Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սահմանամերձ գյուղն իր բնակչությամբ է զորեղ»

«Սահմանամերձ գյուղն իր բնակչությամբ է զորեղ»
05.10.2018 | 02:31

Երևան-Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Արենի թեքվող գյուղամիջյան ճանապարհն աստիճանաբար վերածվում է 21 կիլոմետր երկարությամբ ոլորանների, որոնք պարույրի նման ձգվում են վեր ու վեր: Ճանապարհի վերջնակետը սահմանամերձ Խաչիկ գյուղն է: Հետադարձ հայացք գցելով հորիզոնում հետզհետե փոքրացող Արենի գյուղին ու հատուկենտ շինություններին, հասկանում ես, թե Խաչիկ գյուղն աշխարհից որքան կտրված է: Ձախակողմյան ճանապարհը եզրագծվում է բնության կերտած ժայռակերտ պատկերներով, աջ կողմում դեղնականաչավուն դաշտերն են: Գլխումդ ծագող առաջին միտքն այն է, թե աշխարհից կտրված բնակավայրում ապրողները 4-5 ամիս տևող ձմռան ամիսներին միմյանց երես տեսնելուց բացի օտար մեկին տեսնու՞մ են: Իրենք են ու իրենց գյուղը:
Պատմությունը հիշատակում է, որ այժմյան գյուղատեղից 1,5 կմ դեպի արևմուտք գտնվել է մի քար, որի վրա գրված է եղել. «Հիմնադրեցի գյուղը և այն իմ անունով կոչեցի Խաչիկ: Հիշեցեք Խաչիկ վարդապետին»: Հողագործական աշխատանքների ժամանակ քարը ոչնչացվել է։ Հետագայում Քարակոփի Խոտակերաց վանքի շրջակայքի պեղումների ժամանակ գտնվել է մի տապանաքար, որի արդեն քայքայված գրության մեջ նկատելի էր «Խաչիկ» անունը. ենթադրվում է, որ սա հենց գյուղը հիմնադրող Խաչիկ վարդապետի գերեզմանն է։ Խաչիկը հիմնադրել են 1828 թվականին, Պարսկաստանից և Արևելյան Հայաստանի տարբեր բնակավայրներից գաղթած հայերը:

ԽԱՉԻԿՈՒՄ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ


Ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա գտնվող Խաչիկ գյուղը հարավից Նախիջևանի հետ ունի շուրջ 27 կմ պետական սահման: Հայկական կողմն այս հատվածում ունի պահպանվող դիրքեր, որոնք դեմ հանդիման են անմիջապես ադրբեջանական դիրքերին, իսկ երկու դիրքերի միջև եղած հատվածում գյուղի մշակովի վարելահողերն են: Թեև թիկունքից հայկական կողմը պահում է, այնուհանդերձ, միջդիրքային հատվածում վար ու ցանք անող բնակիչներն աշխատում են վախը սրտներում: Նրանցից շատերի ականջներում արցախյան պատերազմի տարիներին հակառակորդի արձակած փամփուշտների սուլոցն է: Խաչիկ վարչական համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ հավաստիացնում է, որ արցախյան պատերազմից հետո գյուղի ուղղությամբ այլևս կրակոցներ չեն եղել, սակայն տարեցները դաշտերում աշխատողներին խորհուրդ են տալիս զգոնությունը չկորցնել: Խաչիկ գյուղը երեք կողմերից՝ հարավարևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը՝ Նախիջևանին։


«Փառք Աստծո, կրակոցներ չկան, մեր դաշտերը սահմանի վրա են, ու եթե կրակոց լինի, մենք այլընտրանք չունենք, պիտի սպասենք, մինչև դրանք դադարեն, թեև մեր բանակն իր գործը լավ գիտի: Խաչիկցիների ցանկությունը թշնամու այդ դիրքերը վերացնելն է, որ կարողանանք զբաղվել մեր աշխատանքով՝ վար ու ցանքով: Ես շատ եմ կարևորում գյուղի պաշտպանության խնդիրը: Սահմանամերձ գյուղն իր բնակչությամբ է զորեղ, եթե Խաչիկի բնակչությունը մեծաքանակ լինի, սահմաններն ավելի անառիկ կլինեն: Մեր դիրքն այնպիսին է, որ ադրբեջանական գյուղերին ավելի մոտիկ ենք, քան հայկական»,-ասում է Վարդան Ներսիսյանը:

ԽԱՉԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԸ


Համայնքի 1300 բնակիչներից 500-ն այսօր դրսում են, մեկնել են արտագնա աշխատանքի, ոմանք մտադիր չեն այլևս վերադառնալու: Փակ դռները շատ են: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են, գյուղում մնացած երիտասարդներից ոմանք պայմանագրային զինծառայողներ են: Ամիսներ առաջ գյուղի դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկը տրամադրվեց «Ոսկե կար» ՍՊԸ-ին 8 տարի ժամկետով: Ներդնելով 25 մլն դրամ, ընկերությունը կատարել է տարածքի շինարարության և սարքավորումների ձեռքբերման աշխատանքներ: Բացվել է 25-30 աշխատատեղով կարի արտադրամաս, կարում են ոչ միայն զինվորական համազգեստ, այլև քաղաքացիական հագուստ: Գյուղի կանայք ներգրավված են արտադրամասում:
«Հիմա կարի ֆաբրիկայում աշխատում է 30 հոգի, հետագայում կարող է լինել 130 աշխատատեղ, աշխատավարձը գործարքային է: Աշխատավարձի չափի մասին ոչինչ չեմ կարող ասել, եթե անգամ ցածր էլ լինի, իրավունք չունեմ պահանջելու, որ բարձրացնեն: Պատկերացրեք, սեփականատերը Երևանում կարի արտադրամաս ունի, այս տարի հունվարին մեր բնակիչներին վճարել են ավելի բարձր, քան քաղաքի արտադրամասի աշխատողներին: Սեփականատերը մերոնց վճարման հարցում բարեխիղճ է»,- ասաց համայնքապետը:


Խաչիկ գյուղի բազմաթիվ խնդիրներից ամենակարևորը ոռոգման ջրի բացակայությունն է: Գյուղապետի համոզմամբ՝ գյուղը հնարավոր է զարգացնել ջրամբարի տեսքով ոռոգման ջրի խնդրի լուծմամբ ու գյուղատնտեսական աշխատանքները մեքենայացնելով: Ջանքեր են գործադրվում, որ Խաչիկում խաղողի տեղական տեսակներից շամպայնի արտադրության գործարան հիմնվի, քանի որ գյուղը հնարավորւթյուն ունի մոտ 100 տոննա խաղող մթերելու:
«Եթե ջրի խնդիրը լուծում ենք, ապա լուծում ենք բազում խնդիրներ: Տեսեք, մարդիկ մտածում են, որ կարող են հեկտարով այգիներ հիմնել: Ի՞նչ վատ կլինի, որ: Նախկին կառավարությանը ներկայացրի մի գաղափար, ասացի՝ եթե մեկ հեկտար հացահատիկից ստանում ենք 50 հազար դրամի եկամուտ, մեկ հեկտար խնձորի այգուց կստանանք 4-5 մլն դրամի եկամուտ, եկեք ստեղծենք ինտենսիվ այգիներ: Գյուղատնտեսությունը պետք է մեխանիզացվի: Այսօրվա երիտասարդը բահն ուսին դրած չի գնա հողամաս ու այգի մշակի: Անցած տարի «ԲԵԶՈԱՐ» բնապահպանական հիմնադրամի հետ համագործակցելով, ներկրեցինք մեկ միավոր բելառուսական տրակտոր, քիչ է, բայց խնդիրը լուծվում է, ուզում ենք, որ դա շարունակական լինի»,- ասում է համայնքապետը:


Խաչիկ համայնքի նոր վերանորոգված դպրոց է հաճախում 105 աշակերտ, 8-ը՝ առաջին դասարան: Մանկապարտեզ չկա, բայց մանկահասակ երեխաների համար կա ժամանցի վայր, խաղահրապարակ: Համայնքը փորձում է «մանր» խնդիրները լուծել սեփական ուժերով, ավելի լուրջ խնդիրների հարցում հույսը կառավարությունն է:
Խաչիկ համայնքը համարվում է խոշորացված Արենի համայնքի վարչական տարածքներից մեկը: Համայնքների խոշորացման գաղափարը Վարդան Ներսիսյանի սրտով չէ. «Միշտ դեմ եմ եղել խոշորացմանը: Ճիշտ է, բյուջեն հավաքագրվում է մի տեղում, դառնում է միասնական բյուջե, ավելի շատ է ծախսը, բայց, ամեն դեպքում, մերի նման կտրված գյուղերը, իմ կարծիքով, պետք չէր խոշորացնել: Ժողովուրդն ինքը պետք է պահի իր գյուղը: Մեր գյուղի խնդիրներն ավելի արագ ու լավ կլուծվեին հենց տեղում, նախկինում էլ շատ խնդիրներ տեղում ենք լուծել: Ճիշտ է, որոշ հարցերում առաջնահերթություն տրվում է մեզ, բայց տեղում լուծելն ավելի ճիշտ է: Այլ հարց է, որ ինտենսիվ այգիների ստեղծման, կաթիլային առոգման, հակակարկտային ցանցերի ու աշխատատեղերի ստեղծման հարցում օգնեն: Այ, սա գործ կլինի: Էսօրվա երիտասարդին հասու է դրսի, արտասահմանի կյանքը, նա էլ է ուզում լավ ապրել, բոլորս էլ ուզում ենք, իսկ վատ կլինի՞, որ դրա կեսի կեսի չափ այստեղ ստեղծենք պայմաններ: Կարծում եմ, հատկապես սահմանամերձ գյուղերում պետք է ստեղծել արժանապատիվ կյանքով ապրելու պայմաններ: Մենք չենք ընկճվում, ամուր կանգնած ենք մեր հողի վրա, համախմբվում ենք հատկապես դժվարին պահերին, ու՞մ ձայն տանք, որ մեզ գա օգնության, մենք մեզ ենք օգնում, պետք լինի՝ ուրիշներին էլ կօգնենք»:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ ԷՍ ՍԱՐԵՐՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՊՐԵՆՔ»


Վայոց ձորի 1300 բնակիչ ունեցող սահմանամերձ Խաչիկ գյուղից 500 տղամարդ ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի, շատերը, գործը չկորցնելու համար, երկար են մնում. կանայք հաշտվել են այդ իրողության հետ:
«Տարին տասներկու ամիս ամուսինս խոպանում է, ապրում եմ երկու աղջիկներիս հետ: Իմ տան տղամարդն էլ եմ ես, տանտիկինն էլ: Տան, հողամասի գործերն ինձ վրա են: Ձմռան վառելիքը աթարն է, այս տարի 4 խորանարդ մետր աթարը 30-40 հազար դրամ է: Ալյուրն էլ թանկացավ: Անունով գյուղաբնակ ենք, բայց ամեն ինչ խանութից ենք գնում, իհարկե, ցուցակով: Գիտեք՝ գյուղում ինչքան հարսնացու աղջիկներ կան, բայց ջահել տղաները հեռացել են, Ռուսաստանում աշխատում են, մի քանիսը գան, թե չէ: Գյուղում փակ դռները շատ են»,- պատմում է 44-ամյա Շահանդուխտը:


Շահանդուխտը առողջական խնդիրներ ունի, սակայն բուժվելու հնարավորություն չունի: Մեկ ամիս առաջ ատամնաբույժներ եկան գյուղ, շուրջ մեկ շաբաթ անվճար բուժումներ անցկացրին, սակայն գյուղի կանանց մեծ մասը զանազան հիվանդություններ ունի՝ կանացի հիվանդությունից մինչև լեյկոզ:
Շահանդուխտի խոսքով՝ բժիշկները գալիս գրանցում են, ստուգում ու ասում են՝ գնա Եղեգնաձոր բուժվելու, սակայն կանայք ականջի հետև են գցում. որ գումար ունենային, կբուժվեին, էլի: «Ասենք, զանգում եմ մեր բժշկին, կանչը 2 հազար դրամ է, անպայման պետք է տանք, ճար չկա: Գյուղում շատ են հիվանդ կանայք, ես ինքս էլ առողջական խնդիր ունեմ, բայց չեմ հասցնում բուժվել: Ո՞ր մի հարցը լուծես, երբ գումար չունես: Մենք սահմանի բերանն ենք, մի զինվոր էլ մենք ենք, գոնե մեր հանդեպ մի քիչ ուշադիր լինեն: Շատ կուզեինք, որ բժիշկները հաճախակի գային, գիտեմ, որ շատ հեռու ենք, բայց աչքներս նրանց ճամփին ա»,- ասում է Շահանդուխտը:


Խաչիկ համայնքի հողերը բերրի են, սակայն ոռոգման ջուր չունեն, տնամերձերն ու այգիները մշակվում են խմելու ջրով, միրգ-բանջարեղեն քիչ է մշակվում, կանայք դժգոհում են՝ լոլիկն այնքան թանկ էր, որ ձմռան համար չկարողացան պահածոյացնել:
«Բանջարեղենն աճեցնում ենք այնքան, որ հազիվ բավարարում է օրվա օգտագործման համար: Ամեն ինչ խանութից ենք գնում, տղամարդիկ ամաչում կամ լայեղ չեն անում խանութից ցուցակով մթերք կամ ծխախախոտ առնել, ստիպում են, որ կանայք գնան, ասում են, որ դուք ուզեք, ամոթ չի, էդ ընչի՞, որ: Պարտքով ապրում ենք, աշխատավարձով ու թոշակով՝ փակվում: Կնոջ կյանքը դժվար ա, իմ տղեն զինվոր ա, ծառայում ա, տները աղքատ են, խղճուկ, գյուղի սկզբի մի քանի տուն ա լավ մնացել, մնացածը վատ վիճակում ա, հին ու քարուքանդ»,- ասում է տիկին Հայկուշը:
25-ամյա ժպտերես Վարդուհին համոզված է, որ մարդ պետք է ուրախ լինի, չտրտնջա. «թե չէ, որ բողոքելուն նայես, էնքա՜ն դժգոհելու բան կա: Մեր գյուղում կարի արտադրամաս է բացվել, ջահել կանայք աշխատում են, առայժմ 25 հոգի են, հետո կշատանան, շուտով ես էլ եմ աշխատելու, ջահել ենք, ինչի ՞ նստենք տանը, կգնամ կաշխատեմ, երեխեքիս պահող կա՝ սկեսուրս»:


Արդեն 4-րդ տարին է, ինչ զբոսաշրջության զարգացման ծրագրով Խաչիկ համայնքում աշնան սկզբին անցկացվում է գաթայի փառատոն: Այդ օրը գյուղում եռուզեռ է: Տնային տնտեսուհիներն իրենց շնորհքն են ցուցադրում, իրենց պատրաստած հորած պանիրը, որը, ի դեպ, Խաչիկ գյուղի բրենդն է, զբոսաշրջիկների սիրած մթերքն է: Համեղ գաթան, թթուն ու զանազան պահածոները, հատապտուղներն ու չրեղենը գրեթե լիովին սպառվում են փառատոնի ընթացքում: Սակայն Վարդուհին կարծում է, որ միայն փառատոնը քիչ է, լավ կլիներ միջոցառումները շատ լինեին գյուղում. «Թող մարդիկ գան ու տեսնեն, թե հեռավոր գյուղում մարդիկ ինչպես են ապրում, չեն ընկճվում, հույսով լի են»:
Նվարդ տատը կյանքի 60 տարին Խաչիկ գյուղում է անցկացրել: Միշտ աշխատել է, այսօր էլ ձեռքերը ծալած չի նստում, ջահելներին օգնում է ինչով կարող է: «Հենց նեղն են ընկնում,- ասում է նա,- ձեն են տալիս՝ էս ո՞նց անենք, բա էն մե՞կը: Ջահել են, պիտի հարցնեն, սովորեն, իմ պարտքը սովորեցնելն ա, օգնելը: Բա, մեկս մեկով ենք մարդ, աշխարհքի դրվածքն ա: Տանը տասը շունչ ենք՝ տղաս, հարսս, թոռներս, հաշտ ու համերաշխ աշխատում-ապրում ենք: Էն, որ կանանց վերցնում գնում են դուրս, գիտեն եփել, գդալն էլ դրած իրենց են սպասու՞մ: Ինչ ցածր աշխատանք ասես, որ չեն անում: Թող իրենց հողի վրա աշխատեն, ստեղծեն, համ իրենք ապրեն, համ գյուղը շենացնեն»:
78-ամյա Նվարդ տատի երկու թոռները ծառայում են հայկական բանակում, ու նրա ցանկությունը մեկն է. «ՈՒզում եմ, որ աշխարհից կտրված էս սարերում խաղաղ ապրենք»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ