Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»

«Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»
21.05.2012 | 12:23

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ:

-Չզարմանաք` հետընտրական Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չեմ տալու: Հարցնելու եմ ավելի կենսական խնդիրների մասին: Ընտրարշավի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մի քանի որոշում ընդունվեց եվրոպական ատյաններում, որոնց ընդհանրական եզրակացությունը հարցի լուծման արագացման պահանջն էր: Կարծում եք` փոփոխություննե՞ր կհաջորդեն:
-Ներքաղաքական մթնոլորտը երբեք այնքան նպաստավոր չի եղել Ղարաբաղի հարցի լուծման համար, ինչքան հիմա` և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Նախ` իսկապես միջազգային ատյաններում այդ հորդորը կա, թեպետ անարդարացիորեն հաճախ են կողմերին նույն հարթության մեջ դնում, որը բոլորովին ընդունելի չէ: 20-րդ դարում ես չգիտեմ ավելի արդար, ավելի ազատագրական և ավելի ժողովրդավարական շարժում, քան ղարաբաղյանն էր: Աշխարհում չկա որևէ նման հողակտոր, որտեղ քրիստոնեությունն այդքան իրեղեն ապացուցներ ունենա. ամեն 17 քառակուսի կիլոմետրի վրա մի վանք կամ եկեղեցի կա` կառուցված հարյուրամյակների ընթացքում: Դա ևս մի ապացույց է, որ ղարաբաղցին այսօր ապրում է իր հողի վրա, և նրա պայքարը ազգային-ազատագրական է: Որքան էլ մենք եվրոպական կառույցների տեսակետները հարգենք, համահարթեցված դիրքորոշումները չեն կարող մեզ բավարարել: Անկասկած է, որ հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով, դա նաև միջազգային ատյանների պահանջն է, և միակ կողմը, որ այս տեսակետը վիճարկում է, Ադրբեջանն է` իր ռազմական սպառնալիքներով:
-Այդ պարագայում` որտե՞ղ եք բարենպաստ պայմաններ տեսնում:
-Ե՛վ ներքին քաղաքական, և՛ արտաքին շփումների առումով մենք շատ առաջ ենք գնացել: Կարող է թվալ, որ գործընթացը արագ չի զարգանում, բայց այն մարդիկ, ովքեր հաճախ են լինում Ղարաբաղում, հնարավորություն ունեն տեսնելու այդ տարբերությունները ամեն ինչում և, առաջին հերթին, այն քաղաքականության մեջ, որ իրականացնում են Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունները` սերտ համագործակցությամբ ու համակարգվածությամբ:
-Լավ, ի՞նչ է ուզում միջազգային հանրությունը` տնտեսակա՞ն ծրագրերի իրականացման հնարավորություն, հակամարտությունների՞ հաղթահարում տարածաշրջանում, ժողովրդավարությա՞ն հաստատում:
-Ես կարծում եմ` բոլորը միասին, որովհետև իրականում այդ բաղադրիչները սերտ շաղկապված են: Բացի դրանից, մեր տարածաշրջանը մեծ աշխարհի մի մասն է և, վաղ թե ուշ, պիտի համակեցության աշխարհում ընդունված կանոններով ապրի: Մենք պիտի կարողանանք հաղթահարել մեր միջի անջրպետները և առաջ գնալ: Ոչ ոք այնքան շահագրգռված չէ Ղարաբաղի հարցի լուծմամբ, որքան Արցախի ու Հայաստանի ժողովուրդը: Արցախի ժողովրդի ոգին, տրամադրվածությունը, համառությունը, համախմբվածությունն ապացուցում են, որ ոչ ոք այնքան չի գնահատում հաղթանակն ու խաղաղությունը, որքան իրենք: 20 տարի առաջվա Շուշիի ավերակների ու այսօրվա քաղաքի համեմատությունն արդեն մեկնաբանություններ չի պահանջում: Ես շատ հաճախ եմ լինում Արցախում, նոր զարգացումները տեսնում եմ ու սրտանց ուրախանում, որ Արցախն արագ է զարգանում: ՈՒզում եմ հատկապես կարևորել քաղաքական վերնախավի հաստատակամությունը: Արցախում ստեղծված բարենպաստ մթնոլորտը մեծապես պայմանավորված է նաև նախագահ Բակո Սահակյանի անձով` ավելի զուսպ, ավելի հավասարակշռված, ավելի զգաստ քաղաքական գործիչ այսօր Արցախում չկա: Արցախն այսօր բաց է աշխարհի առջև և կարողանում է այնպես անել, որ ոչ միայն բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից գան Արցախ, այլև կոնկրետ հարցեր լուծել` այդ կոնկրետ մարդկանց միջոցով: Այս ամենը կաթիլ-կաթիլ Արցախն ավելի ճանաչելի է դարձնում աշխարհի համար: Որևէ մեկն այսօր այլևս չի կասկածում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների անդառնալիությանը, որովհետև տեսնում է փոքր, բայց կազմակերպված, կայացած, զարգացող ու ժողովրդավար պետություն:
-Առաջիկա նախագահական ընտրություններում Արցախում չորս թեկնածու կա: Եթե անկեղծ` նրանց խնդիրը ժողովրդավարության ապահովո՞ւմն է, թե՞ նրանք կարող են իրական այլընտրանք լինել գործող նախագահին: Ինչպե՞ս եք գնահատում Բակո Սահակյանի վերընտրության շանսերը:
-Շատ բարձր, որովհետև ժողովուրդը նրան իսկապես սիրում է, ընդունում ու հարգում: Որևէ քաղաքական ուժ նրա թեկնածությանը դեմ չէ, բոլորը շատ համախմբված են: Գուցե ոմանց թվում է, որ նման համախմբվածությունը կոմունիստական ժամանակներից մնացած, չհաղթահարված ժառանգություն է, բայց դա թյուր տպավորություն է:
-Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը դա ընկալում է իբրև ընդդիմության բացակայություն և, իր կարծրատիպերի համապատասխան, գնահատում նահանջ ժողովրդավարությունից: Գուցե ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակին համապատասխա՞ն պետք է լինի նաև քաղաքական իրավիճակը:
-Արցախում հիանալի հասկանում են, որ իրենց մեջ պառակտում չի կարելի թույլ տալ: Ի վերջո, այդ համախմբումն օրինաչափ ու տրամաբանական է: Իհարկե, Արցախում նոր սերունդ է մեծացել, որ պատերազմը միայն պատմելով գիտի, բայց նրանց հայրերն ու պապերը պատերազմն իրենց ուսերին են տարել և հստակ հասկանում են, որ իրենց փոքր տարածքում պառակտումը նշանակում է վերջ: Կարծում եմ` համախմբումը նրանց ամենամեծ հաղթանակն է, ինչպես էլ գնահատեն միջազգային կառույցները: Անաչառության ու անկողմնակալության համար նրանք պիտի հաշվի առնեն, որ Արցախը ո՛չ Միջերկրականի, ո՛չ էլ Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի ափերին է:
-Բակո Սահակյանի վերընտրությունն Արցախի հարցի լուծման առումով ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
-Այսօր Արցախում շատ մտածված քաղաքականություն են վարում. ցանկացած եվրոպացի, հայրենիք վերադառնալով, դառնում է Արցախի դեսպան` իր հետ տանելով այդ փոքրիկ երկրամասի ջերմությունն ու սերը, իսկ դա ոչ մի նավթադոլարով չես գնի: Սա` մեկ, երկրորդ` անցած տարիներին, որքան էլ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է դեռ, գործող նախագահը բավականաչափ շփումներ է ունեցել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլև շատ այլ պաշտոնատարների հետ, կուտակված փորձն ու ստեղծված կապերը ևս քաղաքական կապիտալ են: Արդեն չեմ ասում այն փոխըմբռնման մասին, որ կա երկու հայկական պետությունների նախագահների միջև, ինչն իսկապես շատ կարևոր ու շատ անհրաժեշտ է երկուստեք հաջողության համար:
-Եթե ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներով, հնարավոր համարո՞ւմ եք, որ միջազգային հանրությունը վերջապես մի կողմ թողնի չճանաչված պետության ընտրությունները չճանաչելու իր կարծրատիպը, և սկսի հասկանալ, որ պետությունը կա, գոյություն ունի ու շատ ավելի ժողովրդավարական է, երբ օրենքներ են գործում, ընտրություններ են լինում, քան կարող էր լինել անիշխանության պարագայում:
-Ոչ պաշտոնական զրույցների ժամանակ ես դա լսել եմ շատ քաղաքական գործիչներից: Ցավոք, առայժմ միայն ոչ պաշտոնական, բայց դա չի նշանակում, որ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվելու: Իհարկե, ոչ այս անգամ, բայց հուսով եմ, որ ինչպես մի քանի տարի առաջ այսօրվա իրողություններն էին անհավանական թվում, այնպես էլ այսօր հեռու են թվում մի քանի տարի հետո կատարվելիքները:
-Ձեր կարծիքով` հիմա Արցախում տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական վիճակը քաղաքական այդ խնդիրները լուծելու հնարավորություն տալի՞ս է:
-Բնականաբար, դժվարությունները դեռ շատ են: Այնպես չէ, որ այնտեղ լուծված են բոլոր խնդիրները, ոչ մի ազդեցություն չի ունեցել ճգնաժամը, բայց այլևս Արցախից չեն հեռանում, հակառակը` վերադառնում են, թեպետ շատ լավ չեն ապրում: Պարզապես պատրաստ են հաղթահարելու բոլոր դժվարությունները` հանուն ավելի լավ ապագայի:
-Ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում Ադրբեջանի ղեկավարության պատերազմի սպառնալիքներին, որ օրումեջ կրկնվում են:
-Հանգիստ, որովհետև պատերազմը չեն մոռացել և չեն մոռացել, որ պատերազմը չի ավարտվել: Իրենք հենց սահմանն են` պատերազմի էլ, խաղաղության էլ: Կարծում եմ` եվրոպական կառույցները պիտի համարժեք գնահատեն և՛ ատելության ու թշնամանքի քարոզչությունը, և՛ պատերազմական սպառնալիքների հաճախականությունը, որով Ադրբեջանն արդեն ոչ մեկին չի զարմացնում: Ղարաբաղում սպասում են` երբ է դեյուրե ամրագրվելու իրենց դեֆակտո ինքնորոշումը:
-Տևական ժամանակ միջազգային հանրությունը ժողովրդավարության հաստատումը տարածաշրջանում ստորադասում է հակամարտության հաղթահարմանը, չե՞ք կարծում, որ քանի դեռ ժողովրդավարական արժեհամակարգեր չեն գործում, հարցի լուծում հնարավոր չէ, որովհետև ուղղակի չի ընդունի ժողովուրդը: Եվ այդ դեպքում ստատուս քվոն, մի կողմից, ապահովում է խաղաղություն, մյուս կողմից` «ապահովում է» փակ սահմաններ, միջազգային լարված հարաբերություններ, տարածաշրջանային տնտեսական ծրագրերից Հայաստանի մեկուսացում, հետևանքների մասին արդեն չասեմ:
-Նման մռայլ գնահատականի հետ համաձայն չեմ: Ղարաբաղի հարցի լուծմանը զուգահեռ մենք առաջ ենք շարժվում ժողովրդավարության խորացման ճանապարհին: Որևէ երկրում այդ արժեքները մի օրում ու խիստ համաժամանակյա չեն հաստատվում: Ամենակարևորը հասարակական գիտակցության ընկալումն է, հասարակությունն ինքը պետք է այդ ճանապարհն անցնի: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ երբեք փակ չի եղել, աշխարհից կտրված չի եղել և շատ հաճախ է իր ներսում ձևավորել հենց այն պահանջները, որ արտաքին աշխարհում գործում են իբրև նորմեր: Ես հավատում եմ, որ կայուն արժեհամակարգի ձևավորման հիմքում ընտանիքն է, որը մեզ մոտ, ցավոք, ձևախեղումներ է գրանցում: Հասարակական գիտակցության առումով ժողովրդավարության սերմանումը, առաջին հերթին, սկսվում է այդ օղակից, և ընտանիքի ամրությունը դառնում է պետության ուժեղություն, ընտանիքի, որպես հասարակական միավորի տատանումները վտանգավոր են դառնում պետության համար:
-Ո՞րը պիտի լինի պետության դերը:
-Գլոբալ հարց է, որ ընդգրկում է մի քանի համակարգերի համաժամանակյա գործունեություն: Բայց ինձ թվում է` ամենակարևորը կանանց նախապատրաստելն է իրենց դերին` ճիշտ սերունդ դաստիարակել ծնված օրից: Որովհետև տարբեր ոլորտներում, երբ փորձում ես պատճառների մեջ խորանալ, բախվում ես ընտանիքին: Մենք սկսել ենք կանանց առաջխաղացման մասին շատ խոսել, բայց այն կարևոր դերակատարությունը, որ կինը պիտի ընտանիքում ունենա, երեխայի անհատականության ձևավորման, կրթության հարցում, մոռանում ենք: Դա միայն մեր պրոբլեմը չէ, շատ երկրներում կա այդ խնդիրը և, ցավոք, խորանում է: Ի վերջո, որքան էլ տարօրինակ ու ցավալի է խոստովանելը, շատ հաճախ հասարակության արատների պատճառներն ընտանիքներում են, իսկ ընտանիքների խնդիրների պատճառները կանայք են` իրենց կրթական, դաստիարակչական, բարոյահոգեբանական, կենցաղային անպատրաստվածությամբ այն կյանքին, որով ապրում են: Ժողովրդավարությունը հենց այնպես հնչող բառ չէ, աշխարհայացք է, ապրելակերպ, հոգեվիճակ:
-Եթե համեմատում ենք այս տարվա տոնակատարությունը նախորդի հետ, ի՞նչն էր այս տարի բնորոշ Արցախյան եռատոնին:
-Ընդհանուր ոգևորությունը, որ շատ հեռու էր պաթետիկայից, այնտեղ մարդիկ իսկապես կարողանում են հոգով ու սրտով տրվել տոնին, տոնն իր բովանդակությունը չի կորցրել` փոքրից մեծ իրենց իմաստավորումն են գտնում, ուրախանում են և ուրախացնում: Այս տարի տոնակատարությունը միջոցառումների մի շարան է, որ դեռ չի էլ ավարտվել: Շատ շուտով Շուշիում կբացվի պատկերասրահ, որին իրենց կտավներն են նվիրելու շատ արվեստագետներ և մասնավոր հավաքածուների տերեր: Ի դեպ, սեպտեմբերից Շուշի կտեղափոխվի մշակույթի նախարարությունը, որ քաղաքին մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ է տալիս: Խոստովանեմ` շքերթներ առանձնապես չեմ սիրում, բայց Արցախում այնպիսի հպարտություն էի ապրում, երբ զինվորներն ու ժամանակակից զրահատեխնիկան անցնում էին հրապարակով, ու լեռները, թվում էր, արձագանքում են ու բազմապատկում նրանց ուժը: ՈՒ այդ ամենից մնում էր այն համոզմունքը, որ բոլորս ոչ թե բառերով պետք է սիրենք Արցախը, այլ գործով, և ամեն օր պիտի ապացուցենք մեր սերը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ