Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գազպրոմը» կշահի, իսկ Հայաստանը կզրկվի...

«Գազպրոմը» կշահի, իսկ Հայաստանը կզրկվի...
21.06.2013 | 11:43

«Հայռուսգազարդ» ընկերությունը այսուհետ կարող է վերանվանվել «Գազպրոմ», քանի որ հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, մտադիր է իրեն պատկանող 20 %-ը վաճառել ռուսական կողմին։ Այս մտադրությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը. «Այս պահին այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»։
Եթե այդ գործարքը տեղի ունենա, ապա Հայաստանի էներգետիկ համակարգի մեծ մասը, իսկ որոշ փորձագետների համոզմամբ` ամբողջապես, կվերածվի Ռուսաստանի մենաշնորհի։ Այն, որ այս պահին կառավարությունը քննարկում է իր բաժնետոմսերից հրաժարվելու հարցը, արդեն փաստ է։ Հիշեցնենք միայն, որ տարիներ առաջ «Հայռուսգազարդ»-ում կառավարության բաժնետոմսերը կազմում էին 47 %։ Ինչո՞վ է պայմանավորված վերջին 20 %-ից հրաժարվելը, դժվար է միանշանակ ասել։ Բնականաբար, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, գազի սակագնի բարձրացման շուրջ խոսակցությունների նման, այս հարցի պատասխանը ևս կերկարաձգի։
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները անկախությունից ի վեր «ալերգիա» ունեն ռազմավարական նշանակության ոլորտների նկատմամբ և օր առաջ փորձում են դրանցից ազատվել` օտարելով դրանք։ Այսօր Հայաստանը սեփական գրեթե ոչինչ չունի, ինչը հակասում է պետության կայունության ամրապնդման գաղափարին։ Անգամ գերզարգացած եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում էներգետիկան, ավիացիան, երկաթուղին, հեռահաղորդակցության, փոստային, ջրային և ռազմավարական նման այլ ոլորտներ պետական են, որոնց զուգահեռ գործում են նաև մասնավորները։ Սա շատ տրամաբանական քաղաքականություն է։ Այդ երկրները հո իրենց խելքը հացի հետ չե՞ն կերել, որ իրենք իրենց զրկեն պետական մենաշնորհից, որ հետո էլ հայտնվեն այլ երկրների կամ անհատների «լծի» տակ։
Ռազմավարական նշանակության ոլորտների հրաժարվելը խոցելի է դարձնում մեր երկրի անվտանգությունը։ Ցանկացած երկիր, որը սեփականացրել է մեր ռազմավարական նշանակության ոլորտները, ցանկացած պահի գործելու է իր շահերից ելնելով, անգամ եթե դրանք հակասեն Հայաստանի շահերին։ ՈՒ խնդիրը բոլորովին էլ այն չէ, թե ինչու, ասենք, էներգետիկ ոլորտը տրվում է Ռուսաստանին. Ռուսաստանը չլիներ, տրվելու էր մեկ այլ երկրի։ Խնդիրը ոչ թե երկրների, այլ Հայաստանի քաղաքականության մեջ է։ Մենք հեշտությամբ հրաժարվում ենք մեր ամուր դիրքերից և «սիրով» մտնում այլ պետության թելադրանքի տակ։ Բայց ինչո՞ւ։
«Հայռուսգազարդ»-ի դեպքում, որոշ վերլուծաբանների կարծիքով, կառավարությունը հրաժարվում է իր 20 % բաժնետոմսերից, քանի որ այդպիսով լուծում է գազի գնի 30 %-ը սուբսիդավորելու խնդիրը։ Եթե նկատենք, որ սուբսիդավորման տարեկան գումարը կազմում է 140-150 մլն դոլար, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունն իր 20 % բաժնետոմսերը վաճառում է ռուսական կողմին նշված գումարի չափով։ Այսինքն` կառավարությունը «մի փոր հացը փոխում է մի հոր հացի հետ»։ Ի դեպ, չի բացառվում, որ վերլուծաբաններն իրենց ենթադրության մեջ ճիշտ լինեն։ Չմոռանանք, որ թեև կառավարությունը անապահով խավին խոստացավ սուբսիդավորել գազի գինը, այնուհանդերձ, մինչ օրս չի նշվում, թե ինչ միջոցների հաշվին է այն իրականացվելու։ Թեև նկատենք, որ մի քանի օր առաջ կառավարությունը չբացառեց, որ այդ միջոցները կարող են ձևավորվել արտաքին աղբյուրների օժանդակությամբ, բայց կրկին չասվեց, թե հատկապես որ աղբյուրի մասին է խոսքը։
«Հայռուսգազարդ»-ի հարյուր տոկոս ռուսականացումը, ըստ որոշ վերլուծաբանների, ունի նաև դրական կողմ, քանի որ այդպիսով Ռուսաստանը Հայաստանին կարող է գազ մատակարարել ներքին սակագներով։ Այսինքն` չկիրառելով 30 % արտահանման վճարը։ Թե որքանով այս կանխատեսումը կարդարացվի, դժվար է ասել։ Նույն լավատես վերլուծաբանները տարիներ առաջ կարծում էին, որ «Գույք` պարտքի դիմաց» գործարքը խիստ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, և համոզված էին, որ Ռուսաստանին հանձնված ձեռնարկություններն ու ինստիտուտները լիարժեք կաշխատեն։ Բայց, արի ու տես, որ լուսավոր կանխատեսումներն իրականություն չդարձան։
Այսօր փաստ է միայն, որ եթե կառավարությունն իր 20 % բաժնետոմսերը տա «Գազպրոմին», ապա ռուսական ընկերությունների մասնակցությունը ՀՀ էներգետիկ համակարգում է՛լ ավելի կմեծանա, ինչն այսօր, ըստ տարբեր գնահատականների, 80 % է կազմում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ.- Խնդրի շուրջ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հարցազրույցը կարդացեք «Իրատես de facto»-ի հաջորդ` հունիսի 25-ի համարում։

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ