Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեռահաղորդակցության ոլորտում 200 մլն-ը ներծծվե՞լ է

Հեռահաղորդակցության  ոլորտում 200 մլն-ը ներծծվե՞լ է
14.05.2013 | 11:20

ԱՎԾ-ի ու տրանսպորտի և կապի նախարարի խոսքերն իրար չեն բռնում։ Երևի թե նախապես չպայմանավորվածության հետևանք է, ո՞վ գիտի։
Ակնհայտ է մի բան. ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի համաձայն, 2012-ի վերջին եռամսյակում ՀՀ հեռահաղորդակցման ոլորտում ֆրանսիական ծագմամբ ներդրումը կազմել է 200 մլն դոլար։ Սա զգալի աճ է, սակայն լրատվամիջոցներից մեկում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է այդ ներդրումը կատարել և ինչ տեսքով, ասել է. «Նման որևէ ներդրում չկա»։
Այս գլուխկոտրուկը փորձեցինք հեռախոսազանգով պարզել ԱՎԾ-ի միջոցով, բայց ինքներս ընկանք մեկ այլ գլուխկոտրուկի մեջ։ ԱՎԾ-ից փորձեցինք ճշտել` ինչո՞վ է պայմանավորված երկու պետական մարմինների տեղեկատվության անհամապատասխանությունը։ Մեր հարցը խորհուրդ տվեցին պարզել հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարինե Մուշեղյանի միջոցով։ Այս բաժնում մեզ տեղեկացրին, որ բաժնի ղեկավարը մեկ շաբաթից կլինի, և խորհուրդ տվեցին հարցը ճշտել մակրոտնտեսական բաժնից։ Այստեղից մեզ, ինչպես ռուսը կասեր` «отфутболили» շինարարության բաժին` նշելով, թե հնարավոր է հեռահաղորդակցության ոլորտում ներդրումները կատարված լինեն շինարարության մասով։ Նախապես բացառելով այդ վարկածը (քանի որ 200 մլն դոլարն ասեղ չէր, որ կորչեր, և եթե հեռահաղորդակցության ոլորտում գործող երեք ընկերություններն այդ գումարով շինարարություն իրականացնեին, թույլ չէին տա, որ վրիպեր լրատվության աչքից), այնուհանդերձ, դիմեցինք ԱՎԾ-ի շինարարության բաժնին։
Սակայն այս դեպքում հարցրինք, թե 2012-ին հեռահաղորդակցման ոլորտում շինարարության մասով ներդրումներն ավելացե՞լ են, թե՞ նվազել։ «Մեր մասով նշված ոլորտում 2012-ին ներդրումների աճ չի եղել, հակառակը, գրանցվել է նվազում»,- հեռախոսազրույցում պարզաբանեցին ԱՎԾ-ի շինարարության բաժնից և խորհուրդ տվեցին հարցը հստակեցնել ուղղակի ներդրումների տեսանկյունից։ Այլ կերպ ասած, «դարձ ի շրջանս յուր», քանի որ հարցը պետք է նորից ուղղեինք մակրոտնտեսական բաժնին։ Այն նույն բաժնին, որտեղից մեզ խորհուրդ տվեցին կապվել շինարարության բաժնի հետ։
Այս ամբողջ շրջապտույտում պարզվեց մի բան, որ ԱՎԾ-ն հմուտ է նաև հարցը «յան տալու» մեջ։ Բայց արդյո՞ք դրանից ներդրումների իրական պատկերը կփոխվի։ Եթե այդպիսով ներդրումների ծավալը կավելանա, ապա մենք պատրաստ ենք ամեն օր, հանուն մեր երկրի տնտեսության զարգացման, զանգահարելու ԱՎԾ-ի բոլոր բաժիններ` թող միայն ասեն։
Համենայն դեպս, ԱՎԾ-ի բաժիններով մեր «շրջագայությունը» փաստեց` ինչ-որ բան այստեղ այն չէ։ Եվ գուցե չեն սխալվում լրատվամիջոցներն ու ժողովուրդը, որ ԱՎԾ-ն զբաղված է ցուցանիշների նկարչությամբ։ Եվ երևի թե «ստեղծագործական տարերքում» ԱՎԾ-ն մոռացել էր հեռահաղորդակցման ոլորտում 200 մլն դոլարի ֆրանսիական ծագմամբ ներդրման շուրջ նախապես պայմանավորվել տրանսպորտի և կապի նախարարության հետ։ Մեր հերթին փաստենք, որ Հայաստանում ֆրանսիական ծագմամբ հեռահաղորդակցման մեկ` «Օրանժ» ընկերություն է գործում, և այլ ընկերություն այս ոլորտում դեռևս ի հայտ չի եկել։ Իսկ «Օրանժ» ընկերությունն անցած տարի չի հայտարարել իր 200 մլն դոլարի ներդրման մասին։ Լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, նման ներդրում չեն իրականացրել նաև «ՎիվաՍել» և «Բիլայն» ընկերությունները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ