Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու նախարարի վարչապետ

Երկու նախարարի վարչապետ
04.03.2016 | 02:00

Որ Սերժ Սարգսյանը «շախմատային նոր պարտիա» է սկսել՝ կարճ ու երկար փոխատեղումներով, քաղաքականությանը քիչ թե շատ մոտ կանգնած յուրաքանչյուր ոք շատ պարզ տեսնում է: Սակայն մի բան է տեսնելը, բոլորովին այլ բան՝ հասկանալը, մանավանդ, երբ «խաղն» այնքան նուրբ մարտավարությամբ է առաջ տարվում, որ կողքից նայողին մնում է միայն հետևել քայլերի հաջորդական ընթացքին ու զարմացախառն շփոթմունքով տարուբերել գլուխը:
Բայց փորձենք մի քիչ էլ մենք «շախմատիստ» լինել ու վերլուծել այն նուրբ դրությունը, որ այս պահին առկա է «խաղատախտակին»՝ գործադիր իշխանությունը ներկայացնող «ֆիգուրներով»:
Եթե ֆինանսների նախարար է մնում Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետի պաշտոնում էլ Վաչե Գաբրիելյանին փոխարինելու է գալիս Արմեն Գևորգյանը, նշանակում է՝ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որպես կառավարությունը ներկայացնող թիվ մեկ «ֆիգուր», դուրս է մղվում խաղից՝ շարքային զինվոր դառնալու տխուր հեռանկարով: Ինչո՞ւ: Որովհետև մեկուսացվում է ոչ միայն ֆինանսական միջոցներն «ինքնագլուխ» տնօրինելու արտոնությունից ու տնտեսական քաղաքականությունն ուղղորդելու մենաշնորհից, այլև միջազգային կառույցների հետ սեփական քմահաճույքով հարաբերվելու հնարավորությունից: Այդ արտոնյալ կարգավիճակը, ոչ հեռավոր ապագայում, ունենալու է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, նա է լինելու հարցեր առաջադրողն ու լուծողը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ կառույցների հետ շփումներում, որովհետև իր գործի մեջ «շուն խեղդած» հին «ապարատչիկ» է ու ֆունկցիոներ, քաղաքական հոտառությունն էլ, ինչպես ասում են, «հազարի վրա», ինչն էլ նրան հնարավորություն ընձեռեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «աջ ձեռք» նախկին «դրությունից» սահուն անցում կատարել դեպի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «վստահելի մարդ» ներկա «դրություն»: Իսկ դա նշանակում է, որ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես ռուսը կասեր, դառնում է «ՍՏսՏրր վՈ չսՌվÿվօւ վՏչՈւ»:
«Շախմատային տախտակի» վրա միմյանց հաջորդող վերադասավորումներում պակաս կարևոր չէ առանցքային համարվող երկու «ֆիգուրների» ի հայտ գալը, ինչն այս նոր «պարտիայում» կարելի է անվանել նախագահի «գամբիտ»՝ սեփական թիկունքն ամրացնելու անթաքույց միտումով: Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանի, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի մասին է: Առաջինը, ճիշտ է, ժամանակին համարվում էր Հովիկ Աբրահամյանի մերձավորագույն շրջապատի մարդ, սակայն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն ստանձնելուց հետո, ինչպես ասում են, 180 աստիճանով շրջվեց՝ տեղափոխվելով Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատ: Դե, իսկ երկրորդի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, քանի որ Վերահսկիչ պալատի նախկին բարձրաստիճան պաշտոնյան միշտ էլ դուրս է եղել գործող վարչապետի ազդեցության դաշտից:
Եվ ինչ ստացվեց այսքանից հետո՞: Ստացվեց այն, որ Հովհաննես Արգամիչը, ճիշտ է, ունի վարչապետի պաշտոն, սակայն գործադիր իշխանությունում, գյուղնախարարից ու արդարադատության նախարարից զատ, այլոց վրա որևէ ազդեցություն չունի: Նման զավեշտ հայաստանյան իշխանական բուրգում է միայն հնարավոր՝ երկու նախարարի վարչապետ: Թե քաղաքական կարիերայի ինչ թռիչք կարելի է ակնկալել «ազդեցության» այս մակարդակով ապագա «խորհրդարանական հանրապետությունում», դժվար չէ պատկերացնել:
Այո՜, շատ նուրբ, միաժամանակ անչափ բարդ «շախմատային պարտիա» խաղարկեց Սերժ Սարգսյանը:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 12249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ