Յուրգեն Կլոպի 100-րդ հաղթանակը
06.12.2019 | 01:51
Այս անգամ մեր դիտարկման կենտրոնում է եվրոպական ֆուտբոլային գերտերությունների երկու առաջնություն, ու այս կերպ վարվելը ոչ թե մեր քմահաճույքի արդյունքն է, այլ օբյեկտիվ իրողությունների արտահայտություն:
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջին հնգյակում գտնվող բոլոր թիմերը գրանցել են հաղթանակ, հետևաբար այս կտրվածքով փոփոխությունների մասին խոսք չի կարող լինել: Միանձնյա առաջատար «Լիվերպուլը» 5:2 հաշվով առավելության է հասել վերջին երեք տուրում պարտություններից աչք չբացող, վտանգավոր գոտում հայտնված «Էվերտոնի» նկատմամբ: Ավելորդ չհամարենք նկատել, որ «մերսիսայդցիները» խաղադաշտ են դուրս եկել երկրորդ կազմով: Նույնքան ավելորդ չհամարենք և այն, որ ընթացիկ առաջնությունում Յուրգեն Կլոպի սաները դեռևս պարտություն չեն կրել (14 հաղթանակ, մեկ ոչ-ոքի): Այս տվյալն էլ հաշվի առած՝ լիվերպուլցիները պրեմիեր լիգայում առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցրին 32-ի (27 հաղթանակ, 5 ոչ-ոքի): Սույնով թիմը գերազանցել է առանց պարտությունների խաղերի քանակով ակումբային ռեկորդը (1987 թ. մայիս-1988 թ. մարտ):
Թերևս մի վիճակագրական տվյալ էլ հիշատակենք ու վերջ: «Էվերտոնի» նկատմամբ հաղթանակը Յուրգեն Կլոպի համար 100-րդն էր: Այս արդյունքին նա հասել է 159 խաղում: Նրանից ավելի հաջողակ է եղել միայն ժամանակին «Չելսին» գլխավորած Ժոզե Մոուրինիոն, որը 100-րդ հաղթանակը տոնել է 142 խաղում:
Խոշոր հաշվով հաղթանակ է գրանցել և «Մանչեստր Սիթին»՝ արտագնայում պարտության մատնելով «Բյոռնլիին»՝ 4:1: Դուբլ են հեղինակել Ժեզուսն ու Մարեզը: «Քաղաքայինները» 32 միավոր ունեն, ինչը 11 նիշով պակաս է լիվերպուլցիների ունեցածից: Սակայն Խոսեպ Գվարդիոլայի սաները պակաս միավոր են հավաքել (3) և աղյուսակի երկրորդ հորիզոնականով ընթացող «Լեստերից», որն անզիջում է գտնվել հյուր ժամանած «ՈՒոթֆորդի» նկատմամբ՝ 2:0:
Այս նույն երեք միավորի տարբերությունն է և «Մանչեստր Սիթի»-«Չելսի» հաջորդայնությունում: «Ազնվականները» հյուրընկալելիս պարտության են մատնել «Աստոն Վիլային»՝ 2:1:
Հնգյակը 23 միավորով եզրափակում է «Վեստ Հեմին» հյուրընկալած «Վուլվերհեմպտոնը»՝ 2:0:
Սակայն պրեմիեր լիգայի վերաբերյալ խոսքն էապես թերատ կլիներ, եթե աչքաթող անեինք տուրի առանցքային հանդիպումը, որը նման կարգավիճակ է ձեռք բերել ոչ այնքան թիմերի ունեցած արդյունքով, որքան նրանով, որ կապվում է նույն անձի անվան հետ: Այո, այո, խոսքը Ժոզե Մոուրինիոյի նախկին ու ներկա թիմերի հանդիպման մասին է: Չընկնենք երկար-բարակ ներկայացման հետևից ու ամփոփ ասենք, որ «Մանչեստր Յունայթեդը» 2:1 հաշվով պարտության է մատնել «Տոտենհեմին» (2:1) ու 21 միավորով ընդհուպ մոտեցել առաջին հնգյակին: «Տոտենհեմը» նրանից հետ է մնում մեկ միավորով:
ՖՐԱՆՍԻԱ
Երբեմն-երբեմն հանդիպող վրիպումների կողքին դիվիզիոնի առաջնությունում «Պարի Սեն Ժերմենն» այնուամենայնիվ շարունակում է հեշտորեն մաքրել հաշիվները մրցակիցների հետ՝ նկատելիորեն առաջ անցնելով մերձակա հետապնդողից, ընդ որում, ակտիվում դեռ ունենալով պակաս անցկացրած խաղ: Այս անգամ երկրի գործող չեմպիոնի զոհն է եղել «Նանտը»՝ 2:0: «Մայրաքաղաքայինների» ակտիվում 36 միավոր է:
Աղյուսակում նրան հաջորդողը վերջին շրջանում փայլուն մրցելույթների շարք անցկացնող, արդեն 26 միավորի տեր դարձած «Մարսելն» է, որ արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել է «Անժին»:
Վերջերս նկատելիորեն կայունացած խաղով առանձնացող «Բորդոն», որն արդեն որերորդ տուրն է չի լքում երրորդ հորիզոնականը, այս անգամ առանձնակի դաժանությամբ է պարտության մատնել հյուր ժամանած «Նիմին»՝ 6:0:
Առաջին քառյակն այստեղ 25 միավորով եզրափակում է «Լիլը» (մեկ միավոր է պակաս հավաքել «Բորդոյից»), որն արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել «Լիոնի» նկատմամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ