Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ցանկացած սադրանք կարող էր տեղի ունենալ, արյուն կարող էր հեղվել»

«Ցանկացած սադրանք կարող էր տեղի ունենալ, արյուն կարող էր հեղվել»
20.02.2015 | 00:42

«Շատերի համար անսպասելի զարգացումներ էին, այդ թվում՝ ինձ համար։ Թեև կային հնարավոր կոշտ պայքարի նախադրյալներ, սակայն ենթադրվում էր, որ այդ ամենը պետք է լիներ բացառապես օրենքի և Սահմանադրության սահմաններում։ Կարծում եմ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը փետրվարի 5-ին իր ձևաչափով և բովանդակությամբ միարժեքորեն տեղավորվում էր ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և բռնությամբ իշխանություններին տապալելու կոչեր չեն արվել։ Ձևավորել շարժում, կազմակերպել միտինգներ, իշխանությանը ներկայացնել պահանջներ, դրանք բոլորը Սահմանադրության շրջանակներում են, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով դիտարկելը»,- «Իրատես de facto» ակումբում գնահատելով ներքաղաքական իրավիճակը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ։ Բանախոսի գնահատմամբ, քաղաքական իրադարձությունները շատ արագ զարգացան, ինչն անսպասելի է եղել նաև իր համար։
Այն, որ ներքաղաքական իրավիճակը միանգամից սրվեց և չհասցրեց մի կարգին շիկանալ, անմիջապես մարեց, շատերի համար այսօր տարբեր խոսակցությունների առիթ է։ Ինչի՞ արդյունքում դա տեղի ունեցավ։ Նկատենք, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության «զինադադարը» կնքվեց ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի այցից հետո։ Ըստ որոշ լուրերի, եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ նախագահի, ԲՀԿ նախագահի և վերջինիս միջև։ Արդյո՞ք սա է առիթ դարձել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու, թե՞ այլ պատճառներ էլ կան։
«Ցավոք, ՀՀԿ քաղխորհրդի նիստում ՀՀ նախագահի ելույթում արտահայտված մտքերն ու հանձնարարականները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ Սահմանադրությանը, ո՛չ էլ տեղավորվում են նախագահի լիազորությունների շրջանակներում։ Իշխանություններն իրենց դուրս դրին Սահմանադրության կարգից և օրենքներից։ Դրանից հետո եռյակը հավաքվեց և շտապ որոշում կայացրեց փետրվարի 20-ին հանրահավաք գումարելու մասին։ Ըստ կարգի, դիմեց քաղաքապետարանին, որն էլ հակաօրինական որոշում կայացրեց։ Ըստ իմ տեղեկության, հանրապետությունով մեկ ընդդիմադիր մեծ ալիք էր բարձրացել և տարբեր շրջաններից մոտ 200-300 հազար մարդ պատրաստվում էր մասնակցելու այդ հանրահավաքին։ Քաղաքապետարանի մերժման դեպքում, բնականաբար, խնդիրներ էին լինելու անհրաժեշտ լուսային և տեխնիկական այլ սարքավորումների ապահովման հետ կապված։ Նման պարագայում ցանկացած սադրանք կարող էր տեղի ունենալ և անդառնալի հետևանքներով հղի լինել, իսկապես արյուն կարող էր հեղվել։ Այդ առումով, կարծում եմ, ԲՀԿ-ն շատ ճիշտ, քաղաքականապես գրագետ որոշում կայացրեց և չգնաց իրավիճակի սրման։ Հիմա շատերը փորձում են այն ներկայացնել որպես վախկոտություն, հետնահանջ, սակայն դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի գործոնին և ԲՀԿ-ից որոշ գործարարների դուրս գալուն, ապա այդ պատգամավորների դուրս գալը վաղօրոք հայտնի էր, մի քանի տարի առաջ գիտեի, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն նման պարագայում։ Այո, կայացել է հանդիպում Սամվել Կարապետյանի հետ, սակայն փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարվելը բացարձակապես պայմանավորված չէ այդ երևույթներով։ Չեմ թաքցնի, ես ինքս կողմ էի և պնդում էի, որ այն պետք է կայանա, սակայն ես չէի կրում դրա պատասխանատվությունը, այն կրում էր պարոն Ծառուկյանը։ Իսկ նա հասկանում էր, որ եթե իշխանություններն իրենց դուրս են դրել օրենքից, ու եթե ընդդիմությունը ևս գնա այդ ճանապարհով, ապա բախումն անխուսափելի կլինի։ Եվ Գագիկ Ծառուկյանը կայացրեց միակ ճիշտ որոշումը։ Իսկ իշխանություններին, կարծում եմ, ժամանակ տրվեց, որպեսզի գիտակցեն, որ դուրս են սահմանադրական օրենքների դաշտից և հետ վերադառնան»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Գառնիկ Իսագուլյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 23849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ