Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երեք տարի հետո մարդիկ կզգան դրական փոփոխությունը»

«Երեք տարի հետո մարդիկ կզգան դրական փոփոխությունը»
16.11.2018 | 03:03

Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն քննադատեց, բայց կողմ քվեարկեց 2019-ի պետբյուջեի նախագծին։ Այլ կերպ ասած, նախկին իշխանությունը ընդգծված ընդդիմություն լինելով հանդերձ, թույլ չտվեց, որ երկիրը տնտեսական ցնցումների ենթարկվի։ Եվ այսպես, հաջորդ տարվա գլխավոր փաստաթուղթը կարելի է համարել հաստատված։ Նկատենք, որ պետբյուջեի քննարկման ողջ ընթացքում գլխավոր թեման տնտեսության 30 % ստվերայնության փաստն էր։ Ինչ խոսք, թաքնված եկամուտները ստվերից դուրս բերելը կարելի է համարել այս կառավարության գերխնդիրներից մեկը, սրա հետ մեկտեղ պետք է նկատենք, որ 2019-ի պետբյուջեով վարչարարությունից հավաքագրվող մուտքերը նախատեված են 4,5 %։ Միևնույն ժամանակ, չնայած տնտեսության ստվերայնության բարձր ցուցանիշին, Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կազմում է 22 %, Վրաստանում այն 26 % է, այսինքն նույնքան, որքան ԱՄՆ-ում։ Այս ամենը մի տեսակ իրարամերժ է. ինչու 30 % ստվերի դեպքում վարչարարությունից ստացված մուտքերն ընդամենը 4,5 % են նախատեսված։ Այս հարցով սկսեցինք պետբյուջեի շուրջ զրույցը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-ԱՄՆ-ի տնտեսությունը վաղուցվանից կայացած է և ճիշտ չի լինի այն համեմատել Հայաստանի տնտեսության հետ։ Ինչ վերաբերում է Վրաստանում ՀՆԱ-հարկեր 26 % հարաբերակցությանը, ապա այն պետք է պատահականություն համարենք։
-Դե, ուրեմն եկեք համեմատենք Վրաստանի ՀՆԱ-հարկեր 26 % հարաբերակցությունը Հայաստանի ՀՆԱ-հարկեր 22 % հարաբերակցության հետ և խոսենք դրա շուրջ։ Ըստ էության, տարբերությունը շատ մեծ չէ։
-Բան չունեմ ասելու։ Փաստ է, որ ստվերային տնտեսություն, ըստ էության, կա բոլոր երկրներում, խոսքը դրա չափերի մասին է։ Ավելի քան վստահ եմ, որ մեզ մոտ ստվերը ոչ թե 30 % է, ինչպես արձանագրված է պաշտոնական տվյալներում, այլ ավելի շատ։ Եթե ստվերային տնտեսությունը 10 %-ի շրջանակներում է, ապա այն սարսափելի ազդեցություն չի ունենում տնտեսության վրա, իսկ պաշտոնապես փաստված 30 % ստվերը ինքնին բարձր ցուցանիշ է, որն առաջացնում է բոլոր բացասական հետևանքները։
-Այդ դեպքում 30 % ստվերային տնտեսության պարագայում արդյոք քիչ չե՞ն 2019-ին պետբյուջեի նախագծով նախատեսված վարչարարությունից հավաքագրվող 4,5 % մուտքերը։ Չե՞ք կարծում, որ այդ մուտքերը պետք է գոնե 10 % կազմեին։
-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, քանի որ այն խիստ մասնագիտական է և առնչվում է հարկային ոլորտին։
-Լավ, իսկ ի՞նչ եք կարծում, պետք չէ՞ր պետբյուջեի նախագծում սահմանել աղքատության նվազեցման ցուցանիշը։ Ինչու՞ այն չկա։
-Այս անգամ դժվար կլիներ գլխավոր ֆինանսական փաստաթղթում այդ հարցի պատասխանը տալ, որովհետև անհրաժեշտություն կա պարզելու աղքատության իրական չափը։ Մինչ այս ամրագրված թիվը հնարավոր է փոքր-ինչ չհամապատասխանի իրականությանը, ինչի արդյունքում մենք հետագայում կունենայինք խնդիր այդ ծրագրի իրականացման հետ կապված։ Պետք է նկատենք, որ աղքատության չափանիշը տոկոսային առումով կարող է մնալ նույնը, բայց բարձրանա սահմանված շեմը, օրինակ, Ամերիկայում էլ կան աղքատներ...
-Ես Ձեզ ընդհատեմ, այս հարցում ևս Ամերիկայի հետ չհամեմատվենք։
-Չեմ համեմատում, մեկ այլ բան էի ուզում ասել, տեսեք, ԱՄՆ-ում աղքատ է համարվում այն խավը, որը, կարելի է ասել, միջին ապրողի կարգավիճակ ունի։ Ասածս հետևյալն է, մեզ մոտ էլ աղքատության ցուցանիշը կարող է լինել 33 %, սակայն կյանքի որակը բարձրանա։
-Ինչի՞ հաշվին։
-Նվազագույն զամբյուղի մեծացման, աշխատավարձերի բարձրացման և նման այլ գործիքակազմերի հաշվին։ Իսկ աղքատության ցուցանիշը դարձնել 0 % անհնար է։
-Որպես տնտեսական մեկնաբան` ավելի քան համոզված եմ, որ աղքատության նվազեցման և կյանքի որակի բարձրացման միակ գործիքը տնտեսության զարգացումն է։ Հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է բարձրացնեք աշխատավարձերը և մեծացնեք նվազագույն զամբյուղի չափը։
-Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ։ Մինչև տնտեսական աճը զգալի չլինի, մնացած գործոնները սուտ են։
-Իսկ ինչու՞ 2019-ի պետբյուջեի նախագծով ներդրումները և տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ցուցանիշներ նվազեցված են 2017 և 2018-ի համեմատ։ Սա միտումնավո՞ր է արված, քաղաքական տեսանկյունից ելնելով, այսինքն, ցածր թվեր ներկայացնել հետո ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար։
-Պատահական չէ, որ վարչապետը 2019-ի պետբյուջեի նախագիծն անվանեց իներցիոն` նախկին իշխանության կողմից հաստատված ծրագրերը, տենդենցները պետք է զարգացում ունենան։ Մյուս կողմից մենք կդժվարանանք առաջին տարում այնպիսի ներդրումներ ապահովել, որ թռիչքային արդյունքներ արձանագրենք։ Իհարկե, ավելի նպատակահարմար է խոստումները կատարել, քան մեծ խոստումներ տալ, բայց քիչն անել։
-Պարոն Աղազարյան, երբ ուզում էի հասկանալ, թե «Ելքից» ում հետ կարող եմ խոսել, որ տնտեսական լավ վերլուծություն անի, իմ գործընկերները Ձեր անունը տվեցին։ Հիմա որպես տնտեսությունը լավ իմացողի, ուզում եմ կանխատեսեք` ժողովուրդն իր վրա ե՞րբ կզգա նոր իշխանության իրականացրած քաղաքականության դրական փոփոխությունները։
-Երեք տարի հետո։ Անհնար է երեք տարուց շուտ ակնկալել խորքային դրական փոփոխություններ, քանի որ դրանք պայմանավորված են մի շարք և բազմաթիվ հանգամանքներով։ Մասնավորապես, առաջին հերթին կարևոր է դատական համակարգը, որտեղ միանգամից և կտրուկ փոփոխություններ հնարավոր չէ անել։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ են տնտեսական վեճերը, որոնք անընդհատ տեղի են ունենում. դատարաններում է, որ այս վեճերին լուծում է տրվում։ Դատական համակարգի փոփոխությունն առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ վստահ լինեն իրենց կողմից կատարվող ներդրումների, տնտեսական գործունեության ապահովության մեջ։ Իհարկե, երբ ասում եմ` երեք տարի հետո մարդիկ, մեծ հաշվով, կզգան դրական փոփոխությունը, դա չի նշանակում, որ այդ փոփոխությունները մինչ այդ ընդհանրապես նկատելի չեն լինի։ Կարծում եմ` հաջորդ տարի որոշակի փոփոխություններ մարդիկ կնկատեն։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ