Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Սահմանամերձ տարածքները ամրացված և շեն գոտիների վերածելը մեր բոլորի խնդիրն է

Սահմանամերձ տարածքները ամրացված և շեն գոտիների վերածելը մեր բոլորի խնդիրն է
18.07.2017 | 09:40

«Իրատեսի» (թիվ 42, 2017) այս վերտառությամբ հարցազրույցը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի անդամ, «Շիրակ տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Հրայր Մելքոնյանի հետ բացեց շատ փակագծեր սահմանամերձ տարածքների պաշտպանունակությունը ամրապնդելու, դրանք շենացնելու լուծումների փնտրտուքների ոլորտում: Հիմնական խնդիրն այն է, որ սահմանամերձ, հատկապես լեռնային և նախալեռնային տարածքներում, բնակչությունը աստիճանաբար նոսրանում է առկա վտանգների պայմաններում նաև բարձր շահութաբեր աշխատանք չունենալու պատճառով: Պայմանագրային հիմունքներով մարդկանց այդ տարածքներում աշխատեցնելը, պահելը կապված են նշանակալի ծախսերի հետ: Միաժամանակ, ծախսերը կրճատելու նպատակով կիսալքված բնակավայրերը միավորում են, խոշորացնում, ինչը օբյեկտիվորեն հանգեցնում է սահմանամերձ տարածքների մասնակի «դատարկմանը»: Այս ամենը ստեղծում է որոշակի լարվածություն սահմանների պաշտպանության ոլորտում:


Համամիտ լինելով այս լարվածությունը թուլացնելու պարոն Մելքոնյանի մոտեցումներին, որոնք քննարկվել և արժանացել են հանրային խորհրդի և պաշտպանության նախարարության նախնական հավանությանը, կուզենայի առանձնացնել նաև այդ տարածքները շեն գոտիների վերածելու հրամայականը, ակնկալելով ընթերցողների կոնկրետ առաջարկություններով ակտիվ մասնակցությունը այդ խնդրի քննարկումներին «Իրատեսի» էջերում:
Բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանամերձ գյուղաբնակը պետության հատուկ հոգածության հետ մեկտեղ (ինչի մասին մանրամասն խոսվում է հարցազրույցում) ավելի ամուր, աննահանջ կպաշտպանի իր հողակտորը, արտադրական կարողությունները, եթե դրանք նշանակալի շահույթ են ապահովում: Այս մոտեցումը ոչ միայն համահունչ կլինի «Ազգ-բանակ» կարգախոսին, այլև նրան կհաղորդի նոր բովանդակություն՝ այդ տարածքների առկա ռեսուրսների չիրացված հնարավորությունները իրացնելու, հայրենական գիտատեխնիկական ներուժն օգտագործելով, հնարավորինս փոքրածավալ ֆինանսական սեփական միջոցներով շենացնելու սահմանամերձ տարածքները՝ բարձր շահութաբեր տնտեսություններ ստեղծելով: Խնդիրը այս ձևով լուծելը պայմանավորված է նաև հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակով, վարկային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմամբ, մի փոքր էլ գիտատեխնիկական ներուժի հայրենասիրական մղումներին տուրք տալով՝ իրենց կատարած ներդրումների վարձատրությունը ստանալ փաստացի շահույթից: Քիչ թե շատ ծանոթ լինելով այս ոլորտի հնարավորություններին, կարող եմ փաստել, որ առկա են պատրաստի մի շարք լուծումներ, որոնց ներդրումը այսօր արդեն կարող է ստեղծել շահութաբեր այդ տնտեսությունները:


Ցավոք, կառավարման առկա համակարգը հակված չէ հայրենական մշակումներով խնդիրը լուծելուն: Առավել նպատակահարմար են դիտվում արտերկրյա վարկերը, արտերկրյա պատրաստի տեխնոլոգիաները, տեխնիկական միջոցները:
Թե ինչու է այդպես… պատասխանը փնտրեք մեր այսօրվա իրողություններում. կաթվածահար տնտեսություն, վարկային բեռի ահագնացում, կոռուպցիայի համատարած վարակ, արտագաղթ:
Սակայն իմ նպատակը ոչ թե դրանց մասին նորից խոսելն է ¥ինձնից ավելի լավ և փաստարկված դա անում են շատերը), այլ լուծումների մեր տեսլականի իրատեսական ներդրման հնարավորությունները ներկայացնելը, ինչը կփորձեմ անել երկրի և բանակի համար խիստ կարևոր կաթնամսամթերքի արտադրությունը արդյունավետ դարձնելու, սահմանամերձ տարածքները շենացնելու կոնկրետ խնդիրների պարզաբանմամբ:
Այս ոլորտը շահութաբերության առումով գտնվում է ցածր մակարդակի վրա հատկապես լեռնային և նախալեռնային սահմանամերձ տարածքում: Գյուղացին չի կարողանում ստացած շահույթով ապրել քիչ թե շատ բարեկեցիկ, լուծել երեխաների ուսումնառության, ընտանիքի ընդլայնման խնդիրները և հակված է արտագաղթի: Իսկ արտագաղթի հավանական թեկնածուները շատ են՝ մոտավորապես 100000 տնտեսություն, նվազագույնը 400000 մարդ:
Գյուղաբնակների այս խմբի արտադրական ռեսուրսը վիճակագրության համաձայն՝ երեք գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 1,4 հա սեփականաշնորհված հողակտոր, 0,1 հատից էլ պակաս գյուղտեխնիկան է, որը, ինչպես արդեն ասվեց, չի ստեղծում քիչ թե շատ բավարար շահույթ: Շահույթը կավելանա, եթե մենք կարողանանք նույն ռեսուրսի պայմաններում չիրացված հնարավորությունները՝ հիմնականում տավարի մթերատվության գենետիկ պոտենցիալը իրացնելով ավելացնել կաթնամսամթերքի արտադրությունը, կամ փնտրենք նոր ռեսուրսներ, մասնավորապես արտերկրից բարձր մթերատու երինջներ ներկրելով գիտատեխնիկական ներուժը առավելապես օգտագործելով:


Սակայն արդեն քառորդ դար է, ինչ մենք տավարի մթերատվության ռեսուրսը՝ գենետիկ պոտենցիալը, օգտագործում ենք 60-70 %-ով, կաթնատվության և տավարի մսի քաշաճով (տարեկան 2000 լիտր կաթ և օրը 300 գ քաշաճ) աշխարհում զբաղեցնելով վերջին տեղերից մեկը:
Գյուղնախարարության ծրագիրը՝ արտերկրից բարձր մթերատու երինջներ ներկրելով, կաթի ու մսի արտադրությունը 2-3 անգամ ավելացնելով գյուղացու շահույթը մեծացնելու խնդրի լուծումը փաստորեն ձախողվեց` պետությանը և մասնավորին պատճառելով մոտավորապես 2,4 մլն եվրոյի վնաս:
Ցավոք, այսօր էլ գյուղնախարարությունը, ունենալով տասնյակի հասնող գիտական կենտրոններ, խորհրդատվական ծառայություններ, ոչ մի նոր բան չի կարողանում ասել սահմանամերձ տարածքներում տավարաբուծության արդյունավետությունը բարձրացնելու մասին, զբաղված է բյուջեի փողերը քամուն տալով, տեղերում երինջներ աճեցնելու մեռելածին ծրագրեր ներդնելով, այգիներ ու ջերմոցներ հիմնելով, չիր ու չամիչ պատրաստելով, մոռանալով, որ բանակի ու ժողովրդի սննդակարգի հիմնական տարրը էժան և որակյալ կաթնամսամթերքն է:
Մեր պատկերացմամբ սահմանամերձ տարածքներում այսօրվա դրությամբ կաթնամսամթերքի բարձր շահութաբեր տնտեսություններ ստեղծելու հիմնական, իրատեսական ռեսուրսները երկուսն են. ա) տավարի գենետիկ՝ չիրացված հնարավորությունների իրացումը, որը թույլ կտա մոտավորապես 30 %-ով ավելացնել կաթի և մսի արտադրությունը՝ ստեղծելով հավելյալ շահույթ, և բ) հայրենական գիտատեխնիկական նորույթների ներդրմամբ նույն տարածքներից բազմապատիկ շատ, որակյալ անասնակերի, գոմաղբի մշակմամբ շուկայական լավ պահանջարկ ունեցող նոր արտադրատեսակների իրացումից գյուղացու շահույթի ավելացումը:


Սակայն, որպեսզի այս ռեսուրսները աշխատեն, անհրաժեշտ են որոշակի կապիտալ ներդրումներ, որոնք կարդարացվեն կաթի ու մսի արտադրության որոշակի, խոշորացված ծավալների դեպքում: Իսկ դա նշանակում է, որ պետք է խոշորացնել ֆերմաները, մեծացնել անասնագլխաքանակի կենտրոնացումը, հասկանալի է` մասնավորի տավարի հաշվին, այլ ռեսուրս մենք չունենք (սահմանամերձ տարածքներում անասնագլխաքանակի խոշորացման չափը, անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է լինի տվյալ տեղանքի համար օպտիմալ նվազագույնը):


ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանամերձ տարածքի գյուղացին իր տավարը կամավոր կբերի խոշորացվող ֆերմա, երբ կհամոզվի, որ մեր առաջարկությունները իրատեսական են, այն է.
1. 2000 լիտր կաթի, 300 գրամ օրական քաշաճի փոխարեն կունենա 3000-3500 լիտր կաթ և 1 կգ քաշաճ (հանրապետությունում առավել տարածված կովկասյան գորշ ցեղի դեպքում) և 4500-5000 լ կաթ ու համապատասխան քաշաճ բարձր մթերատու այլ ցեղերի դեպքում, այսինքն` կունենա հավելյալ շահույթ,
2. կթեթևանա նրա ֆիզիկական աշխատանքը (այսօր դա բնութագրվում է քարի դարի գործիքներով՝ բահ, եղան, ձեռքի սայլակներ և այլն), ավելի քիչ աշխատուժ ներգրավելով, ավելի շատ կաթ ու միս կարտադրի՝ մեքենայացման շնորհիվ բարձրացնելով իր աշխատանքի արտադրողականությունը,
3. զբոսաշրջիկներ ընդունելու համար իր տանը կստեղծի նորմալ պայմաններ՝ տավարը ուղարկելով խոշորացվող ֆերմա, հետևաբար չեն լինի արտաթորանքի տհաճ հոտը, ճանճերի բազմությունը,
4. նա և նրա ընտանիքի անդամները իրենց տավարին կարող են հետևել տեսախցիկով, տանը նստած, հետևաբար, ավելի շատ ժամանակ կունենան տնտեսությունը կատարելագործելու, նոր «բան» ստեղծելու, ընտանիքի այլ հոգսերը լուծելու:
Եվ, վերջապես, իր տավարի կաթն ու միսը իր սեփականությունն են, ու դա ինքը կմշակի բանակի, շուկայի պահանջներին համապատասխան, ընտանեկան բրենդ ստեղծելով, հավելյալ շահույթ ակնկալելով:


Բացի այդ, գյուղացին հավելյալ շահույթ կունենա նաև մեր տեխնոլոգիայով և մեքենասարքավորումներով գոմաղբի մշակումից ստացված, շուկայական լավ պահանջարկ ունեցող արտադրատեսակների՝ բիոհումուսի, սպիտակուցային խտանյութի (որը ներկրվում է), վարակազերծված օրգանական պինդ և հեղուկ պարարտանյութերի, կաթիլային ոռոգման համակարգի պարարտանյութ-խտանյութի իրացումից:
Գյուղացուն կհրապուրի նաև այն, որ իր տավարի գոմաղբից, բոստանի, անտառի և այլ այրվող թափուկներից պատրաստված գրանուլացված վառելանյութով (ջերմատվությունը` 3000-3500 կկալ) նա ավտոմատ ռեժիմով կջեռուցի իր բնակարանը:
Հասկանալի է, որ այս ամենը նա պետք է տեսնի իր աչքով, վերլուծի, համոզվի, և նոր իր տավարը բերի խոշորացվող ֆերմա: Եվ երբ այդ համոզմունքը ձևավորվի, գյուղացին կհամաձայնի նաև իր հողակտորները, գյուղտեխնիկան հարևանի հետ միավորելուն՝ իրենց տավարի համար կերի կայուն բազա ստեղծելու համար:
ՈՒրեմն պետք է ստեղծել այդ օրինակելի ուսումնառական ֆերման, որի գործունեությունը ուսումնասիրելով, վարչապետի եղեգնաձորյան դիտարկմամբ, «…մյուսները առաջ կշարժվեն»:
Սահմանամերձ տարածքներում դեռևս կան նախկինից մնացած, լքված անասնաշենքեր, որտեղ կարելի է կենտրոնացնել մասնավորի տավարը, իրացնել վերը նշված ռեսուրսները, ապահովել գյուղացու հավելյալ շահույթը:


Ահա թե ինչու, արձագանքելով տարածքները շենացնելու խնդրին, դիմում եմ պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ հանձնարարեք ձեր աշխատակազմերին համատեղ ուսումնասիրել մեր առաջարկությունները և կհամոզվեք, որ կոնկրետ տեխնոլոգիաներ ու մեքենաներ ներդնելով, նվազագույն ծախսերով, որովհետև դրանք տալիս ենք անվճար, մենք ձեզ հետ կլուծենք, սահմանամերձ տարածքներում կաթի ու մսի արտադրության բարձր շահութաբեր տնտեսություններ ստեղծելով, գյուղացուն իր հողում ավելի ամուր, աննահանջ պահելու խնդիրը:
Նկ. 1-ում սահմանամերձ տարածքի լքված շենքում նորացված անասնաշենքի դրվագն է:
Այստեղ նորը, ի տարբերություն գործողների, տավարի մթերատվության (կաթ, միս) գենետիկ պոտենցիալը ամբողջովին իրացնելու զոոտեխնիկական ժամանակակից պահանջներին համապատասխան բոլոր պայմանները՝ տաք պառկելատեղը, ցանկացած պահի անարգել զբոսաբակ, ապա և հարակից արոտ դուրս գալը, տված կաթին համապատասխան ավտոմատներից հասցեագրված խտացրած կեր ստանալը, մաքուր օդ շնչելը (գոմաղբից առաջացած ազոտի քանակությունը օդափոխանակության միջոցով հասցվում է նվազագույն թույլատրելի սահմանին), ավտոմատ ջրամատակարարումը և այլն, իրացվում է տավարի կոմբինացված պահվածքի միջոցով. ավտոմատ կապովի՝ կերակրվելիս և կթվելիս և, անկապ՝ խոր ցամքարի վրա հանգստանալիս (այս տեխնոլոգիան թույլ է տալիս 100-%-ոց անկապ պահվածքի հետ համեմատած 50 %-ով կրճատել ցամքարի ծախսը):


Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ, բացի վերը նշվածից, առանց էժան, որակյալ, առատ կերի հնարավոր չէ ակնկալել մեծ շահույթ:
Սահմանամերձ տարածքների գերակշռող մասում հիմնական անասնակերը անջրդի պայմաններում ստացվող արոտի և խոտհարքի խոտն է, գարին:
Ամասիայի տարածաշրջանում գտնվող «Ագրոհոլդինգ» ընկերության փորձը ցույց է տալիս, որ այդ կերատեսակներով էլ կարելի է ապահովել կովկասյան գորշ ցեղի մթերատվության առավել իրացումը:
Սակայն ինչպես այս, այնպես էլ սահմանամերձ մյուս տարածքներում լուրջ խնդիրներ կան արոտների և խոտհարքների վատթարացման առումով:


Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այսօրվա դրությամբ արոտների բերքատվությունը նորմայից ցածր է 2-3 անգամ, խոտն անորակ է՝ նրա 70 %-ը չուտվող, թունավոր բույսեր են: Այս ամենը կենդանուն ստիպում է ջրխմոցին մոտենալու համար մի քանի անգամ շատ ճանապարհ անցնել՝ կերի էներգիան կաթի ու մսի վերածելու փոխարեն, այն ծախսել գնալ-գալու վրա:
Նկ. 2-ում մեր ստեղծած այն մեքենան է, որը թույլ է տալիս, չվնասելով խոտածածկույթը, փխրեցնել նրա արմատային համակարգի հողազանգվածը, ինչը երբևէ չի արվել, պարարտացնել այն, կատարել բարձրորակ խոտաբույսերի ենթացանքս՝ վերականգնելով արոտների, խոտհարքների բերքատվությունը, խոտի որակը:
Իսկ էժան, առատ, որակյալ խոտը, սահմանամերձ տարածքների չապականված բնությունը մաքուր և որակյալ կաթնամսամթերք ստանալու, մեծ շահույթի նախապայմանն են:
Արժե երևի հիշել, որ ԽՍՀՄ-ում շվեյցարական պանրի պահանջարկի 30 %-ը բավարարում էր Հայաստանը, հիմնականում հենց այս՝ սահմանամերձ տարածքների հաշվին: Ահա շահույթի ավելացման մի նոր ճանապարհ ևս:


Սակայն այս մեքենայի առավելությունը միայն վերը նշվածը չէ. այն պայմաններ է ստեղծում, որ անձրևաձնհալ ջրերը ներծծվեն խոտի արմատային համակարգի փխրեցված հողաշերտը, ինչը ոչ միայն մեծացնում է հողի խոնավությունը` կոտրելով նաև ջրհեղեղի թափը, կասեցնելով հողի ջրային էրոզիան, այլև որ նվազագույնի է հասցնում տարածքային հրդեհները, և ամենակարևորը՝ կանխում է երաշտը:
Իսկ երաշտի գալուստը գուժում է հենց բնությունն ինքը. ջրամբարները կիսով չափ են լցված, շոգը սաստկանում է, խոտը քիչ է, իսկ դա արդեն կանխատեսում է տավարի հարկադրական մորթը, խոտի և հետևաբար կաթնամսամթերքի գնի աճը, ինչը ավելացնում է սահմանամերձ տարածքների գյուղաբնակների հոգսերը:
Հիշեցնեմ, 1999-ի երաշտի պատճառով հանրապետության հյուսիսային նախալեռնային և լեռնային շրջաններում ոչնչացվեց կերային մշակաբույսերի մոտավորապես 70 %-ը: Միայն Շիրակի մարզում անասնակերի պակասի պատճառով մոտավորապես 47000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնվեց հարկադիր մորթի վտանգի առաջ: Եվ պատահական չէ, որ այդ տարվա խորհրդարանական լսումների ժամանակ վերը նշվածը բնութագրվեց որպես համերկրային աղետ և պարենային ապահովագրության լուրջ վտանգ: Մինչդեռ պարզվում է, որ այդ վտանգը, որն առաջին հերթին առկա է սահմանամերձ տարածքներում, կարելի է զգալիորեն նվազեցնել, գուցե և իսպառ զրոյացնել, քանի որ ունենք չօգտագործված ջրի մեծ ռեսուրս:


Այսպես, հանրապետությունում ամեն տարի միջին հաշվով «արտադրվում է» 6,5 մլրդ խորանարդ մետր անձրևաձնհալ ջուր, որից միայն 1 մլրդ խորանարդ մետրն է ամբարվում, իսկ մնացածը հանրապետությունից «փախչում է»` շենացնելով մեր լավ հարևաններին: Ստացվում է, որ կան և ռեսուրսը, և այն իրացնելու խնդրի լուծման գիտատեխնիկական նորույթը` ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված, փորձաքննության բոլոր փուլերն անցած, Լոռվա տոհմաբուծարանի արոտներում իրեն լավ դրսևորած, նկ. 2-ում բերված մեր մեքենան:


ՈՒրեմն, ինչո՞ւ այդ մեքենան համատարած չի օգտագործվում, ինչո՞ւ «փախչող ջուրը» չի կուտակվում փխրեցված հողաշերտում, չէ՞ որ այդ դեպքում կկասեցվեին Արթիկի ջրհեղեղը, այս տարվա երաշտը, հույսեր կարթնանային, որ կվերագործարկվեն ցամաքած աղբյուրները, կվերականգնվեր Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը, կստեղծվեր բնապահպան (առայժմ քիչ ուսումնասիրված) նոր իրավիճակ, վերջապես, ակնհայտորեն ջրառի առումով հանգիստ կթողնեինք Սևանը։
Իսկ գյուղի մշակաբույսերին ջուր հասցնելու խնդիրը եկեք լուծենք ահռելի կորուստները կրճատելով, կաթիլային ոռոգման համակարգը համատարած ներդնելով:
Բացի այդ, միայն խոտի եռապատիկ աճից հանրապետությունը տարեկան կունենար 100 մլն դոլարի մաքուր շահույթ, կփակվեր բյուջեի մի ճեղք:
Ինչո՞ւ այս ամենը չեն նկատում գյուղատնտեսության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում:
(շարունակելի)

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
«Գյուղատնտեսության մեքենայացման» ԳՀԻ-ի փոխտնօրեն
Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5770

Մեկնաբանություններ