Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես կցանկանայի, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մասնակցեին ու իրենց ձայնը տային ինձ»

«Ես կցանկանայի, որ ՀԱԿ-ն ու  «Ժառանգությունը» մասնակցեին  ու իրենց ձայնը տային ինձ»
31.05.2012 | 14:32

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

-Պարոն Աբրահամյան, նախ` շնորհավորում ենք, ապա հարցադրում` էս «ազիզ» օրով ինչո՞ւ եք այդքան մելամաղձոտ ու տխուր:
-Դե հիմա մարդ կա՞, որ չի հասկանում, թե ինչ պաշտոն են իրեն առաջարկել. շատ ուրախ եմ, քանի որ ես հասկանում եմ ինձ առաջարկված պաշտոնի և՛ կարևորությունը, և՛ պատասխանատվությունը, դրա համար մի քիչ լարված եմ, մի քիչ մտահոգ եմ, որ ամեն ինչ լավ լինի:
-Ի դեպ, լրագրողների համար վերջին շրջանում ԱԺ մուտքն ազատականացվել էր, Դուք պահպանելո՞ւ եք այդ կարգը:
-Ո՞վ էր ազատականացրել:
-Սամվել Նիկոյանը` ԱԺ նախկին նախագահը, և մենք ավելի ազատ ելումուտ ունեինք պառլամենտ, պահպանելո՞ւ եք այդ ռեժիմը:
-Ժամանակը ցույց կտա, չշտապենք:
-Եթե ես Ձեզ ասեմ, որ դա շատ ճիշտ ու լավ կարգ էր, կարո՞ղ է իմ խոսքը Ձեզ մոտ անցնել:
-Կարող է: Միշտ էլ Ձեր խոսքն ինձ մոտ անցել է:
-«Մերսի»: Հիմա էլ ավելի առաջ «անցնենք» ու հասկանանք` կարո՞ղ է իմանաք, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար պարոն Ծառուկյանն ինչո՞ւ չի եկել:
-Չեմ կարող, ես տեղյակ չեմ:
-Տեղյակ չեք: Բայց ասում են, որ նրա հետ խնամի եք: Հետո էլ ասում են, թե Դուք «կուրացիա» եք անելու ԲՀԿ-ի, այսպես կոչված, անհնազանդներին ու ագրեսիվներին, և որ նրանց պատասխանատվությունը դրված է Ձեր` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վրա, որ վերջիններս «այլ» բաներ, «անձնական որոշ կարծիքներ» չարտահայտեն, որպես կառուցողական ընդդիմություն. հասկացաք` ում և ինչի մասին է խոսքը:
-Ոչ, նման բան չկա: Ինչ պատասխանատվություն դրված է ինձ վրա, կանոնակարգով արդեն իսկ ֆիքսված է, որևէ այլ պատասխանատվություն ես չունեմ:
-Իսկ որ ասացիք պատասխանատվության խնդիրն է Ձեր այսօրվա տխրության, մտահոգության պատճառը, կանոնակարգի ո՞ր կետը նկատի ունեիք:
-Ես մտահոգ եմ, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցում առաջին նիստին, դրա համար եմ մի քիչ տխուր, ես կցանկանայի, որ մասնակցեին ու իրենց ձայնը տային ինձ:
-Ա՛յ, տեսնում եք, ավելի անկեղծ եք արդեն. ես Ձեր միտքը դոմինոյի էֆեկտով հիմա տարածում եմ նաև ԱԺ առաջին նիստին մասնակցելու չեկած ԲՀԿ-ի առաջնորդ պարոն Ծառուկյանի վրա, միանում Ձեր մտահոգությանը և նշում, որ նա պետք է գար Ձեզ ընտրելու` առնվազն: Ի դեպ, ինչո՞ւ եք համոզված, որ «Ժառանգությունը», և հատկապես ՀԱԿ-ը, իրենց ձայնը տալու էին Ձեզ:
-Ես չասացի` համոզված եմ, ինձ համար ցանկալի էր:
-Չե՞ք հասցրել իրենց հետ պայմանավորվել` պառլամենտական կոնսոլիդացիան նկատի ունեմ:
-Չենք հասցրել:
-Ա՛յ պարոն Աբրահամյան, մյուս կողմից էլ` Ձեր գործն էլ մի գործ չէ. շուրջ 50 ինտելեկտուալ-պատրաստված ընդդիմադիր պատգամավորներ ամբողջ օրը «ռմբակոծելու» են ԱԺ ամբիոնը, դահլիճը, ո՞նց եք դիմանալու-դիմակայելու դրան:
-Ես բոլոր պատգամավորների, լրագրողների հետ աշխատելու եմ շատ համերաշխ, շատ կոնսոլիդացված:
-Շա՛տ էլ ճիշտ եք անելու, մենք էլ: Ի դեպ, Դուք ԱԺ նախագահի թեկնածության Ձեր ելույթում ասացիք, որ քննադատելու եք կառավարությանը` անհրաժեշտության դեպքում: Շա՜տ ճիշտ եք անելու: Նախորդ օրն էլ ՀՀԿ ԳՄ-ի ու քաղխորհրդի նիստում Սերժ Սարգսյանը բոլոր ՀՀԿ-ականներին հորդորել է` դեմ չխոսել կառավարության ներկայացրած օրինագծերին. լինել խիստ միասնական, քվեարկել խիստ համերաշխ և այդպե՜ս շարունակ:
-Դուք էլ եք ճիշտ ասում, մենք, որպես օրենսդիր մարմին, փորձելու ենք այդ օրենքներն ավելի կարգավորել, ավելի լավացնել, եթե նոր-լավ առաջարկություններ ունենք, անենք:
-Եվ վերջում. պարոն Աբրահամյան, տիեզերքում կա այսպիսի օրենք. նույն գետը երկու անգամ անցնել հնարավոր չէ։ Դուք հիմա դա եք փորձում անել: Շատ ռիսկային չէ՞:
-Դրա համար էլ մտահոգ եմ:
-Մի՛ մտահոգվեք, կօգնենք:


Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 7900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ