Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»

«Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»
21.05.2012 | 13:14

«Իրատես de facto»-ի հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:

-Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ ծրագրված սցենար չեն։
-Երևի թե տարօրինակ կարելի է համարել, բայց Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկը Միացյալ Նահանգներն է, որը 1950-ական թվականների վերջերին Իրանի տարածքում հիմնեց առաջին միջուկային օբյեկտը։ Թեհրանի համալսարանի միջուկային կենտրոնում գործում էր Միացյալ Նահանգների տեղադրած 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հետազոտական ռեակտոր, որն աշխատում էր բարձր հարստացված ուրանով։ ԱՄՆ-ը հատկացրել էր նաև «տաք խուց»՝ ոչ մեծ քանակի պլուտոնիում առանձնացնելու համար։ Մինչև Իսլամական հեղափոխությունն Իրանը համարվում էր ԱՄՆ-ի դաշնակիցը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Սակայն 1978-79 թթ. տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը, և վարչակարգի փոփոխությունը Միացյալ Նահանգները համարեց ոչ լեգիտիմ։ Իսլամական հեղափոխությունից և Իրան-ԱՄՆ հարաբերությունների խզումից հետո ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրերը որակում է որպես սպառնալիք և անդադար մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու համար։ Իրանը մինչ հեղափոխությունը միացել էր Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, որի անդամ է նաև այսօր։ Մինչ օրս էլ Իրանը հայտարարում է, որ հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ծրագրին, և իր միջուկային ծրագիրն իրականացվում է միայն «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում։ Բայց Միացյալ Նահանգները բավարար չի համարում այդ հավաստիացումները և մեղադրում է Իրանին, որ, այնուամենայնիվ, նա փորձում է ստեղծել միջուկային զենք, քանի որ դրան զուգահեռ նաև զարգացնում է հրթիռաշինությունը, ինչը, ըստ ԱՄՆ-ի, կարող է հանդիսանալ փոխադրող միջոց։ Միանշանակ ասել, թե ծրագրված գործընթաց է, չի կարելի, քանի որ այս ամենը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունից հետո։ 1981 թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն իսպառ դադարեցին, և նրանք այժմ համարվում են թշնամի պետություններ։
-Հնարավո՞ր է գունավոր հեղափոխության ներմուծումն Իրան։
-Իրանում գունավոր հեղափոխության փորձ արդեն արվել է 2009 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ «Կանաչների շարժման» կողմնակիցներն ամեն ինչ անում էին, որ շարժման ղեկավար Մուսավին դառնա երկրի նախագահ։ Սակայն Իրանում ընտրվեց Մահմուդ Ահմադինեժադը, և «Կանաչների շարժումն» ամբողջովին ջախջախվեց։
-Իրանում վերջին խորհրդարանական ընտրություններում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները պարտություն կրեցին։ Կարելի՞ է սա ինչ-որ տեղ համարել ԱՄՆ-ի հաղթանակը, և այս համատեքստում ի՞նչ զարգացումներ են հնարավոր Իրանում։
-Ամբողջ խնդիրն այն է, որ Ահմադինեժադին մնացել է կառավարելու ընդամենը մեկ տարի։ 2013-ին նրա կառավարման ժամկետն ավարտվում է, և այլևս իրավունք չունի առաջադրվելու։ Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի կողմնակիցների դիրքերն են բավականին թուլացել։ Համարել, թե սա ԱՄՆ-ի հաղթանակն է, թերևս սխալ կլինի, քանի որ ընտրություններում հաջողության են հասել հոգևոր առաջնորդի կողմնակիցները։ Թե որքան է Միացյալ Նահանգներին ձեռնտու այս ուժերի ընտրությունը, միանշանակ ասել հնարավոր չէ։
-Պատերազմի սպառնալիքը կախված է Իրանի գլխին։ Մոտ ժամանակներս հնարավո՞ր է պատերազմի հրահրումն Իրանի նկատմամբ։
-Իրանի շուրջ լարվածության առաջին իսկ օրերից ես ասացի, որ Միացյալ Նահանգները պատերազմական գործողություններ չի սկսի, քանի դեռ այնտեղ նախագահական ընտրություններ են սպասվում։ ԱՄՆ-ում նոյեմբերին երկրի ղեկավարի ընտրություններ են։ Եվ այս պահին Օբամային ձեռնտու չէ սկսել պատերազմական գործողություններ, որի ֆոնի վրա կարող են խնդիրներ առաջանալ, ինչը թեկնածուին անմիջապես կզրկի այնքան անհրաժեշտ քվեներից։ Կարծում եմ՝ կսպասեն նախագահական ընտրություններին, որից հետո առավել խիստ պատժամիջոցներ կկիրառեն, գուցե նաև ռազմական գործողություններ ծավալեն։ Եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթի Օբաման, հնարավոր է՝ փորձեն բանակցությունների, պատժամիջոցների միջոցով խնդիրը լուծել։ Իհարկե, չի կարելի բացառել նաև պատերազմական գործողությունը։ Սակայն հանրապետականների ընտրվելու դեպքում պատերազմական գործողություններն ավելի հավանական են։ Հանրապետականների գրեթե բոլոր թեկնածուների ելույթներում Իրանի հարցում կտրուկ մոտեցումն առկա է, ըստ նրանց՝ Իրանի նկատմամբ առավել խիստ միջոցներ պետք է ցուցաբերել։
-Հնարավոր պատերազմն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
-Տարածաշրջանում յուրաքանչյուր անկայունություն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Բնականաբար, սահմանակից երկրում պատերազմը մեզ համար նույնպես վատ հետևանքներ կարող է ունենալ, մանավանդ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայության պարագայում։ Մեր հիմնական ապրանաքաշրջանառությունը տեղի է ունենում Վրաստանի և Իրանի տարածքով։ Իրանում պատերազմի սկսման դեպքում այդ սահմանն էլ է փակվում, և մնում ենք միայն հայ-վրացական սահմանի հույսին։ Չմոռանանք նաև, որ եթե պատերազմական իրավիճակ ստեղծվի Իրանում, բավականին շատ փախստականներ կապաստանեն ինչպես Իրանի սահմանակից այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, ինչը ևս դժվարություններ կառաջացնի Հայաստանի համար։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ