Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պատվի պարտք

Պատվի պարտք
13.11.2019 | 12:00

Երկուշաբթի Փարիզում նշեցին առաջին աշխարհամարտի ավարտի 101-ամյակը: Նոյեմբերի 11-ին, որ Ֆրանսիայում տոնական օր է, նախագահ Էմանուել Մակրոնը բացեց 1963-ից արտասահմանում ռազմական գործողությունների ժամանակ զոհված ֆրանսիացի զինվորների հիշատակին առաջին համազգային հուշարձանը:

Երեկոյան Մակրոնը հանդիսավորությամբ բացեց ամենամյա «Խաղաղության համաժողովը», որ առաջին անգամ Փարիզում կազմակերպվեց անցյալ տարի՝ Կոմպյենի հրադադարի ստորագրման 100-ամյակի պատվին, որով վերջ դրվեց առաջին աշխարհամարտին: Հիշատակի արարողությունները նոյեմբերի 11-ին սկսվեցին Ելիսեյական դաշտերում Ժորժ Կլեմասոյի հուշարձանին ծաղկեպսակ դնելով, նա մեկ դար առաջ Ֆրանսիայի վարչապետն էր: Կլեմանսոյի հուշարձանից Մակրոնը Հանրապետական գվարդիայի ուղեկցությամբ քայլեց դեպի Հաղթական կամար: Անհայտ զինվորի հուշարձանի մոտ կատարվեց Հավերժական կրակը վառելու զինվորական ավանդույթը (կրակն առաջին անգամ վառվել է 1923-ին): Կեսօրից հետո Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահը հանդիսավոր նախաճաշի էր հրավիրել վետերանների կազմակերպություններին: Ժամը 16-ին Փարիզում բացվեց 1963-ից սկսած արտասահմանում ռազմական գործողությունների ժամանակ զոհված ֆրանսիացի զինվորների հիշատակին առաջին համազգային հուշարձանը: Հուշահամալիրի բացմանը ներկա էին զոհվածների 600 ազգականներ: Նախագահ Էմանուել Մակրոնը հիշատակի խոսք ասաց «հերոսների նոր կոհորտային», որ բարձրագույն զոհաբերության են գնացել՝ իրենց կյանքը տալով վերջին տասնամյակների զինված կոնֆլիկտներում ու խաղաղարար գործողություններում:

«Այս հուշարձանով Ֆրանսիան կատարում է իր պատվո պարտքը»՝ ասաց Մակրոնը, որ անձնական որոշումով վերացրել էր հուշարձանի կառուցման 2011-ի արգելքը: Մակրոնը ընդունեց ռազմական որոշումների «մարդկային հետևանքների» ամբողջ ծանրությունը, որ ստիպված է ընդունել Ֆրանսիայի նախագահը՝ իբրև զինված ուժերի գերագոււյն գլխավոր հրամանատար: Պետության ղեկավարը, Մակրոնի խոսքով, ստիպված է ապրել ողբերգության գիտակցությամբ, որ դառնում է հանուն ազգի տրվող հրամանի մաս: «Բայց դա անհրաժեշտ է հանուն մեր հայրենակիցների, մեր շահերի պաշտպանության և աշխարհում կայունության պահպանման»՝ ընդգծեց Ֆրանսիայի նախագահը և հավելեց. «Որովհետև դա անհրաժեշտ է, այսօր ու միշտ մենք կշարունակենք, ինչպես երեկ, պաշտպանել մեր արժեքները ու պայքարել մեր թշնամիների դեմ»: Հուշարձանը Փարիզի 15-րդ շրջանում է, Անդրե Սիտրոենի այգում: Հուշարձանի կենտրոնում 6 բրոնզե զինվորներ են, որ տանում են անտեսանելի դագաղ: Հուշահամալիրի պատին ֆրանսիացի 549 զինվորականների անուններն են, որ զոհվել են Ալժիրի պատերազմի ավարտից հետո արտասահմանում ռազմական գործողությունների ժամանակ: Վերջին կես դարում Ֆրանսիայի զինված ուժերը մասնակցել են 17 ռազմական գործողության: 141 զինվոր զոհվել է Լիբանանում, 129-ը՝ Չադում, 85-ը՝ Աֆղանստանում, 78-ը՝ Հարավսլավիայում: Վերջինը ավագ կապրալ Ռոնան Պուանտոն է, որ նոյեմբերի 2-ին զոհվել է Մալիում, որտեղ Ֆրանսիան «Բարխան» գործողությունն է իրականացնում: Սախելի շրջանում (Մալի, Չադ, Նիգերիա, Բուրկինա Ֆասո) ֆրանսիացի 4 500 զինվորականներ կան: 2013-ից Ֆրանսիան օգնում է իսլամիստների զինված խմբավորումների դեմ պայքարում տեղի ուժերին, Մալիում Ֆրանսիան 23 զոհ է ունեցել:


2018-ին Կոմպյենի հրադադարի 100-ամյակը Փարիզում նշվեց սամիթով, որին մասնակցում էին 70 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Ֆրանսիայի նախագահի հրավերով Փարիզում էին Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարները: Մակրոնի նախաձաեռնությամբ այդ ժամանակ Փարիզում կազմակերպվեց խաղաղության առաջին համաժողովը, որին այս անգամ մասնակցում են 30 պետությունների ղեկավարներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
RFI


Հ.Գ. Միանշանակ է, որ առաջին աշխարհամարտի 101-ամյակի տոնակատարությունը Ֆրանսիայի նախագահը օգտագործելու է՝ պարզելու երրորդ աշխարհամարտի ավարտի հարցերը, որ վաղուց սկսվել է՝ իբրև հիբրիդային պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, բոլոր միջոցներով: Իսկ հիմա վերածվում է երկրորդ սառը պատերազմի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ