Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փաշինյանի և նրա կուսակցության միջև խոր վիհ կա»

«Փաշինյանի և նրա կուսակցության միջև խոր վիհ կա»
13.11.2018 | 01:18

ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը։ Առաջիկայում ականատես կլինենք նախկին-ներկա իշխանությունների սուր լեզվակռվին, փոխադարձ վիրավորանքներին, գործող իշխանությունը գուցե ավելի հեռուն գնա ու կրկին «ասֆալտին փռի», «պատին ծեփի» կամ էլ ԱԱԾ-ն նորից գործի դնի։ Սակայն, մինչ ընտրությունները գան ու գնան, այդ ընթացքում պետք է վճռվի նաև ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք ՀՀԿ անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Ի՞նչ կատարվեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Աստանայի վեհաժողովում։ Հայաստանը չի ցանկանում զիջել իր տեղը, սակայն Բելառուսն ու Ղազախստանն ամեն ինչ անում են, որ մեր ներկայացուցիչը չգլխավորի այդ կազմակերպությունը։ Նախ` որքան է հնարավորությունը, որ մենք չենք ղեկավարի այդ կազմակերպությունը, և ի՞նչ կնշանակի քարտուղարի պաշտոնի կորուստը մեզ համար։
-Այստեղ միայն ՀԱՊԿ քարտուղարի հարցը չպետք է դիտարկել, այլ այդ կազմակերպության անդամ երկրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Բելառուսը և Ղազախստանը բացահայտ թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի հանդեպ։ Զարմանալի է, որ դաշնակիցներն իրար հանդեպ նման վերաբերմունք ունեն։ Այս ամենում կարևոր գործոն է Ռուսաստանի վերաբերմունքը։ Եթե Նազարբաևը և Լուկաշենկոն իմանային, որ Ռուսաստանը դեմ է այդ քայլին, նրանք դա չէին անի։ Սա կատարվում է Ռուսաստանի լուռ համաձայնության պայմաններում։ Նրանք փորձում են Հայաստանը դուրս մղել ՀԱՊԿ-ից։ Ենթադրենք, Խաչատուրովը հիվանդացել է կամ այլ առիթով չի կարող շարունակել իր պարտավորությունների կատարումը, բնական է, որ Խաչատուրովի պես գեներալ-գնդապետ Հայաստանում շատ կա, անգամ զինվորական լինելն էլ պարտադիր չէ, հիմա ի՞նչ, չպե՞տք է նրան փոխեն։ Հետևապես, ՀԱՊԿ-ի ներսում սա արհեստական խոչընդոտ է Հայաստանի համար։ Հայաստանի ղեկավարությունը պետք է եզրակացություններ անի այս ամենից։
-Այդ թշնամական վերաբերմունքը վաղու՞ց կա Հայաստանի հանդեպ, թե՞ նոր իշխանություններով է պայմանավորված։
-Միշտ էլ Ղազախստանի և Բելառուսի կողմից եղել է։ Հետո ներսում, բացի գլխավոր քարտուղարի հարցից, ուրիշ հարցեր չկա՞ն։ Հենց այն, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է մատակարարում, դրանով այդ կազմակերպության դերը և նշանակությունը զրոյացվում է։
-Հայաստանում կան ուժեր, որոնց համոզմամբ ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է, և Հայաստանը պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ Դուք ի՞նչ եք կարծում։ Ի վերջո, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն մեզ համար հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է միայն տեղավորվում։
-Պետք է խնդիրը երկու հարթությունում դիտարկել՝ հայ-ռուսական հարաբերություններ և ՀԱՊԿ։ Այստեղ հարկավոր է դիվանագիտական ճկունություն։ Այսօր Ռուսաստանին օդ ու ջրի պես պետք է, որ Հայաստանը մնա այդ կազմակերպությունում։ Բայց Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, չեն կարող այնքան համբերել, մինչև մեր հանդեպ խտրական վերաբերմունքը վերանա։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը միակ ու եզակի կազմակերպությունը չէ։ Չես կարող Հայաստանի ղեկավարությանը մեղադրել՝ ասելով, թե հայ-ռուսական հարաբերությունները փչացնում է։ Բնական է, Բելառուսն ու Ղազախստանը հենց այնպես չեն իրենց այդպես պահում մեզ հետ։ Հիմա դաշնակիցների համար ի՞նչ նշանակություն ունի, թե Հայաստանում ինչ իշխանություն է ձևավորվել. իշխանության հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով վերանայում են նաև դաշնակցային հարաբերություննե՞րը։ Սա Ռուսաստանի մեծ սխալն է։ Լինելով հայ-ռուսական հարաբերությունների ջատագովներից մեկը, կարծում եմ, չի կարելի ժողովրդի ճակատագրի հետ խաղալ՝ տուրք տալով Լուկաշենկոյի և Նազարբաևի քմահաճույքին։ Պարզ է, որ Ղազախստանն այդ ամենն անում է Ադրբեջանի համար, Բելառուսն էլ ինձ համար անհասկանալի ձևով ջուր է լցնում Նազարբաևի ջրաղացին՝ լինելով քրիստոնյա ժողովուրդ։ Հայ ժողովուրդը բելառուսների հետ պաշտպանել է իրենց հողը, ամենաշատ զոհեր տվել ենք Բելառուսի պաշտպանության համար, իսկ այսօր այդ երկիրն անթաքույց պաշտպանում է ադրբեջանական ագրեսիան։
-Ռուսաստանի լռությունն ինչո՞վ է պայմանավորված։
-Դժվար է հասկանալ, անտրամաբանական է։ Մեր իշխանությունները պաշտոնական մակարդակում հայտարարում են, թե երկուստեք հարաբերությունները հիանալի են, կարծես այդպես է, բայց դիվանագիտությունը այլ բան է։ Թալեյրանը հանճարեղ բան է ասել, որ լեզուն դիվանագետին հնարավորություն է տալիս մտքերը թաքցնելու։ Դիվանագիտական առճակատումը սովորական մահկանացուների համար անհասկանալի է։ Ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, որոնք իրենց Նոստրադամուսի տեղ են դնում և միջազգային հարբերությունների նրբությունների մասին վերլուծություններ են անում։ Այստեղ վերլուծությունների խնդիր չկա, պետք է տիրապետես խորքային դիվանագիտությանը, որ կարծիք հայտնես։ Մակերեսային դիտարկման պայմաններում Ռուսաստանը ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը չի պաշտպանում, կարծես Հայաստանը ՀԱՊԿ-ում հալածյալի կերպարի մեջ է։ Այսօր հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի փոխարեն ղեկավար է տեսնում Նիկոլ Փաշինյանին, դրանում ի՞նչ մեղք ունեն պետությունը, ժողովուրդը։ Հիմա, որ ղազախներն իրենց ղեկավար տեսնում են արդեն 100 տարեկան Նուրսուլթան Նազարբաևին, զարմանալի չէ, իսկ երիտասարդ, հեռանկարային գործիչը, որ Հայաստան է ղեկավարում, վա՞տ է։ Այդ ի՞նչ վատ բան է արել Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում, որ Ռուսաստանը պետք է վերաբերմունքը փոխի։ Սա միջպետական հարաբերություններում սխալ է, կացնային դիվանագիտություն է։
-Այսուհանդերձ, նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հանդեպ վերապահումներ ունե՞ք, կա՞ն քայլեր, որոնք չեք ողջունում։
-Չեմ կարծում, թե մեծ սխալներ են անում. պահպանվում է նախկին կուրսը, միջպետական պայմանագրերին էլ հավատարիմ են։ Ի՞նչ է, Սերժ Սարգսյանը չէ՞ր բանակցում Եվրամիության հետ, չի՞ ստորագրել ԵՄ համաձայնագիրը։ Այսօր դեռ նոր իշխանությունները որևէ կարևոր փաստաթուղթ չեն ստորագրել, որ ասենք` դա լավ է կամ վատ։ Երբ խոսում ենք միջպետական հարաբերությունների մասին, վերանում է իշխանություն-ընդդիմություն տարանջատումը, սա պետական, ազգային շահ է։ Նիկոլը չլիներ, Պողոսը լիներ, էլի նույնն էի ասելու։ Նոր իշխանություններն այնպիսի կոպիտ սխալ չեն արել, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն իրենց դիրքորոշումը փոխեն Հայաստանի հանդեպ։ Առանցքային հարցերում Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին։
-Վերադառնանք ներքաղաքական կյանքին։ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսօրվա զարգացումներն ի՞նչ են հուշում Ձեզ, ինչպիսի՞ խորհրդարան կունենանք։
-Բավականին փորձառու գործիչ եմ, արդեն 30 տարի ակտիվ քաղաքականության մեջ եմ, շատ լավ տեսնում եմ զարգացումները, ղարաբաղյան լավ ասացվածք կա. «Պառավը գիտուն չի լինում, գլխին եկած է լինում»։ Ասածս այն է` չեմ կարծում, թե լավ խորհրդարան կարող ենք ունենալ։
-Ինչու՞։
-Որովհետև կա փորձի պակաս։ Փաշինյանը ֆենոմենալ քաղաքական գործիչ է, ինքը և իր կուսակցությունն ինտելեկտուալ, քաղաքական մեծ խզում ունեն։ Դրա համար ժողովուրդը ոչ թե «Քաղպայմանագրին» է ձայն տալիս, այլ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր ուսյալ մարդկանց չափազանց մեծ ճգնաժամ կա։ Պարտադիր չէ երկու անգլերեն բառ իմանաս, կրթված մարդիկ տասնյակ տարիներով են հասնում իմաստնության։ Փաշինյանի և նրա կուսակցության ներկայացուցիչների միջև խոշոր վիհ, անդունդ կա։ Չեմ կարծում, թե նույնիսկ նրա մտերմիկ շրջապատը կարող է գնալ նրա մտքերի, նպատակների հետևից։ Հենց այստեղ Նիկոլը շատ մեծ խնդիր ունի, որովհետև ԱԺ մեծամասնությունը պետության ղեկավարի դեմքն է։ Իհարկե, խորհրդարանում մեծամասնությունը «Քաղպայմանագիրն» է լինելու, որովհետև ոչ թե կուսակցությունը, այլ Նիկոլն է դրան արժանի։ Բայց այսօր նա շատ սխալներ է թույլ տալիս, պետք է լսի փորձառու մարդկանց, պետք է իր շրջապատը մաքրի պատեհապաշտներից, հատկապես նախկին իշխանությունից «թռածներից»։ Նիկոլը մեծ հեղինակություն կվայելի ապագայում, եթե կատեգորիկ մերժի նրանց, անկախ նրանից, թե անցյալում ինչ ծառայություններ են մատուցել։ Խոշոր պետական, քաղաքական գործիչները երբեք երախտապարտ չեն լինում, աշխարհի օրենքն է, եթե մեկ անգամ դավաճանել են, էլի կդավաճանեն։
-Որքա՞ն է ՀՀԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը։
-Հայաստանում միակ կայացած կուսակցությունը ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն են, որոնց կայացածությունն անձերով չի պայմանավորված, այլ գաղափարախոսությամբ։ Մի կողմ թողնենք` սխալ են, ճիշտ են, բայց նրանց հիմքը գաղափարական է։ ՀՀԿ-ինը նժդեհականությունն է, ազգային պահպանողական գաղափարախոսությունը, որը փոքր երկրների, ժողովրդների համար անհրաժեշտ է։ Հիմա այս կուսակցությունը որևէ մեկի հոր սեփականությունը չէ, այլ գաղափարակիրների։ Իհարկե, առանձին անձեր, դեմքեր հիասթափություններ են առաջացրել ժողովրդի մեջ, բայց որոշ ժամանակ անց ժողովուրդը կհասկանա, որ ազգային պահպանողական կուսակցությունը պարտադիր է երկրի համար։ Այսօր ոչ թե հեղափոխական էյֆորիա է, ինչպես հաճախ ասում են, այլ իրավիճակն այնպիսին է, որ որտեղ ձեռք են տալիս, կեղտը ջրի երես է դուրս գալիս։ Ո՞նց թե համալսարանը 750 մլն դրամ պետք է վերականգնի, այսինքն այդ ամենը հասել էր նաև մեր կրթական օջախնե՞րը։ Ամենաշատը դատապարտում եմ բուհերի կոռուպցիան։ 25 տարի մանկավարժականում դասավանդել եմ, բայց ո՞վ է նման բան տեսել, քննություններից 2 կոպեկ վերցնողին տանում 10 տարի դատում էին։ Հիմա «Հանրապետականը» ի՞նչ մեղավոր է, որ այսպիսի վիճակ է, Նժդեհը ասել է՝ գնացեք կաշա՞ռք վերցրեք։
-ՀՀԿ-ն մեղավոր է, որ կաշառակերներին է իր թևի տակ վերցրել ու դարձրել կուսակցության անդամ։ Ճիշտ կադրերի չեք հավաքագրել։
-Ոչ թե ճիշտ, այլ խայտառակ կադրեր են եղել։ Կուսակցություն ընդունվելու համար պետք չեն քննիչ հանձնաժողովներ, մարդու հետ երկու բառ խոսում ես, հասկանում ես` ինչ բարոյական նկարագիր ու խելք ունի։ Բայց տեսնում են` գող, ավազակ է, բերում են ԱԺ, պատգամավոր են դարձնում, դրա համար էլ վերջը պետք է այսպես լիներ։ Հիմա էլ կա մարդ, որին շատ լավ ճանաչում եմ, որն ունի դասակի հրամանատարի մտահորիզոն, ՀՀԿ-ից ստացել է ամեն ինչ, բայց այսօր ասում է՝ ես ծայրահեղ նիկոլական եմ՝ 1917-ից սկսած։ Այս մարդիկ կործանեցին Սերժ Սարգսյանին, կկործանեն նաև Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր չէ, որ մեկ մարդը ազգային խնդիրներ լուծի, եթե չունի թիմ։ Ամենահանճարեղ մարդիկ ևս թիմ են ունեցել։ Տառլեն գրում է, որ Նապոլեոնը չէր վախենում իրեն հանճարեղ մարդկանցով շրջապատելուց, որովհետև նրանց մեջ ամենահանճարեղն ինքն էր։ Ստալինի բռնապետության տարիներին անգամ կային շատ հայտնի դեմքեր՝ Մոլոտով, Միկոյան, Բերիա, Կագանովիչ, որոնք համաժողովրդական առաջնորդներ էին, անկախ նրանից` «չար» հանճարներ էին, թե բարի։ Անկախության տարիներին, տեսեք, ինչքան դեմքեր ունեինք՝ Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, որոնցից ամեն մեկն ուներ իր դեմքը։ Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, և նոր դեմքերի վերջը դրվեց, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ իսպառ վերացան։
-Փաշինյանի ժամանակ էլ կարծես «վերջը» շարունակվում է, ասպարեզում ինքն է միայն։
-Դրա համար էլ հորդորում եմ նրան գտնել խելացի մարդկանց։ Պարզապես նրա ողբերգությունն այն է, որ իր թիմում չկան այդպիսիք։ Անհատականություններն անմիջապես երևում են, բայց Նիկոլը փորձում է անձամբ լրացնել այդ բացը, ինչն անհնար է։ Մեր դժբախտությունն այն է, որ այսօր բոլորը սիրում են Նիկոլին, բայց պետությունը չեն սիրում։ Կերպար է, որի հետևից գնում են, բայց չեն ասում` այդ մարդը մենակ չի կարող այդքան գործ անել։ Հո հոխորտալով երկիր չե՞ն կարող կառավարել, հոխորտացին, որ էս օրն ընկան։ Պետությունը ղեկավարվում է անհատներով։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ