Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդիկ անկեղծ պատասխան են ակնկալում

Մարդիկ անկեղծ պատասխան են ակնկալում
23.04.2019 | 03:52

Նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի՝ ամենից շատ հավանության արժանացած հարցերին պատասխանեց։ Ավելի քան երկու ժամ խոսեց, բայց ոչ մի խնդրահարույց ու էական հարցի այդպես էլ չպատասխանեց։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող օգտատերերին հետաքրքրող հարցերից մեկը հեռուստաեթերի որակին էր վերաբերում, շատերին հուզում էր, թե ինչու նախկին իշխանավորները բանտերում չեն, «արդիական» էր նաև պետական դրոշի հարցը, մինչդեռ ոչ մեկին չէին հետաքրքրել արտաքին խնդիրները, մասնավորապես արցախյան հակամարտության շուրջ զարգացումները։ Մի՞թե վիրտուալ հարթակում հասարակությունն այսքան անտարբեր է կարևոր հարցերի նկատմամբ։


Բավական հետաքրքիր էր այն հանգամանքը, թե որոշ հարցերի ենթատեքստում ինչ էր հասկանում Նիկոլ Փաշինյանը։ Երբ հարցեր եղան, թե ինչու Սերժ Սարգսյանը, մյուս նախկին բարձրաստիճան անձինք կալանավորված չեն, Փաշինյանը ոչ թե հարցերի ուղիղ հնչած տարբերակին էր պատասխանում, այլ ամեն անգամ վստահեցնում էր, քիչ էր մնում երդվեր, որ այդ մարդկանց հետ գործարքի չի գնացել։ Նույն բանն այնքան կրկնեց, որ անգամ Աննա Հակոբյանի «աչքը կպավ», իսկ Արփին էլ «շնորհքով ներխուժեց» ու հայրիկի մտքի թելը կտրեց։
Ժողովրդական շատ առածներով կարելի է բնութագրել Փաշինյանի այս հոգեվիճակը։ Օրինակ, ասում են, «եթե սոխ չես կերել, ինչու՞ է սիրտդ մրմռում» կամ «գող՝ սիրտը դող», «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին»։ Ինչու՞ հարցի ուղիղ իմաստին չի անդրադառնում Փաշինյանը, ինչու՞ յուրաքանչյուր նման հարցադրման ենթատեքստում այլ բան է պատկերացնում։ Ինչպես, օրինակ, Արսեն Ղազարյանի այս հարցի ժամանակ. «Եթե Սերժ Սարգսյանը որևէ հանցանք չի կատարել, որի համար գոնե մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել և անմեղ է, մեկ տարի առաջ ինչու՞ էինք մերժում Սերժին։ Գագիկ Խաչատրյանին բազմաթիվ չարաշահումներում էիք մեղադրում, երբ դեռ պատգամավոր էիք, նա՞ էլ է անմեղ»։ Գուցե մարդիկ իսկապես զարմացած են, թե ինչպես է պատահում, որ ողջ ժողովրդին ոտքի հանեցին միայն մեկ՝ «Մերժիր Սերժին» կարգախոսի շուրջ, և հիմա պարզվում է, որ նա իրականում հակաօրինական ոչինչ չի արել, ինչի համար կարելի էր նրա վրա գործ «սարքել»։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ եթե մինչ իշխանափոխությունը հազար ու մի մեղքերի մեջ էին մեղադրում նախորդ իշխանության կարկառուն դեմքերին, հիմա, երբ բոլոր լծակներն իրենց ձեռքում են, չհաստատվե՞ց այդ մեղքերից գոնե մեկը, ինչը կհիմնավորեր նրանց հեռացումը իշխանությունից։


4200 օգտատերեր հարցեր էին ուղղել վարչապետին, որոնց մեջ ավելի հետաքրքիր հարցադրումներ կային, քան նրանք, որոնք շատ հավանության էին արժանացել։ Ի դեպ, 100 «լայք» էր հավաքել հետևյալ հարցը. «Պարոն Փաշինյան, ե՞րբ եք հրաժարական տալու»։ Հարցն իր պատասխանը չստացավ ոչ այն պատճառով, որ քչերն էին այն հավանել, պարզապես Նիկոլ Փաշինյանն իսկապես չգիտի այդ հարցի պատասխանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ