Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ծաղկունյաց լեռների զարդը

Ծաղկունյաց լեռների զարդը
07.12.2018 | 02:10

Քաղաքները հնի ու նորի, պատմության ու ապագայի կրողներն են, որոնցով էլ դառնում են գրավիչ հատկապես հյուրերի համար: Այդպիսի քաղաքներից է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքը, որը դեռ վաղնջական ժամանակներից հայտնի է որպես գավառ: Քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվան հետ: Ավանդույթի համաձայն քաղաքը ծաղիկներով է պատել Աստղիկ աստվածուհին՝ թաքնվելու համար աժդահայից, որը թփուտներում թաքնված հետևել է աստվածուհուն։ Երբ աժդահան փորձել է հասնել աստվածուհուն և դիպչել նրան, Աստղիկը գետնին է գցել իր ծաղկազարդ թիկնոցը, որից հետո դաշտը պատվել է ծաղիկներով։ Հետագայում տարածքն անվանվել է Ծաղկաձոր։ Հնում գավառը կոչվել է նաև Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում այն հանդիսացել է Արշակունիների որսատեղի: 6-7 դարերում գավառն արդեն անցել է Կամսարականների նշանավոր նախարարական տանը: 10-րդ դարում Կամսարականներին փոխարինել են Պահլավունիները: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցել Կեչառույքում՝ այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ և հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցել է երկրորդ եկեղեցին` Սբ Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք է ապրել 13-14-րդ դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյան, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-1214 թվականներին Կեչառիսում կատարում է մեծ ծավալի վերանորոգումներ` Սբ Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է: Այս շրջանում է կառուցվել է նաև Սբ Հարություն եկեղեցին:


17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքի բոլոր գմբեթները 1828-ի ավերիչ երկրաշարժից հետո փլվել են, վանքը 1830-ականներին որոշ չափով մաքրվել և բարեկարգվել է: Մինչ խորհրդային կարգերի հաստատումը Ծաղկաձորը համարվել է Երևանի նահանգի առողջարանային կենտրոն, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները: Այդ ընթացքում քաղաքը վերաբնակեցվել է ազգությամբ ռուս բնակիչներով: Խորհրդային տարիներին գործում էին շուրջ երեք տասնյակի հասնող պիոներական ճամբարներ և հանգստյան տներ: 1967 թ. քաղաքում կառուցվում է ԽՍՀՄ գլխավոր մարզաբազան, որը մեծ ճանաչում և հռչակ է բերում Ծաղկաձորին: 1969 թ. Թեղենիսի լանջին կառուցվում է բազկաթոռային ճոպանուղին, որը դառնում է քաղաքի այցետոմսը` ձմեռային հանգիստը դարձնելով ավելի հրապուրիչ:


Հետխորհրդային տարիներին Ծաղկաձորը պահպանեց և զարգացրեց առողջարանային կենտրոնի ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրաարդյունաբերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ ազգայնացվեցին: Ծաղկաձորը քաղաքի կարգավիճակ ստացավ 1984-ին: Անկախության հռչակումից հետո քաղաքն ապրեց դժվարին օրեր, սակայն 2000-ից սկսվեց նրա նոր վերելքը, և այն ստացավ նոր շուք ու նկարագիր:

ԾԱՂԿԱՁՈՐՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Ծաղկաձորում փաստացի գրանցված 2700 բնակչից ներկայումս ապրում է 2000-ը: Բնակչության զբաղվածության հարցը լուծվում է ի հաշիվ քաղաքապետարանի, դպրոցի, մանկապարտեզի, մի շարք առևտրային կենտրոնների, բազմաթիվ հյուրանոցային համալիրների և հյուրատների:
Ծաղկաձորը դուրս է համայնքների խոշորացման ծրագրից, որպես զբոսաշրջության կենտրոն այն համարվում է առանձին միավոր: Քաղաքի բյուջեն 150 միլիոն դրամ է, ներառյալ պետության հատկացրած 7 մլն դրամը:
«Մեր հիմնական եկամուտները գոյանում են գույքահարկից, հողի հարկից, ծխախոտի, խմիչքի գովազդերի տուրքերից: Քաղաքի զարգացման հեռանկարային ծրագրում առաջարկ կա եկամուտների հավաքագրման համար ընդգրկել նաև մեկ զբոսաշրջիկից գանձվող հարկը՝ մեկ դոլարի չափով, որպեսզի կարողանանք լիարժեք լուծել նաև աղբահանության հարցը,- մեզ հետ զրույցում ասաց Ծաղկաձորի քաղաքապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Քաղաքն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, Ծաղկաձոր գետի հունից 3,5 կմ խողովակաշարով քաղաքի տարբեր թաղամասեր հասցված ջուրը ոռոգում է բնակիչների հողամասերը: Սակայն դեռևս լուծված չէ կոյուղագծերի և ջրահեռացման համակարգի հարցը: Լեռներով շրջափակված քաղաքի փողոցները գարնանը ողողվում են ձնհալից գոյացած ջրերով:


Ծաղկաձորն ունի 48 հյուրանոցային համալիր և 3700 հյուրանոց ու հյուրատուն: Քաղաքը հարուստ է մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հնաոճ մասնավոր տներով, որոնք, Արթուր Հարությունյանի փոխանցմամբ, քաղաքապետարանը նախատեսում է գնել: Ի դեպ, համայնքային զարգացման ծրագիրը ներառում է նոր պուրակների, ժամանցային գոտիների կառուցում, ծրագրվում է համայնքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն, ինչը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում:
«Ծրագրված է քաղաքն ապահովել որակյալ հոսանքով, աշխատանքներ են տարվում քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման ուղղությամբ՝ ստորգետնյա մալուխային համակարգով: Նախատեսում ենք համայնքում ավարտին հասցնել LED լամպերով լուսավորության ցանցի ապահովումը: Կարևորում եմ նաև համայնքի հանգստի և ժամանցի նոր կենտրոնի կառուցումը, որը կլուծի բնակչության և զբոսաշրջիկների ազատ ժամանցի խնդիրն ու կստեղծի նոր աշխատատեղեր»,- ասում է Արթուր Հարությունյանն ու հավելում, որ 2019 թվականին քաղաքային զբոսայգու գլխավոր ճեմուղու հարակից տարածքում նախատեսված է կառուցել դիտակենտրոն, թանգարան, ամֆիթատրոն և սահադաշտ: Ժամանցի նոր կենտրոնների ստեղծմանը զուգահեռ քաղաքապետը չի մոռանում համայնքի բնակիչների և երեխաների, ինչպես նաև հյուրերի հանգստի անցկացման հարմարավետության մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում:


2007-ի օգոստոսին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը հետախուզական պեղումներ իրականացրեց Ծաղկաձորի բարձունքներից մեկի վրա գտնվող «Խաչեր» կոչվող հնավայրում և քաղաքի հյուսիսային մասում գտնվող դամբարանադաշտում։ «Խաչեր» հնավայրից 2-3 կմ դեպի արևելք գտնվում է նաև «Բերդի գլուխ» հնավայրը։ Քաղաքապետի համոզմամբ՝ հետագայում այս տարածքների շրջակայքում կառուցվող զբոսայգին կհամալրի Ծաղկաձորի հանգստի գոտիների ցանկը:
Ծաղկաձորի զբոսաշրջային եռուզեռը պահպանելու նպատակով արդեն ավանդույթ է դարձել զանազան փառատոների անցկացումը: Ծաղկաձորում 2016 թվականի դեկտեմբերին պաշտոնապես բացվեց «ԶիփԼայն Արշավներ Ակումբը», որը բավականին գրավիչ ժամանցային սպորտաձև է և հետաքրքրում է զբոսաշրջիկներին:
Բացի Ծաղկաձորի այցեքարտը դարձած ճոպանուղուց, այստեղ կարելի է օգտվել շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներից, որտեղ ձմռան ամիսներին զվարճանում են լեռնադահուկային սպորտի՝ տեղացի և արտասահմանցի հազարավոր սիրահարներ: Ի դեպ, 2013 թ. Ծաղկաձորն արժանացավ «Տարվա բոլոր եղանակներին լավագույն պայմաններ ապահովելու, տուրիզմի զարգացումը խթանելու» հանրապետական մրցանակին:


Քաղաքի անցուդարձին քաջատեղյակ 78-ամյա Համո պապի համար կյանքը Ծաղկաձորում շատ է փոխվել: «Առաջ մեր գյուղի անունը Դարաչիչակ էր, կյանքը հողագործի համար դժվար էր, հիմա էլ հեշտ չի: Էն ժամանակ էլ հարուստներն էին հանգստանում ու վայելում բնությունը, հիմա էլ: Էս հողի վրա աշխատում եմ մինչև հիմա, աչքիս առաջ Դարաչիչակը դարձավ քաղաք, ուրախանում եմ, ինչի՞ չուրախանամ: Հազար տեսակի մարդ ենք տեսնում, աշխարհին հայտնի ենք: Աստված կամենա՝ Ծաղկաձորն ավելի ծաղկի, աշխատանք լինի, թոռներս էլ Ռուսաստանից գան կուշտս»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ