում եղած Հիսուսի պատկերի նմանակն է:
Սրահի դիմաց, ըստ ուղղափառ եկեղեցու սովորության, սրբապատկերների մի պատ է հառնում, որը բաժանում է ժողովրդին սուրբ սեղանից: Այս ձևը յուրահատուկ է միայն հունադավաններին, իսկ մյուս քրիստոնեական եկեղեցիների սուրբ սեղանները բաց են ժողովրդի առաջ, որովհետև պատարագի խորհուրդը Հիսուսը բոլոր առաքյալների առջև կատարեց ու ծածկաբար ոչինչ չարեց:

ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Այստեղ հետ շրջվենք ու մեր կանգնած տեղից դեպի արևմուտք նայենք, որտեղ մեր օրհնյալ Տիրոջ հարության սուրբ Գերեզմանն է: Այս դատարկ Գերեզմանի խորհուրդն էր, որ Պողոս սրբազան առաքյալին բացականչել տվեց. «Մահը կուլ գնաց հաղթությանը: Ո՞Ւր է, մա՛հ, քո հաղթությունը ո՞ւր է, դժոխք, քո խայթոցը»: Եվ ավելացնում է. «Գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Ա. Կորնթ. 15.55-57): Համայն մարդկության համար ուրիշ ի՞նչ ավելի կարևոր բան կա, քան մահվան խնդիրը: Մարդկային հանճարն ամեն բարձունքի հասավ, բայց ահա մարդը ամենակուլ մահվան առջև այդպես էլ ծնկած ու անզոր մնաց: Նույնիսկ մտքով հանճարներն ու գործով զորավորներն ընկճվեցին մահվան առաջ և տկարանալով հող ու փոշի դարձան: Բայց ահա մեզ նման մարմնի մեջ ապրող Մեկը հայտնվեց և համարձակվեց ասել ի լուր աշխարհի. «Ես եմ հարությունն ու կյանքը։ Նա, ով ինձ հավատա, թեպետ և մեռնի, պիտի ապրի» (Հովհ. 11.25): Այս Հիսուսն ասաց Ղազարոսի հարությունից առաջ, և ապա հաստատեց՝ կանգնելով չորս օրվա մեռելի գերեզմանի դեմ, և Տիրաբար հրամայելով. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, արի՛» (Հովհ 11.43): Եվ Ղազարոսը կանգնեց մեռելների միջից: Փա՜ռք Քեզ, Տեր, փա՜ռք քեզ, օրհնյալ ու մեռելներից հարություն տվող խոսքիդ համար, որ ելավ Քո սուրբ և անսուտ շրթունքներից: Տո՛ւր, որ բոլոր հայորդիներս էլ լսենք այդ երանավետ ձայնդ, և լույս հարության օրը մենք էլ հառնենք մեռելների միջից:

Իսկ սուրբ Գերեզմանի մասին գովության խոսքը թող շարունակի աստվածաբան Վարդան վարդապետը. «Մարգարեների հույլը նախագուշակ տեսիլքով հայտնեց աստվածաբնակ Գերեզմանի վեհությունը, որովհետև այն ավելի գեղեցիկ է, քան արևն աշխարհի մեջ: Այն ավելի բարձր է, քան վերին եթերը, և ավելի վեր, քան քերովբեական ահեղակերպ Աթոռը: Արդար մարդոց համար այն ավելի ցանկալի է, քան Եդեմի աստվածատունկ դրախտը, և ավելի ախորժելի, քան աշխարհի թագավորությունն ու նրա ամբողջ փառքը: Որքա՜ն զարմանալի է սուրբ Գերեզմանի խորհուրդը, որովհետև նրա պատկերը միշտ հավատացյալների աչքի առջև է, իսկ նրա հիշատակը երբեք չի հեռանում նրանց սրտից: Բոցեղեն սերովբեները բուռն բաղձանքով համբուրում են նրա քարերը և չեն ուզում հեռանալ նրա դռնից, միշտ սոսկում են նրա խորհուրդից, որովհետև գոյերի անընդգրկելին պարփակվեց նրա մեջ: Լուսեղեն զորքերը խոնարհված ու դողալով նայում են նրան ու վախով երկրպագում են նրա վրա դրված ու կնքված կափարիչին: Երկնային նահապետությունները, խումբ կազմելով նրա շուրջը, գեղեցիկ ձայնով օրհնաբանում են Հոր Բանը, որ այնտեղ դրվեց հանգչելու՝ ըստ մարգարեների նախագուշակությունների:
Նա լուսավոր Հոր կամքը կատարեց, և Ինքն էլ հանգստացավ բոլոր գործերից: Քանզի շաբաթ նշանակում է հանգիստ, և նույն շաբաթ օրն էլ հանգստացավ Տերը տապանի մեջ: Աստված ճշմարտապես դրվեց երկրի սրտում, ըստ այն հոգեպատում երգի, որ ասում է. «Ինձ ներքին գբի մեջ դրին», «Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է»: Իսկ Հակոբն ասում է. «Բազմելով ննջեցիր իբրև առյուծի կորյուն»(Ծն. 49.9): Այս պատճառով անմահ լուսերամների գնդերը ժայռի վրա նստած՝ ցնծությամբ Գերեզմանն էին գրկում խնդությամբ, զվարճանալով նորոգվում էին նորափոր ժայռի մեջ դրված Նրա մարմնին քսված յուղի հոտն առնելով: Նրանք հոգեղեն երգեր պիտի երգեն մինչև Նրա երկրորդ գալուստը՝ գոհաբանելով մարդացյալ Աստծո Որդու փառքը. բուռն կերպով պետք է ցանկան նույն Իրեն՝ Խաչյալին տեսնել, համբուրել Նրան, որովհետև Խաչյալ Աստծո զորությունը անբաժանելի կերպով միանում է Նրանում.
Գերեզման է, բայց նաև կենդանության բնակարան:
Գերեզման է, բայց նաև մեռյալների հարություն:
Գերեզման է, բայց նաև դժոխքի ավերում:
Գերեզման է, բայց նաև սգավորների մխիթարություն:
Գերեզման է, բայց նաև երկնավոր հարսնարան:
Գերեզման է, բայց նաև արդարության արեգակի արևմուտք:
Գերեզման է, բայց նաև լույսի արևելք:
Գերեզման է, բայց նաև կենսատունկ բարձրացնող:
Գերեզման է, բայց նաև անընդգրկելի հաստատություն:
Գերեզման է, բայց նաև լույսի վայր:
Գերեզման է, բայց նաև արդարների հանգստարան:
Գերեզման է, բայց նաև հրեշտակների բնակարան:
Գերեզման է, բայց նաև Եդեմից ավելի պայծառ:
Գերեզման է, բայց նաև երկնքից ավելի բարձր:
Այն ապաշխարողների ապավենն է:
Այն մեղավորների ապաշխարությունն է:
Այն Աստծո բնակարանն է երկրի վրա:
Այն երկնային աթոռին հավասար է:
Այն եկեղեցու գլուխն է:
Այն հավատքի հիմքն է:
Այն հույսի սյունն է:
Այն սիրո հաստատումն է:
Այն քրիստոնյաների պարծանքն է:
Այն հավատացյալների պարիսպն է:
Այն հոգիների քավարանն է:
Քահանաները այն պաշտում են:
Հրեշտակները նրան երկրպագում են:
Նրանով է շարժվում ամբողջ տիեզերքը:
Երկնային բոլոր զորքերը իջնում են այն պաշտելու:
Դևերի բանակները նրա միջոցով հալածվում են:
Անմատույց Լույսը այստեղ է մտել:
Այս է երկինքը, և արարածները սրա մեջ իրար են հանդիպում:
Այս է երկիրը, և հրեշտակները սրա մեջ են իջնում:
Այս եղավ սուգի պատճառ, բայց հույսի ավետիսը այստեղից տարածվեց բոլորին:
Այստեղից ցույց տրվեց արքայության ճանապարհը:
ՈՒստի նրա մոտ արթնանանք խոստովանությամբ, սաղմոսներով դիմենք նրան:
Եկեք երկրպագենք նրան, ընկնենք ու լաց լինենք մեր Արարիչ Տիրոջ առջև, որ սրա մեջ թաղվեց, որպեսզի ստանանք ողորմության շնորհը, որ միշտ սփռվում է այստեղից:
Համբուրենք այն և գոհանալով վայելենք անեզր ցնծությունը, փառք և բարեբանություն մատուցենք մարդացյալ մեր Աստծուն, այժմ և հավիտյան. ամեն»:
Աշխարհում քանի՞ ազգ գիտես: Հարյուրավո՞ր, ճիշտ է: Քանի՞ մարդ կա հիմա երկրագնդի վրա. մոտ յոթ միլիա՞րդ, ճիշտ է: Եվ այդ բոլոր ազգերից, լեզուներից ու ցեղերից Տերը հաճո գտավ մեր ազգին իրավունք շնորհել առաջինը կրելու Իր սիրելի ու Միածին Որդու անունը, մկրտելով Իր ընտիր ծառա Գրիգոր Լուսավորչի ձեռքով Իր իսկ տնկած Եդեմի դրախտի չորս գետերից մեկում` Եփրատում (Արածանիում, որ սրա վտակն է): Այդ պահին, որպես երկնային նշան՝ հորդահոս գետը դադարեց հոսելուց (ինչպես մի ժամանակ Հորդանանը հրեաների համար), իսկ մկրտվողների գլխավերևում ամբողջ ժամանակ լուսեղեն Խաչն էր հուրհրատում՝ իբրև երկնային օրհնության կնիք: ՈՒրիշ էլ ի՞նչ ազգի համար ես լսել (Աստծո ժողովրդից բացի), որ այսքան բարիքների գոնե կեսը կատարված լինի: Դժվար թե լսած լինես, որովհետև չկա՛: Եվ ահա Արարիչ Տերը մի գործ է սկսել մեր մեջ ու արդեն քսան դար շարունակում է այն: Մի ազգի, որ դարերով չուներ պետականություն, բայց Տերն այս Սուրբ երկրում զորավորներից զորավորներին բաժնեկից է արել:

(շարունակելի)
Երուսեղեմի սուրբ Հակոբյանց վրարժարանի կրոնի ուսուցիչ Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ