Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բա անտառի մեջ ապրես, ուրիշները գան փայտը տանեն, ու դու մնաս թափուկի հույսի՞ն»

«Բա անտառի մեջ ապրես, ուրիշները գան  փայտը տանեն, ու դու մնաս թափուկի հույսի՞ն»
19.10.2018 | 02:37

Սյունյաց սարերի մառախուղը պատել էր Սյունիքի մարզի հեռավոր Բարձրավան համայնքը: Գյուղի փեշերից դուրս ոչինչ չէր երևում, սակայն զգացվում էր մոտակա անտառի թարմ բույրը: Օրն անձրևոտ էր, «մի բուռ» գյուղի փողոցներում մարդ չէր երևում: Կիսախարխուլ տների կողպեքով գամված դռները վկայում էին, որ այս հող ու ջրի հետ չհամակերպվողները լքել են գյուղը, չկամենալով ապրել չքավորության մեջ՝ տունն ու տեղը թողնելով ժամանակի ավերածությանը:

Բարձրավանի հեռանկարը տեսանելի չէ ոչ վարչական ղեկավար ՕՆԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ, ոչ էլ բնակիչներից շատերի համար, բայց սիրում ու հոգու թելերով կապված են գյուղին: Գրանցված 132 բնակչից մնացել է 100 մարդ, գուցե ավելի քիչ: 1997 - 2016 թ. Օնիկ Ավագյանը Բարձրավանի գյուղապետն էր, համայնքների խոշորացումից հետո Բարձրավանն ընդգրկվեց Գորիս համայնքի կազմում: Եթե այն ժամանակ գյուղի խնդիրներին քաջատեղյակ գյուղապետը կարողանում էր ինչ-որ հարց լուծել, այսօր վարչական ղեկավարի պաշտոնը ենթադրում է որոշակի պասիվություն, պետք է սպասել, թե «աջակցությունը» երբ կթեքվի Բարձրավանի կողմը, քանի որ, Օնիկ Ավագյանի խոսքով, համայնքի խնդիրները խոշորացումից հետո էլ մնացել են նույնը: Գյուղատնտեսությունը շարունակում է կաղալ, 3 հեկտար վարելահողը գյուղտեխնիկայի բացակայության պատճառով չի մշակվում, ծնելության մակարդակը շատ ցածր է, գյուղում ընդամենը 15 երիտասարդ կա, որոնք աշխատատեղի բացակայության պատճառով չեն ցանկանում ամուսնանալ, իսկ ովքեր էլ ընտանիք են կազմել, հեռացել են գյուղից: Օնիկ Ավագյանի մտահոգությունը հասկանալի է՝ կգա ժամանակ, երբ միայն տարեցները կմնան, գյուղն էլ ո՞նց զարգանա:


Բարձրավանի խմելու ջրի հարցը լուծվել է գյուղի բնական աղբյուրների շնորհիվ, սակայն վերջին տարիներին աղբյուրները պակասել են: Ոռոգման համար օգտագործվում է գյուղից ոչ հեռու գտնվող ջրավազանում հավաքված ձնհալի ջուրը: Գյուղը գազաֆիկացված չէ, ջեռուցման հարցը բնակիչների ամենամեծ հոգսն է: Անտառի հարևանությամբ ապրող բնակիչները տարիներ շարունակ ցրտաշունչ ձմռանը դիմակայել են փայտի շնորհիվ, սակայն վերջին շրջանում անտառահատումն արգելված է, ոմանք նույնիսկ ենթարկվել են տուգանքի:
«Ծիծաղելի է, բա անտառի մեջ ապրես, ուրիշները գան փայտը տանեն, ու դու մնաս թափուկի հույսի՞ն, դեռ դա էլ չկամենա՞ն քեզ: Տներն աթարով են տաքացնում: Անտառտնտեսությունը գալիս, տեղեր է նշանակում, թե որ ծառերն են ենթակա սանիտարական հատման, սա՝ օրենքի սահմաններում, հատումներից հետո ծառերի թափուկները պետք է թողնեն չորանա, որ բնակիչները գոնե դրանք հավաքեն տանեն, դա էլ չեն թողնում: Մենք ի՞նչ բողոքենք, հիմա հատումներ չեն իրականացվում, դրա համար թափուկի խնդիրը լուրջ է: Օրենքով թափուկ փայտանյութն անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է անվճար, ամեն ծխին 8 խմ անվճար թափուկ է տրամադրվում, բայց դա ողջ ձմեռ չի բավարարում, ստիպված պետք է գնեն: Խնդիրն այն է, որ քամատապալ ծառերն էլ չեն թողնում, որ գյուղացիք տանեն-վառեն, ասում են՝ իրավունք չունեք, 8 խմ-ից ավելի թափուկի համար պետք է վճարեք: Գոնե էս մի հարցում ընդառաջեն»,- դժգոհում է Օնիկ Ավագյանը:


Նրա խոսքով՝ Բարձրավանում վերջին 20 տարում զարգացման ոչ մի ծրագիր չի իրականացվել, պետական բյուջեից երբևէ հատկացում չի արվել: Համայնքի քառամյա ռազմավարական ծրագրով, դպրոցի կառուցումից բացի, գյուղի համար առաջնային են համարվել գազաֆիկացումը, ոռոգման ջրի խնդիրը, գյուղտեխնիկայի հատկացումը և այլն: Բոլոր հարցերի լուծումը պայմանավորված է կառավարության բարի կամքով, իսկ արված որոշ աշխատանքների համար երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, որոնց շնորհիվ մասնակի վերանորոգվել է համայնքապետարանի շենքը, խճապատվել են գյուղամիջյան ճանապարհները, կառուցվել է հանդիսությունների սրահ:
Գյուղի ամենացավոտ հարցը եղել և մնում է դպրոցի վիճակը: 1930 թ. կառուցված դպրոցը վերջին անգամ 1997-ին է վերանորոգվել, հետո անիմաստ են համարել ծախսեր անել փոքր ու մեծ երկրաշարժերից տարեցտարի խարխլվող շինությունը կանգուն պահելու համար:
«Դպրոցի հարցը ամենացավոտ հարցերից է, խայտառակ վիճակ է դպրոցում, այն գյուղը, որ դպրոց չունի, ենթակա է կործանման: Էսօր տնօրենը քանդում է դպրոցը. էս փոքր գյուղում, որտեղ միշտ ուսուցչի կարիք ենք ունեցել, դպրոցի տնօրենը մեկ օրվա մեջ երեք ուսուցչի ազատում է աշխատանքից՝ բանավոր պայմանագրի ժամկետը լրանալու անհիմն ու անօրինական պատճառաբանությամբ: Դպրոցում ընդամենը 5 աշակերտ է սովորում, ուսուցիչները Գորիսից են գալիս, մյուսներն էլ տնօրենի ազգականներն են, ամեն մի ուսուցիչ մի քանի առարկա է դասավանդում: Դասաժամին տեսնում եմ աշակերտը հեծանիվ է քշում, հարցնում եմ՝ բա դասի չե՞ս, ասում է՝ մեր ուսուցիչը դեռ Գորիսից չի եկել»,- պատմում է վարչական ղեկավարը:


Նախկինում համայնքի բյուջեն կազմել է 6,5 միլոն դրամ, որը բավարարել է միայն համայնքապետարանի ութ աշխատակիցների աշխատավարձը վճարելուն: Այսօր աշխատակազմում մնացել են վարչական ղեկավարն ու երիտասարդ օպերատորը:

ԲԱՐՁՐԱՎԱՆՑԻՆԵՐԸ ԳՅՈՒՂԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՊՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏ


Մասնագիտությամբ տնտեսագետ Արթուրը Բարձրավանում մնացած 15 երիտասարդներից մեկն է, որը գյուղը լքելու մտադրություն չունի, նախ, որ աշխատում է համայնքապետարանում որպես առաջնակարգ մասնագետ և հետո մտադիր չէ գյուղի ծաղկունք դաշտերը թողնել հեռանալ: Արթուրը սիրով համաձայնում է ցույց տալու գյուղի պատմամշակութային կառույցներն ու կիսախարխուլ դպրոցը: Նրա փոխանցմամբ, որքանով տեղյակ է համայնքի անցյալին, Բարձրավանում բնակչության ամենամեծ թիվը գրանցվել է 1997-ին` մոտ 150-160 մարդ, դպրոցում աշակերտների ամենամեծ քանակն էլ հենց այդ տարիներին են ունեցել, 1998 թ. 57 աշակերտ ունեին և դասերը երկհերթ էին կազմակերպում: Երկու տարի հետո միահերթ ուսուցման անցնելու համար հարկադրված եղան վագոն-տնակ տեղադրել դպրոցի բակում: 2007-ին 50 աշակերտ էր սովորում, հետո աստիճանաբար թիվը նվազեց, այսօր 5 աշակերտ է հաճախում, սովորում են 2-րդ, 4-րդ, 9-րդ դասարաններում:


Բարձրավանի հպարտությունը նրա պատմամշակութային գանձերն են, որոնք փոքր-ինչ ստվերում են գյուղի ու դպրոցի տխուր պատկերը: Արթուրի խոսքով՝ գյուղի տարածքում են գտնվում Սբ Հռիփսիմե (վերականգնված 19-րդ դարում), Քրատակի սուրբ Մինաս (կառուցված 1821 թ.) եկեղեցիները, Բղենո-Նորավանքի հուշարձանների համալիրը (939 թ.), Պաշարաջուր և Մաճ կոչված հին գյուղատեղիները, 936-1062 թթ. կառուցված և այսօր արդեն ուխտատեղի դարձած Բղենո Նորավանք վանական համալիրը, որը վերականգնվել է 1957-1962 թթ.:
«Տեղյակ եմ, որ մեր գյուղի պատմությունը սկիզբ է առնում 1940-ից: 1930-ականներին ներկայիս գյուղից ներքև Երիցաթումբ գյուղն էր, որը երկրաշարժից իսպառ բնաջնջվել է, ողջ մնացածները տեղափոխվել են այստեղ և հիմնել նոր բնակավայր: Բարձրավանցիները սեփական հողատարածքներ ունեն թե՛ գյուղի բարձրադիր մասում, թե՛ Որոտանի ափին, որտեղ մրգերի ու հատապտուղների առատ տեսականի է աճում` մոշ, թուզ, թութ, հոն, արքայախնձոր, նուռ. ընկույզի հարուստ անտառներ կան: Եթե ճանապարհները կարգավորվեն, համոզված եմ, որ զբոսաշրջիկների ու հյուրերի պակաս չենք ունենա»,- ասում է Արթուրը:


Բարձրավանի վարչական ղեկավարը նույնպես հուսով է, որ զբոսաշրջությունը կնպաստի գյուղի զարգացմանը, ու թեև բնակիչներից ոմանք հյուրատուն կառուցելու մտադրություն ունեն, սակայն Բարձրավանը մատչելի և ճանաչելի դարձնելու հիմնական խոչընդոտը մշտական գազի ու ջրի, կոյուղագծի բացակայությունն է: Թե ե՞րբ կլուծվեն և առհասարակ կլուծվե՞ն այս խնդիրները, Օնիկ Ավագյանը դժվարանում է ասել: Հույսը դարձյալ կառավարության բարի կամքն է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ստա­խո­սը
Ստա­խո­սը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն