«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Կարևոր հարթակ պետության և մասնավոր հատվածի համագործակցության համար»

«Կարևոր հարթակ պետության և մասնավոր  հատվածի համագործակցության համար»
19.09.2014 | 11:42

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԸ:

-Այս տարի անցկացվում է 10-րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Ըստ Ձեզ, այս տարիների ընթացքում այն արդարացրե՞լ է իրեն, ի սկզբանե «ԴիջիԹեքի» հիմքում դրված նպատակներն իրականացվե՞լ են:
-«ԴիջիԹեք» ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի վերջին ձեռքբերումները, ստեղծել բարենպաստ գործարար միջավայր տեխնոլոգիական ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը տեխնոլոգիական ոլորտում, ընդլայնել միջազգային կապերը, հաստատել նոր գործարար կապեր, խթանել տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը տնտեսության այլ ճյուղերում` բարձրացնելով վերջիններիս մրցունակությունն ու արտադրողականությունը: Կարծում եմ` պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության արդյունքում «ԴիջիԹեք» ցուցահանդեսի առջև դրված նպատակները հաջողությամբ իրականացվել են: Այդ մասին է վկայում նաև այն, որ տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների թիվը: Այսպես, եթե 2005 թվականին ցուցահանդես էր այցելել 5000 մարդ, ապա 2013-ին այցելուների թվաքանակը շուրջ 24000 էր:
-Ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս ցուցահանդեսը Հայաստանի տնտեսությանը և ՏՀՏ ոլորտին:
-Այն հայաստանյան տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, վերջին ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները տեսնելու հնարավորություն է տալիս:
«ԴիջիԹեք Էքսպո»-ն մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` միջազգային շուկայում բարձրանում է Հայաստանի` որպես զարգացած տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշը, բացի այդ, ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել: Ցուցահանդեսն ունի նաև կրթական նպատակ, մարդկանց ցույց տալու, որ տեխնոլոգիական զարգացումն ապագա ունի, և մարդկային կապիտալում ներդրումները կարևորագույն խթան են հանդիսանում մեր երկրի տնտեսության հետագա աճի և զարգացման համար:
-Գաղտնիք չէ, որ ապագան տեխնոլոգիական զարգացմանն է: Հայաստանը տեխնոլոգիական զարգացմանը խթանելու ուղղությամբ ի՞նչ է անում, և այդ հարցում ի՞նչ դեր ունի «ԴիջիԹեք» ցուցահանդեսը:
-2000 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը ճանաչվել է որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը` դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Ոլորտն այսօր ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար: Ներկայումս ՀՀ կառավարությունը տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական և վերազգային ընկերությունների հետ համատեղ իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնք նպաստում են տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտի բարձրակարգ կադրերի պատրաստմանն ու արդեն իսկ առկա մասնագետների հմտությունների կատարելագործմանը, նորարարական գաղափարների խթանմանը, սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, տնտեսության բոլոր բնագավառում ՏՏ նորարարական լուծումների ներդրման և օգտագործման մակարդակի բարձրացմանը:
Այս ամենին մեծապես նպաստում է նաև «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսը, որը կարևոր հարթակ է պետության և մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնման և համատեղ հեռանկարային նոր նախաձեռնությունների քննարկման համար:
-ՏՀՏ լուծումները տնտեսության այլ ճյուղերում կիրառելու խնդիր ունենք: Ի՞նչ է արվում այլ ճյուղերում նույնպես ՏՀՏ լուծումները ներդնելու ուղղությամբ:
-Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է տարեկան միջինը 22 % աճ, ինչը պայմանավորված է նաև ՏՏ ոլորտի արտադրանքի և ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշներով: Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղական շուկայում ևս ՏՏ արտադրանքի և ծառայությունների սպառման ծավալների աճը և տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը: Ավելին, ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել ՏՏ լուծումներն իր իսկ գործունեության մեջ կիրառելու ուղղությամբ, և մի շարք պետական մարմիններ արդեն իսկ հաջողությամբ ներդրել են նոր, անվտանգ ու բազմաֆունկցիոնալ էլեկտրոնային կառավարման համակարգեր` պետություն-քաղաքացի-մասնավոր հատված արդյունավետ շփման և կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացման համար: ՈՒստի կարևորում ենք, որ բիզնեսն ու տնտեսության տարբեր ճյուղերը, ՀՀ կառավարության օրինակով, նույնպես քայլեր կձեռնարկեն դեպի սպառողը կողմնորոշված բարձրորակ ծառայությունների ներդրման և զանազան պրոցեսների օպտիմալ կառավարման ուղղությամբ` կիրառելով հայաստանյան շուկայում մշակված և արտադրված ՏՏ նորարարական լուծումները: Այս գործում, կարծում եմ, էական նշանակություն ունեն նաև հանրության իրազեկմանը, ոլորտի գործարար կապերի ամրապնդմանը, տնտեսության այլ ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը նպաստող և տեխնոլոգիական ոլորտը համախմբող լայնածավալ միջոցառումները, որոնցից մեկն է նաև «Դիջիթեք» ցուցահանդեսը:
-Կառավարությունն ի՞նչ է անում մարզերում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ:
-ՏՏ ոլորտի տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է, օրինակ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հիմնման, Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար (WiFi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման և այլ ծրագրերը:
ՈՒրախությամբ նշեմ, որ 2014 թ. հունվարին գործարկվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որի տարածքում տեղակայվել են «Դ-Լինք» ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ ստեղծված, տարածաշրջանում դեռևս միակ հետազոտական կենտրոնը, ֆրանսիական «E-Works», ամերիկյան «Digital Pomegranate», ռուսական «GNC-Alfa» և «Corpors Lab» ընկերությունները: Կենտրոնում գործում են նաև «Նեյշնլ Ինստրումենթս» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ժամանակակից ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, մուլտիմեդիայի լաբորատորիաները, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ հիմնված մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիան, որոնցում առկա են բոլոր հնարավորությունները գործնական գիտելիքներ ձեռք բերելու համար:
Կենտրոնում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ` «Օբյեկտակողմնորոշված ծրագրավորում», «C++ ծրագրավորման լեզվի հիմքերը», «Ալգորիթմների տեսության հիմունքներ», «Անիմացիայի հիմունքներ և մեդիա դիզայն», «3D Max», «Adobe Photoshop», «Արվեստի հիմունքներ» և այլ թեմաներով: Նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ ճարտարագիտության, մուլտիմեդիայի, վեբ ծրագրավորման, մոբայլ լուծումների, գործարար հմտությունների և մաքուր տեխնոլոգիաների ուղղություններով:
Սույն թվականի հունիսից կենտրոնում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցների և վարժարանների աշակերտներին դասավանդվում են «Ցանցային հիմունքներ», «Ծրագրավորման հիմունքներ», «Անգլերեն» առարկաները: Ծրագրի նպատակն է ուղղորդել աշակերտներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտության ընտրության հարցում:
Երիտասարդների շրջանում ձեռներեցությունը զարգացնելու նպատակով կենտրոնում նախաձեռնվել է «Start-up ակումբը»: Ակումբի անդամները հանդես են գալիս նոր գաղափարներով, որոնք քննարկվում են ակումբի անդամների կողմից: Այն աջակցում է նոր գաղափարների գեներացմանը և սկսնակ ընկերությունների ձևավորմանը: Բիզնեսի զարգացման համար ակումբը կազմակերպում է նաև վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ ձեռներեցների հետ, որոնք կիսվում են իրենց փորձով և խորհուրդներով:
2014 թ. ընթացքում կենտրոնում կիրականացվեն նաև նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթներ, որոնց նպատակն է աջակցել տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին և թիմերին` մշակելու նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնելու վերոնշյալ տեխնոլոգիաները տարբեր գործընթացների բարելավման կամ զարգացման համար: Դրամաշնորհները կտրամադրվեն այն ծրագրերին, որոնք իրենց գործունեությունը կծավալեն Գյումրիում` գործելով կենտրոնի տարածքում, կամ այն ընկերությունների համար, որոնք պատրաստվում են ընդլայնել իրենց գործունեությունը Գյումրիում: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար է, առավելագույնը` 50000 ԱՄՆ դոլար: Այս տարի նաև մեկնարկել է մաքուր տեխնոլոգիաների ուղղությամբ գաղափարների դրամաշնորհային ծրագիրը` տրամադրելով մինչև 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ:
Միաժամանակ, հիմք ընդունելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված մոդելը` արդեն իսկ մեկնարկել է Վանաձորում համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու ծրագիրը:
Բացի այդ, ՀՀ կառավարության կողմից իրականացվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար (WiFi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է ՀՀ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրել ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր: Ծրագրի իրականացումը կնպաստի ինտերնետային հասանելիության ընդլայնմանը ՀՀ գյուղերում և հնարավորություն կընձեռի բնակչությանը օգտվելու անվճար ինտերնետից` իրենց Wi-Fi մոդեմով ապահովված սարքերով (դյուրակիր կամ պլանշետային համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ և այլն):

Զրույցը`
Էդուարդ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 2918

Մեկնաբանություններ