Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տոնական օրերին Գյումրիի հյուրերն ու երեխաները ֆայտոնի հիմնական պասաժիրներն են»

«Տոնական օրերին Գյումրիի  հյուրերն ու երեխաները ֆայտոնի հիմնական պասաժիրներն են»
30.10.2018 | 02:45

Հայաստանի ամենահպարտ ու տոկուն քաղաքը՝ Գյումրին, դարերով ժառանգած մասունքները մինչ օրս էլ պահպանել է. անկեղծ հումոր, քաղաքային ինքնատիպ կոլորիտ, հյութեղ բարբառ: Գյումրեցիների համոզմամբ՝ իրենց բարբառի քաղցրությունից մեղուները նեկտար են հավաքում մեղր սարքելու համար:


Գյումրիի շքեղ կոլորիտն ամբողջացնող ինքնատիպ կերպարներից են նաև ֆայտոնչիները: Փորձիր տարեցների հետ խոսքի բռնվել, ու երբ սկսեն պատմել «էն վախտվա կյանքի» մասին, անպայման կհիշեն Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», դրանից հետո կառքի «մշակույթն» առաջին անգամ Գյումրի բերած Բաբիենց Հայկին, կենտ ձի լծող ֆայտոնչի Վանուշին, Կարոյին, Օվոյին, Ցոլակին, Վիսյոլի Վարդանին, ֆայտոնչի Գրիշին…


Առանց կառքի հարսանիք չէր լինում: Ձիերի սմբակների զարկն ու զանգակների ղողանջը հեռվից հարսանքատանն իմաց էին տալիս, որ հարսին բերում են:
«Էսօր ջահելները լիմուզինով են հարս տանում, հազարից մեկը, որ կուզենա կառքով հարսանիք էնե: Մեքենան մեջ ընկավ թե չէ, ֆայտոնչիների գործը պակսըցավ: Հըմի հյուր որ կուգա, կբերեն կառք կնստըցնեն, մեկ-մեկ էլ տուրիստները կնստեն»,- ասում է տարեց զրուցակիցս ու խորհուրդ է տալիս նստել Վարդանանց հրապարակում կանգնած ֆայտոն Գրիշի թոռան՝ Սամվելի կառքը, հետո էլ հորդորում է, թե ֆայտոնի «համն ու լազաթը» իմանալու համար պետք է անպայման թեկուզ մեկ անգամ նստել: Համոզվեցի, երբ կառքով Վարդանանց հրապարակի շուրջ մի ամբողջ պտույտ կատարելուց հետո զրուցեցի լեգենդար ֆայտոնչի Գրիշի թոռան հետ:


Գրիշի թոռը՝ Սամվել Մուրադյանը, շուրջ 10 տարի է, ինչ կառք է քշում, ցանկացել է շարունակել պապի արհեստը, մանավանդ որ շատ է սիրել ձիերին ու կառքը, մանկությունն էլ կառքի մեջ է անցել: Մասնագիտությամբ զոդող է, հետո որոշել է զբաղվել դարբնությամբ, միայն ֆայտոն քշելով հնարավոր չէր ընտանիք պահել: Պապի մասին սիրով է հիշում:
«Պապս ժաժքից առաջ էլ ֆայտոնով տաքսավատ կէներ, ղայդին մարդ էր, լավ, բարի, քիչըմ քֆուրկան էր, մի երեք-չորս սրոկ նստած-հելած էր, մի քանի անգամ կռվի մեջ մտնելու, վերջին անգամ՝ ձին ծախելու պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կարիքների համար էկել են ձին տանելու, ասել է՝ ծախել եմ, չեն հավատացել, թե բա, ինադու ես ծախել, ուրեմն գիտեիր, որ պատերազմ է սկսվելու, ծախել ես, պապս թե` ըսկի Ստալինը չիդեր, որ պատերազմ կըլնի, ես հուրդուց իմանայի: Էդ խոսքի համար պապուս 8 տարի աքսորել են Սամարղանդ: Պապս բարի էր, նա չէր հավատա , որ ֆայտոն կլծեմ, կասեր՝ ինձնից հետո հեչ մեկդ էլ չեք լծի: Փոքր էի, պապուս ձիերին շատ կսիրեի, ֆայտոնը հա կնստեի: Առաջին անգամ պապս իրա ձեռով սարքած ֆայտոնը լծել ա 1961 թվին: 1988-ի ժաժքից հետո ո՞վ հավես ուներ ֆայտոն նստեր, բայց պապս ֆայտոնն էլի լծեց: Դեռ չափահաս էլ չէի, որ իրար հետ ֆայտոնները լծած Ռուսաստան գնացինք, պապս որոշել էր Անապայում գործ էներ, բայց դուրներս չեկավ, հետ էկանք: Պապս ապրեց 98 տարի, մահից երկու տարի առաջ էլի լծեց կառքը: Իրա առաջին կառքը ռեմոնտ արավ, տվավ թանգարանին»,- պատմում է Սամվելը:


Ֆայտոնչի Գրիշի ֆայտոնը հայտնի է նաև հայկական հանրահայտ ֆիլմերից: Առաջին անգամ «Շիրակի մեղեդիներ» ֆիլմում հարս ու փեսային հարսանքավայր հասցրին այդ ֆայտոնով, հետո նույն կառքը նկարահանվեց «Հեղնար աղբյուր», «Եռանկյունի», «Կտոր մը երկինք», «Պարոն ավազակ» ֆիլմերում: Ֆայտոնիչի Գրիշի կառքը, տոնական հանդերձով, մասնակցել է նաև խորհրդային տարիների բոլոր նշանակալից օրերին կազմակերպված միջոցառումներին: Անկախացումից հետո էլ մարդիկ հաճույքով են նստում ֆայտոն:
«Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վախտ իրա հորդորով սկսա քշել էս ֆայտոնը, ինքը քաղաքապետարանի համար ֆայտոն սարքել տվավ, հըմի էլ չեն արգելե»,- ասում է Սամվելը:
Գյումրիում այսօր տաքսիների առատության պատճառով նախկինի պես կառքից չեն օգտվում, սակայն տոնական օրերին քաղաքի հյուրերն ու երեխաները ֆայտոնի հիմնական ուղևորներն են: Գյումրեցիների համար ֆայտոնի ներկայությունը պարտադիր է, թեկուզ անգործ կանգնած լինի, բայց տեսնեն, որ կա:


Սամվելի խոսքով՝ Գյումրիում կյանքը շատ է փոխվել, թեև սերը քաղաքի հանդեպ չի պակասել. «Հին Գյումրու համն ու հոտը չկա, ի՞նչ է մնացել որ: Մարդկանց հարաբերությունները հեչ առաջվանը չեն, սոցիալական պայմանները մարդկանց փոխեցին: Առաջ, որ մեկը քեզի պատիվ տար, անհնար էր, որ չպատասխանեիր: Առաջ, որ չորս հոգով գնայինք ռեստորան, չորս հատ ռեստորան պըդի ֆռայինք, որ պատիվ տայինք իրար, իսկ հըմի չորս հոգով կհավաքվինք, չենք կըռնա գնալ ռեստորան: Ռեստորանները լավցել, շատցել են, համա գրպաններս դարդակ են: Լավ բաներ էլ կան, կյանքը կարգավորվի գը, հույսեր ենք կապում նոր կառավարության հետ: Երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրի էկավ, իրան ֆայտոնով դիմավորցինք, համա էնբես պրոպկա էր, որ իջավ ոտով գնաց: Քանի սաղ եմ, պտի ֆայտոն քշեմ, իրեք տղա թոռ ունիմ, կըսեն՝ պապ, մեզի ֆայտոնով ֆըռցրա, համա ձիուց վախենան գը, չիդեմ, իմ մեռնելուց հետո կըռնա՞ն ֆայտոն քշել, թե չէ»:
Երեկոյան տոնական հրավառությունից ձին ծառս եղավ. «Էսիկ ըդպես է, սայլուտեն կըխրտնի»,- ձիու սանձն ամուր բռնելով` ասաց Սամվելն, ու մեր զրույցը հարկադրված ընդհատվեց:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ