Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»

ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»
08.06.2018 | 00:17

Մայիսը զարմացրեց ոչ միայն մեզ՝ Հայաստանի և Արցախի հայերիս: Մայիսը զարմացրեց ամբողջ աշխարհը և նույնիսկ ոչ ԱՄՆ-ի բացահայտ սադրանքով՝ Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով: Իրանին «Թրամփի 12 վերջնագրերը», որոնք հնչեցրեց ԱՄՆ-ի նոր պետքարտուղար, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Մայքլ Փոմփեոն, թեև «պայթեցրին» համաշխարհային հանրությունը և շարժման մեջ դրեցին ինչ-ինչ մեխանիզմներ, իրականում ԱՄՆ-ի ցուցասեր նախագահի և հիմնական հատուկ ծառայություններից մեկի ապաշնորհության հիանալի ապացույց դարձան: Այժմ աշխարհում ամենայն լրջությամբ քննարկում են այդ վերջնագրերը, ասես մոռանալով, որ ի սկզբանե Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի վարչակազմն էլ էր փորձել «ճնշում գործադրել» Իրանի վրա, սակայն, ի վերջո, հանձնվեց և 2015 թ. ամռանը ստորագրեց Իրանի հետ «միջուկային գործարքը» «Գործողությունների համատեղ համապարփակ պլանի» (ԳՀՀՊ) տեսքով: Եվ բոլորը, նույնիսկ Ամերիկայում, հասկանում են, որ Թրամփի վարչակազմի վերադարձը, ըստ էության, այն նույն պահանջներին, որոնք Սպիտակ տունը տարեցտարի ներկայացնում էր Իրանին մինչև ԳՀՀՊ-ի ստորագրումը, ԱՄՆ-ի ևս մեկ ռազմավարական պարտության անվերապահ ընդունում է: Քննադատությունն ամեն կողմից այնքան թունոտ է, որ եթե Թրամփն ու Փոմփեոն գիտակցեին, թե 2018-ին իրենք ինչ անհեթեթություն են ներկայացրել համաշխարհային հանրության դատին, ապա հրաժարական կտային:


Այսպես, նույնիսկ ազդեցիկ «Վաշինգտոն փոստն» այնպես է հեգնել Փոմփեոյի ճառը, որ դժվար չէ հասկանալ՝ ԱՄՆ-ի քաղաքական միջավայրում բոլորը չէ, որ կորցրել են ողջամտությունը: Թերթի մի քանի մեկնաբանություններում կարելի է գտնել ամերիկացի վերլուծաբանների կարծիքները հակաիրանական ճառի մասին: «Մայքլ Փոմփեոն որպես պետքարտուղար իր առաջին ելույթն օգտագործեց, որպեսզի Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին ուղղակիորեն հաղորդի. «Արեք այն, ինչ մենք ենք ցանկանում, այլապես...»: Փոմփեոն ուզում է, որ Իրանը հրաժարվի բալիստիկ հրթիռների իր ծրագրից, դադարեցնի իր ներկայությունն այն բոլոր երկրներում, որտեղ այժմ ներկա է, լիովին փակի իր միջուկային հարստացումը և միաժամանակ ազատ արձակի այն ամերիկացիներին, ովքեր անարդարացիորեն պահվում են Իրանի բանտում, և այդ ամենը միայն նրա համար, որ մենք ենք այդպես ասում: Բայց դա լիովին կտրված է իրականությունից,- գրում է մեկնաբաններից մեկը:- Փոմփեոն խոստացավ, որ Իրանը կբախվի պատմության մեջ ամենակոշտ տնտեսական պատժամիջոցներին, եթե չկատարի ԱՄՆ-ի պահանջները: Բայց լիովին անհասկանալի է, թե ԱՄՆ-ը ինչպես է դա իրականացնելու առանց Եվրամիությունում իր առանցքային դաշնակիցների, որոնք կողմնակից են Իրանի հետ միջուկային գործարքին և առևտրական կապերի ուժեղացմանը: Տարօրինակ է, որ ամերիկացի պաշտոնյաները նշում են իրենց համերաշխությունը Իրանի ժողովրդի հետ, որի շահերն էլ պաշտպանում են իրենք, և Փոմփեոյի ճառը բացառություն չէր»: Իսկապես, Փոմփեոն հիշատակեց ձմռանը Իրանում տեղի ունեցած բողոքները, որոնք, ըստ նրա, հակակառավարական էին և «ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը խորապես հիասթափված է իր կառավարությունից»: «Այդ ամենը կարող է ճիշտ լինել: Բայց այդ հայտարարություններից ոչ մեկում ոչ մի նոր բան չկար, և այն ենթադրությունը, թե այս անգամ Իրանի ժողովուրդը կարող է իր կառավարությանը ստիպել, որ ենթարկվի Ամերիկայի կամքին, անհավատալի է,- նշել է «Վաշինգտոն փոստի» վերլուծաբաններից մեկը:- Իրականությունն այնպիսին է, որ պատժամիջոցները կարող են նախորդներից ավելի վնասել իրանցի պաշտոնյաներին, բայց զոհերն էլի կլինեն միջին իրանցիները: ՈՒստի եկեք լինենք ազնիվ, ամբողջ իմաստը դա է»:


«Իրոք, չնայած Փոմփեոյի ելույթը Իրանում վարչակարգը փոխելու համար Թրամփի վարչակազմի նախնական փաստարկն էր, դժվար է համաձայնել Փոմփեոյի այն պնդմանը, թե Իրանի քայքայիչ գործունեությունը վտանգ է ամերիկյան կենսակերպին մի վիճահարույց տարածաշրջանում, որը ԱՄՆ-ի այն դաշնակիցների տունն է, որոնք ավելի լավ են զինված և ավելի լավ են ֆինանսավորվում, քան Իրանը»,- նշում է թերթի մեկ այլ մեկնաբան: Փոմփեոյի զարհուրեցնող դիտողությունները նման էին այն հայտարարություններին, որոնք Դոնալդ Ռամսֆելդը և ուրիշներն անում էին Իրաք ներխուժելուց առաջ, և «այդ հռետորաբանությունն արձագանք էր գտնում շատ ամերիկացիների մեջ այն պատճառով, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մենք վտանգ զգացինք»: «Այս անգամ գլխավոր տարբերությունն այն է, որ Փոմփեոն պակաս վստահ է թվում այն գործում, որը փորձում է իրականացնել: Ես պարզապես չեմ հասկանում. դա նրանից է, որ նա գիտակցում է, որ ինքն իսկապես չգիտի՞, թե ինչ է ասում, թե՞ գիտի, որ իր լսարանն ավելի տեղեկացված և հոռետեսորեն է տրամադրված, քան Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմը 2003-ին»,- հարցնում է «Վաշինգտոն փոստի» մեկնաբանը:


Դե, եթե հենց Ամերիկայում են գտնվել Թրամփի որոշումը և Փոմփեոյի ելույթը դատապարտող մարդիկ, ապա կարելի է պատկերացնել, թե տարածաշրջանում հակամարտության կտրուկ սրման ևս մեկ քայլն ինչպես են գնահատում աշխարհի մյուս առաջատար երկրներում: Օրինակ, Չինաստանը հատուկ բարձրագոչ հայտարարություններ չի անում, բայց լուրեր են հասնում, որ Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են. եթե ֆրանսիական «Տոտալը» դուրս գա «Հարավային Ֆարս, 11-րդ փուլ» (նավթագազային հանքավայր) նախագծից, ապա նրա բաժնեմասը կգնի չինական CNPC ընկերությունը: Կամ էլ ահա երկօրյա այցով Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններում ընդունված համատեղ հայտարարությունը. «Չինաստանի իշխանությունները և ԳՖՀ կառավարությունը հանդես են գալիս Իրանի հետ բազմակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին»,- մայիսի 24-ի մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է ՉԺՀ պետխորհրդի նախագահ Լի Կեցյանը: «Իրանական հիմնախնդիրը լուծվում է բազմակողմ համաձայնության հիման վրա, և նրա հաջող կարգավորումը կախված է համապատասխան պայմանավորվածությունների հետևողական և անշեղ կատարումից»,- բացատրել է նա, ընդգծելով, որ Պեկինը պատրաստ է կառուցողական աջակցություն ցույց տալու իրանական հիմնախնդրի լուծմանը: Ինչպես իր հերթին նշեց կանցլեր Մերկելը, Գերմանիան շարունակում է հավատալ Իրանի վերաբերյալ գործող համաձայնագրի արդյունավետությանը: Վերջապես, մայիսի 23-ին Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին իրազեկել է լրագրողներին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Չինաստան կայցելի մոտակա մի քանի շաբաթում, ավելացնելով, որ Ռոհանին հրավիրված է նաև Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Պատասխանելով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիների հետ շարունակվող բանակցությունների վերաբերյալ հարցին՝ Վայեզին ասել է, որ Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններն ավարտելուց հետո դրանց իրանցի մասնակիցները զեկույց են ներկայացրել նախագահ Ռոհանիին:


Իսկ Ռուսաստանը «Թրամփի վերջնագրերին» արձագանքել է խիստ քննադատորեն: Մայիսի 23-ին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է Սպիտակ տան և պետդեպարտամենտի գործողություններն ու հայտարարությունները. «Անհանգստություն է հարուցում Վաշինգտոնում ձնագնդի նման թափ հավաքող հակաիրանական քարոզարշավը: Երևում է՝ ԱՄՆ-ը վերջնականորեն գերադասում է Իրանի նկատմամբ վերջնագրերի և սպառնալիքների քաղաքականությունը: Դա չի համապատասխանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀՊ-ի ոգուն և դուրս է գալիս միջպետական նորմալ հարաբերությունների շրջանակից: Բացի այն, որ ամերիկյան վարչակազմը, խախտելով միջազգային նորմերը, դուրս է եկել տվյալ պայմանավորվածությունից, հիմա էլ առաջ է քաշում Թեհրանի համար ի սկզբանե անընդունելի պայմաններ»:

Նույն օրը ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Ֆեոկտիստովը միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ամերիկացի գործընկերների հետ խորհրդակցության հերթական փուլից հետո Նյու Յորքում ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում հայտարարեց, որ ռուսական կողմը հետաքրքրվել է, թե Իրանի հասցեին ԱՄՆ-ի վերջին հայտարարությունները չե՞ն նշանակում ահաբեկչության դեմ պայքարում նրա գերակայությունների փոփոխություն, և ԱՄՆ-ը չի՞ փորձում ՄԱԿ-ում բանավեճ ծավալել «Իսլամական պետության» և «Ալ Քաիդայի» խմբավորումների դեմ պայքարից դեպի «հին նոր թշնամիների» կողմը (Իսրայելի և Սաուդյան Արաբիայի թելադրանքով ԱՄՆ-ում Իրանը պաշտոնապես «ահաբեկչության հովանավոր երկրների» շարքն է դասված): «Այստեղ ԱՄՆ-ը հնարավորություններ չունի: Դա ներկայիս վարչակազմի քաղաքական պատվերն է, և ամերիկացիները պարտադրված են այն կատարելու: Եվ ներկայիս խորհրդակցություններում նրանք ոչ միանգամից, սակայն ընդունեցին, որ ԻՊ-ը և «Ալ Քաիդան» հիմնական վտանգն են,- ասաց Ֆեոկտիստովը:- Իրանը գլխավոր սպառնալիք համարելու ԱՄՆ-ի փորձերն անհեռանկար են: Ամերիկացիներին չի հաջողվի պարտադրել հակաահաբեկչության բնագավառում գերակայությունների վերաբերյալ իրենց այն հայացքը, որն այսօր ունի Թրամփի վարչակազմը»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ