Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե գյուղի բնակիչը չի լքել գյուղը, ուրեմն հարմարվել է պայմաններին

Եթե գյուղի բնակիչը չի լքել գյուղը, ուրեմն հարմարվել է պայմաններին
09.04.2019 | 01:15

ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՉԿԱ, ՈՒՍՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ


Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղը Հայաստանի բազմաթիվ այն համայնքներից է, որտեղ բնակություն են հաստատել 1928-30 թթ. Պարսկաստանի Խոյ, Սալմաստ և Ալաշկերտ գավառներից գաղթած հայեր: Դեռ խորհրդային տարիներին բնակավայրի շրջակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերել են Ք.ծ.ա. 2-1-ին հազարամյակների կիկլոպյան ամրոցի ավերակներ, մատուռ, գերեզմանոց: Նախկինում գյուղը կոչվել է Տաճատապատ, հետո` Թեժրաբեկ:


Ներկայումս գյուղը գտնվում է խոշորացված Ջրվեժ համայնքի կազմում:
Լեռներով շրջապատված Ձորաղբյուր գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, ամռանը տաք է, առանց տեղումների, գարնանը քիչ թե շատ բարենպաստ է: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, առվույտ) մշակությամբ և պտղաբուծությամբ, ինչը սակայն դժվարանում է ոռոգման ջուր չունենալու պատճառով, թեև 1950-ական թվականներին Կոտայքի ջրհան կայանի (Քանաքեռհէկի դերիվացիոն ջրանցքից) և Կոտայքի ջրանցքի (Գյումուշհէկի ճնշման ավազանից, 1958) կառուցման շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածներ դարձել էին ոռոգելի։ Գյուղում մշակված հողամասերի հետ մեկտեղ քիչ չէին նաև ամայի տնամերձերը, որոնց տերերը հավանաբար ցանկացել են իրենց աշխատուժն օգտագործել Երևան քաղաքում: Ձորաղբյուրի վարչական ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` գյուղում աշխատատեղ չկա, ուստի բնակիչները հիմնականում մեկնում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի կամ Երևան: Ձորաղբյուրի 2300 բնակչից 170-ը ամառանոցներում ապրող մարդիկ են, որոնց ընդարձակ հողատարածքներում գյուղի բնակիչներից ոմանք սեզոնային աշխատանքներ են կատարում:
«Աշխատող մարդու համար կապ չունի որտեղ է ապրում, նա կաշխատի ու կստեղծի, եթե չեն լքում գյուղը, ուրեմն հարմարվել են և ստեղծում են կյանքի համար քիչ թե շատ նորմալ պայմաններ: Թեկուզ միայն մաքուր ու առողջարար օդի համար արժե ապրել ու աշխատել այստեղ»,- համոզված է Կորյուն Կարապետյանը:
Ձորաղբյուրը մեծ գյուղ չէ ու առանձնապես հարուստ չէ գյուղատնտեսական նշանակության հողերով, եղածն ընդամենը 2690 հեկտար է, որից 120 հեկտարն արոտավայր է, 756-ը՝ վարելահող, 148-ը՝ խոտհարք և 87-90-ը՝ մրգատու այգիներ, որոնք տարեցտարի ընդլայնվում են, քանի որ ապահովված են ոռոգման ջրով:
Գյուղը գրեթե ամբողջովին գազիֆիկացված է, ճանապարհները քիչ թե շատ բարվոք վիճակում են, ներկայումս իրականացվում են խմելու հին ջրագծերը նոր խողովակաշարերով փոխարինելու աշխատանքներ:


Բնակիչները տնամերձերում մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ, ունեն պտղատու այգիներ, արտադրանքն իրացվում է հիմնականում Երևանի շուկաներում: Անասնապահությամբ ոչ բոլորն են զբաղվում, գյուղում կա 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, քիչ քանակությամբ խոզ, ոչխար ընդհանրապես չեն պահում: Կորյուն Կարապետյանի խոսքով վերջերս ձեռք է բերվել Ձորաղբյուրի բնակլիմայական պայմաններին հարմարվող 15 գլուխ հոլանդական ցեղատեսակի անասուն: Ձորաղբյուրի դպրոց հաճախում է 230 աշակերտ, մանկապարտեզ` 61 երեխա:
-Բյուջեից շատ չենք կարողանում օգտվել: Անցյալ տարի գյուղում հավաքագրված հարկերը կազմել են 68 միլիոն դրամ: Եղածը չի բավարարում խնդիրների լուծման համար, մեր հիմնական նպատակը խմելու ջրագծերի թարմացումն է: ՈՒնենք 10-ից ավելի անապահով ընտանիք, որոնց յուրաքանչյուր տարի ավագանու որոշմամբ տրամադրվում է ֆինանսական աջակցություն 30 հազար դրամի չափով: Կա մի ծրագիր, որով նախատեսվում է կառուցել սպորտբազա: Դեռևս պարզ չէ, թե ծրագիրը երբ կմեկնարկի: Եթե մեր գյուղին տրամադրվող ֆինանսական միջոցները բավարարեն, ցանկանում եմ կառուցել մշակույթի շենք, վերանորոգել գյուղապետարանի շենքը,- ասում է Կ.Կարապետյանը:
Ձորաղբյուրում նոր աշխատատեղերի բացման հեռանկարով ոգևորված Կորյուն Կարապետյանն ուրախությամբ նշեց նաև VEST HOUSE կազմակերպության կողմից գյուղում կառուցվելիք անսարք տեխնիկայի ու մեքենաների վերամշակման՝ ուտիլիզացիայի կենտրոնի ստեղծման ծրագրի մասին, որը Հայաստանում լինելու է միակը: Կազմակերպությունը հավաստագրման վկայական ստանալուց հետո կսկսի աշխատանքները:


ՈՐՊԵՍԶԻ ԳՅՈՒՂԻ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԱՇԽՈՒՅԺ ԴԱՌՆԱ


Առհասարակ, ցանկացած գյուղ կարող է ունենալ զարգացման հեռանկար, եթե կարողանա նպատակային օգտագործել սեփական պատմամշակութային հուշարձանները: Ձորաղբյուրի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 32 հուշարձան՝ Ք.ա. 2-1-ի հազարամյակների դամբարանադաշտեր, «Սանգյար» ամրոցը, 19-րդ դարի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն արդեն գործում է այս տարվա հունվար ամսից, Սբ. Խաչ մատուռը, միմյանց չկրկնող բազմաթիվ խաչքարեր:
Կորյուն Կարապետյանը նշեց, որ առաջիկայում զբոսաշրջության զարգացման նպատակով սպասվում են ներդրումներ, կկառուցվեն հյուրանոցներ: Թեև գյուղում ձիարշավարան կա, սակայն նախատեսվում է կառուցել երկրորդը, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՍԵՐՆԴՈՎ Է ՀԱՐԱՏԵՎՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՅԱՆՔԸ


Գյուղի ասֆալտապատ երկար ճանապարհը ձգվում է դեպի «Կանաչ ուսուցման կենտրոն», որտեղ շուրջ 3000 քառ. մետր հողատարածքի վրա մշակվում են 100-ից ավելի մշակաբույսեր, իսկ կենտրոնում կազմակերպվող հավաքների՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնակիցները տեղեկանում են գյուղոլորտի, հողի գրագետ մշակման նորություններին: Կենտրոն հաճախում են նաև Ձորաղբյուրի կանայք: Նրանցից մեկի՝ գյուղի մանկապարտեզի երաժշտության դաստիարակչուհի ՄԱՐՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ խոսքով գյուղի մանկապարտեզում առաջիկայում բացվելու է երրորդ խումբը, ինչը վկայում է, որ գյուղում ավելանում է երիտասարդ ընտանիքների թիվը:
-Մեր գյուղի մի քանի կանանց համար «Կանաչ ուսուցման կենտրոնը» հիանալի հնարավորություն է գյուղատնտեսությամբ ճիշտ զբաղվելու, հողն ավելի գրագետ մշակելու համար: Իմ տնամերձում ես կարտոֆիլ, լոլիկ, վարունգ եմ մշակում, ունեմ նաև մրգատու ծառեր: Այս տարի կազմակերպված գյուղմթերքի փառատոնին ներկայացրել եմ սև սալորից պատրաստված ջեմն ու հյութը: Ցանկանում եմ արտադրել տեղական համեմունքներով համեմված սալորի թացան (սոուս), փորձնական պատրաստել եմ, շատ հաջող է ստացվել,- պատմում է Մարո Նահապետյանը:


Նրա հեղինակած ու ՀՀ գիտության և կրթության նախարարության հաստատած «Մանկական երգերի ժողովածու»-ում ընդգրկված են բնությանը, կենդանիներին, հայրենիքին, երեխայի առօրյային, երազանքներին ու խաղերին նվիրված երգեր, որոնք նախատեսված են նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտների համար: Մարո Նահապետյանը երեխաների երաժշտական գիտելիքների հարստացման նպատակով ծրագրում է ստեղծել նաև «Երաժշտական լոտո»:
-Թող ոչ ոք չկարծի, թե գյուղում կյանքն անհետաքրքիր է: Պարզապես կցանկանայի, որ Ձորաղբյուրում գործեր մանկական զարգացման կենտրոն, որտեղ երեխաները ժամանակ կանցկացնեին, կհաճախեին տարբեր խմբակների պարպմունքների: Ծնողները հարկադրված չէին լինի երեխաներին տանելու Երևան, ինչը շատերի համար խնդիր է: Մեր գյուղի աղջիկները լավն են, մանկապարտեզ հաճախող երեխաների նիստ ու կացից, վերաբերմունքից նկատվում է, թե նրանց երիտասարդ ծնողներն ինչպես են մտածում, ապրում, դաստիարակում սեփական զավակներին: Ինչպես իրենք են, այնպես էլ զավակներն են, սերնդով է հարատևում համայնքի կյանքը,- հրաժեշտին ասաց Մարո Նահապետյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ