Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մշակութային գանձարա՞ն, թե՞ ժամանցային շարքային ռադիոալիք

Մշակութային գանձարա՞ն, թե՞ ժամանցային շարքային ռադիոալիք
28.10.2014 | 12:54

Հանրային ռադիո. լրատվական, մշակութային, ինչո՞ւ ոչ՝ նաև ռազմավարական նշանակության գործող, արարող մի մարմին, որի գործունեությանը, ցավոք, շատ հազվադեպ են անդրադառնում (հիմնականում՝ մայիսի 7-ին)։ Սա աններելի անտեսում է, հատկապես երբ շեշտվում է նրա 87-ամյա տարիքը (որտե՞ղ էիք հեռուստատեսություն և առավել ևս՝ համացանց), անցած հարուստ, տպավորիչ ճանապարհը, 17000 ժամ պարունակող ոսկե ֆոնդը. սա դարի հայ երևելիների ձայնային, գրական, երաժշտական ուրույն պանթեոն է, մշակութային գանձարան՝ Մատենադարանին համարժեք։
Մեկ ամսով հետաձգված անդրադարձ է սա. նախ՝ նոր եթերաշրջանի սպասումը կար (սեպտեմբերի 29-ից), հետո՝ նոր եթերաշրջանի նոր ծրագրերին ծանոթանալ էր պետք, նաև` վերջերս լրատվական «Ռադիոլուրը» «Ոսկե կողպեք» մրցանակին էր արժանացել անաչառ և բաց լրատվության համար, և, քանի որ քննադատության թիրախում այս ծրագրի որոշ լրագրողներն են, այդ շրջանում սույն հոդվածն առնվազն չկամություն կթվար (էականը լուրերի անաչառ մատուցումը չէ, այլ այն, թե ինչ ձայնային, լեզվական և հնչերանգային որակով է մատուցվում)։
Նոր եթերաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 29-ին, ՀՌ գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը շեշտեց երկու փաստ. ավելի օպերատիվ լինելու համար լուրերը հեռարձակվելու են կես ժամը մեկ, նաև՝ ծրագրերի տևողությունը կրճատվում է, քանի որ լարային ցանցի վերացումից հետո, իբր, ռադիո լսում են հիմնականում մեքենաների մեջ, ուստի այդ ռիթմին պիտի հարմարվեն։
Չանդրադառնանք լարային ցանցի դեմ նյութված դավադրությանը (իբր չի արդարացնում իրեն. տրամվայների վերացման պատմությունն է հիշեցնում)։ Ցավալին այն է, որ նման պատկառելի ֆոնդ, անունների տպավորիչ աստղաբույլ մեկտեղած մշակութային օջախի նշաձողը հավասարեցվում է նորաստեղծ, առավելագույնը՝ երկու տասնամյակի պատմություն ունեցող ժամանցային, անճաշակ, անհեթեթ ռադիոկայանների հետ։ Ինչի՞ համար է այս որակային գահավիժումը. այլ ռադիոկայաններից ունկնդիր որսալո՞ւ։ Այդ երբվանի՞ց է որակը ստորադասվել քանակին (եթե հարցը քանակն է, ապա «Ստերեո-ստուդիան» ունկնդիրների ահռելի բանակ ուներ, դա՞ ինչու փակվեց)։ Հանրային ռադիոն մտավոր զարգացման բարձր աստիճան, ճաշակ և հայրենասիրություն ունեցող ունկնդիրների ընտրյալ բանակ ունի, և հենց դրա մեջ են նաև ՀՌ-ի առավելությունն ու հպարտությունը, իսկ այս նոր աշխատաոճով՝ տասը րոպեն մեկ նյութից նյութ, ծրագրից ծրագիր թռչելով, կարծում եմ, իր որակյալ ունկնդրին կկորցնի։ Նման մոտեցումը վիրավորական է տանը, աշխատավայրում FM ալիքներով ռադիո լսողի համար։
Երկրորդ խնդիրը լուրերի կես ժամը մեկ հեռարձակելն է (երևի իրենց թվում է, թե նախկին՝ ժամը մեկ նույն լուրը ողջ օրը լսելով խեղճ ունկնդիրը անգիր չէր անում)։ Սա կարելի է համարել լրատվական ահաբեկչություն, որն ավելորդ կերպով ծանրաբեռնում է և՛ լրագրողներին, և՛ ունկնդրին, և, եթե նկատի ունենանք նաև լուրերի շուտասելուկային ոճը, ապա խեղճ ունկնդիրը հայտնվում է կրակահերթի տակ։ Լրագրողների զգալի մասին թվում է, թե առանց դադարի, առանց վերջակետի, առանց շունչ քաշելու, և, ներեցեք, առանց թուքը կուլ տալու տեքստը շփթփացնելով ռադիոլսողի գլխին թափելը վարպետության նշան է։ Եթե բոլորն այս կերպ եթեր մտնեին, կարելի էր կարծել, թե ռադիոյի ղեկավարության կողմից պարտադրված աշխատաոճ է. տեղավորվել սուղ րոպեների մեջ։ Սակայն, հետևելով Լուսինե Ղուկասյանի և հատկապես մեծարգո Վարուժան Օլքինյանի լուրջ, հավասարակշիռ, հարգալից ընթերցմանը, համոզվում ես, որ սա ընդհանուր ոճ չէ։ Այստեղ տեղին է նշել ՀՌ-ի կենդանի լեգենդներից (չզլանանք ճշմարիտ գնահատական տալ) երկուսի խոսքը: «Մենք հարգանք ունեինք և՛ միկրոֆոնի, և՛ մեր ձայնի, և՛ ունկնդրի նկատմամբ։ Մեզ կրթել են պատասխանատվության զգացումով։ Ես տեսել և սովորել եմ, թե ինչպես էր Հրաչուհի Ջինանյանը նստում միկրոֆոնի առաջ և ինչ առոգանությամբ էր կարդում»,- մի առիթով ասաց Անահիտ Նավասարդյանը։ «Ընդունված էր. եթե դու հինգ րոպեի ընթացքում տեքստն ընթերցելիս մի քանի անգամ սխալվում ես, ուրեմն դու անգրագետ ես, կարդալ չգիտես». սա էլ Սարգիս Նաջարյանի մայիսյոթյան խոսքերից էր։
Այո, նախկինում պատրաստված էին եթեր դուրս գալիս, հիմա եթերում են սովորում կարդալ՝ սղոցելով ունկնդրի նյարդերը, երբեմն այդպես էլ չսովորելով։ Չեմ կարող չշեշտել սուր ու տհաճ առոգանությամբ, առանց դադարների, և դարձյալ, ներեցեք, «լիքը» բերանով առանձնացող Ալիսա Գևորգյանին։ Վերջին երկու թերություններից զերծ չէ նաև, ցավոք, Մարիա Պապյանը, ով, եթե ձերբազատվի դրանցից, անմրցելի հաղորդավարուհի կլինի, թեպետ միշտ սխալ է արտասանում Հակոբ Ինջիղուլյանի ազգանունը՝ Ինջուղալյան։
Տարօրինակ նորամուծություն, ես կասեի՝ եթերային կարկատան է լուրերից հետո հնչող երկու լրագրողների՝ անընդհատ միմյանց անունը շեշտելով երկխոսությունը, որը, կարծես, ծավալվում է սուրճի սեղանի շուրջ, և որին ակամա հետևում է ունկնդիրը։ Բնական և հաճելի չի հնչում։ Բացի այդ, «լրատվական» լրագրողների մոտ «որպիսի» բառն արդեն դարձել է լեզվական աղետ։ Լևոն Գալստյանը բազմիցս անդրադարձել է այս մակաբույծ բառի զավթողական արշավին, բայց ՀՌ-ի գրեթե բոլոր լրագրողները շարունակում են տարօրինակ համառությամբ, թե տգիտությամբ այն գործածել «որպեսզի»-ի փոխարեն։
Մի փոքր էլ բառերի ճիշտ արտասանության, տեղին գործածելու մասին, ինչին միտված են ռադիոյի երկու ծրագրերը՝ «Խոսենք հայերեն» և «Մենք և մեր բառերը»։ Այո, Լևոն Գալստյանն ուսուցանում է խոսել մաքուր հայերեն, բայց նույն եթերում լրագրողները շարունակում են ասել՝ ի շնորհիվ, բարի առավոտ, ձեռնըպահ, ուղըղված, բշկական, Իռան, Իռաք, Գեռմանիա։
Երկու խոսք էլ «Մենք և մեր բառերը» հաղորդաշարի մասին. եթե այն ուսուցողական բնույթ ունի, ապա պիտի մատուցվի ավելի հանգիստ ոճով, բառի բացատրությունը չծանրաբեռնելով նույն բառի 5-6 լեզվով թարգմանված տարբերակներով, հարակից ոչ էական բացատրություններով չպետք է խճողել բառի իմաստը։ Երբեմն նյութն այնքան հապճեպ ոճով է մատուցվում, որ թվում է՝ կարդացողը լիարժեք չի ընկալում իր իսկ կարդացածը։ Նաև՝ հայերենում «հետարքիր» բառ չկա, ինչո՞ւ է այն հաճախ հնչում այս ծրագրի ընթացքում։ Հետաքրքիր է և տարօրինակ։
Նոր եթերաշրջանի դրական կողմերից է ճանաչողական միջանկյալ միջամտությունը. ո՞րն է Երևանի ամենակարճ փողոցը, ամենաերկար փողոցն ում անունով և քանի մետր է, որոնք են Մատենադարանի ամենամեծ և ամենափոքր ձեռագրերը, երկրի համար կարևոր շինությունների կառուցման մասին հակիրճ տվյալները, նաև՝ աշխարհահռչակ հայորդիների նշանակալի ներդրումը համաշխարհային մշակույթի և գիտության մեջ։ Հրաշալի է, որ նոր եթերաշրջանում շարունակում են հնչել մեր մեծերի մտքերից՝ դերասան Անդրանիկ Հարությունյանի ընթերցմամբ։
Նախկինում, եթե խոսք չկար, միայն երաժշտություն էր հնչում, ապա չէիր կարծի, թե հայկական ռադիո ես լսում. գրեթե ամբողջովին անգլո-ամերիկյան ռիթմեր էին եթերում, եթե չհաշվենք առավոտյան և երեկոյան 9.30-ին, ընդամենը 10-ական րոպե հնչող ժողովրդական և աշուղական երգերն ու կիրակնօրյա ազգագրական երգերի 10-15-րոպեանոց «համերգիկները»։ Նոր եթերաշրջանում հրաշալի է, որ հայկական ռադիոն ոչ միայն խոսում, այլև երգում է հայերեն։
ՀՌ-ի եթերում շահեկանորեն առանձնանում է Լուսինե Նազարյանի «Արմատներ» ծրագիրը, որի օրեցօր փարթամացող սաղարթը վկայում է մեր արմատների խորության, ամրության և հարատևության մասին։
Իր բարձրության վրա է եղել և կա մշակութային բաժինը՝ հանձին փորձառու, բարձրաճաշակ ղեկավար Օֆելյա Ասատրյանի. «Վերնատուն», «Գրական հանդիպումներ», «Մեկ դերասանի թատրոն», «Պոեզիա», նաև նոր՝ «100 տարվա լռություն», «Մեր մեծերի ձայնը», «Ռադիոդիմանկար» հաղորդաշարերով և Մերի Մոսինյան, Նաիրա Հայրապետյան հրաշալի լրագրողներով։ Այս հաղորդաշարերը հագեցնում են ունկնդրի մշակութային քաղցը, միայն թե կարճ տևողություն ունեն՝ 10-12 րոպե։ Տարիներ առաջ բանաստեղծ Ֆրունզիկ Կիրակոսյանը, երբ վարում էր ՀՌ-ի «Բյուրակն» ծրագիրը, դժգոհեց, որ երեսուն րոպեն քիչ է Չարենց ներկայացնելու, գրականություն ներկայացնելու համար։ Հապա ինչ կասեր ներկայիս 10 րոպեի մասին։ Սա ուղղելու ենթակա թերություն է. ավտովարորդների համար չեն այս ծրագրերը, իսկ գրասեր ունկնդիրներին այս ժամանակահատվածը չի բավարարում։ Շատերը հենց այս ծրագրերի համար են ՀՌ լսում, և պետք չէ ընտրյալ լսարան կորցնել։
Խրախուսել է պետք նաև «Լյուն-Սե» երիտասարդականի լրագրող Գոհար Ադամյանին։ Նրա օրինակը հուսադրում է, որ գրագետ, ճաշակով և կիրթ փոխարինող սերունդ կա ռադիոյում։ Սակայն ցավալի է, որ այնպիսի հրաշալի ծրագրավար, ինչպիսին Դավիթ Ղուլղազարյանն է (կենսախինդ ձայն, հրաշալի առոգանություն, ինտելեկտի և ճաշակի խտացում), գրեթե անհետացավ եթերից։ Նա իրավամբ կարող է զարդարել համաշխարհային հռչակ ունեցող ցանկացած ռադիոկայան։
Քննադատության չի դիմանում «Հատվող եթեր» ծրագիրը։ Նպատակն իսկապես գովելի է. անվճար գովազդել մշակութային օջախները, թանգարանները, անդրադառնալ դրանց թեպետ աննկատ, բայց հայրենանվեր գործունեությանը։ Նպատակային առումով՝ կեցցեն, բովանդակային առումով՝ սակայն... Հաղորդման գրող, հրապարակախոս հեղինակը հարցազրույցը հեղեղում է «այ», «ասենք», «էսպես» բառերով։ Չզլանալով՝ հաշվել եմ. 20-22 րոպեում օգտագործել (այն էլ հարց տալով, ոչ թե պատասխանելով) 30-35 «ասենք», 20-30 «այ», նույնքան էլ՝ «էսպես» բառերը, ներեցեք, արդեն հարցազրույց չէ, այն էլ՝ գրողի, հրապարակախոսի։ Իսկ փետրվար ամսին Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված հաղորդումն ուղղակի «հրավառություն» էր, մահափորձ՝ Տերյանի հիշատակին։ Հյուրը Տերյանի անվան թիվ 60 դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանն էր։ Ձևով՝ հարգալից, բովանդակությամբ՝ Տերյանին անհարիր մի երկխոսություն. մի կողմից՝ այ-երի և ասենք-ների շփոթ, մյուս կողմից՝ ուրեմ, բավականի, ի շնորհիվ, որպիսի (որպեսզի-ի փոխարեն), եփ որ, որտև, ձիպլոմ, Գեռմանիա, նախագան և այլն... Եվ սա դպրոցի տնօրենի խո՞սք է։ Սա ոչ թե հարգանք, այլ անարգանք էր լեզվի մաքրության հարցում այնքան նախանձախնդիր Տերյանի հանդեպ։
ՈՒշադրության արժանի է նաև «Թղթապանակ N» հաղորդաշարը, որի հանդեպ Հայաստանի կոմունիստական կուսակցության և հատկապես առաջին քարտուղարի լռությունը, չընդվզելն առնվազն տարօրինակ են։ Այդ ծրագրով ոչ այնքան անցյալի և հատկապես 30-ական թվականների արխիվային մութ էջերն են բացահայտվում (հիմնականում միակողմանի և խեղաթյուրված), որքան ակնհայտորեն սևացվում է խորհրդային ողջ հասարակարգը։ Կարծես պատվեր կատարելիս լինի Հայկ Մարտիրոսյանը՝ հայերենի ողջ բացասական բառապաշարը նետելով անցյալի վրա։ Պարոն, այդքան խիզախ եք, ոչ թե արխիվից հանեք և փորձեք պարզել, թե ինչո՞ւ 1925 թվին զոհվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, այլ պարզեք, թե ինչու կրակեցին Վարդգես Պետրոսյանի վրա, ինչպես և ինչու զոհվեց Մոնթեն, ով կազմակերպեց Հոկտեմբերի 27-ը, և այլն, և այլն։ Սրանք էլ են արդեն արխիվային նյութեր, սրանք էլ են արդեն պատմություն։ Ի վերջո, լիարժեք ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ էր կատարվում այն տարիներին։ Ես իմ պապի պատմածով գիտեմ, որ Ջավախքի գրեթե բոլոր գյուղերում այն տարիներին հակախորհրդային խմբակներ էին կազմավորվում, հավաքների հիմնական վայրը ջրաղացներն էին, և իրենց գյուղի խմբակի ցուցակը չեկային հանձնել էր խմբի ղեկավարի կինը՝ ամուսնու հետ կենցաղային վեճից հետո։ Եվ սա՝ գյուղական մասշտաբով։ Իսկ ի՞նչ աներ երկրի առաջին դեմքը. հանգիստ նայեր, թե ինչպես են ներսի դավաճանները դրսի թշնամիների հետ քանդո՞ւմ երկիրը։ Նա ինչ իմանար, որ չարակամների և նախանձների մի ոհմակ այստեղ նեղանձնական հաշվեհարդարներ պիտի տեսնի իր ազգի ընտրյալների հետ, թացն ու չորը միասին պիտի վառվեն։ Թեպետ, դարձյալ կրկնեմ. լիարժեք ո՞վ գիտի, թե ինչ է կատարվել։
Ազգային հերոս, այդ նույն նախանձի և չկամության զոհերից մեկը՝ Կարեն Դեմիրճյանը, համոզված էր. «Յուրաքանչյուր պատմական երևույթ կամ անհատի գնահատելիս չի կարելի դրսևորել միակողմանի, պատմական կոնտեքստից կտրված մոտեցում։ Պետք է օբյեկտիվորեն գնահատել անհատին բոլոր կողմերից, ոչ թե վատաբանել և սևացնել ամեն ինչ» (Ռիմա Դեմիրճյան. «Հիշատակ», էջ 35)։
Շարունակելն ավելորդ է։
Հանրային ռադիոն հզոր, մշակութային, գրական և երաժշտական ճաշակ դաստիարակող կառույց է եղել, թող մնա իր բարձրության վրա, հանրությանը բարձրացնի իր մակարդակին, ոչ թե իր նշաձողն իջեցնելով դառնա ժամանցային շարքային ռադիոալիք։
Հանրային ռադիոյի հեղինակությանը նախանձախնդիր, նվիրյալ ունկնդիր և բարեկամ՝

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ