Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սիսիանը հյուրընկալեց առաջին երիտասարդական TEDx միջոցառումը Հայաստանում

Սիսիանը հյուրընկալեց առաջին երիտասարդական TEDx միջոցառումը Հայաստանում
17.11.2014 | 16:35

Նոյեմբերի 16-ին` Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում «Առաջընթացի անիվ» խորագրի ներքո տեղի ունեցավ առաջին երիտասարդական TEDxYouth@Sisian միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված էր միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում էր TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

Միջոցառման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից 16-24 տարեկան 15 բանախոսներ ներկայացրեցին իրենց ելույթները բազմաբնույթ թեմաներով՝ ամենանվիրական երազանքներից ու բեկումնային որոշումներից մինչև էկոլոգիական խնդիրներ, կրթության հիմնահարցեր և երեխաների իրավունքներ։

Սյունիքի մարզի Գորայք գյուղը ներկայացնող բանախոս Լիլիթ Թադևոսյանը կիսվեց իր հիշողություններով այն մասին, թե ինչպես թե՛ դպրոցում, թե՛ տանը ուսուցիչներն ու ծնողները ստիպում էին նրան, որ գրիչը, ատամի խոզանակը, պատառաքաղը և այլ կենցաղային իրերը աջ ձեռքով բռնի: Իր զվարճալի ելույթում Լիլիթը փաստարկներ էր բերում նման դաստիարակչական մեթոդների դեմ, և միաժամանակ կոչ անելով աշխարհի բոլոր ձախլիկներին երբեք չկաշկանդվել մարդկանց զարմացած հայացքներից և հպարտանալ որ պատկանում են բնակչության այն չնչին 17%-ին, որոնք պատիվ ունեն ձախլիկ կոչվելու:

Ճամբարակ քաղաքից բանախոս Մերի Բորյանի ելույթը մեր ամենաթանկ և անփոխարինելի ռեսուրսի՝ ժամանակի մասին էր: Թվարկելով բոլոր այն անիմաստ բաները, որոնց վրա մենք ժամանակ ենք ծախսում, Մերին եզրահանգեց, որ ամեն օր փոքրանում է մեր` ինչ-որ մի բան անելու հնարավորությունը և մեծանում մեր ափսոսանքը նրա համար, ինչը չենք հասցրել անել: Ուստի նա կոչ արեց ապրել այնպես, կարծես վերջին օրն եք ապրում, այնպես, որ թոռներին պատմելու բան լինի:

Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքից բանախոս Բաբկեն Ղարաբաղցյանը պատմում էր, թե ինչպես 12 տարեկան հասակում անքուն գիշերներից, հիասթափություններից և տաժանակիր աշխատանքից հետո պատրաստել էր իր առաջին նետն ու աղեղը: Դրան հետևել է զրոյից հեծանիվը հավաքելու ծանր ու երկարատև գործնթացը: Բաբկենը հորդորեց մարդկանց հավատալ, որ անիրագործելի ցանկություններ գոյություն չունեն, նույնիսկ երբ դրանց իրագործումը դժվար, անգամ անհնարին է թվում:

Գավառ քաղաքից մեկ այլ բանախոս Մարիամ Մուրադյանը արդեն 5 տարի է, ինչ աշխատում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա կիսվեց այն դասերով, որ քաղել է իր աշխատանքային փորձի ընթացքում: Իր համոզիչ ելույթում Մարիամը քաջալերեց մարդկանց հնարավորություն տալ երեխաներին սեփական փորձն ունենալ, թույլ տալ երեխաներին որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: Մարիամը վստահեցրեց, որ հաճախ խնդիրները լուծվում են, երբ մենք փոխում ենք մեր վերաբերմունքը և հաշվի նստում երեխաների կարծիքի հետ:

TEDxYouth@Sisian միջոցառման կազմակերպական թիմի աշխատանքներին ակտիվ մասնակցել են հենց իրենք՝ Սիսիան քաղաքի երիտասարդները, ովքեր նախնական դասընթացների են մասնացկել Սիսիանի տարածաշրջանի Վորլդ Վիժն-ի գրասենյակում: Թումո ստեղծարար տեխնոլոգիաներ կենտրոնի սաները նույնպես աջակցել են միջոցառման կազմակերպչական աշխատանքներին:

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ